Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12.4-րդ մասի 1-ի կետի բ) ենթակետի «փորձաքննության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անտառպատման)» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
1.1 Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների (այսուհետ՝ Կոնվենցիաներ) եւ Էսպո կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության կողմ երկիր:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Կոնվենցիաների եւ ՌԷԳ արձանագրության պահանջներին ազգային օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցնելու պարտավորությունից՝ հիմք ընդունելով Էսպո կոնվենցիայի IX/4bV/4b եւ Օրհուսի VIII/8a կողմերի հանդիպումների որոշումները (կցվում են):
Համաձայն Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի պահանջի (կցվում է)՝ Օրենքը պետք է ընդունվի մինչեւ 2026 թվականի մայիս, որից հետո նախատեսվում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարել, որ ս/թ դեկտեմբերին կայանալիք կողմերի հանդիպմանը Հայաստանի մասով կոնվենցիայի պահանջների չկատարման վերաբերյալ որոշումը հնարավոր լինի համարել ամբողջովին փակված: Միաժամանակ, արտաքին գործերի նախարարությունը եւս խիստ անհրաժեշտ է գտնում սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններին ուղղված ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արագացված իրականացումը:
Նախատեսվում է նաեւ ամրագրել, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով կարգավորվող պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի՝ լիազոր մարմնի կողմից: Փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել եզրակացության ուժը կորցնելու ընթացակարգը եւ ապահովել լիազոր մարմնի կողմից արդյունավետ վերահսկողություն՝ օրենսդրական պահանջների պահպանման համար:
Համաձայն Օրենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքնության է ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցումը՝ 1500 քմ եւ ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ եւ ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով: Գործող կարգավորումը վերաբերում է նաեւ պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցմանը, վերակառուցմանը եւ հիմնանորոգմանը, մինչդեռ վերջիններս, որպես կանոն, չեն առաջացնում էական բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, քանի որ իրականացվում են այդ նպատակով արդեն գոյություն ունեցող տարածքներում:
Խնդրո առարկա դպրոցների եւ մանկապարտեզների կառուցումը, վերանորոգումը կամ հիմնանորոգումը, ենթակա են նաեւ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության, որի շրջանակներում ապահովվում է համապատասխանությունը պարտադիր նորմերին, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին: Միաժամանակ հարկ է նշել, որ կարեւորելով ոլորտի զագրացումը՝ Կառավարության կողմից 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգով 2024 թվականից սահմանվել է, որ տվյալ նախագծերի համար քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը կարող է տրվել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը: Ուստի նպատակահարմար է սահմանել բացառություն՝ համաձայն որի նշված գործունեության տեսակները ենթակա չեն լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության՝ պետական ծրագրերի շրջանականերում վարչարարության բեռի թեթեւացման նպատակով: Տվյալ դեպքում շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ազդեցության գնահատումը կիրականացվի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ընթացքում:
1.2 Գործող կարգավորումների համաձայն ոչ անտառային հողերում իրականացվող անտառապատման ծրագրերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության, որի դեպքում որպես Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակ, նախատեսված է պետական տուրք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով: Նշված պահանջը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ հանդիսանալ անտառապատման ծրագրերի նախաձեռնողների համար եւ որոշ դեպքերում խոչընդոտել ոլորտի քաղաքականությունից բխող ծրագրերի իրականացմանը: Նախկինում (հին ՇՄԱԳ օրենքով) վերոնշյալ ծրագրերը ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա չեն եղել:
Սակայն հաշվի առնելով, որ անտառապատման ծրագրերը ունեն նշանակալի բնապահպանական եւ հանրային արժեք՝ նպաստելով անտառածածկույթի ավելացմանը, ածխածնի կլանման կարողության բարձրացմանը, կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝ անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսել համապատասխան փոփոխություն:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոչ անտառային հողերում իրականացվող՝ ՇՄԱԳ եւ փորձաքննության ենթակա անտառապատման ծրագրերը ազատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար նախատեսված պետական տուրքի վճարումից՝ խթանելով նման ծրագրերի իրականացումը եւ նպաստելով երկրի կլիմայական եւ բնապահպանական քաղաքականության նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ նպաստելով COP 17-ի նախաշեմին Հայաստանի պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետության կարգավիճակի ամրապնդմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
2.1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- առաջարկվում է վերոնշյալ կոնվենցիաների պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը եւ դրա հետ կապված իրավակարգավորումները,
- նախատեսվում է լրամշակել Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Օրհուսի եւ Էսպո Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա, մասնավորապես Օրենքի 12-րդ հոդվածի համապատասխան գործունեության տեսակների համար ՝
- հիմք ընդունելով Էսպո կոնվենցիայի պահանջները, սահմանվել են նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին եւ որը կարող էր էականորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ: Այս դեպքում առանձնացված է 2 կարգավորում՝ երբ ՀՀ-ն հանդիսանում է որպես ծագման պետություն եւ, երբ ՀՀ-ն հանդիսանում է ազդակիր պետություն:
Իրականացվել է նաեւ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի լրացում, որպեսզի պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի՝ լիազոր մարմնի կողմից:
Օրենքի 12-րդ հոդվածը լրացվել է նոր 5.1 կետով, համաձայն որի՝ Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին եւ պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը, կամ գոյություն ունեցող դպրոցի կրթահամալիրի կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, որպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:
Նույն մասով սահմանվել է նաեւ, որ նշված գործունեության տեսակների՝ միեւնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը ենթակա չէ փորձաքննության, եթե դա նախատեսված լինի օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:
2.2 «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ եւ փորձաքննության համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 օգոստոսի 8-ի N 1363 որոշմամբ հաստաված «ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի» 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության համակարգի կատարելագործում՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում