Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1328-21.04.2026,22.05.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների՝ որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացումը, վերականգնումը, վերարտադրությունը, կայուն օգտագործումը, պահպանությունը եւ պաշտպանությունը, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը, ինչպես նաեւ արդյունավետ կառավարումը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ կառավարման հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1)   ազգային պարկ՝ մարդու գործունեության արդյունքում փոփոխությունների ենթարկված, սակայն մեկ կամ մի քանի ամբողջական անխաթար էկոհամակարգեր ընդգրկող ընդարձակ տարածք, որն ընդգրկում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն եւ տնտեսական (կայուն օգտագործման) տարածքագործառնական գոտիներ, որտեղ ներկայացված են բույսերի եւ կենդանիների աճելավայրերի կամ ապրելավայրերի, գեոմորֆոլոգիական օբյեկտների առկայությամբ տվյալ տարածաշրջանին բնորոշ լանդշաֆտներ, ունի հատուկ գիտական, կրթական, հոգեւոր, ռեկրեացիոն եւ զբոսաշրջային նշանակություն եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

2)  ազգային պարկի տարածքագործառնական գոտի՝ էկոհամակարգային եւ լանդշաֆտային առանձնահատկությունների հիման վրա՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որում սահմանվում են պահպանության եւ օգտագործման տարբեր ռեժիմներ՝ համաձայն սույն օրենքի, ազգային պարկի զարգացման (կառավարման) պլանի եւ կանոնադրության,

3)  ազգային պարկի ռեկրեացիոն գոտի՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որը նախատեսված է բնական լանդշաֆտների, էկոհամակարգերի, բնական եւ մշակութային ժառանգության, բնապատմական եւ գեղագիտական արժեք ներկայացնող օբյեկտների պահպանության եւ բնականոն զարգացման համար, որտեղ միաժամանակ կարելի է կազմակերպել այցելուների հանգստի (այդ թվում՝ համապատասխան հողամասերը վարձակալությամբ տրամադրելու միջոցով), շրջակա միջավայրի ուսումնասիրության (գիտահետազոտական ուսումնասիրություններ) եւ բնապահպանական կրթության սպասարկման ծառայություններ՝ պահպանելով կենսաբազմազանությունը եւ էկոլոգիական հավասարակշռությունը,

4)  ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտի՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որը նախատեսված է տարածքին բնորոշ արժեքավոր բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, բնական պաշարների կայուն օգտագործման եւ ազգային պարկի կանոնադրությամբ սահմանված պահպանության ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության իրականացման համար՝ ազգային պարկի ստեղծման ընդհանուր նպատակներին համապատասխան,

5)  արգելավայր (այդ թվում՝ ազգային պարկի արգելավայրային գոտի)՝ բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների, դրանց պոպուլյացիաների աճելավայրերի եւ ապրելավայրերի պահպանության եւ վերականգնման անհրաժեշտության դեպքում առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են նաեւ մարդու սահմանափակ միջամտությամբ եւ օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, բուսական, կենդանական եւ բնական օբյեկտների վերարտադրության, շարունակական օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի նպատակներով եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

6)  արգելոց (այդ թվում՝ ազգային պարկի արգելոցային գոտի)՝ բնական հատկություններով եւ էկոլոգիական, երկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական կամ այլ առանձնահատկություններով պահպանվող տարածք, որտեղ բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության, եւ որն օգտագործվում է միայն գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական կրթության եւ դաստիարակության, ինչպես նաեւ պահպանության ու կրթական միջոցառումների կազմակերպման համար, եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

7) այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք (OECM)՝ բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք, որի նկատմամբ չի կիրառվում բնության հատուկ պահպանվող տարածքների համար սույն օրենքով սահմանված հատուկ պահպանության եւ օգտագործման ռեժիմ, սակայն որի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն եւ երկարաժամկետ արդյունքներ՝ ներառյալ էկոհամակարգերի կառուցվածքի, գործառույթների, էկոհամակարգային ծառայությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց հետ կապված բնապահպանական եւ այլ արժեքների պահպանումը,

8) արժեքավոր բնական էկոհամակարգ՝ բնապահպանական տեսակետից արժեք ներկայացնող աշխարհագրական տարածք, որն իր բնական առանձնահատկությունների պատճառով ունի առանձնահատուկ նշանակություն եւ որի գնահատման ու առանձնացման համար հիմք են հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով, համաձայնագրերով եւ ծրագրերով առանձնացված բնական էկոհամակարգերը: Արժեքավոր բնական էկոհամակարգների շարքին կարող են դասվել նաեւ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածքները,

9) արժեքավոր բնական էկոհամակարգի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական պլանային փաստաթուղթ, որով որոշակի ժամանակահատվածի համար սահմանվում են արժեքավոր բնական էկոհամակարգի պահպանության, վերականգնման, կայուն օգտագործման, մոնիթորինգի եւ կառավարման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները եւ միջոցառումները,

10) անտառպարկ՝ բնապահպանական, ռեկրեացիոն, առողջարարական, գեղագիտական եւ ճանաչողական արժեք ունեցող անտառածածկ տարածք, որը նախատեսված է բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության եւ լանդշաֆտային առանձնահատկությունների պահպանման պայմաններում բնակչության հանգստի, զբոսաշրջության եւ բնաճանաչողական այցելությունների կազմակերպման համար,

11) անտառպարկի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ անտառպարկի իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության եւ լանդշաֆտային առանձնահատկությունների պահպանության, օգտագործման, այցելությունների կազմակերպման եւ կառավարման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները,

12) բնական օբյեկտ՝ բնական էկոհամակարգեր, բնական լանդշաֆտներ եւ դրանց բաղադրիչներ, որոնք պահպանել են իրենց բնական հատկությունները,

13) բնապատմական բնության հուշարձան՝ երկրաբանական, ջրաերկրաբանական եւ կենսաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող բնական օբյեկտներ եւ դրանց համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային հուշարձանների եւ դրանց համալիրների, բնակատեղիների կամ պատմական իրադարձությունների ու ավանդազրույցների հետ,

14) բնության հատուկ պահպանվող տարածք՝ հողի, մակերեւութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի եւ համապատասխան օդային ավազանի՝ բնական միջավայրերի երկարաժամկետ պահպանության համար սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ եւ առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջային, գեղագիտական արժեք են ներկայացնում եւ որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

15) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր՝ տեղեկատվության եւ փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է բնության հատուկ պահպանվող տարածքների աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության հաշվառման ու վիճակի, բուսական եւ կենդանական պաշարների ու դրանց օգտագործման ձեւերի, գիտական, տնտեսական, սոցիալական եւ պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ համադրելի թվային եւ փաստաթղթային տվյալներ,

16) բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական պլանային փաստաթուղթ, որով որոշակի ժամանակահատվածի համար սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքի (բացառությամբ բնության հուշարձանների) պահպանության, վերականգնման, կայուն օգտագործման եւ զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները եւ միջոցառումները,

17) բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ՝ էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների որակական եւ քանակական ցուցանիշների, վիճակի ռեժիմային դիտարկումների, մարդածին եւ ոչ մարդածին ազդեցությունների գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ,

18) բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի (բացառությամբ բնության հուշարձանի) իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, հատուկ պահպանության օբյեկտները, մուտքի, օգտագործման եւ կառավարման ընդհանուր պայմանները եւ առանձնահատկությունները,

19) բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործում՝ բնապահպանական, գիտական, կրթական, հանգստի, զբոսաշրջային եւ այլ նպատակներով բնության հատուկ պահպանվող տարածքների՝ բնական համակարգերի, բնական ռեսուրսների եւ օբյեկտների օրենքով սահմանված կարգով օգտագործումը բնապահպանական պահանջներին եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության եւ օգտագործման ռեժիմին համապատասխան,

20) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում՝ գործառույթների համակցություն, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, վերականգնումը եւ կայուն օգտագործումը՝ նպաստելով դրանց պահպանությանը,

21) կառավարող սուբյեկտ՝ սույն օրենքով սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ իրավաբանական անձ,

22) բնության հուշարձան՝ եզակի, գիտական, գիտաճանաչողական, բնապատկերային, պատմամշակութային եւ գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, գիտակրթական, մշակութային միջոցառումների, զբոսաշրջության եւ ռեկրեացիայի իրականացման նպատակներով եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

23) բուսաբանական այգի՝ գիտահետազոտական, կրթական եւ մշակութային նշանակության տարածք, որտեղ ստեղծվում եւ ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի հավաքածուներ,

24) բուսաբանական այգու կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ բուսաբանական այգու իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, կենդանի հավաքածուների ձեւավորման, պահպանության, համալրման, ուսումնասիրման, վերարտադրության եւ օրենքով սահմանված կարգով օգտագործման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ կառավարման կազմակերպման հիմքերը,

25) դենդրոպարկ՝ բաց գրունտի պայմաններում աճող գեղազարդ ծառերի, թփերի եւ փաթաթվող բնափայտային բույսերով ձեւավորված այգի, որը ստեղծվում է ոչ բնական պայմաններում տեղական եւ ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանությունը, վերարտադրությունն ու օրենքով սահմանված կարգով օգտագործումն ապահովելու նպատակով,

26) դենդրոպարկի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ դենդրոպարկի իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, բույսերի կենդանի հավաքածուների պահպանության, համալրման, ուսումնասիրման, վերարտադրության եւ օրենքով սահմանված կարգով օգտագործման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ կառավարման կազմակերպման հիմքերը,

27) երկրաբանական բնության հուշարձան՝ երկրաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են՝ հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, աններդաշնակություններ, մակերեսային պատռվածքներ, շերտագրական, օգտակար հանածոներ, հազվագյուտ հանքանյութեր), արտածին (հողմահարման եւ տեղատարման հետեւանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձեւեր՝ կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի եւ կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ) եւ նստվածքային (շերտագրական՝ զանգվածային անհետացման վկայություններ),

28)  էկոլոգիական զբոսաշրջություն՝ բնության ճանաչողությանն ուղղված զբոսաշրջության ձեւ, որն օժանդակում է բնական եւ մշակութային ժառանգության պահպանությանը, բնակչության էկոլոգիական կրթության, դաստիարակության, ինչպես նաեւ իրազեկվածության բարձրացմանը,

29) էկոլոգիական հավասարակշռություն՝ բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների, բնական երեւույթների եւ մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատեւ եւ կայուն գոյատեւումը,

30) էկոլոգիական միջանցք՝ էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի, կենդանատեսակների եւ բուսատեսակների ապրելավայրերի եւ աճելավայրերի պահպանությանը, հողի եւ կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաեւ էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը,

31) էկոլոգիական ցանց՝ էկոլոգիական միջանցքներով միմյանց հետ փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի համակարգ, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը եւ դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան,

32) էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի, միկրոօրգանիզմների համակեցությունների եւ անկենդան միջավայրի համալիր, որի բաղադրիչները փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն,

33) էկոհամակարգի բաղադրիչներ՝ էկոհամակարգերի կենդանի (միկրոօրգանիզմներ, սնկեր, բույսեր, կենդանիներ) եւ անկենդան (հող, ջուր, մթնոլորտային օդ, ջերմաստիճան, լույս եւ այլ ֆիզիկաքիմիական պայմաններ) միջավայրի փոխկապակցված տարրերի առանձին միավորներ,

34) լանդշաֆտ՝ աշխարհագրական թաղանթի տեղամաս, որի բնույթը բնական եւ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է, եւ որի համասեռ բնական հատվածները բնորոշվում են ուրույն երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի եւ կենդանական աշխարհի ամբողջականությամբ,

35) կենսաբանական բազմազանություն՝ բնական էկոհամակարգերի կենդանի բաղադրիչների՝ միկրոօրգանիզմների, սնկերի, բույսերի, կենդանիների, դրանց պոպուլյացիաների, համակեցությունների, ինչպես նաեւ դրանց աճելավայրերի եւ ապրելավայրերի հետ փոխկապակցված բազմազանություն, որը ներառում է բազմազանությունը մեկ տեսակի շրջանակներում, տեսակների միջեւ եւ էկոհամակարգերի մակարդակում,

36) կենսաբանական բնության հուշարձան՝ կենսաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ եւ դրանց բնական պոպուլյացիաներ, բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաեւ հազվագյուտ եւ անհետացող կենդանիների բնադրավայրեր,

37) կենսաբանական պաշար՝ կենսաբազմազանությունը կազմող բոլոր կենդանի օրգանիզմների, դրանց գենետիկական նյութի, տեսակների, պոպուլյացիաների, էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների ամբողջությունը, որոնք կարող են ունենալ տնտեսական, էկոլոգիական, գիտական, առողջապահական, մշակութային եւ այլ արժեք,

38) կենսոլորտային տարածք՝ որոշակի սահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ տարածքային կայուն եւ ինտեգրված զարգացմանը միտված միավորում, որը կարող է ստեղծվել Կառավարության կամ երկու եւ ավելի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ կենսաբազմազանության պահպանությանը, տնտեսության կայուն զարգացմանը, դրա սահմաններում բնակչության բարեկեցության բարձրացմանը նպաստելու համար, որը պետք է ճանաչվի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի «Մարդը եւ կենսոլորտը» ծրագրի շրջանակներում եւ ներառվի կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցում՝ որպես մարդու եւ բնության միջեւ կայուն փոխազդեցության օրինակելի ձեւ,

39) կենսոլորտային տարածքի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են կենսոլորտային տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում,

40) կենսոլորտային տարածքի կենտրոնական գոտի (միջուկ)՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, պահպանության իրավական կարգավորում ունեցող արժեքավոր բնական էկոհամակարգեր ընդգրկող տարածք, որտեղ բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության եւ օգտագործվում է միայն գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական կրթության եւ դաստիարակության համար,

41) կենսոլորտային տարածքի պահպանման գոտի՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, բնական ռեսուրսների օգտագործման իրավական կարգավորում ունեցող տարածք, որը մեղմում է կենտրոնական գոտու վրա պահպանման գոտուց բխող ուղղակի ազդեցությունը,

42) կենսոլորտային տարածքի անցումային գոտի՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, կայուն զարգացման ռազմավարություն որդեգրած տարածք,

43) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ հանրապետության համար եզակի էկոհամակարգեր, բուսատեսակներ եւ կենդանատեսակներ ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածք, որի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության եւ օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ենթակայության տակ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կամ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կողմից,

44) շահագրգիռ կողմեր՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, արժեքավոր բնական էկոհամակարգերի, էկոլոգիական ցանցի, էկոլոգիական միջանցքի եւ կենսոլորտային տարածքի կառավարման խնդիրներին առնչվող պետական կառավարման համակարգի մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

45) պահպանման գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջապատող, բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրով սահմանված տարածք, որտեղ սահմանվում է օգտագործման այնպիսի ռեժիմ, որը թույլ է տալիս բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը չվնասող հողային, շինարարական եւ տնտեսական գործունեության իրականացումը,

46) պահպանվող լանդշաֆտ՝ մարդու գործունեության եւ բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձեւավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ եւ օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության եւ դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձեւերի զարգացման նպատակներով եւ որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ,

47) ջրաերկրաբանական բնության հուշարձան՝ հրաբխային, տեկտոնական, ամբարտակային եւ սառցադաշտային ծագման եզակի, գիտական եւ բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են՝ հանքային եւ քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, առանձին վերցրած ջրային օբյեկտներ, որոնք լինում են՝ հրաբխային, տեկտոնական, սողանքային եւ սառցադաշտային ծագման լիճ, ջրվեժ, խոնավ տարածքներ,

48) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ մեկ կամ մի քանի համայնքների վարչական սահմաններում գտնվող, համայնքային կարեւորություն ունեցող էկոհամակարգերի, բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանության անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտ, որի կառավարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

49) թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար՝ բնության հատուկ պահպանվող տարածքում սույն օրենքով եւ տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվող վճար, բացառությամբ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար նախատեսված վճարների, ինչպես նաեւ բնական ռեսուրսների օգտագործման համար օրենքով սահմանված վճարների:

Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներն ըստ հողի նկատմամբ սեփականության ձեւի՝ լինում են պետական կամ համայնքային:

2. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝

1) ըստ նշանակության՝ հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների,

2) ըստ կատեգորիաների՝ արգելոցի, ազգային պարկի, բնության հուշարձանի, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի:

3. Արգելոցը, արգելավայրը, ազգային պարկը եւ բնության հուշարձանը հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներ են, իսկ պահպանվող լանդշաֆտը՝ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք:

Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման դեպքերը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են հետեւյալ դեպքերում՝

1) երբ տարածքը, ջրատարածքը, բնական համալիրը, էկոհամակարգը, լանդշաֆտը կամ բնական օբյեկտն ունի հատուկ բնապահպանական, գիտական, կրթական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական կամ այլ պահպանական արժեք եւ ենթակա է հատուկ պահպանության,

2) երբ անհրաժեշտ է ապահովել կենսաբանական բազմազանության, լանդշաֆտների, բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերականգնումը, վերարտադրությունը եւ կայուն օգտագործումը,

3) երբ անհրաժեշտ է ապահովել բնական էկոհամակարգերի կայունությունը, էկոլոգիական հավասարակշռությունը եւ բնական գործընթացների բնականոն ընթացքը,

4) երբ տարածքն էական նշանակություն ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման, հարմարվողականության բարձրացման տեսանկյունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով սահմանված դեպքերը գնահատվում են գիտական հետազոտությունների եւ վերլուծությունների հիման վրա:

3. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները (բացառությամբ բնության հուշարձանների) ստեղծվում են Կառավարության որոշմամբ:

4. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա:

5. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքը ստեղծվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների շրջանակում՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

6. Բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանների կրճատումը, կատեգորիայի փոփոխությունը կամ հատուկ պահպանության ռեժիմի դադարեցումը կարող է իրականացվել միայն գիտական հիմնավորման, բնապահպանական հետեւանքների գնահատման, հանրային քննարկման արդյունքների, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանի, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրի տվյալների եւ լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված փոփոխությունները կատարվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման, ցանկի հաստատման կամ ստեղծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմնի իրավական ակտով, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի դեպքում՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ :

Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը

1. Արգելվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության բնապահպանական գործառնական նշանակության հողերն են:

3. Հողի վարձակալը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել սույն օրենքով, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրով եւ համապատասխան կառավարման պայմանագրով սահմանված պահպանության եւ օգտագործման ռեժիմների պահանջները:

Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է լիազորված մարմնի ենթակայության տակ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ համաձայն սույն օրենքի, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրության եւ զարգացման (կառավարման) պլանի, բացառությամբ բնության հուշարձանների:

2. Բնության հուշարձանի կառավարումը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացվում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց (ոչ պետական կազմակերպությունների) միջոցով, որի նպատակով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է կառավարման պայմանագիր:

3. Կառավարման պայմանագրում սահմանվում են կառավարող սուբյեկտի իրավունքներն ու պարտականությունները, ֆինանսավորման աղբյուրները, հսկողության եւ հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաեւ լիազորված մարմնի մոնիթորինգային պարտականությունները: Կառավարումն իրականացվում է համաձայն բնության հուշարձանի անձնագրի եւ կառավարման պայմանագրում ամրագրված դրույթների:

4. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը՝ բացառությամբ արգելոցների, արգելավայրերի կամ ազգային պարկերի արգելոցային կամ արգելավայրային գոտիների, լիազորված մարմնի կողմից տրամադրվում են վարձակալության կամ կառուցապատման իրավունքով՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Բնության հուշարձանները կառուցապատման իրավունքով չեն տրամադրվում:

1) Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով հողամասերը կառուցապատման իրավունքով տրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

5. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքը կառավարվում է տեղական ինքնակառավարման այն մարմինների կողմից, որոնց վարչական սահմաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում է տվյալ տարածքը: Մեկից ավելի համայնքների վարչական սահմաններում գտնվելու դեպքում՝ կառավարումն իրականացվում է համայնքների միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա:

6. Բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններում գտնվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների եւ դրանցում սահմանված ռեժիմների հետ առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են հուշարձանների պահպանության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքին համապատասխան:

Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը հաստատվում է բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման մասին Կառավարության կամ համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: Մինչեւ զարգացման (կառավարման) պլանի հաստատումը կառավարման հիմնական գործառույթներն իրականացվում են անընդհատ ռեժիմով՝ հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում լիազորված մարմնի կողմից հաստատված, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված ժամանակավոր միջոցառումների ծրագրերի հիման վրա:

2. Զարգացման (կառավարման) պլանը կազմվում է համաձայն լիազորված մարմնի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցի:

3. Զարգացման (կառավարման) պլանը կարող է վերանայվել մինչեւ դրա գործողության ժամկետի ավարտը՝

1) գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի արդյունքների հիման վրա,

2) բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանների, հողերի նպատակային նշանակության, կատեգորիայի, կառավարման համակարգի կամ ենթակառուցվածքների փոփոխության դեպքում,

3) զարգացման (կառավարման) պլանում հայտնաբերված անճշտությունների կամ հնացած տվյալների թարմացման անհրաժեշտության եւ այլ դեպքերում:

4. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը հաստատվում է 10 տարի ժամանակահատվածի համար:

5. Նոր զարգացման (կառավարման) պլանի մշակման աշխատանքները սկսվում են մինչեւ նախորդ զարգացման (կառավարման) պլանի սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը

1. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների եւ բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից: Բացի պետական բյուջեից հատկացվող միջոցներից, սույն մասով նախատեսված ծախսերը կարող են ֆինանսավորվել նաեւ տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից, հովանավորչական եւ նվիրատվական միջոցներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

2. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների եւ բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են համայնքային բյուջեից, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  2

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ կառավարման բնագավառում Կառավարության լիազորություններն են՝

1) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը (բացառությամբ բնության հուշարձանների), տարածքի չափի եւ սահմանների հաստատումը,

2) բնության հուշարձանների կառավարման իրավունքով տրամադրման կարգի հաստատումը,

3) բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների) կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված բնապահպանական հողերի օգտագործման տրամադրման կարգի եւ պայմանների հաստատումը,

4) բնության հատուկ պահպանվող տարածքներում հանրային լողափերի ստեղծումը,

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Լիազորված մարմնի լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ կառավարման բնագավառում լիազորված մարմնի լիազորություններն են՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքների պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,

2) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում նպատակների եւ գործողությունների ծրագրի հաստատումը,

3) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների), բուսաբանական այգիների, անտառպարկերի կամ դենդրոպարկերի կանոնադրությունների հաստատումը,

4) Կառավարության՝ որպես հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքերում հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների եւ դրանցում փոփոխությունների հաստատումը,

5) բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների եւ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների) զարգացման (կառավարման) պլանների հաստատումը,

6) բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման եւ իրականացման կարգի հաստատումը,

7) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի հաստատումը,

8) բնության հուշարձանների ստեղծումը եւ ցանկի հաստատումը,

9) բնության հուշարձանի անձնագրի հաստատումը,

10) ազգային պարկի ռեկրեացիոն եւ տնտեսական (կայուն օգտագործման) գոտիների, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի տարածքներում կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա չափաքանակների եւ տեսակների սահմանումը,

11) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում գանձվող թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարների տեսակների եւ դրույքաչափերի սահմանումը,

12) արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկերի արգելոցային կամ արգելավայրային գոտիներ եւ բնության հուշարձանների տարածքներ մուտքի թույլտվության տրամադրման կարգի սահմանումը,

13) բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման (կառավարման) պլանների կազմման մեթոդական ուղեցույցի հաստատումը,

14) բնության հուշարձանի կառավարման նպատակով լիազորված մարմնի եւ պետական ոչ առեւտրային կազմակերպության, տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի միջեւ Հայաստանի Հանրապետության անունից կնքվող կառավարման պայմանագրի օրինակելի ձեւի հաստատումը,

15) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների, էկոլոգիական ցանցերի, էկոլոգիական միջանցքների, արժեքավոր բնական էկոհամակարգերի եւ կենսոլորտային տարածքների գործունեության արդյունավետ իրականացման նպատակով՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմնի կազմի եւ աշխատակարգի հաստատումը,

16) էկոլոգիական ցանցի ստեղծման հայեցակարգի հաստատումը,

17) կենսոլորտային տարածքների զարգացման (կառավարման) պլանի հաստատումը,

18) կենսոլորտային տարածքների կանոնադրության հաստատումը,

19) կենսոլորտային տարածքների կառավարող կառույցի կանոնադրության հաստատումը,

20) կենսոլորտային տարածքների ստեղծման կարգի հաստատումը,

21) կենսոլորտային տարածքների սահմանների, գոտիների եւ ռեժիմների հաստատումը,

22) կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմի եւ աշխատակարգի հաստատումը,

23) արժեքավոր բնական էկոհամակարգերի առանձնացման ընթացակարգի սահմանումը,

24) արժեքավոր բնական էկոհամակարգերի ցանկի հաստատումը,

25) արժեքավոր բնական էկոհամակարգերի զարգացման (կառավարման) պլանների հաստատումը,

26) կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում նպատակների եւ գործողությունների ծրագրի հաստատումը,

27) ըստ կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման չափորոշիչների սահմանումը,

28) բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի ստեղծումը, տարածքի չափի եւ սահմանների հաստատումը,

29) բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի ստեղծման կարգի  հաստատումը,

30) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Տարածքային կառավարման մարմինների (մարզպետների) լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ կառավարման բնագավառում տարածքային կառավարման մարմինների (մարզպետների) լիազորություններն են՝

1) մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության, կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարությունների մշակման գործընթացին՝ լիազորված մարմնի սահմանած ձեւաչափով ներկայացնելով մարզի տարածքային առանձնահատկություններից եւ բնապահպանական խնդիրներից բխող հիմնավորված առաջարկություններ,

2) մարզի տարածքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը՝ համաձայն լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրերի եւ մեթոդական ուղեցույցների,

3) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 12.  Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝

1)  համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ որոշման ընդունումը եւ այդ որոշմամբ սահմանված նորմերի, ինչպես նաեւ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահպանության եւ օգտագործման ռեժիմների պահպանման նկատմամբ հսկողությունը,

2)  համայնքի ավագանու կողմից ստեղծված համայնքի վարչական սահմաններում գտնվող պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանի եւ կանոնադրության մշակումը եւ հաստատումը,

3) համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի կազմակերպման ապահովումը,

4) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծումը եւ վարումը,

5) համայնքի վարչական սահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսոլորտային տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը,

6) համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարների տեսակների եւ դրույքաչափերի սահմանումը,

7) մասնակցությունը կենսոլորտային տարածքի կառավարմանը՝ կոլեգիալ մարմնում մշտական ներկայացուցչի միջոցով,

8) մասնակցությունը կենսոլորտային տարածքի զարգացման (կառավարման) պլանի մշակմանը,

9) համայնքի ավագանու կողմից կենսոլորտային տարածքի գոտիներին համապատասխան, ռեժիմը պահպանելու ուղղությամբ համապատասխան կարգավորումների մշակումը եւ հաստատումը,

10) երկու եւ ավելի համայնքների մասնակցությամբ համատեղ կենսոլորտային տարածքի ստեղծման հայտի ներկայացում լիազորված մարմնին,

11) սույն օրենքով սահմանված կարգով՝ բնության հուշարձանի կառավարումը,

12) սույն օրենքով սահմանված կարգով՝ բնության հուշարձանի պահպանությունը եւ օգտագործումը:

ԳԼՈՒԽ 3

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԸ

Հոդված 13. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների նպատակն է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, այդ թվում՝ բուսատեսակների եւ կենդանատեսակների պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության միջոցառումների եւ օգտագործման մեխանիզմների գիտական հիմնավորումը, մասնավորապես՝

1) կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, քանակի, աճելավայրերի, ապրելավայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների ուսումնասիրումը,

2) կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների գիտական հիմնավորումը եւ դրանց ողջամիտ օգտագործման մեխանիզմների մշակումը,

3) պահպանության տարբեր ռեժիմների պայմաններում՝ գիտահետազոտական հիմնարկների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, իրավաբանական անձանց եւ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձանց կողմից բուսատեսակների եւ կենդանատեսակների էկոլոգիական առանձնահատկությունների բացահայտումը,

4) կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության արդյունավետ մեթոդների ու միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը,

5) տարածքագործառնական գոտիավորման վերաբերյալ առաջարկների մշակումը,

6) տարածքի կենսաբանական բազմազանության մասին տվյալների բազայի ստեղծումը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են զարգացման (կառավարման) պլանով:

3. Բնության հատուկ պահպանվող տարածքներն ուսումնասիրող սուբյեկտներն են՝

1) գիտահետազոտական հիմնարկները,

2) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները,

3) իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների, էկոհամակարգերի մոնիթորինգը եւ ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների կամ էկոհամակարգերի ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը),

4) ֆիզիկական անձինք, որոնք ունեն ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ:

Հոդված 14.  Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը

1. Հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացումը ֆինանսավորվում է համապատասխանաբար պետական բյուջեից, համայնքային բյուջեից, ինչպես նաեւ տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական եւ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:

2. Հանրապետական եւ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգն իրականացվում է համապատասխանաբար՝ լիազորված մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդների եւ գործիքների կիրառմամբ:

3. Մոնիթորինգի շրջանակներում իրականացվում է նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության գնահատում՝ համաձայն միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդների եւ գործիքների:

Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի տվյալները օգտագործվում են բնապահպանական, գիտական, սոցիալ-տնտեսական ծրագրերի եւ այլ փաստաթղթերի մշակման համար, ինչպես նաեւ որպես տեղեկատվության աղբյուր:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրում ներառված տարածական տվյալները ստանդարտացվում եւ ինտեգրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին՝ ազգային գեոպորտալին առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով:

3. Հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարումը ֆինանսավորվում է համապատասխանաբար պետական բյուջեից, համայնքային բյուջեից, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական եւ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 4

ԱՐԳԵԼՈՑ

Հոդված 16. Արգելոցի ստեղծման դեպքերը

1. Արգելոցը ստեղծվում է բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների բնականոն զարգացումը, բնական վիճակի պահպանությունը, բնական գործընթացների խախտում առաջացնող գործողությունների կանխումը, ինչպես նաեւ գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացումն ապահովելու անհրաժեշտության դեպքում: Արգելոցում բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության, իսկ տարածքն օգտագործվում է միայն գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական դաստիարակության եւ կրթական միջոցառումների կազմակերպման համար:

Հոդված 17. Արգելոցի պահպանության ռեժիմը

1. Արգելոցի տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-5 օրենքն ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերի, եթե արգելոցի տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

2)  բնակելի, հասարակական եւ արտադրական օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը եւ շահագործումը՝ բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան, դիտակետ, հակահրդեհային ճանապարհներ, նախազգուշացնող եւ տեղեկատվական ցուցանակներ, արգելոցի մուտքի մոտ այցելուների կենտրոն, էկոլոգիական զբոսաշրջության համար երթուղիների, գիտական ուսումնասիրության նպատակով փորձահրապարակների, ինչպես նաեւ ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության եւ պաշտպանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրման եւ շահագործման),

3) բուսատեսակների եւ կենդանատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը,

4) որսորդությունը եւ ձկնորսությունը,

5) կենդանիների եւ բույսերի ինվազիվ՝ օտարածին տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը եւ կլիմայավարժեցումը, ինչպես նաեւ առանձին տեսակների քանակի փոփոխության կամ կարգավորման նպատակով իրականացվող որեւէ աշխատանք կամ միջոցառում,

6) կենդանիների որսը, բռնելը կամ նմուշառումը, բույսերի հավաքը, պտուղների ու սերմերի մթերումը՝ բացառությամբ արգելոցի տարածքում գիտական հետազոտությունների համար նախատեսված աշխատանքների եւ գիտական հավաքածուների ձեւավորման դեպքերի,

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը եւ բուսական ծածկույթի այլ խախտումներ՝ բացառությամբ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվող միջոցառումների,

8) թունաքիմիկատների, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը,

9) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տարանցիկ տեղափոխումը,

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները,

11) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ու կայանումը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի,

13) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից բացի այլ նպատակներով մուտքն արգելոցի տարածք:

2. Արգելոցի տարածքում թույլատրվում է՝

1) բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումն ու մոնիթորինգը,

2) արգելոցի զարգացման (կառավարման) պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը,

3) կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցների օգտագործումը,

4) հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,

5) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (աշակերտների համար բաց դասերի, էքսկուրսիաների, ցուցահանդեսների կազմակերպում) եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

6) իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշման միջոցառումների, նկարահանումների կազմակերպումը եւ իրականացումը:

3. Արգելոցի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու համար գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարի տեսակ՝ մուտքի վճար:

4. Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար արգելոցի համապատասխան անցակետում էլեկտրոնային եղանակով վճարում են մուտքի վճարը, իրավաբանական անձինք կարող են նաեւ վճարումն իրականացնել պայմանագրային հիմունքներով:

5. Յուրաքանչյուր արգելոցի համար մուտքի վճարի դրույքաչափը, միաժամանակյա այցելուների թույլատրելի քանակը եւ տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանում է լիազորված մարմինը:

6. Նույնատիպ ծառայությունների մատուցման դեպքում արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունը պարտավոր է այցելուների նկատմամբ կիրառել լիազորված մարմնի կողմից սահմանված հավասար վճարաչափեր:

7. Յուրաքանչյուր արգելոցի համար սահմանված մուտքի վճարը գանձվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային կամ պետական վճարային համակարգերի միջոցով, մուտքագրվում է տվյալ արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեհամարին եւ օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

8. Արգելոցի մուտքը կատարվում է լիազորված մարմնի կողմից հաստատված անցագրով, որը տրվում է արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից:

ԳԼՈՒԽ 5

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Հոդված 18. Ազգային պարկի ստեղծման դեպքերը

1. Ազգային պարկը ստեղծվում է բնական էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանությունը, վերականգնումը, գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաեւ կայուն օգտագործումն ապահովելու անհրաժեշտության դեպքում, որտեղ բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են բնականորեն կամ անհրաժեշտության դեպքում՝ մարդու անմիջական միջամտությամբ եւ օգտագործվում է բնությանը համահունչ տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաեւ գիտակրթական ու մշակութային միջոցառումների, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման համար:

Հոդված 19. Ազգային պարկի գոտիավորումը

1. Ազգային պարկի տարածքն ըստ գործառնական նշանակության բաժանվում է՝ արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական (կայուն օգտագործման) գոտիների, որոնք ձեւավորվում են՝ հաշվի առնելով տարածքի էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, սոցիալական, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքները:

2. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիների առանձնացման դեպքերն են՝

1) արգելոցային գոտու տարածքի բնական վիճակի պահպանության անհրաժեշտության դեպքում,

2) արգելավայրային գոտու տարածքի հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների եւ դրանց պոպուլյացիաների աճելավայրերի եւ ապրելավայրերի պահպանության անհրաժեշտության դեպքում,

3) ռեկրեացիոն գոտու տարածքի հանգստի, առողջարարական, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումը՝ տարածքի բնական, գեղագիտական եւ պատմամշակութային արժեքների պահպանության ապահովման անհրաժեշտության դեպքում,

4) տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքի վերականգնվող բնական պաշարների շարունակական կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաեւ ազգային պարկի վարչական ենթակառուցվածքների ստեղծման եւ տեղաբաշխման ապահովման անհրաժեշտության դեպքում:

Հոդված 20. Ազգային պարկի պահպանության ռեժիմը

1. Ազգային պարկի արգելոցային գոտու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Ազգային պարկի արգելավայրային գոտու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ ռեկրեացիոն գոտու տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ ռեկրեացիոն գոտու տարածքում գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. ազգային պարկի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,

դ. ռեկրեացիոն գոտու տարածքում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

ե. ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

2) բուսատեսակների եւ կենդանատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը,

3) անասունների արածեցումը,

4) որսը (որսորդությունը)՝ բացառությամբ սիրողական ձկնորսության,

5) բույսերի եւ կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները,

6) թունաքիմիկատների, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը,

7) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը եւ պահեստավորումը,

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների),

10) արդյունագործական նպատակով բուսական եւ կենդանական աշխարհի օբյեկտների եւ դրանց արգասիքների օգտագործումը,

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաեւ ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության եւ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների:

4. Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թույլատրվում է՝

1) այցելուների հանգիստը,

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգն, այդ թվում՝ այցելուների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը,

3) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը,

4) սիրողական ձկնորսությունը՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով,

5) ռեկրեացիայի նպատակով հողերի՝ սույն օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը,

6) սանիտարական եւ խնամքի հատումները,

7) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթների ու գործընթացների, այդ թվում՝ հիվանդությունների տարածման կանխարգելմանը, հակահրդեհային պաշտպանությանը, զարգացման (կառավարման) պլանի համաձայն խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաեւ անտառապատմանը կամ անտառվերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

8) զարգացման (կառավարման) պլանով նախատեսված հանգստի եւ զբոսաշրջային երթուղիների ենթակառուցվածքների ձեւավորում եւ սպասարկում,

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կայանելը՝ այդ նպատակով առանձնացված վայրերում:

5. Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքից ջրառ իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. ազգային պարկի ստեղծման նպատակների ապահովման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

դ. տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում թույլատրված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

ե. ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

2) բուսատեսակների եւ կենդանատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը,

3) անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների,

4) բույսերի եւ կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաեւ՝ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները,

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը,

6) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,

7) ընդերքի շահագործումը,

8) հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,

9) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում՝ բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաեւ ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության եւ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների,

10) որսը (որսորդությունը)՝ բացառությամբ սիրողական կամ արդյունագործական ձկնորսության,

11) անասնապահությունը՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերի:

6. Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտում թույլատրվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության ձեւերն ըստ նպատակների, ինչպես նաեւ գործունեության հետեւյալ ձեւերը՝

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այդ թվում՝ օրգանական պարարտանյութերի օգտագործմամբ,

2) օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքին բնորոշ հազվագյուտ եւ արժեքավոր վայրի բույսերի եւ կենդանիների արհեստական վերարտադրությունն ու օգտագործումը,

3) խոտհունձը եւ անասունների արածեցումը՝ զարգացման (կառավարման) պլանով նախատեսված վայրերում,

4) արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը:

7. Ազգային պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն եւ տնտեսական (կայուն օգտագործման) գոտիներում սույն օրենքով եւ տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար: Վճարների տեսակները եւ դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 6

ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

Հոդված 21. Արգելավայրի ստեղծման դեպքերը

1. Արգելավայրը ստեղծվում է առանձնացված տարածքում էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, բուսական եւ կենդանական աշխարհի առանձին տեսակների, այդ թվում՝ հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված տեսակների եւ դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացման, ինչպես նաեւ՝ բուսական, կենդանական պաշարների պահպանության, վերարտադրության, կարճաժամկետ կամ երկարաժամկետ օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի անհրաժեշտության դեպքում:

Հոդված 22. Արգելավայրի պահպանության ռեժիմը

1. Արգելավայրի տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումն, այդ թվում՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակով՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ արգելավայրի տարածքից ջրառ իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. արգելավայրի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,

գ. արգելավայրի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,

դ. արգելավայրի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

2) պահպանության ենթակա բուսատեսակների եւ կենդանատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը,

3) որսը՝ բացառությամբ սիրողական եւ սպորտային ձկնորսության,

4) անասունների արածեցումը,

5) բույսերի եւ կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները,

6) անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների,

7) թունաքիմիկատների, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը,

8) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,

9) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում,

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,

11) հասարակական, բնակելի եւ արտադրական օբյեկտների, ինժեներական ենթակառուցվածքների, հաղորդակցուղիների համակարգերի (ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների) շինարարությունն ու շահագործումը (բացառությամբ արգելավայրի պահպանության համար նախատեսված ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումն, ինչպես նաեւ ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության եւ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների):

2. Արգելավայրի տարածքում թույլատրվում է՝

1)  բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,

2)  զարգացման (կառավարման) պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում՝ տեղանքին համահունչ հանգստի տաղավարների եւ դիտակետերի տեղադրումը,

3) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաեւ խախտված էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում՝ անտառվերականգնման միջոցառումները,

4) պահպանության ենթակա բուսատեսակների եւ կենդանատեսակների վերարտադրությունը, դրանց պոպուլյացիաների վերականգնմանը նպաստող միջոցառումները,

5) մեղվապահությունը՝ բացառապես արգելավայրի կառավարումն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից կազմակերպված ձեւով,

6) սանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը,

7) իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշումների, նկարահանումների կազմակերպումը եւ իրականացումը,

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

9) կենդանական աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակով,

10) կենդանական աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակով,

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված թույլտվության, պայմանագրերի առկայության դեպքում՝ բուսական եւ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը:

3. Արգելավայրի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերով սահմանված դեպքերում թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վճարի տեսակները եւ դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 7

ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հոդված 23. Բնության հուշարձանի ստեղծման դեպքերը

1. Բնության հուշարձանը ստեղծվում է առանձին վերցված եզակի, գիտական, ճանաչողական, բնապատկերային, պատմամշակութային եւ գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, կրթական եւ մշակութային միջոցառումների, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման անհրաժեշտության դեպքում:

Հոդված 24. Բնության հուշարձանների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանները դասակարգվում են՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, կենսաբանական եւ բնապատմական հուշարձանների:

Հոդված 25. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը

1. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է՝

1) բնության հուշարձանի տեսքը խաթարող ցանկացած գործունեություն՝ աղտոտումը, աղբոտումը, գրառումները, մոմավառությունը, ծիսական պարագաների տեղադրումը, նմուշների ձեռք բերումը, խարույկ վառելը, կառուցապատումը, ցուցանակների տեղադրումը (բացառությամբ տվյալ հուշարձանի անձնագրով ամրագրված պահպանության կամ օգտագործման համար նախատեսված դեպքերի),

2) երկրաբանական բնության հուշարձանների տարածքից ապարների, հողածածկույթի կամ առանձին միավորների դուրս բերումը,

3) ջրաերկրաբանական բնության հուշարձանների տարածքից ջրօգտագործումը, որը հանգեցնում է լճերի, աղբյուրների կամ ջրվեժների արտաքին տեսքի խաթարմանը,

4) կենսաբանական հուշարձանի տարածքում կենդանատեսակների եւ բուսատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի խախտումը, բնափայտի, արմատների, տերեւների, ցողունների, ծաղիկների, պտուղների, սերմերի հավաքը, կենդանատեսակների որսը եւ թռչունների ձվերի հավաքը,

5) ցանկացած գործունեություն, որը խախտում է բնական համակարգերի եւ օբյեկտների կայունությունը կամ սպառնում է դրանց պահպանությանը:

2. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում թույլատրվում է՝

1) էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,

2) էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպումը, տարածքի բարեկարգումը,

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

4) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաեւ խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,

5) սանիտարահիգիենիկ կամ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

3. Բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որն ընդգրկում է՝

1) անվանումը եւ դասակարգումը,

2) տեղադիրքը, աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաեւ բնության հուշարձանի զբաղեցրած տարածքի շրջադարձային կետերի կոորդինատները՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 ԱՐՄՐԵՖ 02 (WGS-84 ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով,

3) նկարագրությունը եւ չափագրությունը,

4) սահմանների եւ պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը,

5) պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները,

6) կառավարող սուբյեկտի վերաբերյալ տվյալներ:

4. Պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել բնության հուշարձանի անձնագրով սահմանված պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:

5.Բնության հուշարձանը կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար: Վճարի տեսակները եւ դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ 8

ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏ

Հոդված 26. Պահպանվող լանդշաֆտի ստեղծման դեպքերը

1. Պահպանվող լանդշաֆտը ստեղծվում է բնական, ինչպես նաեւ մարդու եւ բնության փոխազդեցության արդյունքում ձեւափոխված բնապահպանական, մշակութային եւ գեղագիտական արժեք ներկայացնող տարածքների պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության եւ դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման, ինչպես նաեւ հողօգտագործման ավանդական ձեւերի զարգացման անհրաժեշտության դեպքում:

Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը

1. Պահպանվող լանդշաֆտի տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումն, այդ թվում՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակով՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ լանդշաֆտի տարածքից ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով, ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ լանդշաֆտի տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. պահպանվող լանդշաֆտի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,

դ.  պահպանվող լանդշաֆտի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,

ե. պահպանվող լանդշաֆտի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

2) բուսատեսակների եւ կենդանատեսակների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը,

3) բույսերի եւ կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները,

4) անտառահատումները, բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների,

5) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը,

6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը,

7) պահպանվող լանդշաֆտի գեղագիտական տեսքը խաթարող գործունեություն:

2. Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրվում է՝

1) բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգն, այդ թվում՝ այցելուների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը,

2) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում՝ լանդշաֆտին համահունչ հանգստի տաղավարների եւ դիտակետերի տեղադրումը՝ էսքիզային նախագծերը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո,

3) ռեկրեացիայի նպատակով հողերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը,

4) արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը,

5) խոտհունձը՝ պահպանվող լանդշաֆտի զարգացման (կառավարման) պլանով կամ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրերում, ժամկետներում եւ պայմաններով,

6) սանիտարական եւ խնամքի հատումները, անտառվերականգնումը, տարածքին բնորոշ ծառերի եւ բույսերի տնկումը,

7) լանդշաֆտների հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունները կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաեւ խախտված լանդշաֆտների վերականգնման միջոցառումները՝ համաձայն զարգացման (կառավարման) պլանի,

8) սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային միջոցառումների իրականացումը,

9) մշակութային արժեք ունեցող լանդշաֆտների եւ պատմամշակութային հուշարձանների վերականգնումը,

10) ավանդական եւ օրգանական գյուղատնտեսական աշխատանքները,

11) սիրողական ձկնորսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար: Վճարի տեսակները եւ դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ:

ԳԼՈՒԽ 9

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը

1. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնում է Էկոպարեկային ծառայությունը՝ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է սույն օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

3.Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային գոտում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու եւ այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կառավարության հաստատած կարգով, որը սահմանում է պետական սահմանային գոտում գտնվող տարածքներում գործունեության իրականացման ընթացակարգը:

Հոդված 29. Բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ վերահսկողությունը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների մասով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

Հոդված 30. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 10

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 31. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողներ են պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում սույն օրենքով եւ տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաեւ այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների եւ ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճար՝ բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների կամ գիտական ուսումնասիրությունների համար սույն օրենքով նախատեսված դեպքերի: Վճարներից գոյացած միջոցներն օգտագործվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից՝ սույն օրենքով, տվյալ սուբյեկտի կանոնադրությամբ կամ կառավարման պայմանագրով նախատեսված նպատակների իրականացման համար:

Հոդված 32. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

1. Օգտագործողն իրավունք ունի՝

1) ընտրել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձեւերը, օգտվել սույն օրենքով, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, անձնագրով եւ պայմանագրով թույլատրված օգտագործման ձեւերից,

2) իրացնել օգտագործումից ստացվող արտադրանքը եւ տնօրինել եկամուտները:

2. Օգտագործողը պարտավոր է՝

1) գործել սույն օրենքի պահանջներին համապատասխան,

2) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքներում (ջրատարածքներում), հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված պահանջների կատարումը,

3)պահպանել «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը,

4) չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները,

5) ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները,

6)չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:

3. Բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու իրավունքը դադարում է՝

1) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները խախտելու դեպքում,

2) օգտագործողի կամավոր հրաժարման կամ մահվան դեպքում,

3) բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում,

4) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում,

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

ԳԼՈՒԽ 11

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ, ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԸ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԱՆՑԸ

Հոդված 33. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների վրա բացասական մարդածին ներգործությունը մեղմացնելու նպատակով սահմանվում է պահպանման գոտի:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այն տնտեսական գործունեությունը, որը սպառնում է այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

3. Պահպանման գոտու ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխություն չի նախատեսում:

4. Պահպանման գոտու սահմանների որոշման համար հիմք են բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցություն ունեցող գոտու լանդշաֆտային եւ ռելիեֆային առանձնահատկությունները՝ լեռնաշղթաներ եւ բլրաշարքեր, գագաթներ, թեք լանջեր, ձորեր, կիրճեր եւ գետահովիտներ, գետեր, բարձրադիր կամ մերձբարձունքային հատվածներ, ջրբաժան գծեր, խորը խորշեր, լանջերի խզվածքներ, քարային կամ ժայռոտ հատվածներ եւ այլն, որոնք համեմատաբար կայուն սահմաններ են:

5. Պահպանման գոտու տարածքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով:

6. Պահպանման գոտու սահմաններում խրախուսվում են կենսաբազմազանության պահպանմանն ուղղակիորեն նպաստող կամ անուղղակիորեն աջակցող գործողությունները:

Հոդված 34. Էկոլոգիական ցանց եւ էկոլոգիական միջանցք

1. Էկոլոգիական ցանցի ստեղծման դեպքերն են՝

1) երբ անհրաժեշտ է ապահովել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածությունը, կենդանիների տեղաշարժն ու միգրացիան,

2) երբ անհրաժեշտ է բարելավել եւ ներդաշնակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը,

3) երբ անհրաժեշտ է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող գործընթացներում շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությանը,

4) երբ անհրաժեշտ է ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների ինտեգրումը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

2. Որպես էկոլոգիական ցանցի բաղադրիչ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի եւ էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովման անհրաժեշտության դեպքում ստեղծվում է էկոլոգիական միջանցք:

3. Բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս էկոլոգիական միջանցքի կամ արժեքավոր բնական էկոհամակարգի ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխություն չի նախատեսում:

4. Էկոլոգիական միջանցքում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են դրանցում ընդգրկված հողամասերի սեփականատերերի եւ օգտագործողների հետ կնքվող պայմանագրով:

5. Էկոլոգիական միջանցքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով:

ԳԼՈՒԽ 12

ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ

Հոդված 35. Կենսոլորտային տարածքի ստեղծման դեպքերը

1. Կենսոլորտային տարածքը ստեղծվում է բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանցից դուրս գտնվող արժեքավոր էկոհամակարգերի եւ կենսաբանական բազմազանության պահպանության ու կայուն օգտագործման անհրաժեշտության դեպքում՝ հարակից բնակավայրերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Կենսոլորտային տարածքը կարող է ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին եւ ընթացակարգերին համապատասխան:

Հոդված 36. Կենսոլորտային տարածքի կառուցվածքը

1. Կենսոլորտային տարածքը կազմված է կենտրոնական գոտուց (միջուկ կամ միջուկներ), ինչպես նաեւ պահպանման եւ անցումային գոտիներից:

2. Կենսոլորտային տարածքի միջուկը կամ միջուկները կարող են լինել տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար սահմանված պահպանության եւ օգտագործման ռեժիմները:

3. Կենսոլորտային տարածքների պահպանման եւ անցումային գոտիներում կարող են ընդգրկվել ենթագոտիներ (հատուկ գործառույթներով հատվածներ):

Հոդված 37. Կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով ստեղծվող Միջգերատեսչական հանձնաժողովը

1. Կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացը համակարգելու եւ շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունն ապահովելու նպատակով լիազորված մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է Միջգերատեսչական հանձնաժողով:

2. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդատվական բնույթի մարմին է, որի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կատարման ենթակա չեն:

3.Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազորված մարմնի, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների եւ կենսոլորտային տարածքի հնարավոր սահմաններում ընդգրկվող համայնքների ներկայացուցիչներ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել գիտական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատում է լիազորված մարմինը:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներն են՝

1) կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի համակարգումը,

2) կենսոլորտային տարածքի կանոնադրության, տեսլականի, նպատակների, գործառույթների, կառավարման առանձնահատկությունների, սահմանների եւ գոտիների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

3)կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի համապատասխանեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ծրագրերին,

4) կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացում շահագրգիռ կողմերի ներգրավման ապահովման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

6.Միջգերատեսչական հանձնաժողովը գործում է մինչեւ կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի ավարտը:»

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման բնագավառի գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքին:

3. Սույն օրենքից բխող եւ դրա կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ