Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջները խախտելը
1. Առանց ցավազրկման վիրաբուժական միջամտություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը կամ կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
3. Կենդանուն լքելն իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3.1. կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3.2. քաղցի մատնելու միջոցով տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3.3. գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
4. Կենդանիներին կացարաններում բուծելը կամ կենդանու բնական կամ արհեստական սերմնավորումը, որը դրանց առողջության համար վտանգավոր է՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով
5. Կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը կամ տարբեր տեսակների կենդանիներին միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների կենդանիների բնակեցումը, որոնց միջեւ առաջանում է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Կենդանիների վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու՝ դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը կամ կենդանուն այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը ներգրավելը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում կամ այնպիսի հարմարանքների կիրառումը, որոնք ինքնին, անգամ առանց մարդու միջամտության կարող են տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ վնասակար ազդեցություն ունենալ կենդանու անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունների վրա.
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
7. Անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման իրականացումը՝ բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում եւ ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
8. Ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանու առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութեր կիրառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9.1. կենդանիներին այնպիսի կերատեսակներով կերակրելը, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
10. Տնային կենդանիներին մսի կամ մորթու արտադրության նպատակով բուծելը կամ պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
11. Առանց թույլտվության տնային կենդանի պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
12. Տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման եւ խնամքի պահանջների կարգերը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
13. Տնային կենդանի պահողի կողմից մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
14. Կենդանի ձեռք բերելուց հետո տասնօրյա ժամկետում կենդանի պահողի կողմից կենդանու անձնագրում իր տվյալները ամրագրելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Կենդանիների կողմից հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումից հետո այդ տարածքները չմաքրելը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին՝ բացառությամբ կենդանիների եւ թռչունների վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:
16.1. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին՝ մասնավորապես կենդանիներին կամ թռչուններին կամ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից երկուհարյուրhիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
17. Կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
18. Առանց կենդանի պահողի դիմումի կացարաններում ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելը կամ ստերջացնելը՝ բացառությամբ անհետաձգելի բուժօգնության՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
19. Կենդանիների բուծման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
20. Կենդանիների վաճառքի կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
21. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման կամ ոչնչացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
22. Կենդանու նկատմամբ այնպիսի դիտավորյալ գործողություն իրականացնելը, որը հանգեցրել է կենդանու մահվան, բացառությամբ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
23. Սույն հոդվածի 1-22-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում դրվեց կենդանիների պաշտպանության եւ պատասխանատու խնամքի օրենսդրական հենքը:
Այդուհանդերձ, նկատի ունենալով նոր Օրենքի ծավալը եւ այն հանգամանքը, որ որոշ սկզբունքային հարցեր կարող էին դուրս մնալ կարգավորումից, անհրաժեշտություն է առաջացել զարգացնելու եւ առավել հստակեցնելու որոշ հոդվածներ՝ դրանք գործնականում առավել կիրառելի եւ արդյունավետ դարձնելու նպատակով:
Թեեւ Օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներն անդրադառնում են թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակմանը, սակայն առանց հստակ մեթոդաբանության ամրագրման՝ այդ գործընթացը մնում է հատվածական եւ ոչ լիարժեք: Նախագծով առաջարկվում է որպես միակ գործուն ռազմավարություն ամրագրել ԲՍՊՎՏ (Բռնում-Ստերջացում-Պատվաստում-Վերադարձ Տարածք) շղթայական մեթոդը:
Այս ծրագրի արդյունավետությունը հիմնված է փոխկապակցված քայլերի անխզելի տրամաբանական հաջորդականության վրա, որտեղ ԲՍՊՎՏ (Բռնում, Ստերջացում, Պատվաստում, Վերադարձ Տարածք) մեթոդի յուրաքանչյուր փուլ լրացնում է մյուսին՝ ձեւավորելով թափառող կենդանիների կառավարման միասնական համակարգ:
Գործընթացը սկսվում է կենդանիների բռնմամբ եւ ստերջացմամբ, ինչը ոչ միայն կանխում է անվերահսկելի բազմացումը, այլեւ հորմոնալ ֆոնի կայունացման շնորհիվ նվազեցնում է կենդանիների ագրեսիվությունը՝ նվազագույնի հասցնելով մարդկանց վրա հարձակման ռիսկերն ու միջկենդանական կոնֆլիկտները: Ստերջացմանը հաջորդող պարտադիր պատվաստումը ռազմավարական նշանակություն ունի հանրային առողջապահության համար. այն ձեւավորում է կայուն «իմունային պատնեշ», որը կանխում է կատաղության եւ այլ վտանգավոր հիվանդությունների տարածումը մարդկանց ու այլ կենդանիների շրջանում: Այս շղթան եզրափակվում է կենդանուն իր նախկին տարածք վերադարձնելով, ինչը էկոլոգիական տեսանկյունից վճռորոշ է. ստերջացված եւ պատվաստված կենդանին, զբաղեցնելով իր «էկոլոգիական խորշը» (ecological niche), բնական արգելք է հանդիսանում նոր, չվերահսկվող կենդանիների ներհոսքի համար: Սա թույլ է տալիս խուսափել «վակուումի էֆեկտից», երբ կենդանիների պարզ հեռացումը կամ ոչնչացումը հանգեցնում է տվյալ տարածքում սննդային ռեսուրսների հաշվին նոր՝ չստերջացված եւ չպատվաստված խմբերի արագ հայտնվելուն: Հետեւաբար, միայն այս չորս փուլերի համակցված կիրառումն է երաշխավորում թափառող կենդանիների գլխաքանակի կայուն նվազումը եւ հանրության անվտանգությունը:
ԲՍՊՎՏ շղթայի ամբողջական կիրառումն ապահովում է կայուն եւ անվտանգ էկոհամակարգ: Այն թույլ է տալիս աստիճանաբար, բնական ճանապարհով նվազեցնել թափառող կենդանիների գլխաքանակը՝ միաժամանակ երաշխավորելով հանրության անվտանգությունը հիվանդություններից եւ ագրեսիվ վարքից: Սա քաղաքակիրթ աշխարհում ճանաչված միակ մեթոդն է, որը հավասարակշռում է մարդասիրությունն ու համայնքային անվտանգությունը:
Հասարակական կազմակերպությունների կողմից կացարաններում իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ հստակ կարգավորումները բացակայում են, ինչը կարող է սահմանափակել ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների եւ փորձագետների կողմից տրամադրվող աջակցությունը:
Օրենքով ամրագրված չէ կենդանիների մարտերին մասնակցության արգելքը:
Օրենքը չի անդրադառնում կանխամտածված կամ անփույթ հյուծմանը: Հաշվի առնելով, որ քաղցի մատնելը կենդանուն պատճառում է երկարատեւ տառապանք եւ հաճախ հանգեցնում անդառնալի հետեւանքների՝ անհրաժեշտ է այս արարքը հստակորեն դասակարգել որպես արգելված դաժան վերաբերմունք:
Օրենքում չի սահմանվում ուղղակի արգելք կենդանիների քնեցման կամ սպանդի համար՝ որպես գլխաքանակի կարգավորման սկզբունք, ինչը ռիսկեր է առաջացնում իրականացվող պետական կամ համայնքային ծրագրերում այդ մեթոդը կիրառելու համար: Հետեւաբար, անհրաժեշտ է իրականացնել փոփոխություններ, որոնք համահունչ են հումանիզմի սկզբունքներին եւ ուղղված են պետական մարմինների լիազորությունների հստակ սահմանազատմանը՝ բացառելով որեւէ իրավիճակ, որտեղ կենդանիների կյանքի իրավունքը կարող է ստորադասվել տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրներին:
Օրենքի գործող կարգավորումները խիստ սահմանափակում են կենդանուն տիրոջ կողմից խնամելու հնարավորությունը: Գործող օրենքով սահմանված է, որ անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումն արգելվում է: Այնինչ, անհրաժեշտ է բացառություն սահմանել կենդանուն ցուցաբերվող առաջին բուժօգնության, անասնաբույժի նշանակած բուժումը ամբուլատոր պայմաններում իրականացնելու համար: Հաշվի առնելով մարզերում մասնագիտացված անասնաբուժական կլինիկաների սակավությունը՝ նախագծով հստակ տարբերակվում են մասնագիտական բուժումը եւ կենդանու տիրոջ կողմից իրականացվող ամբուլատոր խնամքը: Լրացումը թույլ է տալիս կենդանի պահողին անասնաբույժի նշանակմամբ եւ հսկողությամբ շարունակել բուժումը տնային պայմաններում (օրինակ՝ դեղահաբերի ընդունում կամ վերքերի մշակում), ինչպես նաեւ ցուցաբերել առաջին անհետաձգելի օգնություն: Սա ապահովում է կենդանու կյանքի իրավունքը նույնիսկ այն վայրերում, որտեղ անասնաբուժական մշտական հասանելիությունը սահմանափակ է: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է սակայն սահմանափակել ամբուլատոր բուժման հնարավորությունները հանրային վայրերում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված է լռության խախտումը հասարակական վայրերում, ինչի վերահսկողությունը դեռեւս լուրջ խնդիներ է պարունակում: Սույն օրենքով կենդանիների կողմից ստեղծված աղմուկի կառավարումը շատ ավելի լուրջ խնդիրներ կարող է առաջացնել իրավակիրառ պրակտիկայում: Բացի այդ, կենդանու կողմից պարբերաբար ստեղծվող աղմուկը հիմնականում կարող է հետեւանք լինել որեւէ գործողության, օրինակ, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելու, պահման եւ խնամքի պահանջների կարգերը խախտելու եւ այլն, ինչն արդեն արգելված է օրենքով եւ որի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: Ուստի այս կետի անհրաժեշտությունը բացակայում է:
Կենդանու անհրաժեշտ քնեցումը (էվթանազիան) արդեն իսկ կարգավորվում է «Անասնաբուժության մասին» օրենքով, իսկ սույն Օրենքում կենդանուն կյանքից զրկելուն վերաբերող «բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» ձեւակերպումը թափառող կենդանիների բռնման մասով ստեղծում է թյուրըմբռնում եւ կարող է թույլ տալ կենդանիների ապօրինի ոչնչացում բռնման փուլում (Կենդանու կյանքի իրավունքի գերակայություն (հոդված 11, մաս 4)): Առաջարկվում է հեռացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» ձեւակերպումը թափառող կենդանիների բռնման մասով, քանի որ օրենքը չի նախատեսում սպանության որեւէ այլ օրինական հիմք:
16-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ կացարաններում կենդանի պահողի կողմից ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումները եւ ստերջացումն իրականացվում են բացառապես կենդանի պահողի դիմումի համաձայն: Թեեւ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների դեպքում սկզբունքային է տիրոջ համաձայնությունը, սակայն այն չպետք է դառնա խոչընդոտ անհետաձգելի բուժօգնության համար: Այն դեպքերում, երբ կենդանին ունի կյանքին կամ առողջությանը սպառնացող սուր խնդիր (օրինակ՝ բարձր ջերմություն, վնասվածք), իսկ տիրոջ հետ կապ հաստատելն այդ պահին անհնար է, կացարանի անասնաբույժը պետք է իրավունք ունենա ցուցաբերել առաջնային օգնություն: Ուստի անհրաժեշտ է վերանայել Օրենքը այս տեսանկյունից:
Օրենքում առկա չեն հստակ պարտավորություններ կացարանների համար՝ դրանց կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման համար: Այս իմաստով եւս անհրաժեշտ է սահմանել պահանջը՝ հաշվետվողականության եւ թափանցիկության նպատակով:
Թեեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածն անդրադառնում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման դեպքերին, դիտարկումը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, առկա է պատժի անհամաչափության լուրջ խնդիր:
Քանի որ Օրենքը ենթադրում է նախ եւ առաջ կենդանիների պաշտպանություն, վարչական պատժամիջոցները առաջնահերթ պետք է ծառայեն կենդանիների հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի պատժելիությանը եւ, ըստ արարքի համաչափ ընտրված սահմանաչափերով, նպաստեն օրենքի իրական կիրարկմանը:
Ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ կենդանին համարվում է մարդու գույք: Քանի որ Օրենքը որեւէ այլ մասում չի կարգավորում այն դեպքերը, երբ որեւէ մեկի կենդանին հարձակվում է մեկ այլ մարդու կամ նրա կենդանու վրա, սպանում կամ լուրջ մարմնական վնասվածքներ պատճառում: Անհրաժեշտ է տարանջատել նաեւ վերը նշված դեպքերը:
Թեեւ «Կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը եւ վերահսկողության արդյունքները համապատասխան լիազոր մարմին եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ դատախազություն կամ քննչական կոմիտե ներկայացնելու իրավասություն ՀԿ-ների եւ անհատների համար, սակայն նույն սուբյեկտների իրավասությունները սահմանափակված են դատարանում: Վարչական դատավարության օրենսգրքի եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Հասարակական կազմակերպությունն իրավունք ունի դատարանում հայց ներկայացնելու միայն երկու ոլորտում՝ շրջակա միջավայրի պահպանության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության: Վերը նշված կազմակերպությունների համար Օրենսգրքով եւ ոլորտային օրենքով սահմանված են նաեւ համապատասխան չափանիշներ դատական հայց ներկայացնելու համար:
Կենդանիների պաշտպանությունը հաճախ կապված է կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի պահպանման հետ, ինչը ակնհայտ հանրային շահ է եւ ամբողջությամբ տեղավորվում է արդեն իսկ գործող կարգավորումների տրամաբանության մեջ, հետեւաբար կենդանիների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ամրագրած ՀԿ-ներին դատարան դիմելու իրավասության տրամադրումը բխում է հանրային շահի պաշտպանության սկզբունքներից: Բացի այդ, լինելով պաշտպանության օբյեկտ, կենդանիների պաշտպանությունը հնարավոր է միայն միջնորդավորված՝ իրավասու սուբյեկտների միջոցով, ինչպիսիք են ոլորտում մասնագիտացված ՀԿ-ները:
Համապատասխան լրացումը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ Վարչական դատավարության օրենսգրքում, որը միտված է կենդանիների պաշտպանության ՀԿ-ներին դատարան դիմելու հնարավորություն տալուն (այսպես կոչված actio popularis կամ հանրային հայց), կարող է ծառայել հանրային վերահսկողության ավելացմանը, քանի որ
պետական մարմինները ունեն սահմանափակ ռեսուրսներ, ՀԿ-ները կարող են ապահովել լրացուցիչ վերահսկողություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է՝
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը, կամրագրվի հասարակական մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն հասարակական կազմակերպությունների համար, կհստակեցվի կենդանիներին տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը, որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ կսահմանվի կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը եւ հյուծելը, թույլատրելի կհամարվի կենդանուն առաջնային բուժօգնության տրամադրումը ոչ մասնագետների կողմից, կսահմանվի կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, դատական հայց նելկայացնելու հնարավորություն կընձեռնվի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներում ամրագրված է կենդանիների պաշտպանությունը եւ որոնք ունեն այդ ոլորտում առնվազն երկու տարվա փորձ, կվերանայվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածի սահմանումները եւ որոշ սահմանաչափեր՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման դեպքերով: