Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գործընթաց» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի 34-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35) իրականացնում է Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը եւ գրանցման դադարեցումը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.
«Հոդված 14.1 Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը, գրանցման դադարեցումը եւ առողջության սերտիֆիկատը
1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ սույն հոդվածում տնտեսավարող սուբյեկտ) պետք է գրանցված լինեն Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում (այսուհետ՝ սույն հոդվածում համակարգ):
2. Համակարգում գրանցվելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով դիմում է ներկայացնում լիազոր մարմին:
3. Դիմումը ստանալուց հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում՝ Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով: Սույն մասով սահմանված հրամանում նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը եւ հասցեն, ստուգման նպատակը եւ ժամանակահատվածը:
4. Ստուգման ավարտից հետո անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տեսուչի կողմից ստուգման արդյունքներով կազմված համապատասխանության վերաբերյալ եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում եւ ներկայացնում Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը:
5. Եվրոպական Հանձնաժողովի հաստատումը ստանալուց հետո՝ տնտեսավարող սուբյեկտը համարվում է համակարգում գրանցված եւ լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է գրանցման համար:
6. Համակարգում գրանցումը անժամկետ է:
7. Համակարգում գրանցման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում լիազոր մարմնի սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու կամ Եվրոպական Հանձնաժողովի կողմից գրանցումը չհաստատելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի համակարգում գրանցման նպատակով ներկայացված դիմումը մերժվում է:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով գրանցման նպատակով դիմումը մերժելն արգելք չէ հետագայում նորից դիմելու համար:
9. Համակարգում գրանցված լինելու դեպքում՝ Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար տնտեսավարող սուբյեկտը հայտ է ներկայացնում լիազոր մարմին՝ առողջության սերտիֆիկատ ստանալու նպատակով:
10. Գրանցման պահից սկսած՝ տարին առնվազն մեկ անգամ, լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվում է ստուգում՝ Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում՝ տրվում է հանձնարարական` (կարգադրագիր) սահմանելով դրանք վերացնելու համար ժամկետ, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա լիազոր մարմնը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ պետք է հայտ ներկայացնեն Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Ներկայումս Եվրոպական միության երկրներ արտահանելու նպատակով հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ:
Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ Եվրոպական Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար, պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:
Այս համատեքստում, որպեսզի հնարավոր լինի Կառավարության որոշման նախագծերում սահմանել Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցվելու, գրանցումը դադարեցնելու, ստուգումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգը եւ Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձուկ եւ ձկնամթերքի արտահանման նպատակով՝ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին եւ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը, անհրաժեշտ է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը հանդիսանում է տնտեսական գործունեություն, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ հրատապությունը՝ ինչը նոր հնարավորություն կընձեռի արտադրողներին նոր շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, առաջարկվում է նախագծերի փաթեթը համարել հրատապ եւ անհետաձգելի:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել եւ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվի Եվրոպական Միության կանոնակարգերի պահանջները, ինչը երաշխիք կհանդիսանա Եվրոպական Միության երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի եւ հարակից նախագծի փաթեթի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում եւ համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի եւ հարակից նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի եւ հարակից նախագծի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Կառավարության որոշմամբ սահմանել Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցվելու, գրանցումը դադարեցնելու, ստուգումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգը, ինչպես նաեւ ձկնաբուծական տնտեսություններին եւ ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջները կարգը:
Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում