Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-885-22.05.2006-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

Հոդված 2. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենսդրությունը

Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման  նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,  միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ իրավական այլ  ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ  նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`

օզոնային շերտը քայքայող նյութեր` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության   հավելվածներում  ընդգրկված քիմիական նյութեր` մաքուր վիճակում կամ խառնուրդներում, որոնց միավոր զանգվածում օզոն քայքայող մաքուր նյութերի քանակը 1 տոկոսից ավելի է.

կողմ հանդիսացող երկիր` երկիր, որը  վավերացրել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.

կողմ չհանդիսացող երկիր` երկիր, որը չի վավերացրել «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը.

ընդհանուր չափաքանակ (քվոտա)` օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր քանակությունն՝ ըստ տարիների.

անհատական չափաքանակ (քվոտա) ` յուրաքանչյուր ներմուծողին օզոնային շերտը քայքայող նյութերի (նյութի) ներմուծման թույլատրվող քանակություն.

առաքման թույլտվություն ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող հայտատուին տրամադրվող փաստաթուղթ, որով թույլատրվում է այդ նյութերի ներմուծումը կամ արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը, եթե նման գործարքը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին.

հայտատու ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու նպատակով առաքման թույլտվություն ստանալու մասին լիազոր պետական մարմին  հայտ ներկայացրած իրավաբանական ու ֆիզիկական անձիք.

հայտ ` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործարք կատարելու մասին դիմում, որը ներառում է տվյալներ` հայտատուի մասին եւ նրա կողմից ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի անվանումների, քանակների, գործարքի իրականացման ժամկետների եւ ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման երկրների մասին.
 

ԳԼՈՒԽ  II

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ , ԱՐՏԱՀԱՆՄԱՆ եւ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են.

1) օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկի հաստատումը,

2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը,

3) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը եւ տարանցմանը վերաբերող իրավական ակտերի ընդունումը:

Հոդված 5. Լիազոր պետական մարմնի իրավասությունները

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման  բնագավառում  լիազոր պետական մարմնի իրավասություններն են.

1) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը եւ տարանցիկ փոխադրմանը  վերաբերող իրավական ակտերի մշակումը,

2) օզոնային շերտը քայքայող նյութերի քանակությունների հաշվառումը,

3) օզոնային շերտը քայքայող նյութերի անհատական չափաքանակների (քվոտաների) սահմանումը

4) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների տրամադրումը` ներկայացված հայտերի հիման վրա:

ԳԼՈՒԽ  III

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 6.  Օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ արգելքները


Հոդված 6.  Օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ արգելքները

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է`

Օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից եւ արտահանումն այդ երկրներ
Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ փոխադրումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր:

Հոդված 7.  Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանման սկզբունքներն ու կարգը

1.Հայաստանի Հանրապետության տարածք օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափանաքանակները (քվոտաները) սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար,  ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների:

2.Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափանաքանակները (քվոտաները) սահմանվում են, մինչեւ միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը:

3.Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափանաքանակները (քվոտաները) սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` տվյալ տարվա սկզբից առնվազն վեց ամիս առաջ:

Հոդված 8.  Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների (քվոտաների) սահմանման կարգը

1. Օզոնային շերտը քայքայող մեկից ավելի նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում, դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով (քվոտայով)` ըստ առանձին նյութերի:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների (քվոտաների) հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն, որի ձեւն ու տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար հայտը մերժվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ինչպես նաեւ ներմուծողին սույն օրենքի համաձայն տրամադրված անհատական չափաքանակի (քվոտայի) սպառման կամ թույլտվության ժամկետի ավարտման դեպքում:

3. Հայտատուն իրավունք ունի սահմանված անհատական չափաքանակից (քվոտայից) ոչ ավելի քանակության օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս- մաս, ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութերի քանակության մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր պետական մարմնին: Տեղյակ չպահելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

4. Առաքման թույլտվություն ստացած հայտատուն պետական լիազոր մարմին է ներկայացնում օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի (քվոտայի) օգտագործման մասին տարեկան հաշվետվություն` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը:

5. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրման համար գանձվում (վճարվում) է  պետական տուրք` «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունը հայտատուին տրամադրվում է պետական տուրքի անդորրագրի առկայության դեպքում:

Հոդված 9.  Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը

1. Մաքսային մարմիններն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը թույլատրում են առաքման թույլտվության  առկայության դեպքում:

2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման մասին մաքսային մարմինները տեղեկատվություն են ներկայացնում լիազոր պետական մարմնին, տվյալ գործարքի իրականացման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, որը ներառում է.

ա) ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման մասին տվյալները,

բ) ներմուծված կամ արտահանված կամ տարանցիկ փոխադրման ենթարկված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակները եւ իրականացված գործարքի ժամանակահատվածը,

գ) արտահանող եւ ներմուծող երկրների մասին տվյալներ

ԳԼՈՒԽ  IV

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 10.  Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը

1. Հաշվառման ենթակա են.

ա) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման համար սահմանված ընդհանուր չափանաքանակները (քվոտաները)` ըստ առանձին նյութերի,

բ) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման  գործարք կատարելու մասին հայտերը,

գ) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման սահմանված անհատական չափանաքանակները (քվոտաները) եւ դրանց մնացորդային քանակություններն` ըստ առանձին նյութերի,

դ) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման  առաքման թույլտվությունները

ե) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի (քվոտայի) օգտագործման մասին տարեկան հաշվետվությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերով սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի քանակություններն ու փաստաթղթերը հաշվառում է լիազոր պետական մարմինը, իսկ «դ» կետով սահմանված փաստաթղթերը հաշվառում են նաեւ մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

ԳԼՈՒԽ  V

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11.  Օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ վերահսկողությունը

Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12.  Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքով սահմանված պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 13.   Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Օրենքի նախագիծը մշակվել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ եւ արձանագրության Լոնդոնյան եւ Կոպենհագենյան ուղղումներով սահմանված երկրի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

«Օզոնային շերտի պահպանության մասին»  Վիեննայի կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը ընդունվել է 1987թ.: Արձանագրության Կողմ-երկրները պայմանավորվեցին աստիճանաբար կրճատել կարգավորվող նյութերի գործածումը մինչեւ դրանց ի սպառ վերացումը:

Ըստ էության, Մոնրեալի արձանագրությունը սահմանում է օզոնային շերտը  քայքայող նյութերի արտադրության եւ գործածման դադարեցման  ժամանակացույցը: Արձանագրությունը կարգավորում է օզոնային շերտը քայքայող նյութերի  երկու խումբ, որոնցում ընդգրկված են 8 նյութ՝ 5 քլորֆտորածխածիններ (ֆրեոններ) եւ 3 բրոմքլորֆտորածխածիններ (հալոններ):

Լոնդոնյան ուղղումով կարգավորվող նյութերի ցանկը ընդլայնվել է երկու հավելվածով, որտեղ ընդգրկված են 4 խումբ նյութեր՝ ընդամենը 46 անվանմամբ (մի շարք քլորֆտորածխածիններ, ածխածնի տետրաքլորիդը, մեթիլքլորոֆորմը, ինչպես նաեւ “անցումային նյութերը”` հիդրոքլորֆտորածխածինները):

Կոպենհագենյան  ուղղումով կարգավորվող նյութերի ցանկը  ընդլայնվել է եւս երկու հավելվածով, որտեղ ընդգրկված են 3 խումբ նյութեր՝ ընդամենը 75 անվանմամբ: Մասնավորապես,  Լոնդոնյան ուղղմամբ հսկվող 34 հիդրոքլորֆտորածխաջրածինների խմբին ավելացվել են եւս 40-ը, ինչպես նաեւ բրոմֆտորածխաջրածիններ՝ թվով 34 եւ մեթիլբրոմիդը :

«Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիաան եւ  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1999 թվականին, իսկ վերը նշված ուղղումները, որոնք առանձին իրավական փաստաթղթեր են, 2003 թվականին:

Յուրաքանչյուր երկիր, վավերացնելով Մոնրեալի արձանագրությունը, պարտավորվում է մշակել վերը նշված նյութերի փոխարինման ժամանակացույցը, սահմանված կարգով տեղեկատվություն ներկայացնել Արձանագրության քարտուղարություն օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրության, ներմուծման եւ արտահանման վերաբերյալ, ինչպես նաեւ չիրականացնել առեւտուր` Արձանագրության կամ դրա համապատասխան Ուղղման Կողմ չհանդիսացող երկրների հետ:

Օրենքի նախագծում.

- ամրագրվել են Հայաստանի Հանրապետությունում օզոնային շերտը քայքայող նյութերի նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունների  կարգավորումը

- հստակեցվել եւ մանրամասնվել են հիմնական հասկացությունները, ինչը կապահովի Օրենքի միանշանակ ընկալումը

- ամրագրվել  են ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի  իրավասությունները.

- ամրագրվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծողների իրավունքներն ու պարտականությունները.

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում, «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագրի շրջանակներում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների  եւ օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծող (եւ/կամ արտահանող) կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ ձեռներեցներ: Օրենքի նախագծի մշակման տարբեր փուլերում իրականացվել են շահագրգիռ կողմերի քննարկումներ:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի ընդունումից: