Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկային, փորձագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաեւ վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում եւ այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:
2. Վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Վարչական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում վարչական մարմինը սույն մասում նշված անձանց վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու հետ միաժամանակ ծանուցում է նաեւ վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ վարչական մարմին գրավոր դիրքորոշում եւ այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային եւ ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, որի դեպքում վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում եւ այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը վարչական մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչեւ երկշաբաթյա ժամկետով:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր: Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն եւ նման անհրաժեշտության հիմնավորում: Բանավոր լսում անցկացնելու դեպքում վարչական մարմինը կայացնում է վարչական վարույթի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ որոշում եւ որոշման կայացումից հետո եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին եւ, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին: Նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար:»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, բացառությամբ սույն օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկային եւ ոչ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթների, որոնցով իրականացվող վարչական վարույթի առավելագույն ժամկետը 60 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:»:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է կամ վերաբերում է ինքնակամ շինությունների օրինականցմանը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինմանը եւ (կամ) օգտագործմանը կամ քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելուն (բացառությամբ ավարտական ակտերի (շահագործման թույլտվությունների) եւ պարզեցված ընթացակարգով տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերի): Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում:»:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով, ինչպես նաեւ 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը, եթե օրենքով վարչական վարույթի վերսկսման այլ ժամկետ նախատեսված չէ:»:
Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ: Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով վարչական բողոքի քննարկումն իրականացվում է գրավոր ընթացակարգով՝ սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով գրավոր ընթացակարգով իրականացվող վարչական վարույթների առանձնահատկությունները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի 4-րդ հոդվածով Օրենքի 48-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական վարույթների վրա: