Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների առողջության պաշտպանության եւ թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ բռնելու, ստերջացման, պատվաստման եւ նույն տարածք վերադարձի ծրագրերը.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Պետական կառավարման լիազոր մարմինները եւ դրանց լիազորությունները

1. Կառավարությունը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների այն ցանկը, որոնց լիազորությունների շրջանակը ներառում է՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) կացարանների կառուցման եւ շահագործման պահանջների մշակումը.

3) այն համայնքների ցանկի սահմանումը, որոնց տարածքում պետք է կառուցվեն թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ եւ հարակից ենթակառուցվածքներ (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն).

4) իրենց իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների առողջության պաշտպանության եւ թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման՝ «Բռնելու, ստերջացման, պատվաստման եւ նույն տարածք վերադարձի» ծրագրերի մշակումը.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ կացարաններում պահվող) տնային եւ թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման եւ խնամքին ներկայացվող կարգի մշակումը.

7) տնային կենդանիների անասնաբուժական անձնագրի ձեւը, այն լրացնելու եւ տրամադրելու, միկրոսխեմաներ, պիտակներ տեղադրելու, դաջվածքներ դնելու, շների, կատուների պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու եւ տեղեկատվական առցանց էլեկտրոնային համակարգի վարման կարգի հաստատումը.

8) կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագրի մշակումը.

9) կենսագործունեությանը (կյանքին) սպառնացող վտանգավոր իրավիճակներում (արտակարգ իրավիճակներ) հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթների իրականացումը.

10) կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգի մշակումը եւ հաստատումը»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:

1) Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում կացարանների գործունեության նկատմամբ` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձեւից եւ ֆինանսավորման աղբյուրից: Սույն հոդվածի իմաստով` հասարակական մշտադիտարկումը ներառում է կացարանների կողմից խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի, պայմանների պահպանման, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված պահանջների ապահովման նկատմամբ մշտադիտարկման գործառույթները:

2) Կացարաններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, լիազորությունների ժամկետը, խմբի անդամների թիվը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները

1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝

1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան.

2) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով.

3) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.

4) կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը.

5) կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը.

6) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը, իրականացումը եւ մասնակցությունը

7) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը.

8) տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը՝ քաղցի մատնելու միջոցով.

9) իրականացնել կենդանիների քնեցում կամ սպանդ, գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերում նախատեսված արարքները պատասխանատվություն չեն առաջացնում, եթե դրանք կատարվել են կենդանու կողմից մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանության նպատակով:

3. Արգելվում է նաեւ՝

1) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց ցավազրկման.

2) առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.

3) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը.

4) կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը.

5) կենդանուն լքելն իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում.

6) կենդանիների բուծումը կացարաններում.

7) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.

8) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն, ինչպես նաեւ այնպիսի հարմարանքների կիրառումը, որոնք ինքնին, անգամ առանց մարդու միջամտության կարող են տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ վնասակար ազդեցություն ունենալ կենդանու անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունների վրա.

9) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու՝ դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.

10) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման իրականացումը, բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում եւ ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի.

11) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.

12) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.

13) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.

14) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար.

15) տարբեր տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ առաջանում է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար.

16) տնային կենդանիներին բուծել կամ պահել մսի կամ մորթու արտադրության նպատակով.

17) կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Տնային կենդանիների պահման պահանջները

1. Տնային կենդանի պահողը պարտավոր է կենդանու համար՝ կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել Կառավարության կողմից սահմանված պահմանը եւ խնամքին ներկայացվող պահանջների կարգերով նախատեսված պահանջների կատարումը, որոնք ներառում են առնվազն հետեւյալ պարտադիր պայմանները՝

1) տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն եւ պայմաններ,

2) կերի եւ ջրի բավարար քանակություն,

3) բնական լույսի հասանելիություն

4) կերակրման եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,

5) կերակրվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ ագրեսիվ մրցակցությունը,

6) կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,

7) կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը,

8) ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը,

9) կենդանիների կողմից հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտման դեպքում ապահովել դրանց մաքրումը,

10) ձեռնարկել հնարավոր նվազագույն միջոցները կենդանիների՝ բարձրություններից ընկնելը կանխելու համար,

11) կենդանուն կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել, որ կապի երկարությունը լինի նվազագույնը 3 մետր,

12) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ,

13) չխոչընդոտել իրավասու մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:

2. Տնային կենդանի պահելու համար կենդանի պահողը պարտավոր է նախապես ստանալ համապատասխան թույլտվություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

3. Տնային շուն պահողը պարտավոր է նաեւ՝

1) կենդանուն ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումները Կառավարության սահմանած կարգով կենդանու անձնագիր ստանալու եւ կենդանու վրա միկրոսխեմա տեղադրելու նպատակով: Տնային եւ թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոսխեմայի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ եւ անխոչընդոտ նույնականացումը: Միկրոսխեմայի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանու պահողին: Կենդանու պահողի նույնականացման անհնարինության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում,

2) կենդանուն ձեռք բերելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով,

3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ կենդանիների անձնագրերը,

4) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները,

5) կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք,

6) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք,

7) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր խառնածին շների,

8) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել առնվազն մեկ մետր կարճեցված կապի վրա,

9) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ առնվազն մեկ մետր կարճեցված կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում,

10) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում,

11) շան կորելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնել շան կորելու փաստի մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պատկան մարմինների ուղղորդմամբ:

4. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում:

5. Երեքից ավելի շուն պահելու համար կենդանի պահողը պարտավոր է թույլտվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից.

6. Կապերով (պարաններով) պահելու դեպքում կապի երկարությունը պետք է լինի նվազագույնը 3 մետր:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Կացարաններում կենդանի պահողի կողմից ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումները եւ ստերջացումն իրականացվում են բացառապես կենդանի պահողի դիմումի համաձայն՝ բացառությամբ անհետաձգելի բուժօգնության միջոցառումները:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր՝ 10-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ. «10. Կացարանները պարտավոր են ներկայացնել հրապարակային հաշվետվություն Կառավարության սահմանված կարգով, որը պետք է ներառի կենդանու նկարը, սեռը, տարիքը (մոտավոր), ինչ առողջական խնդիրներով է հայտնվել կացարանում, ինչ անասնաբուժական միջամտություններ են կատարել կացարան հայտնվելուց հետո, անասնաբուժական անամնեզի պատմությունը, ինչ դեղամիջոցներով ինչ բուժում է ստացել կամ ստանում, պիտակի համարը, որտեղից է բռնվել եւ որտեղ է բաց թողնվել:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում դրվեց կենդանիների պաշտպանության եւ պատասխանատու խնամքի օրենսդրական հենքը:

Այդուհանդերձ, նկատի ունենալով նոր Օրենքի ծավալը եւ այն հանգամանքը, որ որոշ սկզբունքային հարցեր կարող էին դուրս մնալ կարգավորումից, անհրաժեշտություն է առաջացել զարգացնելու եւ առավել հստակեցնելու որոշ հոդվածներ՝ դրանք գործնականում առավել կիրառելի եւ արդյունավետ դարձնելու նպատակով:

Թեեւ Օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներն անդրադառնում են թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակմանը, սակայն առանց հստակ մեթոդաբանության ամրագրման՝ այդ գործընթացը մնում է հատվածական եւ ոչ լիարժեք: Նախագծով առաջարկվում է որպես միակ գործուն ռազմավարություն ամրագրել ԲՍՊՎՏ (Բռնում-Ստերջացում-Պատվաստում-Վերադարձ Տարածք) շղթայական մեթոդը:

Այս ծրագրի արդյունավետությունը հիմնված է փոխկապակցված քայլերի անխզելի տրամաբանական հաջորդականության վրա, որտեղ ԲՍՊՎՏ (Բռնում, Ստերջացում, Պատվաստում, Վերադարձ Տարածք) մեթոդի յուրաքանչյուր փուլ լրացնում է մյուսին՝ ձեւավորելով թափառող կենդանիների կառավարման միասնական համակարգ:

Գործընթացը սկսվում է կենդանիների բռնմամբ եւ ստերջացմամբ, ինչը ոչ միայն կանխում է անվերահսկելի բազմացումը, այլեւ հորմոնալ ֆոնի կայունացման շնորհիվ նվազեցնում է կենդանիների ագրեսիվությունը՝ նվազագույնի հասցնելով մարդկանց վրա հարձակման ռիսկերն ու միջկենդանական կոնֆլիկտները: Ստերջացմանը հաջորդող պարտադիր պատվաստումը ռազմավարական նշանակություն ունի հանրային առողջապահության համար. այն ձեւավորում է կայուն «իմունային պատնեշ», որը կանխում է կատաղության եւ այլ վտանգավոր հիվանդությունների տարածումը մարդկանց ու այլ կենդանիների շրջանում: Այս շղթան եզրափակվում է կենդանուն իր նախկին տարածք վերադարձնելով, ինչը էկոլոգիական տեսանկյունից վճռորոշ է. ստերջացված եւ պատվաստված կենդանին, զբաղեցնելով իր «էկոլոգիական խորշը» (ecological niche), բնական արգելք է հանդիսանում նոր, չվերահսկվող կենդանիների ներհոսքի համար: Սա թույլ է տալիս խուսափել «վակուումի էֆեկտից», երբ կենդանիների պարզ հեռացումը կամ ոչնչացումը հանգեցնում է տվյալ տարածքում սննդային ռեսուրսների հաշվին նոր՝ չստերջացված եւ չպատվաստված խմբերի արագ հայտնվելուն: Հետեւաբար, միայն այս չորս փուլերի համակցված կիրառումն է երաշխավորում թափառող կենդանիների գլխաքանակի կայուն նվազումը եւ հանրության անվտանգությունը:

ԲՍՊՎՏ շղթայի ամբողջական կիրառումն ապահովում է կայուն եւ անվտանգ էկոհամակարգ: Այն թույլ է տալիս աստիճանաբար, բնական ճանապարհով նվազեցնել թափառող կենդանիների գլխաքանակը՝ միաժամանակ երաշխավորելով հանրության անվտանգությունը հիվանդություններից եւ ագրեսիվ վարքից: Սա քաղաքակիրթ աշխարհում ճանաչված միակ մեթոդն է, որը հավասարակշռում է մարդասիրությունն ու համայնքային անվտանգությունը:

Հասարակական կազմակերպությունների կողմից կացարաններում իրականացվող մոնիթորինգի վերաբերյալ հստակ կարգավորումները բացակայում են, ինչը կարող է սահմանափակել ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների եւ փորձագետների կողմից տրամադրվող աջակցությունը:

Օրենքով ամրագրված չէ կենդանիների մարտերին մասնակցության արգելքը:

Օրենքը չի անդրադառնում կանխամտածված կամ անփույթ հյուծմանը: Հաշվի առնելով, որ քաղցի մատնելը կենդանուն պատճառում է երկարատեւ տառապանք եւ հաճախ հանգեցնում անդառնալի հետեւանքների՝ անհրաժեշտ է այս արարքը հստակորեն դասակարգել որպես արգելված դաժան վերաբերմունք:

Օրենքում չի սահմանվում ուղղակի արգելք կենդանիների քնեցման կամ սպանդի համար՝ որպես գլխաքանակի կարգավորման սկզբունք, ինչը ռիսկեր է առաջացնում իրականացվող պետական կամ համայնքային ծրագրերում այդ մեթոդը կիրառելու համար: Հետեւաբար, անհրաժեշտ է իրականացնել փոփոխություններ, որոնք համահունչ են հումանիզմի սկզբունքներին եւ ուղղված են պետական մարմինների լիազորությունների հստակ սահմանազատմանը՝ բացառելով որեւէ իրավիճակ, որտեղ կենդանիների կյանքի իրավունքը կարող է ստորադասվել տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրներին:

Օրենքի գործող կարգավորումները խիստ սահմանափակում են կենդանուն տիրոջ կողմից խնամելու հնարավորությունը: Գործող օրենքով սահմանված է, որ անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումն արգելվում է: Այնինչ, անհրաժեշտ է բացառություն սահմանել կենդանուն ցուցաբերվող առաջին բուժօգնության, անասնաբույժի նշանակած բուժումը ամբուլատոր պայմաններում իրականացնելու համար: Հաշվի առնելով մարզերում մասնագիտացված անասնաբուժական կլինիկաների սակավությունը՝ նախագծով հստակ տարբերակվում են մասնագիտական բուժումը եւ կենդանու տիրոջ կողմից իրականացվող ամբուլատոր խնամքը: Լրացումը թույլ է տալիս կենդանի պահողին անասնաբույժի նշանակմամբ եւ հսկողությամբ շարունակել բուժումը տնային պայմաններում (օրինակ՝ դեղահաբերի ընդունում կամ վերքերի մշակում), ինչպես նաեւ ցուցաբերել առաջին անհետաձգելի օգնություն: Սա ապահովում է կենդանու կյանքի իրավունքը նույնիսկ այն վայրերում, որտեղ անասնաբուժական մշտական հասանելիությունը սահմանափակ է: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է սակայն սահմանափակել ամբուլատոր բուժման հնարավորությունները հանրային վայրերում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված է լռության խախտումը հասարակական վայրերում, ինչի վերահսկողությունը դեռեւս լուրջ խնդիներ է պարունակում: Սույն օրենքով կենդանիների կողմից ստեղծված աղմուկի կառավարումը շատ ավելի լուրջ խնդիրներ կարող է առաջացնել իրավակիրառ պրակտիկայում: Բացի այդ, կենդանու կողմից պարբերաբար ստեղծվող աղմուկը հիմնականում կարող է հետեւանք լինել որեւէ գործողության, օրինակ, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելու, պահման եւ խնամքի պահանջների կարգերը խախտելու եւ այլն, ինչն արդեն արգելված է օրենքով եւ որի համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: Ուստի այս կետի անհրաժեշտությունը բացակայում է:

Կենդանու անհրաժեշտ քնեցումը (էվթանազիան) արդեն իսկ կարգավորվում է «Անասնաբուժության մասին» օրենքով, իսկ սույն Օրենքում կենդանուն կյանքից զրկելուն վերաբերող «բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» ձեւակերպումը թափառող կենդանիների բռնման մասով ստեղծում է թյուրըմբռնում եւ կարող է թույլ տալ կենդանիների ապօրինի ոչնչացում բռնման փուլում (Կենդանու կյանքի իրավունքի գերակայություն (հոդված 11, մաս 4)): Առաջարկվում է հեռացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» ձեւակերպումը թափառող կենդանիների բռնման մասով, քանի որ օրենքը չի նախատեսում սպանության որեւէ այլ օրինական հիմք:

16-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ կացարաններում կենդանի պահողի կողմից ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումները եւ ստերջացումն իրականացվում են բացառապես կենդանի պահողի դիմումի համաձայն: Թեեւ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների դեպքում սկզբունքային է տիրոջ համաձայնությունը, սակայն այն չպետք է դառնա խոչընդոտ անհետաձգելի բուժօգնության համար: Այն դեպքերում, երբ կենդանին ունի կյանքին կամ առողջությանը սպառնացող սուր խնդիր (օրինակ՝ բարձր ջերմություն, վնասվածք), իսկ տիրոջ հետ կապ հաստատելն այդ պահին անհնար է, կացարանի անասնաբույժը պետք է իրավունք ունենա ցուցաբերել առաջնային օգնություն: Ուստի անհրաժեշտ է վերանայել Օրենքը այս տեսանկյունից:

Օրենքում առկա չեն հստակ պարտավորություններ կացարանների համար՝ դրանց կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման համար: Այս իմաստով եւս անհրաժեշտ է սահմանել պահանջը՝ հաշվետվողականության եւ թափանցիկության նպատակով:

Թեեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածն անդրադառնում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման դեպքերին, դիտարկումը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, առկա է պատժի անհամաչափության լուրջ խնդիր:

Քանի որ Օրենքը ենթադրում է նախ եւ առաջ կենդանիների պաշտպանություն, վարչական պատժամիջոցները առաջնահերթ պետք է ծառայեն կենդանիների հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի պատժելիությանը եւ, ըստ արարքի համաչափ ընտրված սահմանաչափերով, նպաստեն օրենքի իրական կիրարկմանը:

Ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ կենդանին համարվում է մարդու գույք: Քանի որ Օրենքը որեւէ այլ մասում չի կարգավորում այն դեպքերը, երբ որեւէ մեկի կենդանին հարձակվում է մեկ այլ մարդու կամ նրա կենդանու վրա, սպանում կամ լուրջ մարմնական վնասվածքներ պատճառում: Անհրաժեշտ է տարանջատել նաեւ վերը նշված դեպքերը:

Թեեւ «Կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը եւ վերահսկողության արդյունքները համապատասխան լիազոր մարմին եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում՝ դատախազություն կամ քննչական կոմիտե ներկայացնելու իրավասություն ՀԿ-ների եւ անհատների համար, սակայն նույն սուբյեկտների իրավասությունները սահմանափակված են դատարանում: Վարչական դատավարության օրենսգրքի եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Հասարակական կազմակերպությունն իրավունք ունի դատարանում հայց ներկայացնելու միայն երկու ոլորտում՝ շրջակա միջավայրի պահպանության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության: Վերը նշված կազմակերպությունների համար Օրենսգրքով եւ ոլորտային օրենքով սահմանված են նաեւ համապատասխան չափանիշներ դատական հայց ներկայացնելու համար:

Կենդանիների պաշտպանությունը հաճախ կապված է կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի պահպանման հետ, ինչը ակնհայտ հանրային շահ է եւ ամբողջությամբ տեղավորվում է արդեն իսկ գործող կարգավորումների տրամաբանության մեջ, հետեւաբար կենդանիների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ամրագրած ՀԿ-ներին դատարան դիմելու իրավասության տրամադրումը բխում է հանրային շահի պաշտպանության սկզբունքներից: Բացի այդ, լինելով պաշտպանության օբյեկտ, կենդանիների պաշտպանությունը հնարավոր է միայն միջնորդավորված՝ իրավասու սուբյեկտների միջոցով, ինչպիսիք են ոլորտում մասնագիտացված ՀԿ-ները:

Համապատասխան լրացումը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ Վարչական դատավարության օրենսգրքում, որը միտված է կենդանիների պաշտպանության ՀԿ-ներին դատարան դիմելու հնարավորություն տալուն (այսպես կոչված actio popularis կամ հանրային հայց), կարող է ծառայել հանրային վերահսկողության ավելացմանը, քանի որ
պետական մարմինները ունեն սահմանափակ ռեսուրսներ, ՀԿ-ները կարող են ապահովել լրացուցիչ վերահսկողություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը, կամրագրվի հասարակական մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն հասարակական կազմակերպությունների համար, կհստակեցվի կենդանիներին տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը, որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ կսահմանվի կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը եւ հյուծելը, թույլատրելի կհամարվի կենդանուն առաջնային բուժօգնության տրամադրումը ոչ մասնագետների կողմից, կսահմանվի կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ, դատական հայց նելկայացնելու հնարավորություն կընձեռնվի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներում ամրագրված է կենդանիների պաշտպանությունը եւ որոնք ունեն այդ ոլորտում առնվազն երկու տարվա փորձ, կվերանայվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածի սահմանումները եւ որոշ սահմանաչափեր՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման դեպքերով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն