Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի N ՀՕ-465-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) «մշակութային բարիքներ` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ եւ իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ հասկացությունը.
«մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.».
2) «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից եւ ռազմավարությունից.».
3) «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունում «մշակութային կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունում» բառերը.
Հոդված 2. Օրենքի 18.1.-ին հոդվածում՝
1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը եւ ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները սահմանելու, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները եւ արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձեւավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
«3. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման եւ հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման եւ հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ստեղծագործական աշխատողը.
2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:»:
4.2. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:».
3) 4-րդ մասում «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.
4) 7-րդ մասում «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.
5) 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «մշակութային կազմակերպությունների» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերով.
2) 6-րդ եւ 9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
3) 7-րդ եւ 11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ եւ լրացնել նոր 12-րդ կետով.
«7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգը.»
«11) աջակցում է պետություն-մասնավոր համագործակցությունը.»:
«12) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ մշակութային միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրման ծրագրեր:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի «:» նշանը փոխարինել «.» նշանով եւ լրացնել նոր 12-րդ եւ 13-րդ կետերով.
«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները.»
«13) հաստատում է միջազգային միջոցառումներին եւ նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին եւ ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը եւ չափորոշիչները:»:
Հոդված 5. Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասում «մշակութային առանձին կազմակերպությունների» եւ 2-4-րդ մասերում «մշակութային կազմակերպություններին» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում: