Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13455-27.04.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու մասին որոշում կայացնելու նպատակով ներկայացվող դիմումների քննարկման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ որոշում կայացնելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը եւ մշտական կացության քարտը: Ժամանավոր կացության քարտը եւ մշտական կացության քարտը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:»:

2) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձին տրվում է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված կացության քարտ:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին տրվում է հատուկ անձնագիր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին՝ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված կացության քարտ:»: