Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13349-21.04.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 5.5-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 5.5. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումը

1. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնել կամ ծառայություններ մատուցել կարող են միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում: