Հոդված 1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող».
2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10) նոր աշխատող՝ մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո».
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝
1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:
2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն՝ իր աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը եւ պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին, որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով:
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է աշխատանքային միգրանտին, որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը եւ շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու եւ ընդունելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:
9. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաեւ վերջիններիս աշխատանքային միգրանտները, պետական աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:
10. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում՝ իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունը ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունը ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում՝ միջնորդի, եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի
1) 1-ին մասում «4-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ եւ 5-րդ մասերով» բառերով.
2) 3-րդ մասում «պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրից անձանց վերաբերյալ տվյալներ է ստանում պետական աջակցության տրամադրման նպատակով:»
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց» բառը փոխարինել «սուբյեկտներին» բառերով:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն
3. Ենթաօրենսդրական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: