Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել՝ մասնագիտական եւ բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաեւ յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Lիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ:
4. Լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման եւ կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:
5. Կրթական ծրագրերի, ինչպես նաեւ համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը՝ սահմանվում է լիցենզիայի ներդիրում, եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: