Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1366-05.06.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն (այսուհետ՝ Օրենք) օրենքի 2-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «նախատեսված իրավահարաբերությունների վրա» բառերը փոխարինել «հաշվառված ինքնակամ կառույցների վրա» բառերով,

2) 3.1-ին մասի երկրորդ նախադասությունում «ծավալում» բառից հետո լրացնել «կամ ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից» բառերը,

3) 3.1-ին մասի երկրորդ նախադասությունում «արտացոլված» բառից հետո լրացնել «բազմաբնակարան շենքի ծավալում կամ ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից առկա ինքնակամ կառույցի» բառերը,

4) 3.1-ին մասի երրորդ նախադասությունը հանել,

5) 3.1-ին մասում «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված եւ օրինականացված ինքնակամ կառույցները» բառերը փոխարինել «Կառավարությունը սահմանում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկ, որում ներառված ինքնակամ կառույցները օրինականացվելուց հետո» բառերով,

6) 3.1-ին մասում «դեպքերի:» բառից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Կառավարության համապատասխան որոշումը պետք է պարունակի ինքնակամ կառույցի կառուցման տարեթիվը, գտնվելու վայրը եւ ինքնակամ կառույցը նույնականացնող այլ տվյալներ:»,

7) լրացնել նոր 3.2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3.2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող այն կառույցները (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածները), որոնք կառուցվել են, այդ թվում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից հետո, կարող են Կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու համար Կառավարության սահմանած կարգով հաշվառվել Կադաստրի կոմիտեում եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել սույն մասով սահմանված փաստաթղթեր՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու համար ինքնակամ կառույցն իրականացրած անձինք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնում են՝ ինքնակամ կառույցի հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիրը, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա՝ լիցենզիային կից շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եւ անձնագրավորման համապատասխան ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացություն,  որն առնվազն պետք է բովանդակի կառույցի տեխնիկական վիճակի, կրող կոնստրուկցիաների հուսալիության եւ ամրության, սեյսմիկ անվտանգության, անվտանգ շահագործման հնարավորության վերաբերյալ տվյալներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացությունը հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ, օրինականացման որոշում կայացնող իրավասու մարմնի կողմից քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումների բացակայության, երրորդ անձանց, պետության կամ համայնքի իրավունքների եւ օրենքով պահպանվող շահերի խախտման կամ նման խախտում ստեղծող վտանգի, ինչպես նաեւ ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման՝ Կառավարության սահմանած կարգով նախատեսված մերժման հիմքերի բացակայության գրավոր նախնական  գնահատություն: Սույն մասով սահմանված կարգով Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցները (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածները) կարող են օրինականացվել Կառավարության սահմանած կարգով՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պայմանով, բացառությամբ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորման կամ համաֆինանսավորման հաշվին կառուցված՝ Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների), որոնք ազատվում են սույն պարբերությամբ սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորությունից:»,

8)   4-րդ մասում «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքերի,» բառերը:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-6-րդ մասերով սահմանված դրույթները տարածվում են նաեւ 2025 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ինքնակամ կառույցների օրինականացման կարգը:

5.  Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2028 թվականի փետրվարի 20-ը հաստատում է սույն օրենքով նախատեսված օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքով վերանայվել են ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ, Օրենքի անցումային դրույթներով պահպանվել է մինչեւ Օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված եւ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը:

Արդյունքում, գործող կարգավորումների պայմաններում բացակայում են այն իրավական մեխանիզմները, որոնք որոշակի առանձնահատուկ դեպքերում հնարավորություն կտան գնահատել եւ օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվառել եւ օրինականացնել Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցները:

Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ Օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված  տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը: Նման կառույցները, իրենց տեխնիկական վիճակով, փաստացի օգտագործմամբ, տնտեսական նշանակությամբ եւ քաղաքաշինական միջավայրի վրա ազդեցությամբ, կարող են ստեղծել ավելի մեծ հանրային եւ տնտեսական արժեք՝ օրինականացման եւ իրավական շրջանառության մեջ ներգրավվելու պարագայում, քան դրանց քանդման կամ իրավական անորոշ կարգավիճակում պահպանման դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անհատական գնահատման արդյունքներով եւ խիստ պայմանների պահպանմամբ դիտարկել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված որոշ ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման հնարավորությունը՝ ապահովելով պետության, համայնքի եւ երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքաշինական եւ անվտանգության պահանջների պահպանումը:

Նախագծի նպատակն է սահմանել ժամանակավոր իրավական կարգավորում՝ հնարավորություն տալով օրենսդրորեն ամրագրված խիստ եւ բացառիկ պայմանների պահպանմամբ հաշվառել եւ օրինականացնել օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված այն ինքնակամ կառույցները, որոնք համապատասխանում են անվտանգության, քաղաքաշինական նորմերի եւ իրավական պահանջներին, միաժամանակ սահմանելով առավել բարձր տեղական տուրքեր:

2. Կարգավորման առարկան եւ բնույթը

Նախագծերով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման եւ օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո:

Նախագծերով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են Կառավարության սահմանած կարգով հաշվառվել եւ ընդգրկվել Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման եւ հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա եւ ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաեւ օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը:

Ներկայացված փաթեթով համապատասխան լրացումներ են կատարվում նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում՝ սահմանելով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար գանձվող տեղական տուրքի տեսակը եւ դրույքաչափը:

Հարկ է ընդգծել, որ պետությունը չի խրախուսում ինքնակամ շինությունների կառուցումը, ինչի մասին է վկայում նաեւ տվյալ իրավակարգավորման շրջանակում տեղական տուրքերի առավել բարձր չափերի սահմանումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում առկա են արդեն իսկ ձեւավորված նման իրավիճակներ, անհրաժեշտ է նախատեսել իրավական կարգավորման հնարավորություն՝ դրանց լուծումը տեղափոխելով իրավաչափ եւ վերահսկելի ընթացակարգային դաշտ: Ըստ այդմ, Նախագծով մի կողմից հնարավորություն է ընձեռվում համապատասխան սուբյեկտներին օգտվելու օրենքով սահմանված ընթացակարգից, իսկ մյուս կողմից՝ տեղական տուրքի բարձր չափի ամրագրմամբ ընդգծվում է, որ պետությունը նման դեպքերը չի դիտարկում որպես խրախուսելի վարքագիծ, այլ սահմանում է դրանց կարգավորման բացառիկ եւ պայմանավորված մեխանիզմ:

3. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման համար:

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն նշված կառույցների հաշվառման, Կառավարության հաստատած ցանկում ընդգրկման եւ օրինականացման իրավական հիմքերը, ինչպես նաեւ կսահմանվեն այդ գործընթացում կիրառվող պարտադիր պայմանները: Արդյունքում կապահովվի գործընթացի իրավական կանխատեսելիությունը, իսկ օրինականացման հնարավորությունը կկապվի կառույցի տեխնիկական վիճակի, քաղաքաշինական նորմերին համապատասխանության, երրորդ անձանց, պետության եւ համայնքի իրավունքների պահպանման, ինչպես նաեւ օրենքով սահմանված վճարների կատարման հետ:

Միաժամանակ կապահովվի օրենքների նախագծերով նախատեսվող կարգավորումների փոխկապակցված եւ համաձայնեցված կիրառումը:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման մեջ:

Նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը նախատեսվում է իրականացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետներում:

5. Նախագիծը մշակվել է

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն