Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1319-13.04.2026,19.05.2026-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 8.1-ին կետով.

«8.1) ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպություն՝ Լիազոր մարմնի կողմից հավաստագրված եւ նրա հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած հասարակական կազմակերպություն, որն իրականացնում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ռեաբիլիտացիոն ծրագիր.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ոստիկանության իրավասու ծառայողը նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ եւ մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսեւորումները կանխարգելելու նպատակով:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ մասով.

«12.2. Ոստիկանության իրավասու ծառայողն անհետաձգելի միջամտության որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ եւ մուտքագրման օրը համակարգով ծանուցում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսեւորումները կանխարգելելու նպատակով:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրականացնում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած՝ աջակցության կենտրոնների եւ ապաստարանների, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաեւ այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) սոցիալական դեպքի վարման շրջանակում օգտագործում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերում ներգրավված անձանց՝ բռնության ենթարկված անձի, բռնություն գործադրած անձի եւ բռնության ականատեսի վերաբերյալ ընտանեկան եւ կենցաղային բռնության հաշվառման համակարգում առկա տվյալները, որոնք ներառում են նրանց բնակության վայրի, աշխատանքի եւ կրթության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ առողջական վիճակի վերաբերյալ տվյալները՝ այդ թվում հաշմանդամության կամ հոգեկան առողջության խնդիրների առկայությունը, ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից, թունանյութերից կամ դեղանյութերից կախվածությունը, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու հանգամանքը, ընտանեկան եւ կենցաղային բռնության տեսակը եւ գործադրման վայրը, բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձի եւ բռնության ենթարկված անձի կամ բռնություն գործադրած անձի հետ նրա ունեցած փոխհարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով.»:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից:

2. 2027 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետը, 6-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ հոդվածի 12.1-ին մասերը:

3. Սույն օրենքի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները կատարվում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.

Համաձայն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (Այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացման ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:

Պետք է ի սկզբանե նկատել, որ ռեաբիլիտացիոն ծրագիրը նախատեսելով հանդերձ Օրենքը չի հստակեցնում, թե որ մարմինն է համարվում ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող, չէ որ Լիազոր մարմինը գործնականում դա չի իրականացնում, այդ իսկ պատճառով առաջարկվում է 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8.1-ին կետով եւ սահմանել, թե ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը որն է:

Հատկանշական է, որ գործող իրավակարգավորումների հստակեցման եւ ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել հստակ ժամկետային կարգավորումներ նախատեսել 6-րդ հոդվածի 4-րդ մասում, մասնավորապես «հնարավորին չափ սեղմ ժամկետում» ձեւակերպման փոխարեն Նախագծով առաջարկվում է, որ Լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության վերաբերելի որոշումը պետք է փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինս այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով: Այս կարգավորումը ժամանակավոր լուծում ենք համարում՝ նախատեսելով 2027թ. հուլիսի 1-ից գործընթացը ամբողջովին տեղափոխել թվային հարթակ եւ  այդուհետ ոստիկանության իրավասու ծառայողը նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մեջ առկա տեղեկությունները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրելու է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված համակարգ եւ մուտքագրման օրը համակարգով ծանուցելու է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Ծանուցումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող կազմակերպությունը ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսեւորումները կանխարգելելու նպատակով: Ակնհայտորեն նման լուծումը միտված է աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Համաձայն Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի՝  պաշտպանական որոշմամբ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վրա դրվում է պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր: Ինչպես նկատում ենք՝ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը կարող է իրականացվել երկու տարբերակով՝

Ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի նպատակն է նպաստել կանանց եւ երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանն ու բռնարարք գործադրած անձի կողմից կրկին բռնություն գործադրելու ռիսկի նվազեցմանը: Հաշվի առնելով ծրագրով սահմանված նպատակները եւ այն հանգամանքը, որ ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականցվելու է առաջին անգամ եւ ուղղակիորեն բխում է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ կարեւոր է, որ անհետաձգելի միջամտության որոշմամբ եւս հնարավոր լինի անձին առաջարկել անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր, քանի որ նախազգուշացման դեպքում դա իրականացվում է, իսկ փաստորեն անհետաձգելի միջամտության որոշման դեպքում՝ ոչ, ուստի Նախագծով առաջարկվում է վերաբերելի որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը ուղարկի Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով: Նախազգուշացմանը համանման կարգավորում է նախատեսվում նաեւ անհետաձգելի որոշման դեպքում եւ կրկին թվայնացման, աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով այս կարգավորումը եւս կգործի մինչեւ 2027թ. հուլիս 1-ը, իսկ դրանից հետո արդեն կգործի Նախագծի 5-րդ հոդվածը:

Լիազորությունների ճշգրտման, սոցիալական դեպքի վարման շրջանակում անհրաժեշտ տեղեկությունները օգտագործելու նպատակով Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3.1 կետով:

2. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն է ընձեռնվելու Ծրագրում ներառել առավել մեծ թվով շահառուների՝ վերջիններիս հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, վնասակար սովորույթներից ձերբազատման եւ ըստ այդմ՝ բռնարարք գործադրած անձանց վարքաբանական փոփոխությանը նպաստելու նպատակով:  Արդյունքում հնարավոր է կանխել կամ առնվազն նվազեցնել բռնություն գործադրած անձի կողմից նոր բռնություն գործադրելու ռիսկը: Բացի այդ ժամկետների պահպանման նպատակով հստակ ժամանակահատվածի ամրագրումը նպաստելու է իրավակիրառ մարմնի արդյունավետ գործելուն, իսկ թվային գործիքակազմի ներդրումը իրավասու մարմինների միջեւ հասանելի փոխգործակցություն է ապահովելու:

Հարկ է նշել նաեւ, որ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով գերակշռում են նաեւ ՆԳՆ Ոստիկանության կողմից կիրառված անհետաձգելի միջամտության որոշումները, ուստիեւ անհրաժեշտություն է առաջանում այս շրջանակում եւս նախատեսել բռնարարք գործադրած անձի վրա Ռեաբիլիտացման ծրագիր անցնելու սահմանափակում դնելու հնարավորությունը:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից: Նախագիծը քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ