Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13221-20.04.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-160-Ն օրենքում 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ եւ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Պրոբացիայի նպատակներն են՝

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

(...)»:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝

«1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանված են Պրոբացիայի ծառայության կանոնադրությամբ:

2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

(...)»:

«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ոստիկանությունը պարտավոր է՝

1) կատարել՝

(...)

գ. ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցում եւ պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կալանավորված անձանց.

(...)

5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս:»:

Վերը մեջբերված իրավական նորմերից բխում է, որ այլընտրանքային խափանման միջոցների, այդ թվում՝ տնային կալանքի կիրառման ապահովումը հանդիսանում է Պրոբացիայի ծառայության (այսուհետ նաեւ՝ Ծառայություն) հիմնական գործառույթներից մեկը, եւ տնային կալանքի տակ գտնվող անձը հանդիսանում է Ծառայության շահառու: Միեւնույն ժամանակ, նշված անձանց ուղեկցման գործառույթը, պայմանավորված Ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությամբ եւ քանակով, ներկայում իրականացնում է Ոստիկանությունը:

Այս համատեքստում հատկանշական է, որ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն, եւ պրոբացիայի ծառայության հաստիքային միավորների առավելագույն քանակը ավելացել է 130-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ նկատի ունենալով, որ ներկայում բացակայում է օրենսդրական ամրագրումն առ այն, որ Պրոբացիայի ծառայությունը լիազորված է իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումը՝ «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

1.2. Գործող կարգավորումների համաձայն՝ ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրման եւ պահպանման գործառույթները բաշխված են Ոստիկանության եւ Քրեակատարողական ծառայության միջեւ: Մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ոստիկանությունը պարտավոր է՝

1) կատարել՝

(...)

գ. ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցում եւ պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կալանավորված անձանց.

(...)

5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս»:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են՝

(...)

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը.

(...)»:

Նույն օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Քրեակատարողական ծառայությունը՝

(...)

3) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրումը,

(...)»:

Ինչ վերաբերում է նշված փոխադրումների ուղղություններին եւ դրանց բաշխմանը ուղեկցումներ իրականացնող մարմինների միջեւ, ապա պետք է արձանագրել, որ դրանք որոշ չափով կարգավորված են Արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 311-Ն հրամանով եւ ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 02-ի թիվ 351-Ն որոշմամբ, սակայն առկա չէ մեկ միասնական իրավական ակտ, որը կպարունակեր հստակ եւ ընդգրկուն կարգավորումներ նշված ոլորտում: Միեւնույն ժամանակ, Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումն իրականացնելու վերաբերյալ լիազորող նորմ նախատեսելու դեպքում, նման կարգավորումներ նախատեսելու եւ Ոստիկանության, Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների կողմից իրականացվող փոխադրման դեպքերը տարանջատելու անհրաժեշտությունն հատկապես ընդգծվելու է:

Վերոգրյալի հիման վրա եւ նկատի ունենալով, որ նմանատիպ կարգավորումներ կարող են սահմանվել Արդարադատության եւ Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով, ինչպես նաեւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կարգավորումն առ այն, որ համատեղ նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել օրենքով ուղղակի նախատեսված դեպքում՝ առաջարկվում է համապատասխան լիազորող նորմերով լրացնել «Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքները:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան հրամանով սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրման կարգը, ուստի առաջարկվում է համապատասխան լիազորող նորմով լրացնել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաեւ ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրումների դեպքերը կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր:

3. Նախագծերի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

4. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա Արդարադատության նախարարի հրամանով սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալի փոխադրման կարգը, ինչպես նաեւ Արդարադատության եւ Ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով սահմանել ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրման դեպքերը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումները եւ ՀՀ վարչապետի հանձնարարականից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն