Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1345-27.04.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց հասկացությունները, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, անձի կենսաչափական տվյալները մշակելու, անձը հաստատող փաստաթղթի տրամադրմանը մասնավոր գործընկերոջ ներգրավման հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են միայն սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված անձը հաստատող փաստաթղթերը:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի) անձնագիրը, նույնականացման քարտը, մինչեւ 16 տարեկան քաղաքացու համար՝ անձնագիրը կամ ծննդյան վկայականը կամ նույնականացման քարտը, եթե քաղաքացին մինչեւ 16 տարեկան դառնալը նույնականացման քարտ է ստացել, զինվորական գրքույկը՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, քաղաքացուն, օտարերկրացուն եւ ապաստան ստացած փախստականին տրվող ժամանակավոր վկայականը, վերադարձի վկայականը՝ միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,  Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի անդամ պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից օտարերկրացուն տրված, միջազգայնորեն ճանաչված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում տրված օտարերկրացու մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետությունում տրված օտարերկրացու ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրացու եւ նրա ընտանիքի օտարերկրացի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող վկայականը, Հայաստանի Հանրապետության սահմանը ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա հատելու դեպքում՝ ներքին անձնագիրը՝ միջազգային պայմանագրով սահմանված գործողության շրջանակներում, քաղաքացիություն չունեցող անձանց օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում տրված քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը,  Հայաստանի Հանրապետությունում տրված քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ որոշելու վերաբերյալ դիմած անձին տրված՝ դիմողի ինքնությունը հավաստող վկայականը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը եւ դիվանագիտական անձնագիրը.

2) քաղաքացու անձնագիր՝ քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

3) քաղաքացու նույնականացման քարտ՝ քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու, այդ թվում՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառմամբ  ծառայություններ ստանալիս, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար.

4) ժամանակավոր վկայական՝ քաղաքացուն, օտարերկրացուն եւ ապաստան ստացած փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը քաղաքացին, օտարերկրացին կամ ապաստան ստացած փախստականն իրավունք ունի ստանալու քաղաքացու անձնագիրը եւ քաղաքացու նույնականացման քարտը, օտարերկրացու կացության քարտը կամ բնակության օրինականությունը հավաստող վկայականը, փախստականի նույնականացման քարտը եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, եւ որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

5) վերադարձի վկայական՝ քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձանց տրվող անձը հաստատող մեկանգամյա կիրառման փաստաթուղթ, որը տրվում է միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար.

6) օտարերկրացու մշտական կացության քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակության օրինականությունը եւ օտարերկրացու ինքնությունը.

7) օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակության օրինականությունը եւ օտարերկրացու ինքնությունը.

8) օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրվող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը եւ օտարերկրացու ինքնությունը.

9) օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամներին Հայաստանի Հանրապետությունում տրվող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը եւ օտարերկրացի ընտանիքի անդամի ինքնությունը.

10) քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը ու քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձի ինքնությունը, եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

11) քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝  Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար.

12) քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ որոշելու համար դիմած անձի ինքնությունը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչվելու համար դիմած անձին տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը անձին վերապահում է Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու իրավունք եւ նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

13) փախստականի նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է փախստականի ինքնությունը ու Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

14) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝  Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար.

15) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայական՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է փախստականի ինքնությունը ու Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

16) ապաստան հայցողի անձը հաստատող վկայական՝ ապաստան հայցողին կամ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետությունում տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի եւ նրա ընտանիքի անդամների օրինական բնակության փաստը եւ նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

17) քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար.

18) դիվանագիտական անձնագիր՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված անձանց տրվող անձը հաստատող փաստաթուղթ.

19) տվյալների էլեկտրոնային պահոց՝ անձը հաստատող փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը նախատեսված է տվյալների էլեկտրոնային պահպանման եւ ամրագրման համար եւ ներառում է անձի՝ սույն օրենքով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված տվյալները, այդ թվում՝ կենսաչափական տվյալները.

20) կենսաչափական տվյալներ՝ սույն օրենքի իմաստով կենսաչափական տվյալներն են՝ անձի լուսանկարը, ստորագրությունը, աջ եւ ձախ ձեռքերի մատնադրոշմները.

21) լիազոր մարմին՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.

22) էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ դիմողը նախաձեռնում է անձը հաստատող փաստաթուղթ ստանալու գործընթաց, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, ամրագրում լիազոր մարմին ներկայանալու օրը, եւ որը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է բնակչության պետական ռեգիստրի հետ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքում այլ պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների հետ.

23) մասնավոր գործընկեր՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին համապատասխան ընտրված մասնակից կամ նրա հիմնադրած իրավաբանական անձ, որի հետ իրավասու մարմինը կնքել է պայմանագիր պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման նպատակով.

24) դիմող՝ սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, ուժը կորցրած ճանաչելու համար եւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում լիազոր մարմին, իսկ դիվանագիտական անձնագրի դեպքում՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին դիմող անձ.

25) բնակչության պետական ռեգիստր՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգ:

Հոդված 3. Քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը, բովանդակությունը

1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր: Քաղաքացին կարող է անձնագիր ստանալ անկախ տարիքից, իսկ նույնականացման քարտ՝ 6 տարին լրանալու օրվանից:

2. 16 տարին լրացած քաղաքացու համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, իսկ 6 տարեկանից մինչեւ 16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր: 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում:

3. Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով: 6 տարեկանից մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով:

4. Քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով:

5. Քաղաքացու անձնագրում ամրագրվում են հետեւյալ տվյալները.

1) քաղաքացու ազգանունը, անունը.

2) ծննդյան վայրը՝ պետությունը.

3) անձնագրի համարը.

4) քաղաքացու սեռը.

5) քաղաքացիությունը.

6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

7) անձնագրի թողարկման ամսաթիվը, վավերականության ժամկետը եւ տրամադրող մարմինը.

8) քաղաքացու կենսաչափական տվյալները:

6. Քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվում են հետեւյալ տվյալները.

1) քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը.

2) նույնականացման քարտի համարը.

3) քաղաքացու սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

6) նույնականացման քարտի թողարկման ամսաթիվը, վավերականության ժամկետը եւ տրամադրող մարմինը.

7) քաղաքացու կենսաչափական տվյալները.

8) քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը:

7. Քաղաքացու անձնագրում եւ նույնականացման քարտում լրացվող անձնական տվյալները ամրագրվում են հայերեն եւ անգլերեն լեզուներով:

8. Անձնագրում եւ նույնականացման քարտում քաղաքացին չի կարող պահանջել այլ տվյալների ամրագրում:

9. Քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու ժամանակ տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում քաղաքացու վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրի տվյալները: Անձը հաստատող այլ փաստաթուղթ տրամադրելու ժամանակ տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրի տվյալները, եթե տվյալ անձը համարվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտ:

10. Քաղաքացու անձնագիրը եւ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

11. Անձնագիրը եւ նույնականացման քարտը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, եթե քաղաքացին չի ունենում անձնագիր եւ նույնականացման քարտ, ապա կարող է դիմել լիազոր մարմին ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչեւ անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալը: Սույն կետում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

12. Քաղաքացու անձնագրից եւ նույնականացման քարտից տարբերվող անձը հաստատող փաստաթղթի այլ տեսակները կարող են պարունակել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձնական տվյալները, բացառությամբ տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակից բխող առանձնահատկությունների: Այդ փաստաթղթերում ամրագրման ենթակա տվյալները, դրանց լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որեւէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, փաստաթղթերի նկարագիրը, տեսքը, ձեւը, կիրառվող անվտանգության միջոցները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Քաղաքացու անձնագրի եւ նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը եւ ձեւը, դրանցում ամրագրման ենթակա անձնական տվյալ չհանդիսացող այլ տվյալները, ամրագրման ենթակա բոլոր տվյալների լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որեւէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, կիրառվող անվտանգության միջոցները, անձնագրի էջերի քանակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 4. Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ եւ օտարերկրացու ու նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը

1. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն տրվում է ժամանակավոր կացության քարտ, իսկ Հայաստանի Հանրապետության մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն՝ մշտական կացության քարտ: Բնակության օրինականությունը հավաստող վկայական տրվում է այն օտարերկրացիներին եւ նրանց ընտանիքի օտարերկրացի անդամներին, որոնց վերաբերյալ առկա է լիազոր մարմնի կողմից կայացված՝ վկայական տրամադրելու մասին որոշում:

2. Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտը եւ օտարերկրացու մշտական կացության քարտը տրամադրվում են համապատասխան կացության կարգավիճակը տրամադրելու մասին լիազոր մարմնի որոշման մեջ նշված վավերականության ժամկետով: Օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է վկայական տրամադրելու մասին որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով: Օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամներին բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է օտարերկրացուն տրված վկայականի ժամկետով:

3. Օտարերկրացու կացության քարտը կամ օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական, ապա կարող է դիմել լիազոր մարմին ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչեւ կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալը: Սույն կետում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Օտարերկրացու կացության քարտը եւ բնակության օրինականությունը հավաստող վկայականը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Հոդված 5. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ,  կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ եւ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչելու մասին դիմած անձի ինքնությունը հավաստող վկայական ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը

1. Լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին նրա դիմումով տրվում են քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

2. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են 5 տարի վավերականության ժամկետով: Մինչեւ 6 տարեկան քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:

3. Լիազոր մարմին քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու մասին դիմած անձին նրա դիմումի հիման վրա լիազոր մարմինը անվճար տրամադրում է դիմողի ինքնությունը հավաստող վկայական: Վկայականը տրամադրվում է 6 ամիս վավերականության ժամկետով, որը կարող է երկարաձգվել դիմումի քննարկման երկարաձգված ժամկետին համապատասխան կամ մինչեւ դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշման բողոքարկման վարույթի ավարտը՝ անձի դիմումի հիման վրա: Մինչեւ վավերականության ժամկետի ավարտը ինքնությունը հավաստող վկայականը կորցնում է ուժը, եթե քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալու արդյունքում անձը ստացել է քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ: Ինքնությունը հավաստող վկայականի կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիազոր մարմինը անձի դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ինքնությունը հավաստող նոր վկայական, որի վավերականության ժամկետը սահմանելիս հիմք է ընդունվում դիմումի քննարկման ժամկետը: Սույն կետում նշված վկայականի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը եւ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչելու մասին դիմած անձի ինքնությունը հավաստող վկայականը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Հոդված 6. Փախստականի նույնականացման քարտ եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին նրա դիմումով տրվում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ստանալուց հետո անձի դիմումով տրվում է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

2. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են 5 տարի վավերականության ժամկետով: Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է փախստականի նույնականացման քարտ ունեցող անձանց: Մինչեւ 6 տարեկան անձանց փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:

3. Փախստականի նույնականացման քարտը եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում փախստականի նույնականացման քարտ եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչեւ փախստականի նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը: Սույն կետում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Փախստականի նույնականացման քարտը եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Հոդված 7. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացածի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին լիազոր մարմնի կողմից տրվում է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայական:

2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության նույն որոշմամբ նախատեսված դեպքում կարող է երկարաձգվել:

3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Լիազոր մարմինը ապաստան հայցողին եւ նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 18 տարին չլրացած անձանց, ապաստանի հայց ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում անվճար տրամադրում է անձը հաստատող առանձին վկայական:

5. Անձը հաստատող վկայականը ուժը կորցնում է ապաստանի հայցի մերժման վերաբերյալ որոշումը վերջնական դառնալուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում՝ լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստականի նույնականացման քարտ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված անձը հաստատող վկայականը:

6. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին 14 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անձը հաստատող նոր վկայական՝ նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա՝ ապաստան հայցող լինելու եւ ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

7. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին լիազոր մարմինը տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը եւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Հոդված 8. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը

1. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված անձանց տրամադրում է դիվանագիտական անձնագիր:

2. Դիվանագիտական անձնագիրը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով:

3. Դիվանագիտական անձնագիրը հաշվառելու կարգը սահմանում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Հոդված 9. Վերադարձի վկայականի տրամադրումը

1. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձը կորցրել է իր անձնագիրը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է վավերականության ժամկետը, եւ անձը չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ՝ վերադարձի վկայական:

2. Վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 10. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը եւ տրամադրումը մերժելը

1. Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նպատակով անձը էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է լիազոր մարմին, իսկ դիվանագիտական անձնագիր ստանալու համար՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին: Էլեկտրոնային միասնական հարթակը ձեւավորվում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով, որի կառավարիչ հանդիսանում է լիազոր մարմինը:

2. Օտարերկրյա պետություններում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին:

3. 16 տարին լրացած անձը դիմում է անձամբ:

4. Մինչեւ 16 տարեկան երեխային կամ անգործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի  օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

5. Սահմանափակ գործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է իր դիմումի հիման վրա՝ առանց հոգաբարձուի գրավոր համաձայնության:

6. Հաշմանդամության, առողջական վիճակի բերումով կամ շարժվելու կամ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտապես կորցնելու հետեւանքով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձամբ լիազոր մարմին դիմելու անհնարինության դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաեւ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ մերձավոր ազգականները՝  հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը՝ կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր: Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:

7. Էլեկտրոնային միասնական հարթակով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է, որ էլեկտրոնային միասնական հարթակը տվյալների փոխանակման շերտի միջոցով հաստատի դիմողի ներկայացրած տվյալների եւ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը, ինչպես նաեւ օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող տվյալների ու փաստաթղթերի առկայությունը:

8. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով անձի ներկայացրած տվյալների եւ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը եւ այլ պահանջվող տվյալների ու փաստաթղթերի առկայությունը հաստատվելուց հետո անձը պետք է վճարի պետական տուրքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անձանց որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձեւով աջակցություն սահմանելու դեպքերի: Այնուհետեւ անձն ամրագրում է այց լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում քաղաքացու անձնագիր կամ քաղաքացու նույնականացման քարտ ստանալիս՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին: Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը պետք է ամրագրի այց արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:

9. Տվյալների անհամապատասխանության կամ պահանջվող տվյալների կամ փաստաթղթերի բացակայության կամ թերի լինելու դեպքում էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին ի հայտ եկած ձեւական սխալի մասին՝ ուղղորդելով վերացնել ձեւական սխալը:

10. Ամրագրված այցի շրջանակներում անձը դիմում է անձը հաստատող փաստաթղթի ստացման համար՝ հանձնելով կենսաչափական տվյալները, որից հետո 14-րդ  աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետությունում դիմելիս՝ ոչ շուտ, քան 14-րդ եւ ոչ ուշ, քան 45-րդ աշխատանքային օրը, ստանում է ծանուցում անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու կամ տրամադրման մերժման մասին: Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցումը անձը ստանում է իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստին նամակ կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժելու դեպքում կայացված որոշման հասանելիությունն էլեկտրոնային եղանակով ապահովվում է էլեկտրոնային փոստի միջոցով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել լրացուցիչ վճարի դիմաց անձը հաստատող փաստաթղթի՝ ավելի սեղմ ժամկետներում տրամադրման, ինչպես նաեւ լրացուցիչ վճարի դիմաց կամ այլ դեպքերում կենսաչափական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձի բնակության (գտնվելու) վայրում հավաքման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրում նաեւ ոչ աշխատանքային օրերին:

12. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժվում է, եթե՝

1) դիմողը չի ներկայացրել օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը եւ տվյալները.

2) դիմողը օրենքի համաձայն չունի տվյալ անձը հաստատող փաստաթուղթը ստանալու իրավունք.

3) դիմողը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

4) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր կամ տվյալներ.

5) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ հակասություններ.

6) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր եւ այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն եւ այլն).

7) անձը չի վճարել պետական տուրքը, եթե օրենքով նախատեսված է այդ պարտականությունը:

13. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, քաղաքացու անձնագրի տրամադրումը մերժվում է նաեւ, եթե՝

1)   դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

2)  դիմողի նկատմամբ այլ պետության կողմից հայտարարված է հետախուզում, եւ Հայաստանի Հանրապետությունը այդ պետության հետ ունի քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր:

14. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է նաեւ, եթե դիմողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին փաստաթղթի տրամադրման դեպքի:

15. Բացի սույն օրենքով սահմանված հիմքերից, այլ հիմքերով անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժելը արգելվում է:

16. Եթե անձը պետական տուրքը վճարելուց հետո չի ներկայացել եւ չի հանձնել կենսաչափական տվյալները, ապա պետական տուրքը ենթակա է վերադարձման «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով:

17. Անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստանալու անձը հաստատող նոր փաստաթուղթ: Անձը հաստատող նոր փաստաթուղթ ստանալիս անձը պետք է լիազոր մարմին ներկայացնի հին համապատասխան փաստաթուղթը՝ բացառությամբ այն դեպքի, երբ անձը հայտարարում է հին համապատասխան փաստաթուղթը կորցնելու կամ հափշտակված լինելու մասին: Անձն իրավունք ունի պահանջելու քաղաքացու նոր անձնագիրը կամ նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն իրեն հանձնվելուց հետո դակված վիճակում իրեն վերադարձնել քաղաքացու հին անձնագիրը կամ հին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

18. Անձը հաստատող փաստաթուղթը վերցնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում անձի վերաբերյալ անձնական տվյալներն ուղարկվում են սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:

19. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման եւ տրամադրման մերժման կարգը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

20. Սույն հոդվածի գործողությունը տարածվում է քաղաքացու անձնագրի եւ քաղաքացու նույնականացման քարտի, օտարերկրացու կացության քարտի, օտարերկրացու եւ նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականի, լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձի նույնականացման քարտի եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի նույնականացման քարտի եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, դիվանագիտական անձնագրի վրա:

Հոդված 11. Անձի կենսաչափական տվյալները մշակելը

1. Անձի կենսաչափական տվյալները ամրագրվում են հետեւյալ անձը հաստատող փաստաթղթերում.

1) քաղաքացու անձնագիր,

2) դիվանագիտական անձնագիր,

3) քաղաքացու նույնականացման քարտ,

4) օտարերկրացու կացության քարտ,

5) օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայական,

6) օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական,

7) քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

8) փախստականի նույնականացման քարտ եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

2. Անձը կենսաչափական տվյալները հանձնում է լիազոր մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին: Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը կենսաչափական տվյալները հանձնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին: Առաջին հերթին, անձը հանձնում է աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, իսկ եթե ցուցամատի մատնադրոշմը հնարավոր չէ ստանալ, ապա վերցվում են երկու ձեռքերի ցանկացած այլ համապատասխան մատների մատնադրոշմները, որոնցից հնարավոր է:

3. Անձի մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, ստորագրությունը՝ 16 տարեկանից, իսկ լուսանկարը՝ անկախ տարիքից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով դիմող անձի կենսաչափական տվյալները տրամադրվում են իր բնակության (գտնվելու) վայրում:

5. Անձի կենսաչափական տվյալների մշակման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը հաստատող փաստաթղթերը ունեն տվյալների էլեկտրոնային պահոց: Էլեկտրոնային պահոցը պարունակում է անձի կենսաչափական տվյալները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ էլեկտրոնային պահոցում կարող են ամրագրվել նաեւ այլ տվյալներ:

7. Տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական բնութագիրը, դրանում տվյալների ամրագրման ձեւը եւ կարգը, անվտանգությանն առաջադրվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 12. Անձը հաստատող փաստաթղթի ուժը կորցնելը եւ անվավերությունը

1. Անձը հաստատող փաստաթուղթը օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած՝ առանց լիազոր մարմնի կողմից այդ մասին որոշում կայացնելու, եթե՝

1)   լրացել է դրա վավերականության ժամկետը.

2)  անձը ստացել է նույն  անձը հաստատող փաստաթղթի նոր տարբերակը.

3)  անձը կորցրել է անձը հաստատող համապատասխան փաստաթղթի տրամադրման համար հիմք հանդիսացած կարգավիճակը.

4)  անձը մահացել է.

5)  անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու մասին ծանուցումն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում անձը չի վերցրել փաստաթուղթը:

2. Լիազոր մարմնի որոշմամբ անձը հաստատող փաստաթուղթը ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը հայտարարել է իր անձը հաստատող փաստաթուղթը կորցրած կամ հափշտակված լինելու մասին:

3. Անձը հաստատող փաստաթուղթը լիազոր մարմնի որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե՝

1) անձը հաստատող փաստաթուղթը կեղծվել է.

2) անձը հաստատող փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ, այդ թվում՝ երբ ի հայտ են եկել սույն օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված հիմքերը:

4. Եթե անձը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը կամ այն հափշտակվել է, ապա նա էլեկտրոնային միասնական հարթակով այդ մասին հայտնում է լիազոր մարմնին, իսկ այլ պետությունում կորցնելու դեպքում կարող է հայտնել նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին: Անձի այդ հայտարարությունը հիմք է անձը հաստատող փաստաթուղթը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու համար:

5. Անձը հաստատող փաստաթուղթը անվավեր ճանաչվելու կամ ուժը կորցնելու դեպքում անձը պարտավոր է եռօրյա ժամկետում այն հանձնել լիազոր մարմնին, իսկ դիվանագիտական անձնագիրը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու կամ պաշտոնավարումը ավարտելու դեպքում՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին: Անձի՝ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթը անվավեր ճանաչվելու կամ ուժը կորցնելու դեպքում, բացառությամբ դիվանագիտական անձնագրի, հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին: Այս կանոնը չի գործում, եթե անձը հաստատող փաստաթուղթը ուժը կորցրել է անձի մահանալու կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու մասին ծանուցումն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում անձը հաստատող փաստաթուղթը չվերցնելու հիմքով:  Այլ անձի կողմից գտնված անձը հաստատող փաստաթուղթը ենթակա է հանձնման լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին:

6. Եթե սույն օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրման մերժման հիմքերը ի հայտ են եկել անձը հաստատող փաստաթուղթը տպագրվելուց հետո, սակայն մինչեւ անձին հանձնելը, ապա անձը հաստատող փաստաթուղթը ճանաչվում է անվավեր եւ այլեւս չի հանձնվում անձին:

7. Մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

8. Անձը հաստատող փաստաթղթի ուժը կորցրած ճանաչելու եւ անվավերության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Մասնավոր գործընկերը

1. Սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացին ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության մասին պայմանագրով  կարող է ներգրավվել մասնավոր գործընկերը:

2. Մասնավոր գործընկերոջը կարող է պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացում:

3. Մասնավոր գործընկերոջը չի կարող պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման որոշման կայացումը:

4. Մասնավոր գործընկերոջը չեն կարող պատվիրակվել վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունումը, գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ:

5. Դիմողը համարվում է մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը մատուցվող ծառայության շահառու: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում դիմողը կարող է նաեւ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել մասնավոր գործընկերոջ հետ լրացուցիչ ծառայություններ ստանալու համար:

6. Դիմողի կողմից անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար վճարված պետական տուրքի գումարը պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով սահմանված չափով ուղղվում է մասնավոր գործընկերոջը տրվող վճարումների կատարմանը:

Հոդված 14. Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը

1. Մասնավոր գործընկերոջը կարող են պատվիրակվել՝

1) դիմումների ընդունումը.

2) դիմողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի եւ տվյալների, ներառյալ՝ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից, հավաքագրումը.

3) դիմողի տրամադրած փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգումը.

4) ներկայացված փաստաթղթերին դիմողի վերաբերյալ ստացված տվյալների համապատասխանության ստուգումը.

5) դիմողին ծանուցումներ ուղարկելը,

6) սույն օրենքով նախատեսված կենսաչափական տվյալների մշակումը, այդ թվում՝ հավաքելը, պահպանելը, օգտագործելը օրենքով սահմանված նպատակների համար,

7) անձը հաստատող փաստաթուղթը տպագրելը, կազմելը եւ դիմողին հանձնելը,

8) սույն օրենքով, այլ օրենքով եւ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ կատարելը:

2. Նախքան անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելը մասնավոր գործընկերը անձին կարող է ծառայություններ մատուցել պահանջվող տվյալների եւ փաստաթղթերի հավաքագրման եւ պատշաճ դիմելն ապահովելուն ուղղված այլ գործողությունների ուղղությամբ:

3. Մասնավոր գործընկերոջը իրեն պատվիրակված գործողություններն իրականացնելու համար հասանելիություն է տրվում պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին:

4. Բացի սույն հոդվածով նախատեսված տվյալներից, մասնավոր գործընկերը չի կարող հավաքել, պահպանել եւ օգտագործել այլ անձնական տվյալներ, իսկ հավաքված տվյալները կարող են օգտագործվել բացառապես անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու նպատակով:

5. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման, վերջինիս կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը, այն անձը հաստատող փաստաթղթերի ցանկը, որի տրամադրմանը ներգրավվում է, մասնավոր գործընկերոջը դիմելու կարգը եւ ձեւերը, մասնավոր գործընկերոջ կողմից ստացված տվյալների պահպանման կանոնները, պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին հասանելությունը եւ անվտանգության ապահովման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 15. Մասնավոր գործընկերոջ եւ դիմողի միջեւ ծագած վեճերի լուծումը

1. Պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակներում հանրային գործընկերոջը մատուցված ծառայությունների մասով, որի շահառուն անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձն է, մասնավոր գործընկերոջ եւ անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձի միջեւ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողությունների իրականացման հետ կապված վեճ ծագելու  դեպքում դիմողը կարող է ոչ գույքային պահանջով բողոք ներկայացնել լիազոր մարմնին: Շահառուն բողոքը լիազոր մարմնին կարող է ներկայացնել մասնավոր գործընկերոջ կողմից բողոքարկվող գործողությունը կատարվելու կամ անգործություն ցուցաբերվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը բողոքը քննում է եւ որոշում  կայացնում դիմողի բողոքը բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու մասին՝ բողոքն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմնի կողմից բողոքի քննության կարգը, ժամկետները եւ որոշման կայացման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Բողոքի  քննության արդյունքում անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողությունների իրականացման հետ կապված վեճով լիազոր մարմնի կողմից կայացված որոշումը պարտադիր է մասնավոր գործընկերոջ համար, եւ վերջինս պարտավոր է կատարել այդ որոշմամբ սահմանված գործողությունը:

5. Բողոքի քննության արդյունքներով լիազոր մարմնի կողմից բողոքը մերժելու կամ մասնակի բավարարելու մասին որոշում կայացվելու դեպքում դիմողը կարող է լիազոր մարմնի մերժման որոշումը կամ մասնակի բավարարման որոշումը՝ բողոքի մերժման մասով, բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

6. Սույն հոդվածով նախատեսված կարգով մասնավոր գործընկերոջ բողոքարկված գործողության կամ անգործության հետեւանքով դիմողի կրած վնասը ենթակա է հատուցման լիազոր մարմնի կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կանոնների համաձայն:

Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն եւ «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքները:

3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող են տրամադրվել միայն սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթղթեր՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը շարունակում են գործել մինչեւ դրանց գործողության ժամկետը լրանալը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու դեպքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը կորցնում են իրենց ուժը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կացության հատուկ կարգավիճակ ստացած անձին տրվում է կացության քարտ, որում նշում է կատարվելու այն մասին, որ անձը ունի կացության հատուկ կարգավիճակ: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց հատուկ անձնագիրը շարունակում է գործել կարգավիճակի գործողության ամբողջ ընթացքում: Եթե այդ ժամկետում անձը դիմել է կարգավիճակը հավաստող նոր փաստաթուղթ ստանալու համար, ապա նրան տրամադրվելու է կացության քարտ, որում նշում է կատարվելու այն մասին, որ անձը ունի կացության հատուկ կարգավիճակ: