Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-12711-25.02.2026,18.05.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «ընդունելությունը.» բառից հետո լրացնել «՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար ապահովելով նաեւ տեսակապով հաղորդակցվելու հնարավորություն» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորումներով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված է պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելության պարտականությունը, սակայն ընդունելության ձեւաչափը սահմանափակվում է ֆիզիկական ներկայությամբ իրականացվող հանդիպումներով:

Ֆիզիկական հանդիպման պարտադիր պահանջը լուրջ խոչընդոտ է հատկապես տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ) համար: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ընդունելության գործընթացը ներառական դարձնելու հրամայականով, ապահովելով տեսակապով հաղորդակցվելու հնարավորություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար:

Գործնականում բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները կամ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող քաղաքացիները, բախվում են Ազգային ժողովում ֆիզիկական ընդունելության մասնակցելու օբյեկտիվ դժվարությունների, ինչի հետեւանքով սահմանափակվում է նրանց՝ պատգամավորի հետ անմիջական շփման եւ խնդիրների բարձրաձայնման իրավունքի իրացումը:

Գլոբալ թվայնացման եւ «Թվային օրակարգի» համատեքստում, տեղեկատվական տեխնոլոգիաներն այլեւս լոկ օժանդակ գործիքներ չեն, այլ ժողովրդավարական ինստիտուտների կենսագործունեության հիմնական միջավայրը: Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում պետական կառավարման համակարգի անցումը «Smart Governance» (Խելացի կառավարում) մոդելին ենթադրում է ֆիզիկական եւ թվային տիրույթների միաձուլում, որտեղ քաղաքացու գտնվելու վայրը չպետք է հանդիսանա խոչընդոտ պետական մարմինների հետ հաղորդակցվելիս:

Աշխարհում բազմաթիվ երկրներ գործադրում են քաղաքացիների առցանց ընդունելության եւ առցանց մասնակցության մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին ուղղակիորեն կամ մասամբ դիմել պատգամավորներին կամ օրենսդիրներին՝ գտնվելով որեւէ այլ վայրում:

Միայն ֆիզիկական ներկայությամբ իրականացվող հանդիպումների կարգավորումը լիարժեք չի արտացոլում ժամանակակից հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ չի ապահովում հասարակության խոցելի խմբերի մասնակցության բավարար մակարդակ:

Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս այսօր անարգել պահպանել հաղորդակցությունը քաղաքացիների հետ՝ տեսազանգերի միջոցով, ինչը Հայաստանի Հանրապետությունում առանձին դեպքերում կիրառվում է ԱԺ պատգամավորների կողմից՝ իրենց նախաձեռնությամբ կամ քաղաքացիների առաջարկով:

Ուստի առաջանում է անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների ընդունելության այլընտրանքային, ժամանակակից եւ հասանելի մեխանիզմներ եւս, որոնք կապահովեն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց մասնակցությունը տեսակապի միջոցով:

Կարգավորումը չի պարտադրում բացառապես առցանց ընդունելություն, այլ ապահովում է ճկուն մոտեցում՝ թողնելով ընտրության իրավունքը քաղաքացուն: Այն ուղղված է գործող կարգի լրացմանը՝ առանց պատգամավորների լիազորությունների կամ պարտականությունների ծավալի փոփոխության:

Առցանց ընդունելության հնարավորության օրենսդրական ամրագրումը համահունչ է պետական կառավարման թվայնացման քաղաքականությանը եւ հանրային ծառայությունների մատչելիության բարձրացման ընդհանուր ուղղությանը:

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները (ամպային տեխնոլոգիաներ, անվտանգ տեսակապի հարթակներ, նույնականացման էլեկտրոնային համակարգեր) երաշխավորում են ոչ միայն հաղորդակցության անընդհատությունը, այլեւ ապահովում են տվյալների պաշտպանվածության եւ թափանցիկության բարձր մակարդակ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի թիվ 1133 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության կարգով սահմանվում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի եւ մշտական հանձնաժողովների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման եւ իրականացման կարգը, այդ թվում՝ քաղաքացիների բանավոր եւ գրավոր դիմումների (նաեւ էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացված) գրանցման եւ դրանց ընթացքի ապահովման գործընթացը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող ընդունելության շրջանակներում կիրառվող կազմակերպչական ընթացակարգերը:

Օրենքների ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության կարգով կսահմանվի տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց ընդունելության կազմակերպման ընթացակարգը՝ ապահովելով նաեւ տեսակապով հաղորդակցվելու հնարավորություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պատգամավորի պարտականություններում սահմանված քաղաքացիների ընդունելությանը վերաբերող կարգավորումը լրացնել՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար տեսակապով հաղորդակցվելու հնարավորության ամրագրումով:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքներով սահմանված պատգամավորների պարտականություններում կամրագրվի նաեւ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար տեսակապով հաղորդակցվելու հնարավորությունը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ