Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001թ. հունիսի 24-ի ՀՕ-200-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՏՈՆԵՐԻ ԵՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ամանոր եւ Սուրբ-ծննդյան տոներ
Ամանոր եւ Սուրբ-ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6 (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
Հոդված 2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 3. Բանակի օր
Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 4. Մեսրոպ Մաշտոցի օր
Մեսրոպ Մաշտոցի օր՝ նշվում է փետրվարի 17-ին:
Հոդված 5. Մայրենի լեզվի օր
Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
Հոդված 6. Սուրբ Վարդանանց տոն
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Հոդված 7. Ադրբեջանական ԽՍՀ-ոմ կազմակերպված հայերի ջարդերի զոհերի հիշատակի
Ադրբեջանական ԽՍՀ-ոմ կազմակերպված հայերի ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:
Հոդված 8. Կանանց միջազգային օր
Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 9. Մայրության եւ գեղեցկության տոն
Մայրության եւ գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը երկուշաբթի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Հոդված 11. Հայ կինոյի օր
Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 13-ին:
Հոդված 12. Հարկ վճարողի օր
Հարկ վճարողի օր՝ նշվում է ապրիլի 19-ին:
Հոդված 13. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 14. Աշխատանքի օր
Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 15. Երկրապահ-աշխարհազորայինի օր
Երկրապահ-աշխարհազորայինի օր՝ նշվում է մայիսի 8-ին:
Հոդված 16. Հաղթանակի եւ խաղաղության տոն
Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 17. Ընտանիքի օր
Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:
Հոդված 18. Ուսանողների եւ երիտասարդների օր
Ուսանողների եւ երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին:
Հոդված 19. Հանրապետության տոն
Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 20. Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 21. Սուրբ Էջմիածնի տոն
Սուրբ Էջմիածնի տոն՝ նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո:
Հոդված 22. Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակի օր
Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 14-ին:
Հոդված 23. Հայրերի օր
Հայրերի օր՝ նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը:
Հոդված 24. Սահմանադրության օր
Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 25. Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին:
Հոդված 26. Նավասարդ
Նավասարդ՝ ազգային ավանդույթների, մշակույթի եւ համայն աշխարհի հայերի միասնության օր՝ նշվում է օգոստոսի 11-ին:
Հոդված 27. Պետական խորհրդանիշների օր
Պետական խորհրդանիշների օր՝ նշվում է օգոստոսի 23-ին:
Հոդված 28. Գիտելիքի եւ դպրության օր
Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
Հոդված 29. Երեւանի եւ մարզերի օրեր
Երեւանի եւ մարզերի օրեր՝ նշվում է սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր հետեւյալ հերթականությամբ՝ Գեղարքունիքի օր, Շիրակի օր, Արմավիրի օր, Արարատի օր, Արագածոտնի օր, Լոռու օր, Տավուշի օր, Երեւանի օր, Սյունիքի օր, Կոտայքի օր, Վայոց ձորի օր:
Հոդված 30. Անկախության տոն
Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 31. Ուսուցչի օր
Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:
Հոդված 32. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հոդված 33. Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Հոդված 34. Տեղական ինքնակառավարման օր
Տեղական ինքնակառավարման օր՝ նշվում է նոյեմբերի 10-ին:
Հոդված 35. Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր
Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Հոդված 36. Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման միջազգային օր
Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման միջազգային օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:
Հոդված 37. Մեռելոց օրեր
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց հաջորդող մեռելոց օրերը համարվում են ոչ աշխատանքային:
Հոդված 38. Այլ տոների եւ հիշատակի օրերի սահմանման կարգը
Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր:
Հոդված 39. Ոչ աշխատանքային օրերի սահմանման կարգը
Բացառիկ նշանակության իրադարձությունների առթիվ կամ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր, բայց ոչ ի հաշիվ հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի:
Հոդված 40. Ազգային փոքրամասնությունների ազգային տոները եւ հիշատակի օրերը
Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ազգային փոքրմասնությունների առաջարկով, որոշում է ազգային փոքրամասնությունների համար ոչ աշխատանքային օրերը:
Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից»:
Հիմնավորում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2001թ. հունիսի 24-ին նախագահի առարկությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը հետագայում կրել է բավական շատ փոփոխություններ, ընդ որում, ավելացված հոդվածները տեղադրվել են առանց ժամանակագրական եւ իմաստային կապի, առաջացնելով խառնաշփոթ: Ստեղծվել է մի պատկեր, երբ օրինակ, Հոդված 4.-ը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը, լրացված է 4.1, 4.2 եւ 4.3 հոդվածներով, որոնք որեւէ կապ չունեն մայրության տոնի հետ: Նման օրինակները շատ են: Բացի այդ, խախտվել է տոների եւ հիշատակի օրերի ժամանակագրային հերթականությունը: Այսպես, Հոդված 16-ը եւ հոդված 17-ը, որոնք վերաբերում են Սուրբ Վարդանանց տոնին եւ Սուրբ Էջմիածնի տոնին, որոնք նշվում են տարվա առաջին կեսին, հայտնվել են դեկտեմբերին նշվող հիշատակի օրերից եւ տոներից հետո:
Միաժամանակ մինչ այժմ հանգստյան օր սահմանված չէ ազգային փոքրմասնությունների համար, իրենց գլխավոր տոնը կամ տոները նշելու համար: Տոնացույցում տեղ չի գտել նաեւ աշխարհի ամենահին տոներից մեկը՝ Նավասարդը, բացի այդ, տոնացույցում ամրագրված չէ Երեւանի եւ մարզերի օրերը: Շատերի համար նաեւ դժգոհություն եւ անհարմարություններ է առաջացնում այն, որ Հայ առաքելական եկեղեցու տաղավար հինգ տոներից հետո նշվող մեռելոցները չեն համարվում հանգստյան օրեր:
Գործող օրենքով կառավարությանը թույլատրվում է հանգստյան օրը վերածել աշխատանքայինի, ինչը անընդունելի է զբոսաշրջությունը զարգացման հիմնական ուղղություններից մեկը սահմանած երկրի համար: Այս ամենը, ինչպես նաեւ մի քանի այլ հանգամանքներ անհրաժեշտություն է առաջացրել վերանայել գործող օրենքը, հաշվի առնել բացերը, առկա առաջարկները, վերացնել խառնաշփոթը եւ բերել պատշաճ տեսքի:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն իսկ գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը եւ դրանք բերվել են առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի:
Յուրաքանչյուր տոնի եւ հիշատակի օրվա համար սահմանվել է առանձին հոդված, առանց 4.1 կամ 5.2 թվանշումների, պահպանվել է ժամանակագրությունը:
Ամբողջապես պահպանվել են հետեւյալ հոդվածները՝ Հոդված 1, 2, 21, 22, 3, 4, 4.3, 5, 6, 8, 8.1, 8.2, 9, 10, 101, 11.1, 12, 13, 13.1, 13.2, 14, 14.1, 15, 15.1, 16, 17, 18, 22-ը: Փոփոխվել են միայն համարակալումները:
Որոշակի փոփոխություններ են կրել մի քանի հոդվածներ: Այսպես, 4.1 հոդվածը ստացել է հետեւյալ բովանդակությունը. «Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը երկուշաբթի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»: Կարծում ենք այս ձեւակերպումն ավելի հստակ է եւ պարզ, քան գոյություն ունեցող կարգավորումը: Հոդված 4.2-ը առաջարկում եմ շարադրել հետեւյալ փոփոխմամբ. «Հոդված 11. Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 13-ին»: Գործող օրենքով Հայ կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին, սակայն բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական առաջին ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել ոչ թե ապրիլի 16-ին, այլ 13-ին: Առաջարկում եմ նաեւ հոդված 7-ը շարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Հոդված 15. Երկրապահ-աշխարհազորայինի օր՝ նշվում է մայիսի 8-ին»: Այս փոփոխությամբ մենք կհիշատակենք ոչ միայն մեկ առանձին վերցրած կազմակերպության, այլ բոլոր ժամանակներում բանակի կողքին կանգնած հայ աշխարհազորայիններին: Այդպես էլ չհիմնավորվեց, թե ինչու Հայաստանում հայրերի օրը պետք է նշվի հենց հունիսի 17-ին, ուստի առաջարկում եմ հոդված 10.2-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 23. Հայրերի օր՝ նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը»: ՄԱԿ-ի օրացույցով եւս հայրերի օրը նշվում է հենց հունիսի երրորդ կիրակի օրը: Գործող օրենքի հոդված 11-ով սահմանված է, որ նույն օրը՝ հուլիսի 5-ին նշվում է ինչպես սահմանադրության, այնպես էլ պետական խորհրդանիշների օրը: Առաջարկում եմ հուլիսի 5-ը թողնել որպես սահմանադրության օր, իսկ պետական խորհրդանիշների համար սահմանել առանձին օր՝ օգոստոսի 23-ը, երբ Անկախության հռչակագրի ընդունումից հետո առաջին անգամ կառավարության շենքի վրա բարձրացավ Հայաստանի հանրապետության եռագույն դրոշը: Այսպիսով առաջարկում եմ հետեւյալ տարբերակը՝ «Հոդված 24. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր» եւ «Հոդված 27. Պետական խորհրդանիշների օր՝ նշվում է օգոստոսի 23-ին»: Հոդված 19-ը առաջարկում եմ հետեւյալ խմբագրմամբ՝ «Հոդված 39. Բացառիկ նշանակության իրադարձությունների առթիվ կամ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր, բայց ոչ ի հաշիվ հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի»: Փորձը ցույց է տալիս, որ հանգստյան օրերից մեկը աշխատանքային դարձնելն առաջացնում է բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական կորուստներ պատճառելով եւ քաղաքացիներին եւ տնտեսվարողներին: Միաժամանակ, զբոսաշրջությունը որպես գերակա ուղղություններից մեկը հռչակած երկրում ցանկալի չէ, հանգստյան օրերի կրճատումը: Մասնագետներն էլ նշում են, որ մեկ ավելի հանգստյան օրը ոչ թե հարված է տնտեսությանը, այլ խթան: Հոդված 20-ը առաջարկում եմ ընդունել հետեւյալ շարադրմամբ. «Հոդված 40. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ազգային փոքրմասնությունների առաջարկով, որոշում է ազգային փոքրամասնությունների համար ոչ աշխատանքային օրերը»: Բացարձակապես անհրաժեշտություն է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար, իրենց ներկայացուցիչների հետ խորհրդակցելով, ընդունվի ոչ աշխատանքային օրեր: Սրանով մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք նրանց նկատմամբ, կբարձրացնենք Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ նաեւ կօգնենք եւ գործատուներին եւ հենց ազգային փոքրմասնություններին, որոնք այսօր դժվարությունների են հանդիպում իրենց կարեւորագույն տոները նշելիս, երբ այն համընկնում է աշխատանքային օրվա հետ:
Միաժամանակ առաջարկում եմ ընդունել մի քանի նոր հոդվածներ:
Տոնացույցում առկա է Թարգմանչած տոնը, բայց կարեւորում եմ հայ գրերի գյուտի հեղինակին՝ Մեսրոպ Մաշտոցին նվիրենք նաեւ մեկ առանձին օր եւ այն նշենք նրա մահվան օրը՝ փետրվարի 17-ին, Մայրենի լեզվի օրվանից չորս օր առաջ եւ կունենանք մի ամբողջ շաբաթ նվիրված մեր գրերին եւ լեզվին:
Ունենալով աշխարհում ամենահայտնի հիշատակված տոներից մեկը՝ Նավասարդը, մենք անկախության վերանվաճումից հետո այն չենք ընդգրկել մեր տոնացույցում: Առաջարկում եմ լրացնել այս բացը եւ այս տոնը ներառել օրենքում հետեւյալ շարադրմամբ. «Հոդված 26. Նավասարդ՝ ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր՝ նշվում է օգոստոսի 11-ին»: Այս տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանը եւ տարածմանը, այլ կարեւոր օր կդառնա սփյուռքահայերի Հայաստան ժամանելու եւ տոնակատարություններին մասնակցելու համար: Խելամիտ քաղաքականության դեպքում այս տոնը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Մինչ այս պահը Երեւանի օրը նշվում է որպես տեղական նշանակության օր, իսկ մարզերը, որպես այդպիսին իրենց տոնական օրերը չունեն: Պետականության կայացման համար վաղուց հասունացել էր, որ առանձին օրերի նշվի մարզերի եւ Երեւանի տոնը: Հստակ սահմանել եմ, թե որ օրերին, որ մարզի տոնը պետք է նշվի, հաշվի առնելով նաեւ բնակլիմայական պայմանները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզերի բնակիչները այլ մարզերում լինում են հազվադեպ կամ չեն լինում ընդհանրապես: Մարզերի տոները ոչ միայն պետք է անցկացվի տվյալ մարզի մարզկենտրոնում եւ քաղաքներում, այլ այդ մարզի ներկայացուցիչները այդ օրը միջոցառումներ պետք է կազմակերպեն այլ մարզերում, համակողմանիորեն ներկայացնելով իրենց մարզերը: Սա նաեւ կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը:
Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների առաջարկները, կարծիքները, առաջարկում եմ հանգստյան օրեր սահմանել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի եւ Խաչվերացին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերը սահմանել ոչ աշխատանքային: Տեսակետներ կան, թե այս որոշմամբ հարված կհասցնենք տնտեսությանը, բայց այս փաստարկը հիմնավոր չէ: Հիմնավորված չէ նաեւ բանկային համակարգի խնդիրների վերաբերյալ հիշատակումները: Նույն կերպ կարելի է հիմնավորել եւ պահանջել աշխատանքային օրեր դարձնել նաեւ մյուս բոլոր ոչ աշխատանքային օրերը: Այս որոշումը շատ դրական բարոյահոգեբանական ազդակ կհանդիսանա մեր հանրության համար:
Կարծում եմ առաջարկվող փոփոխությունները միայն դրական նշանակություն կունենան մեր երկրի բարոյագոգեբանական վիճակի եւ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ