Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1329-21.04.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի N ՀՕ-465-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի «մշակութային բարիքներ՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ եւ իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ հասկացությունը.

«մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից եւ ռազմավարությունից.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային գործունեությամբ    զբաղվող անձ» հասկացությունում «մշակութային կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18.1.-ին հոդված 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը եւ ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները սահմանելու, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները եւ արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձեւավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

«3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման եւ հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման եւ հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 18.1.-ին հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի «մշակութային կազմակերպությունների» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերով:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ եւ 11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ եւ լրացնել նոր 12-րդ կետով.

«7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգը.»

«11) աջակցում է պետություն-մասնավոր համագործակցությունը.»:

«12) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ մշակութային միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրման ծրագրեր:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասի 11-րդ կետի «:» նշանը փոխարինել «.» նշանով եւ լրացնել նոր 12-րդ եւ 13-րդ կետերով.

«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները.»

«13) հաստատում է միջազգային միջոցառումներին եւ նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին եւ ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը եւ չափորոշիչները:»:

Հոդված 10. Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասում «մշակութային առանձին կազմակերպությունների» եւ 2-4-րդ մասերում «մշակութային կազմակերպություններին» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին» բառերով:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմամբ, մշակութային եւ ստեղծարար ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ եւ ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով:

Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 36.3-րդ, 40 եւ 41.1-ին կետերին եւ ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2.1, գործողություն 11):

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպությունների գործունեության խթանման, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ եւ կատարելագործմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18.1-ին, 21-րդ, 22-րդ եւ 26.1-րդ հոդվածներում:

Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման արդյունքում հավելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության եւ համաֆինանսավորման սկզբունքների եւ չափորոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխությանը:

Առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել «Մշակութային կազմակերպություն»  եւ «Մշակույթի ոլորտի ոչ առեւտրային կազմակերպության» նոր սահմանմամբ:

Նախագծով «մշակութային կազմակերպություն» եւ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունների տարանջատումն ու առանձին սահմանումը պայմանավորված է իրավական հստակության ապահովման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, գործող կարգավորումներում օրենքում առկա են երկու հասկացություններն էլ, սակայն դրանց միջեւ հստակ տարանջատում սահմանված չէ: Միաժամանակ փաստացի հստակեցված է միայն «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացության բովանդակությունը, որը իր ձեւակերպմամբ ունի ընդհանրական բնույթ: Այդ ընդհանրականությունը թույլ է տալիս նույն հասկացության շրջանակում ընկալել նաեւ այնպիսի կազմակերպություններ, որոնք իրականացնում են մշակութային գործունեություն, սակայն իրենց կազմակերպաիրավական ձեւով կամ նպատակներով չեն հանդիսանում ոչ առեւտրային կազմակերպություններ:

Այսպիսով, առաջանում է իրավիճակ, երբ մշակութային գործունեություն իրականացնող տարբեր սուբյեկտներ նույնականացվում են մեկ հասկացության ներքո, ինչը կարող է հանգեցնել իրավակիրառական տարընկալումների եւ անորոշությունների:

Նախագծով առաջարկվող մոտեցմամբ՝ «մշակութային կազմակերպություն» հասկացությունը կիրառվում է որպես ընդհանրական հասկացություն՝ ներառելով մշակութային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, իսկ «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը սահմանվում է որպես դրա հատուկ տեսակ՝ հստակեցնելով դրա հիմնադիրին, գործունեության նպատակները եւ դրա կապը պետական մշակութային քաղաքականության հետ:

Միաժամանակ, նման տարանջատումը բխում է նաեւ կառավարման եւ լիազորությունների հստակեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, բոլոր մշակութային կազմակերպությունները չեն գտնվում լիազոր պետական մարմնի ենթակայության կամ կարգավորման տիրույթում, մինչդեռ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունները, ըստ նախագծի, ուղղակիորեն առնչվում են պետական քաղաքականության իրականացմանը եւ, համապատասխանաբար, գտնվում են պետական կառավարման համակարգի շրջանակում:

Հետեւաբար, հասկացությունների տարանջատումը նպատակ ունի՝ ապահովել իրավական հստակություն եւ կանխել տարընկալումները, տարբերակել մշակութային գործունեություն իրականացնող սուբյեկտների տեսակները, հստակ սահմանել պետական լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը:

Վերոգրյալի հիման վրա՝ առաջարկվող ձեւակերպումները նպատակահարմար են եւ բխում են ոլորտի համակարգված կարգավորման անհրաժեշտությունից:

Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 18.1-ին հոդվածի 2-րդ  եւ 3-րդ կետերը.

«2. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը եւ ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները սահմանելու, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները եւ արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձեւավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:» «3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման եւ հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման եւ հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Անհրաժեշտություն կա ուժը կորցրած ճանաչել Օրենքի 18.1.-րդ հոդվածի 3-րդ (Մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով, լիազորված պետական մարմնի սահմանած կարգով, տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:), 4-րդ (Սույն հոդվածի 3 -րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձեւավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի:), 5-րդ. Ատեստավորման   հանձնաժողովը   մշակույթի  ոլորտի   պետական   ոչ   առեւտրային   կազմակերպության   աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:), 6-րդ (Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության եւ հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:) եւ 7-րդ (Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:) կետերը, քանի որ նախատեսվում է ընդգրկել Օրենքի 18.1.-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով՝ հավելվածներով:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ կետերը:

Փոփոխությունները պայմանավորված են ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով, որոնք անհնարին է վերածել ստանդարտացված չափորոշիչների: Ստեղծագործական գործունեությունը չափելի չէ դասական գնահատման գործիքներով (օրինակ՝ ուսուցիչների կամ բժիշկների պարագայում կարող են կիրառվել որոշակի հստակ չափանիշներ), քանի որ արվեստը հիմնականում գնահատվում է սուբյեկտիվ չափորոշիչներով՝ էմոցիոնալ ազդեցություն, նորարարություն, թատերական կամ երաժշտական կատարողականի յուրօրինակություն: Ատեստավորման կառուցվածքային մոտեցումը (օրինակ՝ մի քանի բանավոր կամ գրավոր քննություններ, կատարողականի ստանդարտ գնահատում) կարող է խաթարել ստեղծագործական ազատությունը եւ խաթարել արվեստի էությունը:

Միեւնույն ժամանակ, ատեստավորման կամ վերապատրաստման չափանիշների պարտադիր սահմանումը կարող է սահմանափակել մշակութային ազատությունը եւ ստեղծագործական ինքնություն ձեւավորելու հնարավորությունը:

Բացի այդ, ոչ բոլոր աշխատանքներն է կարելի համադրել: Օրինակ՝ թատերագետի, ռեժիսորի, դերասանի, երաժիշտի, նկարիչի եւ գրադարանավարի մասնագիտական փորձը եւ գործունեության բնույթը շատ տարբեր են: Նրանց ատեստավորման նույն մեթոդներն ու չափանիշները կիրառելը ճիշտ եւ արդյունավետ չէ:

Հետեւաբար, վերապատրաստման եւ ատեստավորման միասնական մոտեցման կիրառումը կարող է առաջացնել որոշակի ռիսկեր:

Մասնավորապես մեկ չափս բոլորի համար մոտեցման ռիսկը. Տարբեր բնագավառների մշակութային աշխատողներ ունեն տարբեր մասնագիտական պահանջներ (օրինակ՝ դերասան, երաժիշտ, ռեժիսոր, գրադարանավար), ուստի մեկ չափորոշիչի կիրառումը, կամ մեկ միասնական կարգ կարող է լինել անհասկանալի, ոչ արդյունավետ եւ ոչ անհամապատասխան:

Երկրորդ ռիսկը վերաբերում է արագ փոփոխվող միջավայրի անհամապատասխանությանը. Մշակութային դաշտը գտնվում է մշտական վերափոխման փուլում՝ տեխնոլոգիական եւ գլոբալ միտումների ազդեցությամբ, եւ կոշտ սակագնային ու ատեստավորման համակարգը կարող է հակասել ոլորտի դինամիկ պահանջներին: Բացի այդ ՀՀ կառավարության կողմից կիրառության մեջ դրված ֆինանսավորման նոր մոդելը այս հարցում մշակութային կազմակերպությունների տնօրեններին ազատություն է տալիս ինքնուրույն որոշել ոչ միայն հավելավճարի սկզբունքներն ու չափը, այլեւ իրենց գործունեության ռազմավարությունը եւ գին սահմանել ըստ պահանջարկի եւ տեղական շուկայի հնարավորությունների:

Նման կարգերի ընդունումը դժվարություններ կառաջացնի նաեւ իրավական ու կառավարչական տեսանկյունից եւ կհանգեցնի ոլորտի վրա հավելյալ բյուրոկրատիկ բեռի ավելացմանը, ինչը կբարդացնի կազմակերպությունների աշխատանքը՝ հատկապես մարզային մակարդակում:

Չնայած մշակութային ոլորտի աշխատողների վերապատրաստման ու արդար վարձատրման ապահովումը կարեւոր խնդիր է, մշակված կարգերը կարող են հանգեցնել մի շարք գործնական, իրավական եւ ֆինանսական խնդիրների, եթե դրանք ներդրվեն որպես միասնական, խիստ կարգավորվող համակարգ: Մշակութային ոլորտը պահանջում է ավելի ճկուն, ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնող մոտեցումներ: Ուստի անհրաժեշտ է կիրառել այլընտրանքային մոտեցումներ, որոնք կլուծեն այս խնդիրները առանց նշված ռիսկերի:

Հավելավճարների սահմանման հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն ատեստավորման բարձր գնահատականը, այլ ատեստավորվողի մասնագիտական հմտությունը:

Ռիսկեր է պարունակում նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության «ուղենիշային» կարգերի հաստատումը: Պետական մշակութային կազմակերպություններն ունեն տարբեր կարգավիճակ եւ տարբեր ֆինանսավորման աղբյուրներ, հետեւաբար՝ սակագնային ընդհանուր քաղաքականությունը դժվար է լինելու իրականացնել հավասար արդյունավետությամբ:

Անհամեմատելի ու անհամատեղելի են նաեւ այդ կազմակերպությունները՝ ըստ իրենց բովանդակության: Որպես հետեւանք, տեղի կունենա մրցունակության նվազում, որի արդյունքում պետությունը կարող է կորցնել իր մշակութային կազմակերպությունների գրավչությունը՝ մասնավոր հատվածի կամ միջազգային գործընկերների համար:

Այժմ մշակութային ոլորտում գործում են մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են ֆինանսավորման նոր մոդելի շրջանակներում, որտեղ կազմակերպությունների արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն վարչական կամ կրթական չափանիշներով, այլեւ ստեղծագործական արդյունքներով եւ մշակութային ծրագրերի իրականացմամբ: Բացի այդ, մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններում գործունեություն են իրականացնում բարձր հեղինակություն ունեցող արվեստագետներ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչներ, ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, ինչպես նաեւ լայն ճանաչում ունեցող արվեստագետներ, որոնց մասնագիտական գործունեությունը եւ վաստակը արդեն իսկ գնահատված են պետական եւ մասնագիտական մակարդակներում: Նման դեպքերում «վերապատրաստում» կամ «ատեստավորում» մեխանիզմների կիրառումը միշտ չէ, որ համարժեք է նրանց մասնագիտական գործունեության բնույթին, սակայն նրանց ստեղծագործական գործունեության եւ ներդրման հիման վրա կազմակերպություններում կարող են կիրառվել խրախուսման կամ հավելավճարի տրամադրման մեխանիզմներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակութային ոլորտի կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններին համարժեք կարգավորումներ ապահովելու եւ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է նաեւ Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ կետից հետո լրացնել հետեւյալ կետերը.

«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները:»

Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման գործընթացը ներառում է տարբեր բնույթի մասնագիտական ծառայություններ եւ ստեղծագործական ներգրավվածություն, որոնց ծավալը եւ բարդությունը պայմանավորված են տվյալ միջոցառման մասշտաբով, ձեւաչափով եւ բովանդակությամբ: Մշակութային միջոցառումների իրականացման ընթացքում ներգրավվում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ (արտիստներ, բեմադրիչներ, տեխնիկական եւ կազմակերպչական մասնագետներ եւ այլն), որոնց աշխատանքը կարող է էապես տարբերվել ինչպես պահանջվող մասնագիտական հմտությունների մակարդակով, այնպես էլ աշխատանքի ծավալով:

Այս հանգամանքը պայմանավորում է այն, որ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերը չեն կարող գնահատվել կամ հաշվարկվել միեւնույն ընդհանուր չափորոշչով կամ նորմատիվով, քանի որ նույն միջոցառման շրջանակում ներգրավված մասնագետների աշխատանքային ներդրումը եւ պատասխանատվության մակարդակը կարող են զգալիորեն տարբեր լինել: Հետեւաբար, անհրաժեշտ է, որպեսզի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն-ը, սահմանի պետական բյուջեի միջոցներով իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվներ՝ հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնագիտական ներգրավվածության բնույթը եւ մասնագետների հմտությունների տարբեր մակարդակները:

Նման նորմատիվների սահմանումը հնարավորություն կտա ապահովել պետական միջոցների նպատակային եւ հիմնավորված բաշխում, ստեղծել ավելի ճկուն եւ արդար ֆինանսավորման համակարգ մշակութային միջոցառումների կազմակերպման համար, ինչպես նաեւ ապահովել ոլորտում ներգրավված արվեստագետների եւ մասնագետների աշխատանքի արժանապատիվ գնահատում:

«13) հաստատում է միջազգային միջոցառումներին եւ նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին եւ ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը եւ չափորոշիչները:»

Հայաստանի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային միջոցառումներին եւ նախագծերին կարեւոր նշանակություն ունի հայկական մշակույթի միջազգային ճանաչելիության բարձրացման, միջազգային մշակութային համագործակցության ընդլայնման եւ ստեղծագործական ներուժի զարգացման տեսանկյունից: Այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել պետական աջակցության տրամադրման հստակ եւ թափանցիկ մեխանիզմներ:

Նշված ոլորտում արդեն իսկ գործում է «Միջազգային միջոցառումներին եւ նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին եւ մշակույթի գործիչներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը եւ չափորոշիչները» սահմանող ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման, որով սահմանված են պետական բյուջեի միջոցներով միջազգային միջոցառումներին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին եւ մշակույթի գործիչներին աջակցություն տրամադրելու պայմանները եւ չափորոշիչները:

Սույն դրույթի ամրագրումը օրենքում պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է իրավական մակարդակում հստակեցնել լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն-ի իրավասությունը հաստատելու համապատասխան կարգը եւ չափորոշիչները, ինչպես նաեւ ապահովել գործող կարգավորման իրավական հիմքերի առավել հստակ եւ կայուն ձեւակերպումը:

Միաժամանակ, կարգի եւ չափորոշիչների հաստատումը նախարարության կողմից հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում ճկուն կերպով արձագանքել ոլորտում առաջացող փոփոխություններին, կատարելագործել աջակցության մեխանիզմները եւ ապահովել միջազգային միջոցառումներին մասնակցության պետական աջակցության արդյունավետ, թափանցիկ եւ հավասար հնարավորություններ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու արդյունքում, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2.1-ի «Մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենսդրական դաշտի բարելավում, այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակեցում) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն