Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13511-05.05.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1997 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի առաջին պարբերության 1-ին կետում «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացված՝ սույն օրենքով սահմանված գործողությունների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված գործողությունների համար:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի «եւ «ժզ» բառերը փոխարինել «, «ժզ» եւ «ժէ» բառերով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.6-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 20.6 կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից իրականացվող գործողությունների համար պետական տուրքը վճարվում է հետեւյալ դրույքաչափերով.
 
Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով բանկերի կողմից՝

ա. ֆիզիկական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժին վճարելու համար,

բ. իրավաբանական անձ համարվող մասնակիցներին (բաժնետերերին) շահաբաժնի բաշխման մասին որոշում ընդունելու համար (անկախ ստացվող շահաբաժինների՝ մշտական հաստատությանը վերագրվելու հանգամանքից)

 Շահաբաժինների 15 տոկոսի չափով

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջը բաշխվող (վճարվող) շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից բաշխվող (վճարվող) շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:

2.  Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերի կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի մասով մինչեւ բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ բանկերը հարկային մարմին են ներկայացնում (այդ թվում՝ թղթային) հարկային մարմնի սահմանած ձեւով տեղեկատվություն:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը պետական բյուջե է վճարվում մինչեւ բանկերի կողմից շահաբաժինների վճարման (շահաբաժինները բաշխելու մասին որոշում ընդունելու) օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1)   առաջին պարբերության «անձինք» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար հաշվարկվող պետական տուրքի» բառերը.

2)  երկրորդ պարբերության «գործողություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների)» բառերը.

3)  վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով նախատեսված գործողությունների համար պետական տուրքը ճիշտ հաշվարկելու եւ ժամանակին վճարելու պատասխանատվությունը դրվում է բանկի վրա:»:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գումարը վճարման համար սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են բանկից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:»:

Հոդված 8. Օրենքի 36.1-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 2-րդ կետում «եւ 19.8-րդ» բառերը փոխարինել «, 19.8-րդ եւ 20.6-րդ» բառերով,

2) 7-րդ մասում «19.8-րդ» բառից հետո լրացնել «եւ 20.6-րդ» բառերը:

Հոդված 9.

1.   Բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման կամ շահաբաժինների վճարման մասով:

2.  Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:

3.  Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը եւ հարկման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացուցիչ տնտեսական խթանների ձեւավորումն է:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից:

Մյուս կողմից, 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած՝ նվազեցվել է շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, ինչպես նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից հանվել են եկամտային հարկի 28 եւ 36 տոկոս դրույքաչափերը եւ սահմանվել է մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափ, որից հետո այն մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցվել է 3 տոկոսային կետով եւ սահմանվել է 20 տոկոս: Բացի այդ, որոշ դեպքերում նվազեցվել է նաեւ շահաբաժինների նկատմամբ կիրառվող հարկային բեռը: Հարկման դրույքաչափերի նշված նվազեցումների հիմնական նպատակը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման միջոցով տնտեսության արտահանելի ճյուղերի ծախսերի նվազեցումը եւ արտաքին շուկաներում մրցունակության բարձրացումն է:

Արդյունքում, բանկային ոլորտը, որը ըստ էության ազատված է ԱԱՀ-ից եւ նաեւ չի հանդիսանում ամբողջությամբ արտահանելի ոլորտ, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Միջազգային պրակտիկայում ընդունված է, երբ ԱԱՀ-ից ազատված բանկային ոլորտի համար ԱԱՀ-ի փոխարեն սահմանվում են այլ հարկեր կամ բարձրացվում են ստանդարտ հարկերի դրույքաչափերը: Մասնավորապես, որոշ երկրներ կիրառում են լրացուցիչ հարկ՝ ֆինանսական գործունեության հարկ կամ ֆինանսական գործառնությունների հարկ, որոշ երկրներ կիրառում են շահութահարկի ստանդարտ դրույքաչափերից ավելի բարձր շահութահարկի դրույքաչափեր, երրորդ խումբ երկրներում կիրառում են այսպես կոչված «գերշահույթի հարկ», ընդ որում՝ հաճախ հետադարձ կիրառությամբ այնպես, որ հնարավոր լինի նախորդ տարիներում արձանագրված բարձր շահույթներից հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե եւ այլն: Բանկային ոլորտի հարկման համար միջազգային պրակտիկայում կիրառվող լուծումներն ուսումնասիրվել են՝ իրենց դրական եւ բացասական կողմերով: Ընդ որում, նպատակ է դրվել Հայաստանի Հանրապետությունում բանկային ոլորտի համար կիրառել հարկման այնպիսի մոդել, որը ճնշում չի գործադրի բանկային ոլորտի կողմից մատուցվող ծառայությունների գների եւ տոկոսադրույքների վրա (որպեսզի սպառողների համար լրացուցիչ բեռ չլինի):

Այս առումով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման մոտեցումները եւ բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար սահմանել եկամտային հարկի կամ ոչ ռեզիդենտի շահութահարկի 15 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից:

Միաժամանակ, առաջարկվում է բանկերի մասով վերացնել շահաբաժնից պահված եկամտային հարկի չափով վերաներդրում կատարելու պարագայում շահաբաժնից պահված հարկը վերադարձնելու հնարավորությունը:

Նշյալ նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները եւս ենթակա են հարկման՝ 15 տոկոս դրույքաչափով, որի հաշվարկման եւ բյուջե վճարման պարտավորությունը կրելու է շահաբաժինը վճարող բանկը՝ որպես հարկային գործակալ: Ընդ որում,  բանկերի բաժնետեր համարվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող շահաբաժինների մասով բանկի կողմից հաշվարկվող շահութահարկի գումարը ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար չի սահմանվում որպես շահութահարկի գումարից նվազեցվող գումար: Այս մոտեցումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վարվող քաղաքականության նպատակադրումն այն է, որ շահաբաժինների մասով բանկի կողմից հաշվարկվող շահութահարկի գումարը համարվի վերջնական հարկային պարտավորություն: Բացի այդ, բանկերի բաժնետեր համարվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար պահպանվում է ստացված շահաբաժինը հարկման նպատակով համախառն եկամտում ներառելու եւ միաժամանակ համախառն եկամտից նվազեցնելու՝ գործող օրենսդրական կարգավորումը, ինչը նշանակում է, որ որպես բաժնետեր՝ բանկերից ստացված շահաբաժինը ռեզիդենտ կազմակերպության մակարդակում հաշվարկվող շահութահարկի գումարի վրա ունենալու է չեզոք ազդեցություն: Հետեւաբար, տրամաբանական չէ այդ շահաբաժնի մասով շահաբաժին վճարող բանկի կողմից հաշվարկված շահութահարկի գումարը համարել բաժնետիրոջ մակարդակում հաշվարկվող շահութահարկի գումարից նվազեցվող գումար:

Միեւնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2026 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար առաջարկվում է սահմանել պետական տուրք բանկերի կողմից թողարկված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից վճարվող շահաբաժինների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները մի կողմից կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում եւ պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից կխթանեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող առեւտրային բանկերը ցուցակվեն Կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում՝ դրանով իսկ բանկային ոլորտում ներդրումների կատարումը դարձնելով ավելի մասնակցային, իսկ բանկային համակարգն ինքնին՝ ավելի հաշվետվողական:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը եւ սահմանել խթաններ բանկերի կողմից բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում ցուցակելու համար:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտները տարեկան կավելանան մոտ 10.8-րդ մլրդ դրամով, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենա: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն