Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ - 137) 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4 -րդ մասով՝
«4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարից»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակված է նպատակ ունենալով ստեղծել բնապահպանական վճարների գծով հավաքագրվող գումարների նպատակային օգտագործման օրենսդրական երաշխիքներ:
2000-2005 թ.թ. ժամանակահատվածի կտրվածքով կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ գործնականում չի ապահովվում հավաքագրված բնապահպանական վճարների ամբողջովին նպատակային օգտագործումը: ՀՀ պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պայմաններում, բուն բնապահպանական նպատակներին ծառայելու փոխարեն հավաքագրված գումարների որոշակի մասը ծախսվում է այլ՝ ոչ բնապահպանական նպատակներով: