Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ`123-րդ կետով
123. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրման համար | բազային տուրքի 50-պաատիկի չափով |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Օրենքի նախագիծը մշակվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ եւ արձանագրության Լոնդոնյան եւ Կոպենհագենյան ուղղումներով սահմանված երկրի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
«Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը ընդունվել է 1987թ.: Արձանագրության Կողմ-երկրները պայմանավորվեցին աստիճանաբար կրճատել կարգավորվող նյութերի գործածումը մինչեւ դրանց ի սպառ վերացումը:
Ըստ էության, Մոնրեալի արձանագրությունը սահմանում է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրության եւ գործածման դադարեցման ժամանակացույցը: Արձանագրությունը կարգավորում է օզոնային շերտը քայքայող նյութերի երկու խումբ, որոնցում ընդգրկված են 8 նյութ՝ 5 քլորֆտորածխածիններ (ֆրեոններ) եւ 3 բրոմքլորֆտորածխածիններ (հալոններ): Լոնդոնյան ուղղումով կարգավորվող նյութերի ցանկը ընդլայնվել է երկու հավելվածով, որտեղ ընդգրկված են 4 խումբ նյութեր՝ ընդամենը 46 անվանմամբ (մի շարք քլորֆտորածխածիններ, ածխածնի տետրաքլորիդը, մեթիլքլորոֆորմը, ինչպես նաեւ անցումային նյութերը` հիդրոքլորֆտորածխածինները):
Կոպենհագենյան ուղղումով կարգավորվող նյութերի ցանկը ընդլայնվել է եւս երկու հավելվածով, որտեղ ընդգրկված են 3 խումբ նյութեր՝ ընդամենը 75 անվանմամբ: Մասնավորապես, Լոնդոնյան ուղղմամբ հսկվող 34 հիդրոքլորֆտորածխաջրածինների խմբին ավելացվել են եւս 40-ը, ինչպես նաեւ բրոմֆտորածխաջրածիններ՝ թվով 34 եւ մեթիլբրոմիդը :
«Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիաան եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1999 թվականին, իսկ վերը նշված ուղղումները, որոնք առանձին իրավական փաստաթղթեր են, 2003 թվականին:
Յուրաքանչյուր երկիր, վավերացնելով Մոնրեալի արձանագրությունը, պարտավորվում է մշակել վերը նշված նյութերի փոխարինման ժամանակացույցը, սահմանված կարգով տեղեկատվություն ներկայացնել Արձանագրության քարտուղարություն օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրության, ներմուծման եւ արտահանման վերաբերյալ, ինչպես նաեւ չիրականացնել առեւտուր` Արձանագրության կամ դրա համապատասխան Ուղղման Կողմ չհանդիսացող երկրների հետ:
Օրենքի նախագծում.
- ամրագրվել են Հայաստանի Հանրապետությունում օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը
- հստակեցվել եւ մանրամասնվել են հիմնական հասկացությունները, ինչը կապահովի Օրենքի միանշանակ ընկալումը
- ամրագրվել են ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները.
- ամրագրվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծողների իրավունքներն ու պարտականությունները.
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում, «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագրի շրջանակներում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների եւ օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծող (եւ/կամ արտահանող) կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ ձեռներեցներ: Օրենքի նախագծի մշակման տարբեր փուլերում իրականացվել են շահագրգիռ կողմերի քննարկումներ:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի ընդունումից: