Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն oրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Երեւան քաղաքում (այսուհետ՝ Երեւան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկություններն ու լիազորությունները, լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության իրականացման դեպքերը եւ ընթացակարգը:
Հոդված 2. Երեւանի իրավական կարգավիճակը եւ վարչական սահմանները
1. Երեւանը համայնք է՝ Երեւանի բնակչության հանրություն:
2. Երեւանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
3. Երեւանը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:
4. Երեւանն ունի բյուջե, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:
5. Երեւանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
6. Երեւանը բաժանվում է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
7. Երեւանի վարչական շրջանների սահմանները սահմանվում են Երեւանի ավագանու որոշմամբ:
Հոդված 3. Երեւանի տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները
1. Երեւանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքների վրա:
Հոդված 4. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց ձեւավորման կարգը, իրավական կարգավիճակը եւ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները
1. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են՝
1) Երեւանի ավագանին (այսուհետ՝ ավագանի).
2) Երեւանի քաղաքապետը (այսուհետ՝ քաղաքապետ):
2. Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
3. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է եւ գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից:
4. Ավագանին կազմված է 65 անդամից:
5. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
6. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրը:
7. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել պաշտոն Երեւանի ենթակայության կազմակերպություններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված hանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ, զբաղեցնել պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
8. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
9. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
10. Քաղաքապետը՝
1) ներկայացնում է Երեւանը՝ որպես համայնք, ավագանին եւ քաղաքապետարանը այլ անձանց եւ մարմինների հետ հարաբերություններում.
2) ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները.
3) ավագանու անդամ է.
4) ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով.
5) օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում՝ ներկայացնելով Երեւանը՝ որպես համայնք, ավագանին եւ քաղաքապետարանը, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:
11. Ավագանու եւ քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով:
Հոդված 5. Երեւանում տեղական ինքնակառավարման իրավական հիմքերը
1. Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով:
2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով եւ այլ օրենքներով:
3. Սույն օրենքով նախատեսված համայնքային քաղաքական, վարչական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջների հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
Հոդված 6. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը եւ պաշտոնական համացանցային կայքը
1. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում՝ Արգիշտի փողոց 1 հասցեում:
2. Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ՝ նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել նաեւ այլ վայրում:
3. Երեւանի պաշտոնական համացանցային կայքն է՝ www.yerevan.am:
Հոդված 7. Երեւանի խորհրդանիշերը
1. Երեւանի խորհրդանիշերն են՝
1) Երեւանի զինանշանը.
2) Երեւանի դրոշը.
3) Երեւանի օրհներգը:
2. Երեւանի զինանշանի եւ դրոշի նկարագրությունը, ինչպես նաեւ Երեւանի օրհներգը սահմանում է ավագանին:
3. Ավագանու, քաղաքապետի նստավայրի շենքի վրա, ավագանու նիստերի դահլիճում եւ քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Երեւանի դրոշն ու զինանշանը:
4. Երեւանի խորհրդանիշերի օգտագործման կանոնները եւ պահանջները, ինչպես նաեւ դրանց պարտադիր օգտագործման դեպքերը եւ կարգը սահմանում է ավագանին:
ԳԼՈՒԽ 2
ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 8. Ավագանու լիազորությունները
1. Ավագանին՝
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երեւանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) կանոնադրությունը.
5) սահմանում է քաղաքապետարանի կառուցվածքին, այդ թվում՝ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներին, եւ հաստիքացուցակին ներկայացվող պահանջները, քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքապետարանի համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց եւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց առավելագույն թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը (այդ թվում՝ քաղաքապետի), ինչպես նաեւ հավելավճարների, լրավճարների չափերը եւ դրանց տրամադրման դեպքերը.
6) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի զարգացման հնգամյա եւ այլ ծրագրերի մասին.
7) քաղաքապետի ներկայացմամբ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ՝ համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ): Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
8) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի սեփականություն համարվող գույքի գույքագրման եւ կառավարման կարգի վերաբերյալ, որում պետք է նշվեն Երեւանի սեփականությունը համարվող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման եղանակը, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում՝ օգտագործման ժամկետը եւ վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում՝ վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում՝ մեկնարկային գինը, ընդ որում՝ որոշմամբ օտարման առաջարկվող հողամասերի դեպքում պետք է նշվեն նաեւ հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը.
9) սահմանում է Երեւանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները եւ իրականացման կարգը.
10) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների (այսուհետ նաեւ փոխառություններ) եւ օրենքով սահմանված այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
11) ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ սահմանում է Երեւանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
12) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում Երեւանի մասնակցության եւ այդ մասնակցության դադարեցման մասին.
13) որոշում է ընդունում Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.
14) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի, հատակագծի եւ դրա փոփոխությունների հաստատման վերաբերյալ.
15) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երեւանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
16) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
17) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների եւ այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
18) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.
19) որոշում է ընդունում Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.
20) ի լրումն առեւտրի (այդ թվում՝ բացօթյա) եւ ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների՝ սահմանում է Երեւանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, կանոններ եւ վաճառքի ենթակա լրացուցիչ ապրանքների տեսակները.
21) ի լրումն աղմուկի եւ փոշու արտանետումների օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի՝ սահմանում է Երեւանում լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմաններ եւ կանոններ՝ ըստ առանձին վայրերի.
22) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երեւանի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները.
23) սահմանում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց որակավորման աստիճանների չափորոշիչները, դրանց շնորհման, կասեցման եւ դադարեցման կարգը.
24) սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
25) սահմանում է շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանելու համար վճարների չափը.
26) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական եւ այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ պահելու եւ հաշվառելու կարգը.
27) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը.
28) որոշում է ընդունում Երեւանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երեւանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.
30) որոշում է ընդունում Երեւանում գտնվող համայնքային գերեզմանատների գործունեության եւ դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման կարգի, շահագործման լրացուցիչ կանոնների եւ սահմանափակումների վերաբերյալ.
31) սահմանում է այն շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
32) որոշում է ընդունում Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների վերաբերյալ.
33) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» եւ «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված լիազորություններ.
34) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երեւանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին Երեւանի պատվավոր կոչումներ եւ պարգեւներ շնորհելու կարգը.
37) քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է քաղաքապետին եւ վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման եւ գործունեության կարգը, լիազորությունները.
38) սահմանում է Երեւանում կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը եւ ժամը.
39) սահմանում է Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման սեզոնների (ամառային եւ ձմեռային) ժամկետները, տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, իսկ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների համար, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, սահմանում է լրացուցիչ պահանջներ.
41) սահմանում է Երեւանի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) եւ մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները.
42) սահմանում է Երեւանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
43) սահմանում է Երեւանի խորհրդանիշերի օգտագործման կանոնները եւ պահանջները, ինչպես նաեւ դրանց պարտադիր օգտագործման դեպքերը եւ կարգը.
44) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) ուղեփակոցների եւ արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
45) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում եւ տանիքին, սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արեւային կայանների, դեկորատիվ առարկաների եւ այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
46) սահմանում է Երեւանի վարչական տարածքում ինքնակամ կառույցներ իրականացրած անձանց սեփական նախաձեռնությամբ դրանց քանդման (ապամոնտաժման) դեպքում քանդման ծախսերի իրականացման համար օժանդակության տրամադրման չափը եւ կարգը.
47) սահմանում է Երեւանի վարչական տարածքում զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման եւ կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները.
48) սահմանում է Երեւանի վարչական տարածքում ավագանու կամ քաղաքապետի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
49) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության լրացուցիչ պայմանները, պահանջները եւ սահմանափակումները, ինչպես նաեւ շինության տեսակի փոփոխության պայմանները, պահանջները եւ սահմանափակումները.
50) սահմանում է Երեւանի վարչական տարածքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքապետի կողմից իրականացվող վերահսկողության իրականացման կարգը, պահանջները, պայմանները.
51) սահմանում է Երեւանի վարչական տարածքում մինչեւ 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկության թույլատրելի վայրերը, բացառությամբ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաեւ ի լրումն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում սահմանված նորմերի՝ Երեւանի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով եւ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթեւեկելու լրացուցիչ պայմանները, պահանջները եւ սահմանափակումները.
52) սահմանում է քաղաքապետի կողմից քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման ավագանու կողմից հաստատված չափորոշիչներից, կանոններից, պահանջներից եւ սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ տրամադրելու կարգը.
53) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է Երեւանի քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաեւ աշխատանքային պլանը.
54) սահմանում է Երեւանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների եւ այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կարգը.
55) հաստատում է քաղաքապետարանի կանոնադրությամբ նախատեսված՝ ավագանու կողմից հաստատման ենթակա պայմանագրերը (ներառյալ՝ դրանց փոփոխությունները).
56) սահմանում է Երեւանի վարչական տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները եւ կենդանիների հաշվառման կարգը:
2. Ավագանին կարող է իրականացնել այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 9. Ավագանու անդամի թափուր տեղը համալրելը
1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման դեպքում այդ մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:
Հոդված 10. Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
1. Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե՝
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում.
3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:
2. Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
3. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
4. Ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը:
5. Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ավագանին իրավունք չունի ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, անվստահություն հայտնելու քաղաքապետին, ընդունելու կամ փոփոխելու Երեւանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը:
6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:
Հոդված 11. Ավագանու անդամի իրավունքները եւ պարտականությունները
1. Ավագանու անդամն իրավունք ունի՝
1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, Երեւանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու, առաջարկություններ ներկայացնելու քննարկվող հարցերի վերաբերյալ.
4) կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.
5) ավագանու եւ քաղաքապետի որոշումները, գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան՝ ավագանու կամ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.
6) իրականացնելու սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:
2. Ավագանու անդամը պարտավոր է՝
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին.
4) պահպանել Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները եւ անցագրային ռեժիմը.
5) իրականացնել սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 12. Ավագանու անդամի շահերի բախումը
1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:
2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:
Հոդված 13. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել:
2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա քաղաքապետը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքապետի պաշտոնակատարը կամ աշխատակազմի ղեկավարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:
5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետին կամ քաղաքապետի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Քաղաքապետի կամ պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին: Մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
6. Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի միջոցով:
Հոդված 14. Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները
1. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ավագանու սահմանած կարգով կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ խմբակցության քարտուղարը՝ քառապատիկի, իսկ մշտական հանձնաժողովի նախագահը եւ խմբակցության ղեկավարը՝ հինգապատիկի չափով:
2. Քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան գրավոր դիմումը ներկայացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ընդունել նրան:
3. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի վարչական շենքերում կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել ավագանու անդամին՝ Երեւանի բնակիչների ընդունելության, ինչպես նաեւ հանրային հանդիպումներ կազմակերպելու համար:
4. Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել ավագանու՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ՝ քվեարկության, ինչպես նաեւ ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:
Հոդված 15. Ավագանու իրավական ակտերը եւ դրանց ընդունման կարգը
1. Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Երեւանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երեւանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երեւանի վարչական տարածքում:
3. Ավագանու որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
4. Ավագանու հայտարարությունները եւ ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է քաղաքապետը:
5. Ավագանու որոշումները ստորագրում եւ հրապարակում է քաղաքապետը սույն օրենքով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Ավագանու նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց, իսկ անհատական եւ ներքին իրավական ակտերն՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով: Ավագանու նորմատիվ, անհատական եւ ներքին իրավական ակտերը ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում եւ ուժի մեջ մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձը ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն եւ արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
Հոդված 16. Ավագանու որոշումների, հայտարարությունների, ուղերձների ընդունման նախաձեռնությունը, քննարկումը
1. Ավագանու որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է քաղաքապետին, ինչպես նաեւ ավագանու անդամին, սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին՝ բացառությամբ սույն օրենքով եւ այլ օրենքներով միայն քաղաքապետի ներկայացմամբ քննարկվող նախագծերի: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:
2. Ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ընդունումը կարող է նախաձեռնել նաեւ ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:
3. Ընտրողների նախաձեռնությունները կատարելու եւ ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
4. Որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:
Հոդված 17. Ավագանու գործունեության կազմակերպումը
1. Ավագանին գործում է իր կանոնակարգին համապատասխան՝ նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքի միջոցով:
2. Քաղաքապետն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավագանու՝ սույն օրենքով, ինչպես նաեւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:
3. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաեւ Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 18. Ավագանու հերթական նստաշրջանները եւ նիստերը
1. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ, որոնց օրերը որոշում է ավագանին: Ավագանու որոշած օրը նիստը չկայացած համարվելու կամ ավագանու կողմից հաջորդ նիստի օրվա վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում, հաջորդ նիստի օրը որոշում է քաղաքապետը:
Հոդված 19. Ավագանու հերթական նիստի օրակարգը եւ որոշման, հայտարարության, ուղերձի նախագծեր ներկայացնելը
1. Ավագանու նիստերի օրակարգը նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կազմում եւ հաստատում է քաղաքապետը:
2. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում կարող են ընդգրկվել նիստից առնվազն երկու օր առաջ:
3. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը եւ ավագանու կանոնակարգով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
4. Նիստի օրակարգը, դրանում ընդգրկված որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը եւ դրանց կից փաստաթղթերը օրակարգը հաստատելուց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրվում են ավագանու անդամներին՝ կանոնակարգով սահմանված կարգով:
Հոդված 20. Հանրության տեղեկացումը ավագանու հերթական նիստերի մասին
1. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ քաղաքապետը Երեւանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ՝ կցելով նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի մասին որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը:
Հոդված 21. Ավագանու նիստը
1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
2. Ավագանու նիստը վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ՝ քաղաքապետի առաջին տեղակալը: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
3. Ավագանու նիստը իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է ավագանու անդամների օրենքով սահմանված ընդհանուր թվի կեսից ավելին:
4. Ավագանու անդամի գրանցումն իրականացվում է կանոնակարգով սահմանված կարգով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, նիստերի սկզբում: Գրանցումից ուշացած ավագանու անդամի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է աշխատակազմի ծառայողը:
5. Եթե գրանցված ավագանու անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով ավագանու անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝
1) ապահովման դեպքում նիստը վարողն ավագանու անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին.
2) չապահովման դեպքում՝ հերթական կամ արտահերթ նիստերը համարվում են չկայացած:
6. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ:
7. Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:
8. Քաղաքապետի տեղակալները եւ վարչական շրջանների ղեկավարները իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ունենալ արտահերթ ելույթներ:
9. Ավագանու նիստերին խմբակցությունների առաջարկության հիման վրա եւ նիստը վարողի հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք:
10. Ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից բացի, կարող են ներկա լինել օրենքով նման իրավունք ունեցող անձինք, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երեւանի ենթակայության կազմակերպությունների աշխատողները:
11. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին՝ Երեւանի քաղաքապետարանում առանձնացված տեղում:
12. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Հոդված 22. Ավագանու արտահերթ նիստը
1. Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:
3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաեւ Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 23. Ավագանու խմբակցությունների ստեղծման կարգը
1. Ավագանու խմբակցությունները համարվում են ստեղծված նորընտիր ավագանու առաջին նիստի օրը՝ հետեւյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
2. Ավագանու խմբակցությունը ստեղծվելուց հետո քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին եւ քաղաքապետին:
4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից:
5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման մասին գրավոր տեղեկացվում է քաղաքապետին, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:
Հոդված 24. Խմբակցությունների գործունեության ապահովումը
1. Ավագանու նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:
2. Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում կամ Երեւանի ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական եւ կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:
3. Խմբակցության գործավարը եւ փորձագետներն աշխատանքի են ընդունվում աշխատակազմի ղեկավարի կողմից՝ ժամկետային պայմանագրով՝ համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:
4. Մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ մեկ փորձագետ, 7-ից 11 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար եւ 2 փորձագետ, իսկ 11-ից ավելի անդամ ունեցողը՝ մեկ գործավար եւ 3 փորձագետ:
Հոդված 25. Ավագանու մշտական հանձնաժողովները
1. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման եւ նախապատրաստման, ինչպես նաեւ ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:
2. Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:
3. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը՝ ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով՝ Գխ=Ախ /(Պխ +1), որտեղ՝
1) Գխ-ն խմբակցության գործակիցն է,
2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,
3) Պխ-ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:
4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքն ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարը, Երեւանի ենթակայության կազմակերպությունները ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ:
6. Մշտական հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Ավագանու անդամների՝ այս կամ այն մշտական հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան խմբակցությունը, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա:
Հոդված 26. Ժամանակավոր հանձնաժողովները
1. Ավագանու առանձին որոշումների, հայտարարությունների, ուղերձների նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:
2. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան 2 ամիս: Երեւանի ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները կարող են երկարաձգվել եւս 2 ամսով:
3. Ժամանակավոր հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 27. Քննիչ հանձնաժողովը
1. Ավագանու որեւէ խմբակցության պահանջով Երեւանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով: Պահանջի հետ ներկայացվում է նաեւ հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը:
2. Խմբակցությունը քննիչ հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
3. Քննիչ հանձնաժողովը գործում է մինչեւ տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:
4. Քննիչ հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին հանձնաժողովի կազմը հաստատելու որոշմամբ չի հաստատում այլ հավասար ներկայացուցչության թվաքանակ:
5. Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչական շրջանների ղեկավարը, Երեւանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր: Քննիչ հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
6. Քննիչ հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Հոդված 28. Այլ պաշտոնատար անձանց պարտադիր մասնակցությունը ավագանու նիստերին
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով քաղաքապետը, նրա տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել ավագանու կողմից որոշված նիստերին եւ պատասխանել ավագանու անդամների հարցերին:
Հոդված 29. Ավագանու անդամի գրավոր եւ բանավոր հարցերը
1. Ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները եւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին: Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո՝ երեք շաբաթվա ընթացքում, տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
2. Ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում: Գրավոր հարցերի պատասխանները ավագանու նիստում չեն ներկայացվում:
Հոդված 30. Հրատապ թեմայով քննարկումները
1. Ավագանու հերթական նիստում ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:
Հոդված 31. Տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը եւ լսումներ անցկացնելը
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում:
Հոդված 32. Քաղաքապետին անվստահություն հայտնելը
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո՝ 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:
4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի՝ քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
7. Գործող քաղաքապետը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորություններն ստանձնելուց կամ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
9. Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:
Հոդված 33. Քաղաքապետարանի կանոնադրությունը
1. Քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվում են.
1) ավագանու կողմից հաստատման ենթակա պայմանագրերի տեսակները (ներառյալ՝ դրանց փոփոխությունները).
2) համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները եւ դրանց իրականացման կարգը.
3) սույն օրենքով քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանվող այլ կարգավորումներ:
ԳԼՈՒԽ 3
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 34. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը
1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:
2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա՝
1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.
2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
3) հրաժարական է տվել.
4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.
5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.
6) մահացել է:
3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:
Հոդված 35. Քաղաքապետի լիազորությունների ստանձնումը
1. Քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո՝ երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված հետեւյալ երդմամբ.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ.
Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:
2. Քաղաքապետի երդման արարողության կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Հոդված 36. Քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը
1. Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ եւ կարող է ունենալ եւս ոչ ավելի, քան 5 տեղակալ:
2. Քաղաքապետի առաջին տեղակալը կատարում է քաղաքապետի պարտականությունները ընտրված քաղաքապետ չլինելու, քաղաքապետի արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, ինչպես նաեւ քաղաքապետի հանձնարարությամբ (որոշմամբ)՝ վերջինիս գործուղման ժամանակ կամ հարգելի բացակայության այլ դեպքերում:
3. Քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:
4. Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երեւանի ավագանու անդամ, որին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին, իսկ ազատում է քաղաքապետը:
5. Քաղաքապետի տեղակալներին, բացառությամբ առաջին տեղակալի, պաշտոնի նշանակում եւ ազատում է քաղաքապետը:
6. Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են իրենց վերապահված լիազորությունները:
7. Քաղաքապետի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի (Երեւանի) ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում:
8. Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ:
9. Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ, այդ թվում՝ հասարակական հիմունքներով, օգնականներ եւ մամուլի քարտուղար:
10. Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին եւ օգնականներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը:
Հոդված 37. Քաղաքապետի իրավական ակտերը
1. Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ եւ արձակում կարգադրություններ, որոնք ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Քաղաքապետի իրավական ակտերն՝ ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) եւ նույն ժամկետում տեղադրվում են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
Հոդված 38. Քաղաքապետի գործունեության կազմակերպումը
1. Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ համայնքային հիմնարկների միջոցով:
2. Քաղաքապետի իրավասության շրջանակներում վարչական ակտեր ընդունելու իրավասությունը եւ այլ գործառույթների ապահովման իրականացումը քաղաքապետի որոշմամբ կարող է վերապահվել քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին եւ այլ պաշտոնատար անձանց:
Հոդված 39. Քաղաքապետարանի աշխատակազմը
1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
2. Քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային (դեպարտամենտ, վարչություն, քարտուղարություն, բաժին, ծառայություն) եւ առանձնացված (վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ) ստորաբաժանումներ:
4. Դեպարտամենտի կազմում կարող են ներառված լինել վարչություններ եւ (կամ) բաժիններ:
5. Ավագանու որոշմամբ սահմանվում է աշխատակազմին փոխանցվող (սեփականության կամ օգտագործման իրավունքով) գույքի ցանկը, որի տնօրինումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:
6. Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը եւ համակարգումը.
2) հսկողություն է իրականացնում քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքի նկատմամբ եւ դրանց մասին զեկուցում քաղաքապետին.
3) ապահովում է Երեւանի բյուջետային ծախսերի կատարումը.
4) կազմակերպում է Երեւանի բնակիչների ընդունելությունը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.
5) հաստատում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից զբաղեցված շենքերում եւ դրանց տարածքում գործող անվտանգության կանոնները եւ անցագրային ռեժիմը.
6) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության եւ արխիվային գործի վարումը.
7) կարող է սահմանել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համազգեստի եւ անհրաժեշտ տարբերանշանների ձեւերը.
8) իրականացնում է օրենքով եւ քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
7. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
Հոդված 40. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու աշխատանքները եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
2) առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին եւ աշխատակազմի ղեկավարին.
3) համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին կամ դեպարտամենտների ղեկավարներին.
4) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի հասցեավորումը եւ համարակալումը, տրամադրում է անշարժ գույքի հասցե.
6) տալիս է համայնքի կամ համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշերը որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն.
7) պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին եւ հաստատում է նրանց հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը.
8) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների, այդ թվում՝ հիմնարկների, կառուցվածքի, աշխատողների քանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
9) հաստատում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը.
10) նշանակում եւ ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.
11) Երեւանի քաղաքապետարան ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները եւ (կամ) բողոքները «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով քննելու եւ որոշումները կայացնելու լիազորությունները վերապահում է աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին եւ ստորաբաժանումների համայնքային ծառայողներին.
12) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ կազմակերպում եւ ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
13) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ եւ պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.
14) իրականացնում է Երեւանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը եւ ապահովում դրանց շահագործումը.
15) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.
16) ավագանու սահմանած կարգով քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա տրամադրում է ավագանու կողմից հաստատված չափորոշիչներից, կանոններից, պահանջներից եւ սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ.
17) ավագանու սահմանած կարգով տալիս է Երեւանի վարչական տարածքում կենդանիներ պահելու թույլտվություն.
18) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու եւ իր գործունեության մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում.
19) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Քաղաքապետի սույն օրենքով եւ այլ օրենքներով տրված լիազորությունները լիակատար եւ բացառիկ են, դրանք կարող են սահմանափակվել միայն օրենքով:
3. Քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երեւանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
2) մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.
3) օրենքով Երեւանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:
Հոդված 41. Քաղաքապետի լիազորությունները ֆինանսների բնագավառում
1. Քաղաքապետը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմում է Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.
2) տնօրինում է Երեւանի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.
3) հսկում է գլխավոր ֆինանսիստի եւ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ֆինանսական գործունեությունը.
4) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի (այդ թվում՝ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» օրենքներով հաշվարկված գույքահարկի եւ հողի հարկի), տուրքերի եւ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց վճարների, Երեւանի սեփականություն համարվող գույքի օգտագործումից եւ օտարումից մուտքերի գանձումն ու վերահսկումը.
5) Երեւանի բյուջեի հարկերը եւ օրենքով սահմանված այլ մուտքերը (բացառությամբ եկամտային հարկի, շահութահարկի եւ բնապահպանական հարկի գծով) չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.
6) ավագանու առջեւ հանդես է գալիս բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ.
7) ապահովում է օրենսդրության շրջանակներում քաղաքապետարանում ներքին աուդիտի համակարգի առկայությունը:
Հոդված 42. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում
1. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) «Քաղաքաշինության մասին» օրենքով եւ այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականացնում է քաղաքապետը.
2) օրենքով սահմանված կարգով տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
3) տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է Երեւանի վարչական տարածքում գտնվող կառավարման մարմին չունեցող բազմաբնակարան շենքերի կառավարումը.
4) սահմանված կարգով վերաhսկողություն է իրականացնում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ.
5) որոշում է ընդունում Երեւանի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային եւ (կամ) գործառնական նշանակությունը Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու (սահմանելու) վերաբերյալ.
6) որոշում է ընդունում Երեւանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության, ինչպես նաեւ շինության տեսակի փոփոխության վերաբերյալ.
7) քաղաքաշինական օբյեկտներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.
8) ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում եւ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
9) ընդունում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված եւ չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում եւ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
10) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ինքնակամ շինարարության կասեցման եւ ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները.
11) վերահսկողություն է իրականացնում Երեւանի տարածքում գտնվող հողամասերի, շենքերի եւ շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
12) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.
13) կազմակերպում է Երեւանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրամատակարարման համակարգերի, կոյուղու, գազի, ոռոգման, ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
14) կազմակերպում է աղբահանությունը, փողոցների, հրապարակների, այգիների եւ ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը եւ կանաչապատումը, վերահսկում է գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից պարտադիր բարեկարգման իրականացումը.
15) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» եւ «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.
16) կազմում է Երեւանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը եւ ներկայացնում ավագանուն.
17) ներկայացնում է ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված Երեւանի քաղաքապետի որոշմամբ չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված եւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան եւ ստորաբաժանված շենքերում, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված եւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ չօրինականացված ինքնակամ շինությունների քանդման (ապամոնտաժման) եւ նախկին վիճակի վերականգնման պահանջներ.
18) ներկայացնում է ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը եւ շինությունները օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու եւ պահպանելու պահանջներ.
19) ներկայացնում է ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձեւափոխումները, այդ թվում՝ երեսպատման, փոփոխելու եւ նախկին տեսքին բերելու պահանջներ.
20) սահմանված կարգով կասեցնում է նախագծման թույլտվության եւ (կամ) շինարարության թույլտվության հայտի, դիմումի քննարկումը, եթե ներկայացված հայտի, դիմումի քննարկման արդյունքում պարզվում են կամ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում առաջանում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փոփոխման անհրաժեշտություն, այդ թվում՝ քննարկվող հողամասում քաղաքաշինական գործունեության սահմանափակման կամ բացառման նպատակով, եւ դիմում է իրավասու մարմիններին համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Սույն ենթակետով նախատեսված դեպքում հայտի, դիմումի քննարկումը, իսկ վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում՝ վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 17-րդ, 18-րդ եւ 19-րդ ենթակետերով նախատեսված պահանջները ներկայացվում են գրավոր կերպով Երեւանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի (անձանց) կողմից, որի ընթացքում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումները չեն անցկացվում: Պահանջները ենթակա են կատարման գրավոր պահանջը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե օրենքով կամ գրավոր ներկայացված պահանջով ավելի երկար ժամանակ սահմանված չէ: Գրավոր պահանջները փոստային առաքմամբ ուղարկվում են՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով եւ միաժամանակ տեղադրվում են նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան պահանջները համարվում են հանձնված (ստացված):
3. Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի եւ ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.
2) ընդունում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում եւ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Հոդված 43. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում
1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) հետեւում է համակեցության կանոնների պահպանմանը.
2) հետեւում է ավագանու հաստատած կարգերի, պայմանների, պահանջների, սահմանափակումների եւ կանոնների պահանջների պահպանմանը.
3) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում վարչական իրավախախտում կատարած անձանց եւ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում այդ իրավախախտումների կանխարգելման, նվազեցման, կանխման եւ բացահայտման համար.
4) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նախատեսված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերի առկայության դեպքում իրավասու է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ տարածք.
5) իրավասու է ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու Երեւանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների եւ այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը, ընդ որում՝
ա. դադարեցումն առաջին անգամ կարող է իրականացվել 5 օր ժամկետով, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով, երրորդ եւ հաջորդ բոլոր դեպքերում՝ 1 ամիս ժամկետով.
բ. սույն մասով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ համապատասխան վարչական ակտը ընդունվում է Երեւանի քաղաքապետի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից՝ առանց լսումներ իրականացնելու, որով կարող է նախատեսվել, որ համապատասխան ագրեգատը, շենքը, շինությունը կամ այլ օբյեկտը կարող են կապարակնքվել (կնքվել):
6) իրավասու է առգրավելու.
ա. վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) եւ վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները.
բ. Երեւանի վարչական տարածքում, այդ թվում՝ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի եւ շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային հատվածում) կամ տանիքին՝ ավագանու սահմանած կարգի, պահանջների, պայմանների, սահմանափակումների խախտմամբ կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեղադրված սարքերը, սարքավորումները (այդ թվում՝ արեւային կայանները), դեկորատիվ առարկաները, այլ պարագաններն ու տարրերը (արտաքին գովազդի տեղաբաշխման միջոցներ, կանգնակներ, հովանոցներ, ծածկոցներ եւ այլն).
գ. սույն կետով նախատեսված առգրավումն անհրաժեշտության դեպքում կատարվում է տեխնիկական միջոցների կիրառմամբ, այնպես, որ առգրավվող առարկային պատճառվի նվազագույն վնաս, իսկ առգրավման ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է եւ կազմվում է առգրավման վերաբերյալ արձանագրություն: Առգրավված գույքի վերադարձման կարգը սահմանում է ավագանին.
7) իրավասու է Երեւանի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական եւ այլ թափոնները տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք.
8) իրականացնում է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պահպանություն.
9) իր իրավասության շրջանակներում ապահովում է փողոցներում կամ այլ ընդհանուր օգտագործման տարածքներում երթեւեկությունը սահմանափակելու կամ արգելելու որոշումների կատարումը.
10) իրավասու է գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունն արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական միջոցներ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքապետի լիազորությունները իրականացվում են աշխատակազմի ստորաբաժանումների եւ Երեւանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայության միջոցով:
3. Երեւանի քաղաքապետարանը, քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակներում եւ դրանց իրականացումն ապահովելու համար, «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով, անվճար հասանելիություն է ստանում հանրային տեղեկություններին:
Հոդված 44. Քաղաքապետի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում
1. Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային եւ մարզական միջոցառումներ եւ այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:
2. Ծիսակատարությունների կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է քաղաքապետի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետեւյալ եղանակներից որեւէ մեկով՝ անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:
4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել քաղաքապետին՝ հայցելով միջոցների ձեռնարկել այդ ուղղությամբ, որի վերաբերյալ պարտադիր նշում է կատարվում տեղեկացման մեջ:
5. Տեղեկացումը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները.
1) հանրային միջոցառման վայրը,
2) հանրային միջոցառման սկզբի եւ ավարտի մոտավոր ժամանակը,
3) մասնակիցների սպասվող թիվը,
4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,
5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը եւ առկայության դեպքում՝ հեռախոսահամարները:
6. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 5-րդ մասում նշված տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան միջոցառումը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել համայնքի ղեկավարին: Այդ փոփոխությունները չեն կարող փոխել արդեն իսկ ի գիտություն ընդունված միջոցառման էությունը: Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերում նշված տվյալներից որեւէ մեկը, որի հետեւանքով փոխվում է միջոցառման էությունը, ապա դա համարվում է նոր տեղեկացում, որը ենթակա է քննարկման սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե հանրային միջոցառում անցկացնելու մասին տեղեկացումը պարունակում է ձեւական սխալներ կամ տեղեկացման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա դրանք մատնացույց է արվում կազմակերպչին՝ նրան հնարավորություն ընձեռելով մեկօրյա ժամկետում համալրելու ոչ ամբողջական տվյալները կամ շտկելու մատնանծված սխալները:
7. Քաղաքապետը տեղեկացումը ստանալուց հետո այն ուղարկում է ոստիկանություն՝ հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
8. Քաղաքապետը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
9. Եթե քաղաքապետին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 16-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ: Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին:
10. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են եւ կցվում գործին: Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:
11. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաեւ հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որեւէ այլ ձեւով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը:
12. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին:
13. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում եւ վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար:
14. Եթե ներկայացվել են միեւնույն օրը միեւնույն վայրում հանրային հավաք եւ հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:
15. Եթե միեւնույն օրը միեւնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ
2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, եւ դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, եւ հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաեւ հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որեւէ այլ ձեւով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը:
16. Քաղաքապետը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է՝
1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.
2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.
3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:
17. Քաղաքապետը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 16-րդ մասում նշված վտանգները:
18. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին քաղաքապետն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաեւ դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:
19. Հանրային միջոցառման կազմակերպիչը՝
1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը,
2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը եւ հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու եւ ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը,
5) պարտավոր է միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին:
Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունները տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում
1. Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, արհեստական եւ ճանապարհային ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը եւ շահագործումը.
2) աջակցում է Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) կազմակերպում է Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երեւանի մետրոպոլիտենի).
4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր.
5) սահմանված կարգով որոշում է կայացնում ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատներ, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ եւ այլն) ներդնելու վերաբերյալ, մշակում եւ հաստատում է ճանապարհային նշանների տարաբաշխումները:
2. Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) Երեւանի տարածքում ճանապարհային երթեւեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների եւ լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
2) կազմակերպում է Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքները:
Հոդված 46. Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում
1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) համայնքի վարչական սահմաններում կանխարգելում, կասեցնում եւ վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի
1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:
2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երեւանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը, կազմում է Երեւանի հողային հաշվեկշիռը.
2) իր լիազորությունների շրջանակում տիրապետում եւ օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.
3) սահմանված կարգով ապահովում է Երեւանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի եւ սահմանանիշերի պահպանությունը:
Հոդված 47. Քաղաքապետի լիազորությունները առեւտրի եւ ծառայությունների բնագավառում
1. Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդի, կենցաղային եւ սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.
2) ավագանու սահմանած կարգով եւ չափորոշիչներին համապատասխան՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ եւ կասեցնում ու դադարեցնում է դրանք.
3) Երեւանի վարչական տարածքում տալիս է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.
4) Երեւանի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան, տալիս է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն.
5) Երեւանի վարչական տարածքում ավագանու սահմանած կարգին համապատասխան տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.
6) Երեւանի վարչական տարածքում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում սահմանված կարգով կիրառում է առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց.
7) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվություն.
8) սահմանված կարգով տալիս է Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
9) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու եւ համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.
10) սահմանված կարգով տալիս է Երեւանում շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվություն.
11) առեւտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է Երեւանի վարչական տարածքում ոգելից եւ ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն.
12) համաքաղաքային կանոններին համապատասխան Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (սաունաներին) տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
13) հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն
14) Երեւանի վարչական տարածքում տալիս է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված այլ թույլտվություններ, որոնց տրամադրումը վերապահված է համայնքի ղեկավարին:
Հոդված 48. Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բնագավառում
1. Կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական, երիտասարդական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները.
2) աջակցում է Երեւան քաղաքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը.
3) մասնակցում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին.
4) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ ավագանու հաստատմանն է ներկայացնում վարչական շրջանի հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկություն.
5) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.
1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, երիտասարդական, ինչպես նաեւ պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ:
Հոդված 49. Քաղաքապետի լիազորությունները առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում
1. Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կառավարում է Երեւանի սեփականություն համարվող առողջապահական եւ մարզական կազմակերպությունները.
2) Երեւանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
3) կազմակերպում է քաղաքային հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
4) «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.
5) Երեւանի ենթակայության կազմակերպության միջոցով Երեւան քաղաքում կազմակերպում եւ իրականացնում է շտապ բժշկական օգնության իրականացումը.
6) ապահովում է Երեւան քաղաքում սպորտային ենթակառուցվածքների ընդլայնումը.
7) ապահովում է Երեւան քաղաքի հավաքական թիմերի մասնակցությունը հանրապետական եւ միջազգային խոշոր մրցաշարերին:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով մասնակցում է պետական սեփականություն համարվող առողջապահական եւ մարզական կազմակերպությունների կառավարմանը.
2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այդ թվում՝ վերջինիս ենթակայությամբ գործող բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջոցով իրականացվող կանխարգելիչ, հակահամաճարակային եւ կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումների իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով գնահատում է Երեւանի բնակիչների առողջության ցուցանիշները եւ առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին.
4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է Երեւանում պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը:
Հոդված 50. Քաղաքապետի լիազորությունները երեխաների եւ սոցիալական պաշտպանության բնագավառում
1. Երեխաների եւ սոցիալական պաշտպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է Երեւանի ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների եւ կազմակերպությունների գործունեությունը.
2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սույն ոլորտում համայնքի ղեկավարին վերապահված պատվիրակված լիազորությունները:
Հոդված 51. Քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում
1. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) մշակում եւ իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
2) քաղաքապետը շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երեւանի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը եւ դրանց իրականացման ժամանակացույցը:
2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երեւանի տարածքում.
2) աջակցում է Երեւանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների, անտառային տարածքների պահպանությանը եւ օգտագործմանը, այդ տարածքներում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:
Հոդված 52. Քաղաքապետի հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների եւ դրանց Երեւանի տարածքային ծառայությունների հետ
1. Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների եւ դրանց Երեւանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում՝
1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երեւանին առնչվող հարցերի վերաբերյալ.
2) պետական կառավարման համակարգի Երեւանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երեւանին առնչվող խնդիրների վրա.
3) Երեւանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաեւ հողազավթումների եւ այլ իրավախախտումների կանխման եւ արգելման հետ կապված՝ կարող է դիմել ոստիկանություն եւ ոստիկանության լիազորությունների շրջանակում ստանալ աջակցություն.
4) քաղաքապետն իրավունք ունի պետական կառավարման համակարգի մարմին ներկայացնելու գրավոր, փաստարկված առաջարկություն՝ վերջինիս տարածքային ծառայության գործունեության վերաբերյալ:
2. Պետական կառավարման համակարգի մարմինները, այդ թվում՝ նախարարներն ու կոմիտեների նախագահները, Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին առընչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մինչեւ դրանց ընդունումը ներկայացնում են կարծիքի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ֆինանսների ոլորտի պետական լիազոր մարմիններին: Տարածքային կառավարման պետական լիազոր մարմինը նախագծի ստացումից հետո այն ներկայացնում է Երեւանի քաղաքապետարան՝ կարծիքի:
Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում
1. Քաղաքապետն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է.
2) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքապետն իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով եւ բնագավառը կարգավորող այլ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:
Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման գազամատակարարման բնագավառներում
1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) Երեւանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, ջրահեռացման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ եւ նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.
2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաեւ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, հեղեղատար համակարգի սպասարկման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպությունները յուրաքանչյուր տարին մեկ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում՝ իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու եւ նրա հետ համաձայնեցնելու՝ այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի:
Հոդված 55. Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում
1. Երեւան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաեւ ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
Հոդված 56. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները
1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական եւ պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաեւ ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
2. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են բացառապես քաղաքապետարանի կանոնադրությամբ:
ԳԼՈՒԽ 4
ԵՐԵՎԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 57. Երեւանի սեփականությունը
1. Երեւանը ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով:
2. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Երեւանի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:
3. Երեւանի սեփականությունը հանդիսացող գույքը քաղաքապետը ենթարկում է գույքագրման եւ ներկայացնում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քաղաքապետը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
4. Քաղաքապետն ավագանու հաստատմանն է ներկայացնում Երեւանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը, դրան համապատասխան՝ տնօրինում է Երեւանի սեփականություն համարվող գույքը:
5. Երեւանին նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ տրվող գույքը ընդունվում է քաղաքապետի որոշմամբ:
Հոդված 58. Երեւանի բյուջեն
1. Երեւանի բյուջեն Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երեւանի զարգացման ծրագրի, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված լիազորությունների իրականացմանը:
2. Երեւանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:
3. Բյուջեն բաղկացած է վարչական եւ ֆոնդային մասերից: Բյուջեն կատարվում է օրենքով սահմանված կարգով:
4. Երեւանի բյուջեից քաղաքապետի պատվիրակված լիազորությունների իրականացումը չի կարող ֆինանսավորվել սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված (բացառությամբ 13-րդ կետում նշվածի) մուտքերի աղբյուրներից:
5. Տվյալ տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեում սույն օրենքի 61-րդ հոդվածում ներկայացված մուտքերի աղբյուրներից (բացառությամբ 1-3-րդ, 11-րդ, 13-րդ, 16-21-րդ կետերում նշվածների) միջոցների ստացումների ընդհանուր ծրագրված ծավալի առնվազն 3 տոկոսը նախատեսվում է համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների ֆինանսավորման համար:
6. Երեւան համայնքի բյուջեի հետ կապված սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով, այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 59. Երեւանի բյուջեի քննարկումը եւ հաստատումը
1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երեւանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:
2. Երեւանի բյուջեի նախագծի քննարկման կարգը սահմանվում է օրենքով եւ ավագանու կանոնակարգով:
3. Երեւանի բյուջեն չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել ավագանին՝ համաձայնեցնելով քաղաքապետի հետ, կամ քաղաքապետը՝ հրավիրելով ավագանու արտահերթ նիստ:
4. Եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը Երեւանի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում քաղաքապետը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:
5. Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ հաստատված հատկացումների ընդհանուր գումարի մինչեւ 10 տոկոսի սահմաններում վերաբաշխել հաստատված հատկացումների գումարները այդ որոշմամբ սահմանված ծախսային ծրագրերի միջեւ: Բյուջետային տարվա ընթացքում քաղաքապետը կարող է կատարել յուրաքանչյուր ծրագրի գծով Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 17 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ, եթե տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
6. Պետական լիազորված մարմինը մեթոդական եւ խորհրդատվական օգնություն է ցույց տալիս Երեւանի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով վերահսկում է բյուջետային գործընթացը:
7. Երեւանի բյուջեն կազմելու եւ ներկայացնելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:
Հոդված 60. Երեւանի բյուջեին ներկայացվող պահանջները
1. Բյուջետային տարվա համար Երեւանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական եւ ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասուրդ):
3. Երեւանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխառությունների վերադարձից ստացվող, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երեւանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երեւանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:
4. Երեւանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է Երեւանի ավագանու՝ տվյալ տարվա Երեւանի բյուջեի մասին որոշմամբ:
5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երեւանի բյուջեի վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին Երեւանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխառությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխառության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.
6. Երեւանի առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երեւանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամուտների 70 տոկոսը:
7. Երեւանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երեւանի վարչական շրջանների ծախսերը:
Հոդված 61. Երեւանի բյուջեի ձեւավորման աղբյուրները
1. Երեւանի բյուջեն ձեւավորվում է Երեւանի բյուջեին օրենքով եւ իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝
1) Երեւանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումներ.
2) Երեւանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ.
3) բնապահպանական հարկից մասհանումներ.
4) տեղական հարկերի գծով Երեւանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր եւ տուգանքներ.
5) պետական տուրք՝ նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր եւ դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու եւ դրանցից քաղվածքներ տալու համար.
6) տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ.
7) Երեւանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, ինչպես նաեւ Երեւանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնց կառավարումը հանձնված է Երեւանի քաղաքապետին.
8) Երեւանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.
9) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.
10) Երեւանի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երեւանի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.
11) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող եւ Երեւանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.
12) Երեւանի սեփականություն համարվող, ինչպես նաեւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից եկամուտներ.
13) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երեւանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.
14) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երեւանին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ.
15) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ՝ համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաեւ համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներ.
16) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.
17) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ եւ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).
18) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ.
19) վարկերի եւ փոխառությունների ձեւով ներգրավված միջոցներ, ընդ որում՝ քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ.
20) Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երեւանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.
21) Երեւանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցներ՝ ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երեւանի բյուջեի ֆոնդային մաս՝ համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին.
22) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երեւանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:
2. Եկամտային հարկի, շահութահարկի եւ բնապահպանական հարկի գումարներից Երեւանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Հոդված 62. Երեւանի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերը
1. Երեւանի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին Երեւանի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
2. Երեւանի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), պետության կողմից պատվիրակված լիազորությունների կատարման եւ ֆոնդային մասի միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխառությունների մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխառությունների տրամադրումը:
3. Երեւանի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են սեփական լիազորությունների հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի, փոխառությունների եւ տեղաբաշխված պարտքային արժեթղթերի մարումը, Երեւանի համայնքային (բյուջետային) երաշխիքներով երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարների վճարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխառությունների տրամադրումը:
Հոդված 63. Երեւանի բյուջեի պահուստային ֆոնդը
1. Երեւանի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
2. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների մինչեւ 30 տոկոսի չափով:
3. Երեւանի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձեւավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը: Երեւանի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար՝ ավագանու առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղելու դեպքերի (ընդ որում՝ այդ միջոցների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել համայնքի տվյալ տարվա բյուջեի վարչական մասի եկամուտների գծով հաստատված տարեկան ընդհանուր գումարի եւ ֆոնդային մասից միջոցների ներգրավման ամսվա 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տարբերության մեկ երկրորդը):
4. Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն ավագանու որոշմամբ: Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչեւ նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով Երեւանի բյուջեի ֆոնդային մաս չվերադարձնելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր՝ մեկ բյուջետային տարվա կտրվածքով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա Երեւանի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ:
Հոդված 64. Երեւանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը
1. Երեւանի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը Երեւանի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:
2. Երեւանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է՝
1) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված՝ առկա պարտավորությունների կատարմանը.
2) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է Երեւանի բյուջեի ֆոնդային մաս՝ ավագանու որոշմամբ սահմանված ելքերի ֆինանսավորման համար:
Հոդված 65. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ բյուջեի հրապարակումը
1. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջեն Երեւանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:
Հոդված 66. Երեւանի բյուջեի կատարումը
1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի հիման վրա ճշտում է քաղաքապետարանի աշխատակազմի, դրա կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների եւ Երեւանի ենթակայության կազմակերպությունների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:
2. Քաղաքապետը օրենքով սահմանված կարգով ապահովում է բյուջեի կատարումը եւ հսկում է ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:
3. Երեւանի ենթակայության կազմակերպությունների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
Հոդված 67. Երեւանի բյուջեի կատարման սպասարկումը
1. Երեւանի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ Երեւանն ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:
2. Երեւանի հաստատված բյուջեն, ինչպես նաեւ բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Երեւանի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են Երեւանի բյուջեով, եւ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Գանձապետական ստորաբաժանումները Երեւանի բյուջեի մուտքերի եւ ելքերի մասին քաղաքապետին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:
Հոդված 68. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունը
1. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
2. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնելիս Երեւանի ավագանին իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը եւ որակը, պահանջելու հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:
3. Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երեւանի բյուջեից:
4. Պետությունը Երեւանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատի միջոցով՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում:
Հոդված 69. Երեւանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
1. Քաղաքապետը Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները եւ եզրակացությունները:
3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին եւ տալիս անհրաժեշտ բացատրություններ:
4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:
5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
6. Ավագանու նիստում Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
7. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման եւ հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
8. Երեւանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման եւ հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով:
Հոդված 70. Երեւանի զարգացման ծրագրերը
1. Երեւանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երեւանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման եւ ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
2. Քաղաքապետը կազմում եւ ավագանուն է ներկայացնում Երեւանի զարգացման հնգամյա եւ անհրաժեշտության դեպքում այլ ծրագրերը:
3. Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
4. Երեւանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երեւանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
5. Ավագանու ընտրության դեպքում՝ նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվելու պահից եռամսյա ժամկետում Երեւանի քաղաքապետը՝ կարող է նախաձեռնել զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում, այդ թվում՝ Երեւանի ավագանու հաստատմանը ներկայացնել նոր զարգացման ծրագիր:
6. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ այլ անհրաժեշտ տվյալներ:
Հոդված 71. Երեւանի բյուջեի փոխառու միջոցների ներգրավումը
1. Քաղաքապետը Երեւանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝
1) ստանալ վարկեր եւ այլ փոխառություններ (մինչեւ պայմանագրի կնքումը պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի կարծիքը ստանալով, իսկ այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար ստանալով փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).
2) թողարկել եւ տեղաբաշխել պարտքային արժեթղթեր՝ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:
2. Պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի եւ տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաեւ թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:
4. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող Երեւանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երեւանի բյուջեի սեփական եկամուտները, սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը եւ ապահովման այլ միջոցները:
5. Երեւանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր եւ փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) եւ արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երեւանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):
6. Սույն օրենքի իմաստով Երեւանի բյուջեի սեփական եկամուտ է համարվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը:
Հոդված 72. Երեւանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները
1. Երեւանի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով Երեւանի մատուցած ծառայությունների համար ավագանին սահմանում է վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունների սակագները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
2. Ծառայությունների դիմաց գանձվող գումարները ուղղվում են Երեւանի բյուջե:
Հոդված 73. Երեւանի բյուջեի մուտքերի ապահովումը
1. Տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, Երեւանի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, Երեւանի մասնակցությամբ կազմակերպությունների՝ իրենց հասանելիք շահույթի մասնաբաժնի, ինչպես նաեւ Երեւանի սեփականության օտարումից ստացվող գումարների եւ պարտադիր այլ վճարների մուտքագրումը Երեւանի բյուջե ինքնուրույն ապահովում են Երեւանի համապատասխան ստորաբաժանումները: Այլ մուտքերը Երեւանի բյուջե ապահովվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երեւանի եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի:
Հոդված 74. Երեւանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների հաշվառումը
1. Երեւան համայնքի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետեւ՝ Վճարող) օրենքի, դատական ակտի, վարչական ակտի, պայմանագրի կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքով ծագած գումարային պարտավորությունների (այսուհետեւ՝ Պարտավորություն) հաշվառումը իրականացվում է համայնքի կողմից ստեղծված եւ գործարկվող էլեկտրոնային մեկ միասնական համակարգի (այսուհետեւ՝ Համակարգ) միջոցով, որում յուրաքանչյուր պարտավորության հաշվառում իրականացվում է ըստ Վճարողի համար ինքնաշխատ ձեւով ստեղծված անձնական քարտի:
2. Համակարգում անձնական քարտը հաշվառվում է ըստ ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի (բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ օտարերկրյա)), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարին (բացակայության դեպքում՝ նույնականացնող այլ համարժեք տվյալի) համապատասխան:
3. Համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են քաղաքապետի որոշմամբ, որը պետք է ունենա նվազագույնը հետեւյալ հնարավորությունները՝
1) Համակարգում էլեկտրոնային եղանակով գրանցման (նույնականացման միջոցով) եւ անձնական քարտի տեսանելիության հնարավորություն,
2) սույն օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման հնարավորություն,
3) իրական ժամանակում առցանց եղանակով Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունների եւ դրանց մարումների դիտման հնարավորություն,
4) միասնական հաշվում առկա գումարների մնացորդի վերաբերյալ տեղեկատվության դիտման հնարավորություն,
5) Վճարողի անձնական քարտի քաղվածքի արտատպման հնարավորություն,
6) միասնական հաշվին վճարված գումարների սույն օրենքով նախատեսված դեպքում հետ վերադարձնելու դիմումներ ներկայացնելու հնարավորություն,
7) ընթացիկ եւ ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ նույնականացված Վճարողներին ինքնաշխատ ձեւով տեղեկացնելու հնարավորություն,
8) ժամկետանց պարտավորությունների գանձման նպատակով օրենսդրության պահանջներին համապատասխան գործողությունների կատարման հնարավորություն:
Հոդված 75. Երեւանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների իրականացման կարգը
1. Վճարողի անձնական քարտում հաշվառված պարտավորությունները մարվում են Երեւան համայնքի հանդեպ առկա Պարտավորությունների կատարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող Պարտավորությունների միասնական հաշվից (այսուհետեւ՝ Միասնական հաշիվ):
2. Միասնական հաշվի գումարը ձեւավորվում է միասնական հաշվին կատարված վճարումներից կամ դատական ակտի կամ վարչական բողոքի արդյունքում ընդունած որոշման հիման վրա կամ Երեւան համայնքի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում Պարտավորության վերացման կամ պակասեցման կամ որեւէ մարված Պարտավորության մասով արտոնություն ձեռք բերելու արդյունքում միասնական հաշվին համայնքի կողմից վերադարձված գումարից:
3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են միասնական հաշվին՝ դրանց վճարման կամ վերադարձման օրվա ամսաթվով:
4. Միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում համայնքի եկամուտներ եւ վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
5. Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունները մարվում են նախ միասնական հաշվում առկա գումարների հաշվին, այնուհետեւ՝ գանձապետարանի կողմից վարվող համայնքի բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ն առաջացած գերավճարների հաշվին: Մարումներն իրականացվում են ինքնաշխատ ձեւով սույն մասում նշված գումարների առկայության օրով, իսկ դրանց կատարման օր է համարվում պարտավորությունների ինքնաշխատ ձեւով մարվելու օրը:
6. Մարումը կատարվում է, եթե Միասնական հաշվին վճարումը կատարելիս Վճարողի կողմից նշվել է սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները: Սույն մասով նշված տվյալները չնշելու կամ սխալ կամ ոչ լիարժեք նշելու դեպքում մարումը չի կատարվում եւ Պարտավորությունը համարվում է չկատարված:
7. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին, անկախ դրանք Միասնական հաշվին մուտքագրելու ժամանակ նշված վճարման նպատակից, առաջնահերթ մարվում են Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորության կատարման ժամկետը լրացած սույն մասում նշված պարտավորությունները, հետեւյալ հերթականությամբ՝
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված համայնքին պատճառված վնասների հատուցման վճարի,
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտով կամ համաձայնագրով սահմանված համայնքի կողմից կատարված ծախսերի հատուցման գումարի,
3) համայնքի օգտին վճարման ենթակա տուժանքի գումարների,
4) անբողոքարկելի դարձած վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի,
5) աղբահանության վճարի,
6) վարձակալության վճարի,
7) անշարժ գույքի հարկի (այդ թվում՝ նախկին գույքահարկի եւ հողի հարկի),
8) փոխադրամիջոցի գույքահարկի,
9) տեղական տուրքերի,
10) տեղական վճարների (բացառություն վճարովի ավտոկայանատեղերի համար մեկ ժամվա կամ մեկ օրվա համար կատարված վճարումների):
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունները մարվում են՝ անկախ վճարողի այլ պարտավորությունների առկայությունից եւ դրանց առաջացման ժամկետներից:
9. Միասնական հաշվում առկա գումարները մինչեւ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել Վճարողի նշած Պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառելու դեպքում Պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը Միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են սույն հոդվածով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո Վճարողի այլ պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության:
11. Միասնական հաշվի գումարներից սկզբում մարվում են Պարտավորությունների սկզբնական գումարները, այնուհետեւ՝ տույժերի, որից հետո տուգանքների գումարները, իսկ Պարտավորությունների մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նրանք, որոնց կատարման՝ վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:
12. Միասնական հաշվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հերթականությունից տարբերվող հերթականությամբ մարումները կատարվում են միայն պետական կառավարման մարմինների կամ դատական համակարգի մարմինների կամ սնանկության գործով կառավարիչների կողմից վճարված գումարներից:
13. Վճարողը իրավունք ունի ցանկացած պահի հետ ստանալու Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ չեն իրականացվել կամ անկախ այդ հանգամանքից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընդ որում՝ գումարի վերադարձը իրականացվում է Համակարգի միջոցով ներկայացված դիմումի կամ դատական ակտի հիման վրա՝ դիմումի ներկայացման կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ստացման օրը: Միասնական հաշվին առկա գումարների հաշվին պարտավորության մարում կատարվելու դեպքում, նշված գումարները վճարողի կողմից հետ ստացվել չեն կարող, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:
14. Վճարողը Միասնական հաշվին առկա գումարները, քանի դեռ դրանց հաշվին սույն օրենքով սահմանված կարգով մարումներ կատարված չեն, կարող է ուղղել այլ անձի Պարտավորությունների մարմանը՝ համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
15. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ միասնական հաշվի գումարներից մարումներ չեն կատարվում, իսկ մահվան կամ մահացած ճանաչելու օրվանից հետո կատարված մարումները ենթակա են վերադարձման միասնական հաշվին, իսկ հետագայում՝ միասնական հաշվին առկա գումարների մնացորդները, ինչպես նաեւ գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին):
ԳԼՈՒԽ 5
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 76. Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները, նշանակման եւ լիազորությունների դադարեցման կարգը
1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, որին կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Վարչական շրջանի ղեկավարին նշանակում եւ նրա լիազորությունները դադարեցնում է քաղաքապետը:
3. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու, նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին:
Հոդված 77. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Վարչական շրջանի ղեկավարը՝
1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.
2) իր աշխատակազմի կառուցվածքի, աշխատողների թվաքանակի եւ հաստիքացուցակի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
3) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարին եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
4) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.
5) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
6) կատարում է Երեւանի բնակիչների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում տրված հանրագրերն ու դիմումները.
7) իրականացնում է այլ լիազորություններ:
Հոդված 78. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը
1. Վարչական շրջանի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է իր աշխատակազմի միջոցով: Վարչական շրջանի աշխատակազմի աշխատողները, բացառությամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց, համայնքային ծառայողներ են:
2. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բաղկացած է վարչական շրջանի ղեկավարի տեղակալից (50000 եւ ավելի բնակիչ ունեցող վարչական շրջանում վարչական շրջանի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ), աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաեւ հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:
3. Վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակվելուց հետո իր լիազորությունները վայր է դնում վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
4. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, բաժինների ղեկավարները եւ այլ աշխատողներ իրականացնում են օրենքով եւ այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները:
Հոդված 79. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը
1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված լիազորությունները:
2. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է Երեւանի քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի առաջարկության հիման վրա:
3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին պաշտոնից ազատում է Երեւանի քաղաքապետը:
4. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տեղակալը կամ տեղակալներից մեկը իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:
5. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
Հոդված 80. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը
1. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն իրականացնում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝
1) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը եւ արխիվային գործը.
2) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.
3) վարչական շրջանի ղեկավարի կողմից Երեւանի բնակիչների ընդունելության կազմակերպումը, նրանց հանրագրերի, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի հսկողությունը.
4) վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարման, ինչպես նաեւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
ԳԼՈՒԽ 6
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 81. Վարչական հսկողության նպատակները
1. Վարչական հսկողության նպատակները տեղական ինքնակառավարման իրավունքի պաշտպանությունն են եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պատշաճ իրականացումը:
Հոդված 82. Իրավական եւ մասնագիտական հսկողության մարմինները
1. Քաղաքապետի եւ ավագանու սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է իրավական հսկողություն:
2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում են իրավական եւ մասնագիտական հսկողություն:
3. Իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների իրականացման ընթացքում ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:
4. Մասնագիտական հսկողությունը իրականացվում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով:
5. Քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
6. Ավագանու նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
7. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որեւէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
8. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երեւանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալուց հետո:
9. Քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
10. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
Հոդված 83. Վարչական հսկողության կանխարգելիչ (պրեւենտիվ) միջոցները
1. Իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինը կոնկրետ գործով իրավասու է բավարար հիմքերի առկայության դեպքում ծանոթանալու դրա հետ կապված ավագանու եւ քաղաքապետի (քաղաքապետարանի) մոտ առկա բոլոր փաստաթղթերին:
Հոդված 84. Իրավական հսկողության միջոցառումների բողոքարկումը
1. Իրավական հսկողություն իրականացնող մարմինների որոշումները, գործողությունը կամ անգործությունը քաղաքապետը կարող է բողոքարկել դատական կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 85. Երեւանին փոխանցված սեփականությունը եւ Երեւանի ֆինանսավորումը
1. Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը: Երեւանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցված է Երեւանին:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այլ իրավական ակտերով Երեւանին սեփականության իրավունքով փոխանցված գույքը հանդիսանում է Երեւանի սեփականությունը:
3. Երեւանի ֆինանսավորումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով՝ համայնքների բյուջեներին տրվող հատկացումներին համապատասխան:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 74-րդ եւ 75-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի 74-րդ եւ 75-րդ հոդվածներով նախատեսված համակարգի գործարկման օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրենց պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ: Այդ անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչեւ տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետի տեղակալները (բացառությամբ առաջին տեղակալի) մեկ ամիս շարունակում են պաշտոնավարել որպես Երեւանի քաղաքապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավել, քան մինչեւ տվյալ պաշտոնում Երեւանի քաղաքապետի կողմից վերանշանակում կամ նոր նշանակում կատարելը:
5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցվում են սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում:
6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունումը՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
7. Մինչեւ պետական կառավարման համակարգի մարմինների տվյալների շտեմարանների ու տեղեկատվական համակարգերի «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելը, Երեւանի քաղաքապետարանը, Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունների շրջանակներում եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով փոխադարձության սկզբունքով անհատույց եւ ազատ առցանց հասանելիություն է ստանում այդ տվյալների շտեմարաններին եւ տեղեկատվական համակարգերին, բացառությամբ փաստաթղթերին: