Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1318-13.04.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածի  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի
53-րդ հոդվածով սահմանված կարգով եւ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Ստանդարտով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 2. Օրենսգրքի  156-րդ հոդվածի  6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.  Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով եւ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Ստանդարտով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 335-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝

ա. 9-րդ կետում «փակցնելը:» բառը եւ կետադրական նշանը փոխարինել «փակցնելը.» բառով եւ կետադրական նշանով,

բ. լրացնել նոր՝ 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«10) ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասում՝

ա) 1-ին կետի վերջում «անմիջապես ստուգումն սկսելիս.» բառերը փոխարինել «անմիջապես ստուգումն սկսելիս, իսկ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով սահմանված հարցը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակը առձեռն ծանոթացման է ներկայացվում ստուգումն սկսելիս երեք աշխատանքային օր առաջ.» բառերով,

բ) 3-րդ կետում  «եւ 6-րդ» բառերը փոխարինել «,6-րդ եւ 10-րդ» բառերով,

գ) 4-րդ կետում  «եւ 8-րդ» բառերը փոխարինել «,8-րդ եւ 10-րդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 340-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 1.2.-րդ կետ հետեւյալ խմբագրությամբ.

«1.2. ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության ստուգման հարցերը ներառում են՝

ա. հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվության մեջ ներառված տեղեկությունների ամբողջականությունը եւ  ճշտությունը ստուգելու նպատակով հարցերը,

բ. hաշվետու ֆինանսական հաստատության կողմից պատշաճ ստուգման ընթացակարգերով նախատեսված պարտավորությունների կատարումը ստուգելու հարցերը,

գ. Օրենսգրքի 80.2-րդ գլխից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտավորությունների կատարումը ստուգելու հարցերը:»:

2)  6-րդ մասում «տրանսֆերային գնագոյացման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ թեմատիկ՝ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության» բառերը:

Հոդված 6.   Օրենսգրքի 402.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 402.3. Հաշվետու ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի եւ վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը

1. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2 գլխով կամ 80.2 գլխով սահմանված իրավական ակտերով սահմանված պատշաճ ուսումնասիրության կամ հավաստող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները յուրաքանչյուր հաշվետիրոջ մասով չկատարելու դեպքում՝ Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2 գլխի կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

3. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2 գլխի կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

 4. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

 5. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 4-րդ մասով  սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի նպատակներով ստացված ինքնահայտարարագրի մեջ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն տրամադրելու դեպքում Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:

 6. Հաշվետերերի եւ Վերահսկող անձանց կողմից ինքնահայտարարագրի չներկայացման դեպքում կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություն տրամադրելու դեպքում Հաշվետերերից կամ Վերահսկող անձանցից յուրաքանչյուր չներկայացման կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության տրամադրման համար գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:

7. Եթե Հաշվետու ֆինանսական հաստատությունը օտարերկրյա իրավաբանական կազմավորում կամ մասնաճյուղ է, որը գտնվում է Հայաստանում, տույժը  կիրառվում է Հաշվետու ֆինանսական հաստատության գործունեության կառավարման համար պատասխանատու անձ(-անց) նկատմամբ: Սույն մասի կիրառման նպատակով, պատասխանատու անձ(-ինք)ը տրաստի դեպքում ներառում են՝ կառավարիչ(ներ)ին, իսկ գործընկերության դեպքում՝ գործընկերներին:

8.Սույն հոդվածով սահմանված խախտումների հայտնաբերման դեպքերում տուգանքները չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը ձեռնարկել է խախտումը վերացնելու համար անհրաժեշտ գործողություններ եւ փաստացի դրանք վերացրել է մինչեւ պատասխանատվության միջոցի վարույթի ավարտը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ:

9. Մինչեւ սույն հոդվածով սահմանված տուգանքի կիրառումը, հարկային մարմինը տուգանքի կիրառման մասին վարչական ակտի նախագիծը ներկայացնում է ՀՀ Կենտրոնական բանկ՝ վարչական ակտով սահմանված տուգանքի կիրառման պարագայում հաշվետու ֆինանսական հաստատությանը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացության հանգեցնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Կենտրոնական բանկի կողմից նման եզրակացություն ստանալու դեպքում հարկային մարմինը կարող է չկիրառել վարչական ակտով արձանագրված տուգանքը, եթե հաշվետու ֆինանսական հաստատությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ:»:

Հոդված 7. Օրենսգրքի 80.2-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  80.2

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Հոդված 443.3. Կիրառվող հասկացություններ

1. Սույն գլխում, ինչպես նաեւ սույն գլխի դրույթներից բխող Օրենսգրքի  այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝

1) Ստանդարտ՝ Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին՝ ներառյալ հետագա փոփոխությունները: Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաեւ դրա փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում.

2) Կոնվենցիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները.

3) Համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը՝ ներառյալ հետագա փոփոխությունները.

4) Տեղեկությունների տրամադրում՝ հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված  հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները Հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին.

5) Հաշվետու հաշիվ՝ մեկ կամ մի քանի հաշվետու անձանց պատկանող ֆինանսական հաշիվ կամ պասիվ ոչ ֆինանսական կազմակերպության հաշիվ, որը վերահսկվում է հաշվետու անձ հանդիսացող անձանց կողմից եւ որը նույնականացվել է որպես այդպիսին՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի կիրառման արդյունքում.

6) Հաշվետու անձ՝ հաշվետու պետության անձ, բացառությամբ ընկերության, որի բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են արժեթղթերի մեկ կամ մի քանի մասնագիտացված շուկայում, այդ ընկերության փոխկապակցված ընկերության, պետական մարմնի, միջազգային կազմակերպության, կենտրոնական բանկի կամ ֆինանսական հաստատության.

7) Հաշվետու ֆինանսական հաստատություն՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական հաստա-տություն (բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետու-թյան տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի) եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որոնք Ստանդարտի եւ սույն կետի իմաստով չեն հանդիսանում ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություններ: Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով.

8) Հաշվետու պետություն՝ պետություն, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Փոխանակում իրականացնող պետությունների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում.

9) Ազատված հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ հրամանով:

Հոդված 443.4. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրում

1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչեւ յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ձեւաչափը եւ դրա լրացման կարգը սահմանվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:

2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում տվյալ օրացուցային տարում հաշվետու հաշիվներ չբացահայտելու դեպքում ֆինանսական հաստատությունը մինչեւ յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում  զրոյական հաշվետվություն՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով եւ ձեւով:

3.  Ֆինանսական հաստության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգը սահմանվում է հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  համատեղ հրամանով:

Հոդված 443.5. Փաստաթղթերի պահպանությունը

1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, Համաձայնագրով եւ սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող պատշաճ ստուգման ընթացակարգերն իրականացման ընթացքում ձեռքբերված փաստաթղթերը:

2. Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով: Օտարերկրյա պտությունների (տարածքների) իրավասու մարմինների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի տեղեկությունների ստացման կարգերը, ինչպես նաեւ փոխանցված ֆինանսկան հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:

Հոդված 443.6. Պարտավորություններից խուսափելը

1. Սույն գլխի պահանջներից խուսափելու, ինչպես նաեւ դրանք չկատարելու նպատակով որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում, այն ձեռքբերած անձանց նկատմամբ տարածվում են Ստանդարտի, Համաձայնագրի եւ սույն գլխի դրույթները, եթե հաստատվում է, որ նման պայմանավորվածության հիմնական նպատակը սույն Գլխի պահանջներից խուսափելը կամ չկատարելն է:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.3.-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.3.-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4.-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.5.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: