Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13521-05.05.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ4 » կետով.

«բ4 ) ըստ բյուջետային ծախսերի գերչատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ6» կետով.

«դ6) հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Գնումների մասին» օրենքը, թեեւ վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, սակայն պահպանել է իր սկզբնական կառուցվածքը եւ կիրառման տրամաբանությունը: Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին եւ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին: Դրա հետեւանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ եւ հաշվետվողականությամբ, ինչպես նաեւ թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով: Ուստի նպատակահարմար է օրենսդրական փոփոխություններով խթանել գնումների համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումը եւ արդյունավետության բարձրացումը՝ ձեւավորելով ավելի թափանցիկ, մրցակցային եւ տեխնոլոգիապես զարգացած միջավայր:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գնումների գործընթացների ոչ բավարար արդյունավետություն, վարչարարական ծանրաբեռնվածություն, սահմանափակ ճկունություն, թափանցիկության, հաշվետվողականության եւ թվայնացման սահմանափակ մակարդակ:

«Գնումների մասին» օրենքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝

1. Տրվել է դրամաշնորհի հստակ սահմանում: Արգելվում է գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որակել եւ իրականացնել որպես պետական դրամաշնորհ

2. Տրվել է շրջանակային համաձայնագրի սահմանում

3. Տրվել է հանրային հսկողության սահմանում

4. Տրվե է Արհեստական Բանականության սահմանում

5. Սահմանել է մրցակցային ընթացակարգը եւ սահմանվել են մրցակցային ընթացակարգի երկու մեծ տեսակ՝

a. Ակտիվ

b. Պասիվ

6. Մրցակցային ընթացակարգերի տեսակները հանվել են օրենքից

7. Ներմուծվել է ըստ երկրների սահմանափակման հնարավորություն՝ որոշում է պատվիրատուն եւ կարող է լինել հայելային

8. Սահմանվել է հնարավորություն սահմանելու էլ համակարգի օգտագործման վճար

9. Սահմանվել է նախաորակավորման, որակավորման եւ որակի չափանիշների գնահատումը փորձագիտական (սուբյեկտիվ) հիմքով իրականացնելու հնարավորություն: ընդ որում՝

- Ի սկզբանե բացահայտվում է գնահատող հանձնաժողովի կազմը

-  Կազմը կարող է բողոքարկվել, բացառությամբ ՊՍ-ի

10. Ընտրությունը հիմնավորող պատճառների տեղը այսուհետ լինելու է արդյունքների հրապարակում:

11. Գնման առարկայի ֆունկցիոնալ բնութագրմանը տրվել է ավելի ճկուն ձեւակերպում

12. Ապրանքային նշաններին հղումների կիրառման դեպքերը հստակեցվել են: Առնվազն երկու հղում է պետք օգտագործել բացառությամբ այն դեպքերի երբ պատվիրատուի հիմնավորմամբ դա հնարավոր չէ:

13. Հրավերով նախատեսված լինելու դեպքում հրավերի, հայտի եւ պայմանագրի նախընտրելի,ու լեզուն կարող է սահմանվել անգլերենը:

14. Բնական մենաշնորհ հանդիսացող գնումները դուրս են բերվել օրենքի կարգավորման դաշտից եւ կհաշվառվեն որպես գնում չհանդիսացող ծախսեր.

15. Սահմանվել են նոր մեկ անձից գնում իրականացնելու պայմաններ՝

ա. գնումը պայմանավորած է հեղինակային եւ հարակից իրավունքներով,

բ. սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացման շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից, պայմանով, որ գնման առարկայի գինը պետք է գերազանցի պատվիրատուի կարիքների համար նախատեսված գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը: Սույն ենթակետի հիման վրա գնման գործընթացը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ.

գ. գնման առարկայի բացառիկությամբ պայմանավորված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից:  Սույն ենթակետի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ. գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների կամ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվում է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից.

ե. պատվիրատուն  ձեռք է բերում ապրանքի կամ ծառայության  նախատիպ կամ նմուշ: Այս դեպքում պայմանագիրը ներառում է փորձարկումների եւ (կամ) ապրանքի կամ ծառայության սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար ձեռքբերում, սակայն չի կարող ներառել այնպիսի պայմաններ կամ արտադրության կամ մատակարարման քանակություններ, որոնք միտված են առեւտրային կենսունակության հաստատմանը կամ հետազոտության եւ մշակման(R&D) ծախսերի փոխհատուցմանը.

զ. ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարների որոշումների հիման վրա՝ այդ որոշումներով սահմանված կոնկրետ անձանցից.

է. պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմական կարիքների ապահովման համար անհրաժեշտ անշարժ գույք,  կառավարական եւ օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ.

ը. արտաքին հետախուզական, հակահետախուզական գործունեության ապահովման նպատակով  պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ.

16. Մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը եւ գնման ձեւի ընտրությունը որոշում է պատվիրատուի ղեկավարը: Եթե գնման գինը  գերազանցում գնումների բազային միավորի հարյուրապատիկը, ապա նման դեպքում պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ գնումը մեկ անձից գնման ձեւի կիրառմամբ իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դիմելու համար լրացուցիչ պայմաններ:  Մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ կնքվող պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը չի կարող ավել լինել 365, իսկ նահանջ տարվա դեպքում՝ 366 օրացուցային օրից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» եւ «ը» ենթակետերի եւ 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի, որոնց դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

17. Կնքված պայմանագրում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը.

18. Սահմանվում է, որ եթե պայմանագրով նախատեսված ժամկետի երկարաձգումը ակնհայտ պայմանավորված չէ պայմանագրի կողմ հանդիսացող մասնակցի գործողությունների հետեւանքով, ապա վերջինիս նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում.

19. Սահմանվում է, որ որակավորում պարունակող ընթացակարգերի դեպքում ժամկետի երկարացումները համաձայնեցվում են մասնակիցների հետ եւ կարող են լինել ինչպես ավելի երկար այնպես եւ ավելի կարճ քան սկզբնական ժամկետը: Այժմ երկարաձգվում է միայն ամբողջ ժամկետի չափով:

20. Սահմանվել են շրջանակային համաձայնագրի կիրառման ընթացակարգերը՝

a. Կոնկրետ առարկաների համար

b. Ընդհանուր անվանախմբերի համար

21. Գնումների խմբավորման դեպքում այժմ արգելվում է միայն մրցակցություն սահմանափակելու նպատակով խմբավորումը: Մինչ այդ արգելվում էր եթե խորը հիմնավորում չկար:

22. Գնահատող հանձնաժողովը այժմ կարող է բաղկացած լինել միայն մեկ անդամից

23. Բանկային երաշխիք սահմանման տեղը կիրառվում է երաշխիք հասկացությունը՝ կառավարությունը սահմանում է կանոնները, իսկ ՖՆ-ն՝ երաշխիքին ներկայացվող պահանջները

24. Բացի գնից եւ գին/որակից առավել հստակ սահմանվում է ֆիքսված գնով ընթացակարգ իրականացնելու հնարավորությունը

25. Պասիվ ընթացակարգերի տեսակներն են լինելու՝

a. Հրապարակային օֆերտա

b. Թվային խանութ

c. Բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների ոլորտային ցանկեր՝ սահմանված կառավարության կողմից:

26. Սահմանվում է գաղտնի գնումների ընթացակարգ, որի կիրարկման պայմանները սահմանելու  է Կառավարությունը:

Բյուջետային համակարգի մասին օրենքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է նաեւ ըստ բյուջետային ծախսերի գերչատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է նաեւ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել եւ արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մրցակցային միջավայր: Այն ստեղծում է հիմք նորարար մոտեցումների եւ տեխնոլոգիական լուծումների կիրառման համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Կարգավորումն ուղղված է գնումների արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը, մրցակցային միջավայրի խթանմանը եւ նոր մեխանիզմների փորձարկման հնարավորության ապահովմանը:

7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

Նախագծերի հաստատման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում:

8.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն եւ իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման եւ պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում եւ կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն