Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-1374-22.06.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 11.1-ին կետով.

«11.1) դիմելու Ազգային ժողովի պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողովին (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով).».

2) 2-րդ եւ 3-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենքով»բառերը փոխարինել «օրենքով»բառով:
 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4.1-ին կետով.

«4.1) ապահովել շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2-րդ մասով.

«2.Պատգամավորական էթիկայի կանոնները, շահերի բախման իրավիճակի համար պահանջները, ինչպես նաեւ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 21.1-ին կետով.

«21.1) Էթիկայի հանձնաժողովի եզրակացության եւ որոշման հիման վրա պատգամավորի նկատմամբ կիրառում է կարգապահական միջոց.»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6.1-ին եւ 6.2-րդ կետերով.

«6.1) Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաեւ նրան փոխելու.

6.2) նշանակելու Էթիկայի հանձնաժողովում խմբակցության անդամին փոխարինող.»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6.ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:».

3) 2-րդ եւ 3-րդ մասերում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով.

4) 4-րդ մասում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով, իսկ «կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները»բառերը փոխարինել «վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու ժամկետը»բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4.1-ին մասով.

«4.1.Ազգային ժողովի նախագահը առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:».

6) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով.

2) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով, իսկ «15-րդ հոդվածով»բառերը փոխարինել «14-րդ եւ 15-րդ հոդվածներով»բառերով.

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 8-րդ մասում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում եւ 1-3-րդ մասերում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով:
 
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասում «Ժամանակավոր»բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր»բառերով:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 Հոդված 19.1.էթիկայի հանձնաժողովի ստեղծումը

1.Պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել էթիկայի հանձնաժողով:

2.Նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է առաջին նստաշրջանում, իսկ նոր Էթիկայի հանձնաժողովը որպես կանոն՝ նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կամ նախորդ Էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3.Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ կամ երկու տարի է:

4.Եթե նոր Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է մինչեւ նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, ապա այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը սկսվում է նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:

5.Էթիկայի հանձնաժողովը կարող է ունենալ զույգ թվով, բայց ոչ պակաս, քան վեց եւ ոչ ավելի, քան 12 անդամ:

6.Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն հավասար թվով անդամներ ներկայացնելու իրավունք:

7.Խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն առնվազն մեկական անդամ նշանակելու իրավունք: Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք մյուս տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ:

8.Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին հաջորդաբար նշանակելու իրավունք ունեն ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունները: Հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ: Եթե հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահված է՝

1) ընդդիմադիր խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է կառավարող խմբակցություններին.

2) կառավարող խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է ընդդիմադիր խմբակցություններին:

9.Հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո՝ նշանակվում է հանձնաժողովի նոր նախագահ եւ նախագահի նոր տեղակալ:

10.Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը, գործունեության ժամկետը, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի (անդամների) տեղը (տեղերը), ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության ժամկետում խմբակցությունների միջեւ հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ նշանակելու իրավունքի բաշխումը սահմանվում են Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

11.Ազգային ժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 19.2.Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը

1.Էթիկայի հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված սկզբունքները:

2.Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի անդամի տեղում, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում նշանակվում եւ հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

3.Խմբակցությունը իրեն վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) նշանակում է հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամի պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Նույն ժամկետում իրավասու խմբակցությունը նշանակում է հանձնաժողովի անդամին փոխարինողի, ով ստանձնում է հանձնաժողովի այդ անդամի պարտականությունները՝ նրա ինքնաբացարկի, ինչպես նաեւ բացառապես նրա հիվանդությամբ կամ գործուղմամբ պայմանավորված՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության դեպքերում: Հանձնաժողովի անդամ եւ նրան փոխարինող նշանակելու մասին խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում դրա ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

4.Խմբակցությունը իրեն վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին նշանակում է՝

1) հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում.

2) ոչ շուտ, քան հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտին նախորդող տասներորդ օրը եւ ոչ ուշ, քան այդ ժամկետի ավարտից հինգ աշխատանքային օր առաջ.

3) հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

5.Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն եւ այդ խմբակցությունը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված տեղում (տեղերում) հանձնաժողովի անդամ (անդամներ) կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված պաշտոնում՝ հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այն մնում է թափուր:

6.Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են եւ իրավասու կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունը՝

1) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) չի նշանակում, ապա այդ տեղում (տեղերում) հանձնաժողովի անդամ (անդամներ) նշանակելու իրավունքն անցնում է համապատասխանաբար՝ անդամների առավել մեծ թվով հաջորդ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը: Եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, որեւէ իրավասու խմբակցություն կառավարող կամ ընդդիմադիր խմբակցություններին վերապահված տեղում (տեղերում) հանձնաժողովի անդամ (անդամներ) չի նշանակում, ապա այդ տեղը (տեղերը) մնում են թափուր.

2) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այդ պաշտոնում հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքն անցնում է համապատասխանաբար՝ անդամների առավել մեծ թվով հաջորդ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը: Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, որեւէ իրավասու խմբակցություն կառավարող կամ ընդդիմադիր խմբակցություններին վերապահված պաշտոնում հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այդ պաշտոնը մնում է թափուր:

7.Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատվում է իրավասու խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդին, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին նշանակելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

8.Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են իրավասու խմբակցության կողմից հանձնաժողովի նոր անդամ կամ նոր նախագահ, նախագահի նոր տեղակալ նշանակելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

9.Եթե Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահը կամ նախագահի նոր տեղակալը նշանակվում է մինչեւ հանձնաժողովի նախորդ նախագահի կամ նախորդ նախագահի տեղակալի լիազորությունների ավարտը, ապա հանձնաժողովի նոր նախագահը կամ նախագահի նոր տեղակալն իրենց պարտականությունների կատարումը ստանձնում են հանձնաժողովի նոր կազմը կամ կազմում փոփոխությունները հաստատվելուց հետո, սակայն ոչ շուտ, քան հանձնաժողովի նախորդ նախագահի կամ նախորդ նախագահի տեղակալի լիազորությունների ավարտը:

10.Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո՝

1) հանձնաժողովի անդամ նշանակելու խմբակցության իրավունքը պահպանվում է մինչեւ հանձնաժողովի լիազորությունների ավարտը.

2) հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու խմբակցության իրավունքը պահպանվում է մինչեւ հանձնաժողովի գործունեության ժամկետի՝ համապատասխան վեցերորդ ամսվա ավարտը:

11.Խմբակցությունն իրավունք ունի փոխելու հանձնաժողովում ընդգրկված իր անդամին կամ իր կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին:

12.Էթիկայի հանձնաժողովի կազմը կամ կազմում փոփոխոխությունները հաստատվելուց հետո՝ հանձնաժողով ներկայացված դիմումների քննարկումը շարունակվում է:

13.Եթե Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի կազմը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով չի հաստատվում, կամ սույն հոդվածի 5-րդ մասով, 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնը մնում են թափուր, ապա այն համարվում է լուծարված:

Հոդված 19.3.Էթիկայի հանձնաժողովի անդամների ռոտացիան

1.Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո՝ խմբակցություններն իրավունք ունեն իրականացնելու իրենց կողմից նշանակված հանձնաժողովի անդամների ռոտացիա:

2.Ռոտացիոն կարգով Էթիկայի հանձնաժողովի անդամին նշանակելու (վերանշանակելու) մասին իրավասու խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ շուտ, քան հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտին նախորդող տասներորդ օրը եւ ոչ ուշ, քան այդ ժամկետի ավարտից հինգ աշխատանքային օր առաջ:

3.Սույն մասով սահմանված կարգով նշանակված էթիկայի հանձնաժողովի նոր անդամներն իրենց պարտականությունների կատարումը ստանձնում են հանձնաժողովի նոր կազմը հաստատվելուց հետո, սակայն ոչ շուտ, քան հանձնաժողովի նախորդ անդամների լիազորությունների ավարտը:

Հոդված 19.4.էթիկայի հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը

1.Էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել գործով զեկուցող կամ մասնակցել հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկման վերաբերյալ հանձնաժողովի նիստերին եւ պարտավոր է հայտնել ինքնաբացարկ, եթե այդ դիմումը վերաբերում է իրեն կամ «Հանրային ծառայության մասին»օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով՝ իր հետ փոխկապակցված անձի:

2.Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի կողմից ինքնաբացարկ հայտնելու դեպքում նրանց լիազորություններն իրականացվում են Կանոնակարգի 19.7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով, իսկ հանձնաժողովի անդամի կողմից ինքնաբացարկ հայտնելու դեպքում՝ նրա լիազորություններն իրականացնում է նրան փոխարինողը:

Հոդված 19.5.Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը

1.Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.

2) իրավասու խմբակցությունը նրա տեղում նշանակում է ալյ անդամ.

3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե իրավասու խմբակցությունը նրա տեղում նշանակում է այլ անդամ:

Հոդված 19.6.Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

1.Էթիկայի հանձնաժողովը՝

1) սկսում է հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկումը կամ մերժում է այդ դիմումը.

2) քննարկում է պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը եւ խախտման առկայության դեպքում Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն կամ եզրակացնում է խախտման բացակայության մասին.

3) քննարկում է պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջը խախտելու վերաբերյալ դիմումը եւ խախտման առկայության դեպքում Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն կամ եզրակացնում է խախտման բացակայության մասին.

4) քննարկում է շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ պատգամավորի դիմումը եւ նրան ներկայացնում է առաջարկներ այդ պահանջների ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ.

5) պատգամավորական էթիկայի կանոնների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջի խախտման վերաբերյալ դիմումների քննարկման արդյունքում կարող է Ազգային ժողովի նախագահին առաջարկել դիմումում նշված պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոց.

6) կարող է հարցմամբ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկման համար նշանակություն ունեցող տեղեկություններ, անհրաժեշտ նյութեր եւ փաստաթղթեր ստանալու նպատակով.

7) կարող է հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները:

2.Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

3.Պետական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Էթիկայի հանձնաժողովին են տրամադրվում օրենքով սահմանված կարգով:

4.Էթիկայի հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:

Հոդված 19.7.Էթիկայի հանձնաժողովի նախագահի լիազորությունները

1.Էթիկայի հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-8-րդ եւ 10-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաեւ՝

1) կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.

2) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայությունները:

2.Էթիկայի հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3.Եթե Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումը վերաբերվում է կառավարող խմբակցության պատգամավորին կամ դիմողը կառավարող խմբակցության պատգամավոր է, իսկ՝

1) հանձնաժողովի նախագահը կառավարող խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման առնչությամբ՝ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել կառավարող խմբակցության անդամ.

2) հանձնաժողովի նախագահի տեղակալը կառավարող խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել կառավարող խմբակցության անդամ:

4.Եթե Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումը վերաբերվում է ընդդիմադիր խմբակցության պատգամավորին կամ դիմողը ընդդիմադիր խմբակցության պատգամավոր է, իսկ՝

1) հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման առնչությամբ՝ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել ընդդիմադիր խմբակցության անդամ.

2) հանձնաժողովի նախագահի տեղակալը ընդդիմադիր խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել ընդդիմադիր խմբակցության անդամ:

Հոդված 19.8.Էթիկայի հանձնաժողովի նիստերը

1.Էթիկայի հանձնաժողվի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 14-րդ եւ 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Կանոնակարգի սույն գլխով սահմանված առանձնահատկությունները:

2.Էթիկայի հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր կամ գործով զեկուցողի նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

3.Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության, ինչպես նաեւ Կանոնակարգի 19.7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշած հանձնաժողովի անդամը:

4.Էթիկայի հանձնաժողովի եզրակացության կամ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները:

5.Էթիկայի հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ Կանոնակարգի 19.11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

6.Էթիկայի հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքերի, երբ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորը, կամ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դիմումի հեղինակն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային:

7.Հանձնաժողովի փակ նիստում նրա անդամներից եւ քարտուղարության մասնագետներից բացի, կարող են ներկա լինել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք: Հանձնաժողովի հրապարակային նիստում կարող են ներկա լինել Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով նախատեսված անձինք:

8.Էթիկայի հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ եզրակացությունները, ինչպես նաեւ դիմումի մերժման վերաբերյալ որոշումը` նաեւ պատճառաբանված, բացառությամբ՝ Կանոնակարգի 19.11-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:

9.Էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

10.Էթիկայի հանձնաժողովը հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 19.9.Էթիկայի հանձնաժողով դիմելը, դիմումի քննարկումը սկսելը եւ դիմումի մերժելը

1.Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել`

1) յուրաքանչյուր ոք` պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները կամ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահաջները խախտելու վերաբերյալ.

2) պատգամավորը` իր կողմից նշած հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ:

2.Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն (պատգամավորի դեպքում չի ներկայացվում), իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը.

3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը.

4) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

5) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

3.Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

4.Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի համակարգող փորձագետը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա հանձնաժողովի համակարգող փորձագետն առաջարկում է մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը համալրել այդ ցանկը:

5.Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումի քննարկումը կամ մերժում է դիմումը:

6.Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է դիմումի քննարկումը սկսելու մասին որոշում, ապա դիմումը ուսումնասիրելու եւ դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու համար հանձնաժողովի կազմից նշանակում է գործով զեկուցող: Եթե դիմումը վերաբերում է կառավարող խմբակցության պատգամավորի, ապա գործով զեկուցողը պետք է լինի ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր խմբակցության պատգամավորին վերաբերվող դիմումի դեպքում՝ կառավարող խմբակցությունից:

7.Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե`

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.

2) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.

3) նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Էթիկայի հանձնաժողովի որոշում կամ եզրակացություն.

4) նույն պատգամավորի եւ նույն հիմքով խախտման համար Կանոնակարգի 52-րդ 2-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է կարգապահական միջոց.

5) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է քննարկում:

8.Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է դիմումը մերժելու մասին որոշում, ապա հանձնաժողովի նախագահը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին:

Հոդված 19.10.Էթիկայի հանձնաժողովում դիմումի քննարկման ընթացքը

1.Դիմումի քննարկումն իրականացվում է Էթիկայի հանձնաժողովի առնվազն մեկ նիստում:

2.Դիմումի քննարկումը սկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստում դիմումի քննարկումից երեք աշխատանքային օր առաջ, գործով զեկուցողը հանձնաժողովի անդամներին, դիմողին, Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ դիմումում նշված պատգամավորին, ինչպես նաեւ դիմումի քննարկմանը ներգրավված այլ անձանց եւ մարմիններին ծանուցում է հանձնաժողովի նիստի (նիստերի), ինչպես նաեւ դիմումի քննարկման համար անհրաժեշտ այլ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

3.Մինչեւ դիմումի վերաբերյալ վերջնական եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ Կանոնակարգի 19.8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

4.Էթիկայի հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն դիմումի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու` առանց նրանց գրավոր համաձայնության:

5.Էթիկայի հանձնաժողովը դիմումի քննարկումն ավարտում է դրա քննարկումը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, որը կարող է գործով զեկուցողի առաջարկությամբ՝ հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով, եթե դիմումի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել եւ դիմումի քննարկման մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության եզրակացություն ընդունել: Դիմումի քննարկման նոր ժամկետի մասին գործով զեկուցողը ծանուցում է շահագրգիռ կողմերին:

6.Եթե Էթիկայի հանձնաժողովը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում դիմումի քննարկումը, ապա Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկումը համարվում է ավարտված:

7.Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել դիմումի քննարկումը, եթե`

1) անհնարին է տվյալ դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կամ դատական ակտ կայացնելը.

2) հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս առերեւույթ հանցագործության հատկանիշներ: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում դիմումին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին.

3) հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք պարունակում են պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանված պահանջների կամ «Հանրային ծառայության մասին»օրենքով սահմանված նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման առերեւույթ հատկանիշներ: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում դիմումին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

8.Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել դիմումի քննարկումը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ հանձնաժողովը նախքան եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` դիմումի քննարկմանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար:

9.Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

10.Դիմումի քննարկումը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

11.Էթիկայի հանձնաժողովի նախագահը դիմումի քննարկումը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին:

Հոդված 19.11.Դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովի եզրակցությունները եւ որոշումները

1.Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կարող է ընդունել պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախմանն իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրկացություն, ինչպես նաեւ խախտումը թույլ տված պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ որոշում:

2.Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կարող է ընդունել դրանում նշած հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջը կատարելու կամ այդ իրավիճակի լուծմանն ուղղված այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ դիմողին առաջարկ ներկայացնելու մասին որոշում:

3.Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված եզրակացության եւ որոշման նախագծերը կազմում եւ Էթիկայի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գործով զեկուցողը: Հանձնաժողովի նիստում դիմումի քննարկումից մեկ շաբաթ առաջ, գործով զեկուցողն այդ նախագծերն ուղարկում է հանձնաժողովի բոլոր անդամներին: Նախագծերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնաժողովի անդամները իրավունք ունեն գործով զեկուցողին ներկայացնելու դրանց վերաբերյալ գրավոր առաջարկներ:

4.Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորին պարզաբանումներ տալ դիմումի եւ դրա ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվում է մասնակցել դիմումի քննարկմանը, ապա Էթիկայի հանձնաժողովի նիստում դիմումի վերաբերյալ եզրակացության նախագծի քննարկման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ գործով զեկուցողը եզրակացության նախագիծը եւ հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի դրանք ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումն ու պարզաբանումները:

5.Էթիկայի հանձնաժողովի նիստում եզրակացության եւ որոշման նախագծերի քննարկման ընթացքում`

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս գործով զեկուցողը.

2) Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես է գալ դիմումում նշված պատգամավորը, իսկ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի դեպքում՝ հարակից զեկուցում չի լինում.

3) Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի հեղինակը, ինչպես նաեւ հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք եւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումում նշված պատգամավորի հարցերին.

4) գործով զեկուցողը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաեւ հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը.

5) Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորը իրավունք ունի հարցեր տալու զեկուցողին.

6) հանձնաժողովի անդամները կարող են իրենց ելույթում եզրակացության եւ որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել.

7) գործով զեկուցողին գրավոր առաջարկներ ներկայացրած հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու եւ պատասխանելու հարցերին.

8) հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորը իրավունք ունեն ելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին:

6.Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո՝ քվեարկության են դրվում սույն հոդվածի 3-րդ մասով եւ 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները:

7.Առաջարկների քվեարկությունից հետո՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախագծերն առանձին-առանձին, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախագիծը դրվում են քվեարկության՝ հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով:

8.Եթե Էթիկայի հանձնաժողովի եզրակացության կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկումը համարվում է ավարտված:

9.Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է՝

1) պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախմանն իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության վերաբերյալ եզրակացություն եւ պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ որոշում կամ ընդունում է միայն եզրակացություն, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահը եզրակացությունը, իսկ ընդունվելու դեպքում՝ նաեւ որոշումը, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Եզրակացությանը կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորի ներկայացրած գրավոր դիրքորոշումներն ու պարզաբանումները.

2) պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախմանն իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն, ապա այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

10.Եթե Էթիկայի հանձնաժողովը ընդունում է 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումում նշված հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում, ապա այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

11.Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն Էթիկայի հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հարապարակման համար հանձնաժողովի նախագահին հատկացվում է մինչեւ քսան րոպե, որից անմիջապես հետո՝ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ Ազգային ժողովի նախագահը եւ հրապարակել պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցը:

Հոդված 19.12.Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները

1.Պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախմանն իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության եւ որոշման հիման վրա պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական միջոցները.

1) Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը հաջորդող՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում.

2) հեռացում՝ մինչեւ Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հրապարակման օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում.

3) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

2.Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված կարգապահական միջոցի կիրառման դեպքում պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովի նիստերի ընթացքում անցկացվող քվեարկություններին:

3.Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Հարցի քննարկումը վերսկսվում է պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում:

4.Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

5.Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը

Հոդված 19.13.Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1.Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

2.Էթիկայի հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:»:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «մշտական եւ»բառերից հետո լրացնել «առանձին նախագծի հարցով»բառերով:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4.1-ին կետով.

«4.1 Էթիկայի հանձնաժովի ստեղծում.»:

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 15.1-ին եւ 15.2-րդ կետերով.

«15.1) Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին հարցը.

15.2) Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը.».

2) 16-րդ կետում «Ազգային ժողովի»բառերը փոխարինել «առանձին նախագծի հարցով Ազգային ժողովի»բառերով:

Հոդված 14. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4.1-ին մասով.

«4.1.Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված կարգապահական միջոցի կիրառման դեպքում պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովի նիստերի ընթացքում անցկացվող քվեարկություններին:»:

Հոդված 15. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «կամ»բառից հետո լրացնել «առանձին նախագծի հարցով»բառերով:

Հոդված 16. Օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր»բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-ին կետով.

«2.1) առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված նախագծին վերաբերող հարցով.»:

Հոդված 17. Օրենքի 162-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «օրենքի»բառը.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է հանձնաժողովի աշխատակարգով եւ Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) եւ մեկ գործավար (օգնական): Հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:»:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: