Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքում լրացնել նոր 7.7-րդ հոդված.
«Հոդված 7.7. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերի հիման վրա իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով վարչական վարույթ կարող է հարուցվել եւ իրականացվել նաեւ համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:
2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացնելու պարագայում սույն օրենքի 6-րդ հոդվածի
2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխան նյութերի ստացման պահից:
3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում:
4. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին ներկայացված նյութերի հիման վրա նշանակված տուգանքների գումարը Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: