Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին մասում «տրամադրումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Կառավարության հաստատած կարգով սահմանված դեպքերում դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 293.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասում «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի)» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ՝ տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչեւ հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով՝
«3.1. Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինը իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ եռամսյակային պարբերականությամբ: Մշտադիտարկման արդյունքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից կարող է դադարեցվել Կառավարության hաստատած կարգով սահմանված դեպքերում:»,
4) 4-րդ մասում «սահմանվել» բառից հետո լրացնել «սպասարկման եւ» բառերը, իսկ «հարկ վճարողների ցանկը» բառերը փոխարինել «եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկերը» բառերով,
5) 5-րդ մասում «կարգը սահմանում է» բառերը փոխարինել «եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգերը հաստատում է» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ եւ արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաեւ անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր» բառերը փոխարինել «օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «Ըստ ռիսկայնության աստիճանը» բառերից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում, համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս, կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները. Հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը, որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաեւ հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ ՀՀ հարկային օրենսգրքում 2021թ, կատարված փոփոխություններով եւ ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ ներդրվեց օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը:
Օրինապահ հարկ վճարողին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են օրենսգրքի 293.1-ին հոդվածով: Միաժամանակ, այդ հոդվածի 3-րդ մասով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամկետը սահմանված է հավաստագրի տրամադրման օրվանից 12 ամիս:
Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու օրենսգրքով սահմանված կարգավորումները եւ նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաեւ կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները: Այդ նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին, հաշվի առնելով, որ ներդրումային ֆոնդը կարող է հանդիսանալ նաեւ ակտիվների համախումբ եւ նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը, որը սահմանված կարգով կարող է դիմել եւ ստանալ հավաստագիր, ինչպես նաեւ կիրառվող շահութահարկի նվազ՝ 0.01% դրույքաչափը,
2) oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ,
3) հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, նպատակ ունենալով ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսեւորումը,
4) Կառավարության կողմից կսահմանվի հավաստագրի գործողության դադարեցման կարգը, որտեղ կնշվեն այն դեպքերը, երբ իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը կդադարեցվի:
5) oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը օրենսգրքով սահմանված հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական՝ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի միջոցով,
6) համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկկիրառվի 0,8 գործակից:
Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության բարենպաստ պայմանների ընդլայնման շրջանակներում նախատեսվում է հավաստագիր ունեցող օրինապահ հարկ վճարողների ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով սահմանել առաջնահերթություն, մասնավորապես՝ վերանայելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ռիսկային համարվելու չափանիշները:
3. Կարգավորման առարկան
Նախագծով սահմանվում են կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողերի գործունեության նկատմամբ մշտադիրակման իրականացման կարգավորումները, ինչպես նաեւ սահմանվում են հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված N 1-ի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2.3 կետից, որով նախատեսվում է իրականացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի կատարելագործում եւ հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաեւ գնահատվի, լինի շահավետ:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում: Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային եւ մաքսային կարգապահության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում