Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13461-27.04.2026-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը «վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ներկայիս իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը միտված է ոլորտում առաջացած խնդիրների լուծմանը, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի կարգավորմանը, ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկմանը:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով փոփոխություն է նախատեսվում արտաքին գործերի նախարարությունում եւ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիոն գործընթացի իրականացման ու կանոնակարգման հարցում: Ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով 18 (տասնութ) ամիս:

Փոփոխությունների արդյունքում ներդրվում են դիվանագիտական գրասենյակ հիմնելու վերաբերյալ կարգավորումներ: Վերջին տարիներին, օտարերկրյա պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտություն առաջացավ որոշ պետություններում հիմնելու դիվանագիտական գրասենյակներ:  Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում անհրաժեշտ է լինում ունենալ պետության ներկայացվածություն, սակայն այդ ժամանակահատվածում ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չի լինում դեսպանության ստեղծումը: Նման դեպքերում օտարերկրյա պետության հետ կարող է ձեռք բերվել համաձայնություն դիվանագիտական գրասենյակ հիմնելու մասին:

Օրենքի նախագծից հանվում է օտարերկրյա պետությունում նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը: Նման փոփոխությունը միտված է դիվանագետ ամուսինների վարձատրության հավասար պայմանների, ինչպես նաեւ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքների ապահովմանը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի հավասարեցմամբ:

Ներկայումս, արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, երբ անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի՝ պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ (օրինակ՝ առաջին քարտուղարի հաշվարկված նվազագույն դրույքաչափը կազմում է 267,072 ՀՀ դրամ, իսկ առավելագույն դրույքաչափը՝ 366,080 ՀՀ դրամ), իսկ ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող  դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ, երբ չի նախատեսվում եւ չի ապահովվում պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ (օրինակ, առաջին քարտուղարի դրույքաչափը միասնական եվրոյով վճարման գոտու երկրների համար հաստատված է 157,069 ՀՀ դրամ, իսկ միասնական եվրոյով վճարման գոտու երկրներից բացի՝ այլ երկրների համար՝ 178,442 ՀՀ դրամ, որն անփոփոխ է):

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ այն, որ տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվում են անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչն արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներից պահանջում է անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, ակնհայտ է դառնում վարձատրության պայմանները լավարկելու  նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ)՝

1) տրվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները.

2) սահմանվել են դիվանագիտական գրասենյակներ ստեղծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ.

3) վերանայվել են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցիչներ) պաշտոնավարման ժամկետները: Վերջիններիս աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով պաշտոնավարման առաջին ժամկետը սահմանվել է առավելագույնը 5 տարի: Միաժամանակ, պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին.

4) նախատեսվել է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու մասին դրույթ.

5) հստակեցվել են դիվանագետների կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները.

6) ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով վերանայվել է դիվանագետի՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով տասնութ ամիս:

Առանձին դրույթ է նախատեսվել գլխավոր հյուպատոսի ռոտացիայի իրականացման համար: Հաշվի առնելով այն, որ գլխավոր հյուպատոսը համարվում է օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավար, նախատեսվում է դիվանագետին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակելիս ռոտացիան իրականացնել արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն մեկ տարի, այնուհետեւ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում երեք տարի ժամկետով ծառայելու սկզբունքով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով.

7) ներդրվել է կարճաժամկետ գործուղումների ինստիտուտ.

8) հանվել է նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը, քանի որ այն հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման, ինչպես նաեւ համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության սկզբունքներին.

7) նախատեսվում է դիվանագիտական դպրոցը վերակազմակերպել դիվանագիտական ակադեմիայի՝ հաշվի առնելով դպրոցին տրվող գործառույթների լայն շրջանակը:

Միաժամանակ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը համարվում է պետական հայեցողական պաշտոն, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» գործող օրենքի 18-րդ հոդվածով այդ պաշտոնը նախատեսված է որպես վարչական պաշտոն: Երկու օրենքում միեւնույն կարգավորման վերաբերյալ հակասությունը վերացնելու նպատակով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություն եւ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը սահմանել որպես վարչական պաշտոն:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի արդյունքում օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը կնախատեսվեն օրենքով: Ըստ այդմ, օրենքի N9 հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակում ավելացվում են օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնները (փոխհյուպատոս, հյուպատոս, գլխավոր հյուպատոս, գործերի հավատարմատար, դեսպանորդ-լիազոր նախարար):

Հիմք ընդունելով օրենքի N1 հավելվածով նախարարի տեղակալի 8.5 եւ N9 հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» աղյուսակով վարչության պետի համար սահմանված առավելագույն 6.49 գործակիցները՝ առաջարկվում է օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 7.50 գործակից եւ ընդգրկել օրենքի N1 հավելվածում:

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները այսուհետ կարգավորվելու են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, ոչ թե ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ, ուստի  նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ դրանով հաստատված՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է 2021 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» բաժնի «1.1 Արտաքին քաղաքականություն» կետից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2026 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը աշխատավարձի համար լրացուցիչ ամսական անհրաժեշտ կլինի 93,490.3 հազար դրամ եւ յուրաքանչյուր կիսամյակային պարգեւատրման համար 56,993.7 հազար դրամ, իսկ հաջորդ տարիներին ծախսերը կավելանան 1,235,870.6 հազար դրամով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն