Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի 22-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետում «անտառային ֆոնդի» բառերը փոխարինել «անտառային» բառով,
2) 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետում «անտառային ֆոնդի տարածքներում» բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով,
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով,
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բնության հատուկ պահպանվող տարածքները կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգային ծառայությունների ապահովման, բնական ռեսուրսների կայուն կառավարման եւ կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման կարեւորագույն գործիք են: Միաժամանակ, գործող օրենքի կարգավորումները լիարժեք չեն ապահովում դրանց արդյունավետ կառավարումը եւ իրավական որոշակիությունը, ինչի հետեւանքով գործնականում առկա են մի շարք համակարգային խնդիրներ, մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հիմքերի եւ նպատակների ոչ լիարժեք կարգավորում, պահպանության եւ օգտագործման ռեժիմների հստակ չտարանջատում, պահպանման գոտիների, էկոլոգիական միջանցքների, էկոլոգիական ցանցի եւ կենսոլորտային տարածքների վերաբերյալ բավարար իրավակարգավորումների բացակայություն, մոնիթորինգի եւ կադաստրի համակարգային թերի կարգավորում, ինչպես նաեւ համայնքների սահմանափակ ներգրավվածություն կառավարման եւ վերահսկողության գործընթացներում: Նախագծերի փաթեթի մշակումը միտված է վերացնել նշված բացերը, կատարելագործել բնապահպանական վերահսկողության եւ կառավարման գործիքակազմը, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, բարելավել ֆինանսավորման եւ օգտագործման մեխանիզմները, ինչպես նաեւ ապահովել ներպետական օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
Այդ նպատակով՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենսդրությունը մի շարք բնապահպա՟նական ծրագրերի շրջանակում վերլուծվել եւ գնահատվել է օրենսդրությունում առկա անհամապատասխանությունների եւ հակասությունների հայտնաբերման եւ դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման համատեքստում: Արդյունքում վերանայվել են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրքը, որոնցում օրենքի նախագծին համահունչ կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետեւյալ բացերով՝
1) օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը,
2) հստակ շարադրված չեն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները,
3) բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները,
4) բացակայում են բնության հուշարձանների դասակարգումը, ստեղծման չափանիշները եւ պահպանության ռեժիմը,
5) բացակայում են արգելավայրի պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները,
6) բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի, ինչպես նաեւ վավերացված բնապահպանական միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող արժեքավոր էկոհամակարգերի կառավարման սկզբունքները եւ պահպանության առանձնահատկությունները,
7) բացակայում են կենսոլորտային տարածքի ստեղծման եւ կառավարման իրավահարաբերությունները,
8) բացակայում են օրենքում կիրառվող մի շարք հասկացությունների ձեւակերպումներ,
9) հստակ շարադրված չեն բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման առանձնահատկությունները,
10) գործող օրենքում որպես բնության հատուկ պահպանվող տարածքների տեսակ ըստ նշանակության առանձնացված են նաեւ միջազգային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնք սակայն գործառնական տեսանկյունից կիրառելի չեն, օրենքի այլ դրույթներում սահմանված եւ առանձնացված չեն, չկան նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան կարգավորումներ, բացի այդ՝ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների միջազգային նշանակությունը չի դիտարկվում որպես առանձին իրավական կարգավիճակ, այլ վերագրվում է արդեն գոյություն ունեցող հանրապետական եւ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներին, որոնք կարող են ներառվել միջազգային պայմանագրերի ներքո գտնվող պահպանվող տարածքներում (օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԲ ծրագրի կենսոլորտային տարածքներում, Ռամսար տարածքներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներում, Բնության համաշխարհային հիմնադրամի էկոմիջանցնքների ցանցում, Բեռնի կոնվենցիայի Էմերալդ տարածքներում եւ այլն) կամ ստանալ միջազգային ճանաչում, օրինակ՝ Բեռնի կոնվ ենցիայի ներքո բնության հատուկ պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ, ինչպիսին հանդիսանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Վերոնշյալի համատեքստում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների միջազգային ճանաչումը չի առաջացնում նոր կարգավիճակ, այլ պարզապես լրացուցիչ ճանաչման եւ համագործակցության հարթակ է՝ հանրապետական եւ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների համար,
11) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ առկա են անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես.
1) ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը,
2) հաշվի առնելով միջազգային պրակտիկայում գործող համաձայնագրերի եւ այլ արգավորումներով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործում բնիկ ազգերի, եւ տեղական համայնքների ներգրավման անհրաժեշտությունը՝ նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած բնապահպանական միջազգային համաձայնագրերի հիման վրա կենսաբազմազանության արժեքավոր տեսակների եւ էկոհամակարգերի պահպանության նպատակով առանձնացվող տարածքների իրավական հիմնավորվածությունը,
4) ամրագրել «այլ արդյունավետ պահպանության միջոցների» աշխարհագրորեն սահմանված տարածքներ (OECM) հասկացությունը՝ որպես արժեքավոր բնական էկոհամակարգների շրջանակում ճանաչվող տարածքների տեսակ: Այս մոտեցումը կարեւոր է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում առկա են տարածքներ, որոնք փաստացի ապահովում են կենսաբազմազանության պահպանության երկարաժամկետ արդյունք ոչ թե բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարգավիճակի միջոցով, այլ իրավական կամ կառավարչական ռեժիմների, ինչպես նաեւ հողօգտագործման սահմանափակումների ու հատուկ պայմանների կիրառման արդյունքում: OECM-ների ներառումը հնարավորություն կտա պետական մակարդակով ապահովել նման տարածքների իրավական ճանաչելիությունը, միասնական հաշվառումը եւ համակարգային մշտադիտարկումը, ինչպես նաեւ գնահատել դրանց պահպանական արդյունավետությունը՝ առանց դրանք ԲՀՊՏ կարգավիճակով պարտադիր վերադասակարգելու:
Միեւնույն ժամանակ, օրենքի նախագծով OECM-ները հստակ տարանջատվում են ԲՀՊՏ-ներից՝ բացառելով իրավական անորոշությունը եւ ապահովելով իրավական որոշակիություն իրավակիրառության ընթացքում: OECM-ների ներառումը նպաստում է նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների եւ գլոբալ նպատակների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում եւ ԿունմինգՄոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակադրումների համատեքստում: Միաժամանակ, նախատեսվում է, որ OECM-ների հետ կապված կարգավորումները կկարգավորվեն ենթաօրենսդրական իրավական ակտերով՝ ապահովելով կիրառական հստակություն եւ կանխատեսելիություն:
Միաժամանակ, գործող օրենսդրությամբ բավարար չափով հստակ կարգավորված չեն բուսաբանական այգիների, դենդրոպարկերի եւ անտառպարկերի իրավական կարգավիճակը, դրանց ստեղծման, կառավարման եւ օգտագործման ընդհանուր հիմքերը, ինչպես նաեւ համապատասխան կանոնադրություններով կարգավորվող առանձնահատկությունները: Հաշվի առնելով, որ նշված տարածքները կարեւոր դեր ունեն բուսական աշխարհի պահպանության, կենդանի հավաքածուների ձեւավորման եւ պահպանության, գիտահետազոտական, կրթական, մշակութային, ռեկրեացիոն եւ բնաճանաչողական նպատակների իրականացման տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջացել օրենքի նախագծում ամրագրել դրանց հասկացությունները եւ ստեղծել դրանց կառավարման ու կանոնադրական կարգավորման իրավական հիմքերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում՝ «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին, առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում, լիազոր մարմնի համար սահմանվել են բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վճարներ սահմանման համապատասխան լիազորություններ, հստակեցվել են նաեւ մի շարք հասկացություններ եւ տրվել են նորերը:
Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N505-Լ որոշմամբ հաստատվել է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը եւ ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N1569-Ն որոշմամբ սահմանվել են տարածական տվյալների ենթակառուցվածքները եւ թեմատիկ տարածական տվյալների ցանկը ու դրանց ստեղծման ուղեցույցը, որոնցում այլ գերատեսչությունների շարքում՝ շրջակա միջավայրի նախարարությանը վերապահված է բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրում ներառված տարածական տվյալները ստանդարտացնել եւ կապակցել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալին՝ առցանց քարտեզագրական ծառայությունների միջոցով: Վերոնշյալի հիման վրա օրենքի նախագծում ներառվել է համապատասխան կարգավորում:
Հարկ է նշել, որ Նախագծի 9-րդ եւ 10-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունների շրջանակներում սահմանվող բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ կառավարման բնագավառում թվարկված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հիմնականում ընդունված են: Նոր իրավական ակտերի մշակման եւ հաստատման, ինչպես նաեւ գործող իրավական ակտերում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը կառաջանա նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ըստ անհրաժեշտության:
Հողային օրենսգրքում իրականացվող փոփոխությունների արդյունքում.
1) լրամշակվել եւ հստակեցվել են բնապահպանական հողերի տեսակները, հստակորեն առանձնացվել են բուսաբանական այգիները, անտառպարկերը եւ դենդրոպարկերը: Ազգային եւ ծառաբանական զբոսայգիները որպես ինքնուրույն կիրառվող իրավական կատեգորիա չի օգտագործվում եւ իրավական ու պրակտիկ առումով գոյություն չունի, դրա փոխարեն արդեն սահմանվում եւ համակարգային կարգավորման առարկա են դառնում բուսաբանական այգիները, անտառպարկերը եւ դենդրոպարկերը, որոնց վերաբերյալ ԲՀՊՏ օրենքում ամրագրվում են հասկացությունները, կանոնադրական կարգավորումները եւ ստեղծման լիազորությունները,
2) հողերի պահպանության խնդիրների շարքում հստակեցվել են մի շարք հասկացություններ, ներառվել են նորերը, մասնավորապես նպատակների շարքում ներառվել են բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության եւ մշակույթի հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, ինչպես նաեւ էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի, կանաչապատ տարածքների, բուuաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի պահպանությանն ու օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
3) հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումների շարքում ներառվել են նոր հասկացություններ,
4) լրամշակվել են քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող պահպանվող բնական տարածքների անվանումները եւ ձեւակերպումները,
5) հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պետական անտառները եւ անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին՝ նախագծի շրջանակներում նախատեսվում է համապատասխան կարգավորում ներառել նաեւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, մասնավորապես՝ նախագծի 4-րդ հոդվածում, հաշվի առնելով Անտառային օրենսգրի վերոնշյալ պահանջը, քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի շարքում ներառվել են նաեւ անտառային հողերը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունների արդյունքում.
1) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության եւ օգտագործման նպատակով՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանվում են նոր մեխանիզմներ,
2) տեղական ինքնակառավարման մարմիններն տրվում են բնության հուշարձանների պահպանության եւ օգտագործման լիազորություններ՝ համաձայն տվյալ բնության հուշարձանի համար կազմվող անձնագրի եւ պայմանագրի, որպես պետության պատվիրակված լիազորություն, որը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ապակենտրոնացման եւ տեղական մակարդակում տարածքային վերահսկելիության ամրապնդման տրամաբանությունից:
Հարկ է նշել, որ բնության հուշարձաններն ի տարբերություն բնության հատուկ պահպանվող տարածքների մյուս կատեգորիաների հիմնականում զբաղեցնում են փոքր տարածքներ եւ տեղաբաշխված են հանրապետության ողջ տարածքով, համայնքների վարչական սահմաններում, ինչը դժվարեցնում է դրանց կենտրոնացված կազմակերպության կողմից կառավարումը: Թեեւ բնության հատուկ պահապանվող տարածքների կառավարման ոլորտում հիմնական սուբյեկտներ են հանդիսանում ՊՈԱԿ-ները, սակայն վերջիններիս իրավասությունները (ելնելով մարդկային եւ ֆինանսական ռեսուսրներից) սովորաբար տարածվում են տարածական իմաստով մեկ կամ մի քանի բնության հատուկ պահպանվող տարածքների վրա (արգելոցներ, արգելավայրեր եւ ազգային պարկեր), մինչդեռ բնության հուշարձանների կառավարումը հիմնականում ենթադրում է տեղային միջամտություն, ինչը առավել նպատակահարմար է իրականացնել համայնքային մակարդակում՝ համայնքի ռեսուրսների եւ մարդկային ներուժի հաշվին:
Բնության հուշարձանների նկատմամբ կառավարման լիազորության սահմանմամբ հնարավորություն կընձեռնվի օպտիմալացնել դրանց կառավարման համար հատկացվող ծախսերը, բարձրացնել համայնքային պատասխանատվության մակարդակը եւ հնարավորություն տալ ՏԻՄ-ի կողմից էկոզբոսաշրջային ծառայությունների մատուցման միջոցով գեներացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել բուսաբանական այգիների, դենդրոպարկերի եւ անտառպարկերի հասկացությունները, ինչպես նաեւ ամրագրել դրանց կանոնադրությունների վերաբերյալ կարգավորումները եւ լիազորված մարմնի համապատասխան լիազորությունները՝ դրանց ստեղծման եւ կանոնադրությունների հաստատման մասով: Այս մոտեցումը հնարավորություն կտա ապահովել նշված տարածքների իրավական կարգավիճակի հստակեցումը, կառավարման միասնական մոտեցումների ձեւավորումը, ինչպես նաեւ դրանց պահպանության, օգտագործման եւ գործառնական կազմակերպման հետ կապված հարցերի առավել հստակ եւ կանխատեսելի կարգավորումը:
«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում իրականացվող փոփոխությունների արդյունքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնելու նաեւ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենքների նախագծերի ընդունմամբ.
1) կբարելավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման իրավահարաբերությունները,
2) կլուծվեն սույն հիմնավորման 1-ին կետով առկա հիմնախնդիրները,
3) կձեւավորվի նոր գործիքակազմ, որի միջոցով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները կդառնան առավել կանխատեսելի եւ արդյունավետ (այդ թվում՝ պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության միջոցառումները),
4) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմամբ՝ հնարավորություն կընձեռնվի ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների եւ հարակից համայնքների միջեւ տնտեսական եւ բնապահպանական շահերի հավասարակշռումը եւ բնահեն օգտագործման արդյունքում՝ համընդհանուր օգուտների ստացման մեխանիզմների ձեւավորումը,
5) կձեւավորվի նոր գործիքակազմ, որի միջոցով հնարավորություն կընձեռնվի գործող այլ կարգավորումների հետ մեկտեղ՝ ապահովել բնապահպանության ոլորտում երկրի կողմից վավերացված միազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա ստանձնած պարտավորությունների կատարումը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընդունված՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի իրականացմանը, որի հիմնական տարրերից են 2050 թվականի տեսլականը եւ 2030 թվականի համար սահմանված առաքելությունը, ինչի հիման վրա սահմանվել են 23 գլոբալ թիրախներ, որոնցից 2-րդը եւ 3-րդը նպատակ են հետապնդում 2030 թվականի դրությամբ վերականգնել գլոբալ մասշտաբով վնասված էկոհամակարգերի 30%-ը, ինչպես նաեւ արդյունավետորեն պահպանել եւ կառավարել ցամաքի, ներքին ջրային, ծովային եւ առափնյա տարածքների 30%-ը:
6) կհստակեցվի բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման իրավական հիմնավորումը՝ կենտրոնանալով միայն այն կարգավիճակների վրա (հանրապետական եւ տեղական նշանակության) բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, որոնք ուղղակիորեն կարգավորվում են ներպետական օրենսդրության շրջանակներում: Միեւնույն ժամանակ, նախագիծը չի բացառում որեւէ ԲՀՊՏ-ի միջազգային ճանաչման հնարավորությունը եւ չի հակասում գործող միջազգային պարտավորություններին, դրանց ճանաչումը որպես միջազգային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքը կարող է արձանագրվել ոչ թե Նախագծի դասակարգման համակարգում, այլ առանձին իրավական ակտերում կամ հուշագրերում կամ միջազգային պայմանագրերում,
7) նախագծի ընդունմամբ կապահովվի նաեւ բուսաբանական այգիների, դենդրոպարկերի եւ անտառպարկերի ստեղծման, կառավարման եւ կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման եւ գործառնական կառավարման առավել միասնական եւ կանխատեսելի համակարգի ձեւավորմանը:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 4-րդ կետի 4.3-րդ միջոցառման կատարման անհրաժեշտությունից, «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի, ինչպես նաեւ համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը եւ միջոցառումները հաստատելու մասին N 1059-Ա որոշման պահանջների եւ միջոցառումների ծրագրի հետ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործումը ռազմավարության առանցքային խնդիր է, որի լուծումը հնարավորություն կստեղծի ապահովելու ինչպես տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, այնպես էլ արդյունավետ կառավարումը, այդ թվում՝ մասնակցային կառավարման մեխանիզմների ներդրումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում