Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական, հանգստի նշանակություն ունեցող եւ հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը, ինչպես նաեւ բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի հողերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անտառապարկերով,» բառը:
Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության եւ մշակույթի հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, ինչպես նաեւ էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային տարածքների, կանաչապատ տարածքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի պահպանությանը եւ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքները, Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում գրանցված բույսերի աճելավայրերը եւ կենդանիների ապրելավայրերը, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային տարածքները, վայրի կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, պատմության եւ մշակույթի հուշարձանները, կանաչապատ տարածքները (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն), բուսաբանական այգիները, անտառպարկերը (տեղանքին բնորոշ, ներմուծված, արժեքավոր բուսատեսակների պահպանության, բնական վերարտադրության եւ օգտագործման համար առանձնացված տարածք), դենդրոպարկերը եւ հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով,»,
2) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը:
Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաեւ այդ նպատակների համար պահեստավորված հողեր,»:
Հոդված 6.
Օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6. Պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծրագրերի հիման վրա:»:
Հոդված 7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը Կառավարության սահմանած կարգով տրամադրում է անտառները եւ անտառային հողերը՝ օգտագործման, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերը, բացառությամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի՝ վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով:»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: