Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1324-20.04.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները

1. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող օրենքին համապատասխան ունի առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա եւ շաբաթական հանգստի, ինչպես նաեւ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Սույն սահմանադրական նորմի տրամաբանական զարգացումը հանդիսանում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածը, որով սահմանվում են ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները:

Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենսդիրը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սոցիալական ապահովությանը վերաբերող մի շարք դրույթների շահառու է դիտարկել նաեւ ոստիկանության ծառայողներին: Մասնավորապես, նշված օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության եւ պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողները:

Նույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Նշված նորմի իրագործումն ապահովելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 22-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1091-Ն որոշումը, որով սահմանվել են համապատասխան ծրագրի իրականացման կարգն ու պայմանները: Սակայն նշված որոշման կարգավորման շրջանակից դուրս են մնացել ոստիկանության ծառայողները, ինչի արդյունքում նրանց համար չի ապահովվել նույնաբովանդակ սոցիալական երաշխիքների կիրառումը:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը եւ ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածում նախատեսել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որով նախատեսվում է շարունակել ոստիկանության համակարգի բարեփոխումները եւ բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը, այդ թվում՝ սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման միջոցով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կսահմանվի ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ընդունվելիք Կառավարության որոշման նախագծի մշակման շրջանակներում՝ հաշվի առնելով կարգով նախատեսվելիք պայմանները, չափորոշիչները, առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսային հնարավորությունները: Միաժամանակ, նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն