Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1317-10.04.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ մասից, 7-րդ գլխի վերնագրից հանել «շահագրգիռ» բառը, իսկ 28-րդ հոդվածի վերնագրում «Շահագրգիռ հանրության» բառերը փոխարինել «Հանրության» բառով եւ 1-ին մասում «Շահագրգիռ հանրությունն» բառերը փոխարինել «Հանրությունն» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել նոր 17.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«17.1) հանրություն՝ մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ պրակտիկային համապատասխան՝ դրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը.»

2) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) շահագրգիռ հանրություն՝ հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով անմիջական կամ հավանական ազդեցություն կրող կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրություն.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«12) սույն oրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փորձաքննության գործընթացում  հանրության ծանուցման եւ շահագրգիռ հանրության մասնակցության հնարավորության ապահովումը.»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1)  3-րդ մասի՝

ա. 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«ա. կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար».

բ. 6-րդ կետի «գ» ենթակետում «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով.

գ. 7-րդ կետի «գ» ենթակետում «մեծությունը» բառը փոխարինել «սահմանային չափը կամ արժեքը» բառով, իսկ «դ» ենթակետում «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ»  բառերով.

դ. 7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«զ. ասբեստի արդյունահանման, ասբեստի եւ ասբեստ պարունակող արտադրանքների մշակման եւ փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ՝ տարեկան ավելի քան 20000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար՝ տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, եւ ասբեստի այլ օգտագործումների համար՝ տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով.».

ե. 9-րդ կետի «բ» ենթակետում «20» թիվը փոխարինել «10» թվով.

զ. 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.

է. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.

«զ. առեւտրային նավահանգիստներ, ինչպես նաեւ ներքին ջրային ուղիներ եւ ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր.».

թ. 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«ա. թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան.».

2) 4-րդ մասի՝

ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով.

բ. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը.

3) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ մասով՝

«5.1 Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին եւ պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը, կամ գոյություն ունեցող դպրոցի կրթահամալիրի կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, որպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:

Սույն մասում նշված գործունեության տեսակների՝ միեւնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը ենթակա չէ փորձաքննության, եթե դա նախատեսված է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի  1-ին մասում «եզրակացությունն» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերը:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 21. ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները

1. Գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների գործածության, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի եւ փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ բնության հատուկ պահպանվող եւ անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղերի նախագծերի ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա լինելը որոշում է Լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի եւ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաեւ, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը եւ հիմնադրութային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի եւ փորձաքննության՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

5. ՌԷԳ-ի եւ փորձաքննության ենթակա չեն ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաեւ այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է:»:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝

«2. ՌԷԳ-ի իրականացման փուլերն են՝

1) նախնական գնահատումը.

3) ՌԷԳ շրջանակի որոշումը.

4) ՌԷԳ հաշվետվության կազմումը.

5) ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրույթային փաստաթղթում:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, եւ որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում Լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա.

1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում՝ Լիազոր մարմինը այդ մասին անհապաղորեն սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին,

2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում՝ Լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմնին՝ խորհրդակցություններ կազմակերպելու եւ այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

1.1 Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո), «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» (Օրհուս) կոնվենցիաների (այսուհետ՝ Կոնվենցիաներ) եւ Էսպո կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության կողմ երկիր:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Կոնվենցիաների եւ ՌԷԳ արձանագրության պահանջներին ազգային օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցնելու պարտավորությունից՝ հիմք ընդունելով Էսպո կոնվենցիայի IX/4b–V/4b  եւ Օրհուսի VIII/8a կողմերի հանդիպումների որոշումները (կցվում են):

Համաձայն Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի պահանջի (կցվում է)՝ Օրենքը պետք է ընդունվի մինչեւ 2026 թվականի մայիս, որից հետո նախատեսվում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարել, որ ս/թ դեկտեմբերին կայանալիք կողմերի հանդիպմանը Հայաստանի մասով կոնվենցիայի պահանջների չկատարման վերաբերյալ որոշումը հնարավոր լինի համարել ամբողջովին փակված: Միաժամանակ, արտաքին գործերի նախարարությունը եւս խիստ անհրաժեշտ է գտնում սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններին ուղղված ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արագացված իրականացումը:

Նախատեսվում է նաեւ ամրագրել, որ Օրենքի 20-րդ հոդվածի  1-ին մասով կարգավորվող պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի՝ լիազոր մարմնի կողմից: Փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել եզրակացության ուժը կորցնելու ընթացակարգը եւ ապահովել լիազոր մարմնի կողմից արդյունավետ վերահսկողություն՝ օրենսդրական պահանջների պահպանման համար:

Համաձայն Օրենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքնության է ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցումը՝ 1500 քմ եւ ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ եւ ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով: Գործող կարգավորումը վերաբերում է նաեւ պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցների եւ մանկապարտեզների կառուցմանը, վերակառուցմանը եւ հիմնանորոգմանը, մինչդեռ վերջիններս, որպես կանոն, չեն առաջացնում էական բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, քանի որ իրականացվում են այդ նպատակով արդեն գոյություն ունեցող տարածքներում:

Խնդրո առարկա դպրոցների եւ մանկապարտեզների կառուցումը, վերանորոգումը կամ հիմնանորոգումը, ենթակա են նաեւ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության, որի շրջանակներում ապահովվում է համապատասխանությունը պարտադիր նորմերին, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին: Միաժամանակ հարկ է նշել, որ կարեւորելով ոլորտի զագրացումը՝  Կառավարության կողմից 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգով 2024 թվականից սահմանվել է, որ տվյալ նախագծերի համար քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը կարող է տրվել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը: Ուստի նպատակահարմար է սահմանել բացառություն՝ համաձայն որի նշված գործունեության տեսակները ենթակա չեն լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության՝ պետական ծրագրերի շրջանականերում վարչարարության բեռի թեթեւացման նպատակով: Տվյալ դեպքում շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ազդեցության գնահատումը կիրականացվի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ընթացքում:

1.2 Գործող կարգավորումների համաձայն ոչ անտառային հողերում իրականացվող անտառապատման ծրագրերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության, որի դեպքում որպես Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակ, նախատեսված  է պետական տուրք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով: Նշված պահանջը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ հանդիսանալ անտառապատման ծրագրերի նախաձեռնողների համար եւ որոշ դեպքերում խոչընդոտել ոլորտի քաղաքականությունից բխող ծրագրերի իրականացմանը: Նախկինում (հին ՇՄԱԳ օրենքով) վերոնշյալ ծրագրերը ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա չեն եղել:

 Սակայն հաշվի առնելով, որ անտառապատման ծրագրերը ունեն նշանակալի բնապահպանական եւ հանրային արժեք՝ նպաստելով անտառածածկույթի ավելացմանը, ածխածնի կլանման կարողության բարձրացմանը,  կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված պետական քաղաքականության իրականացմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը՝  անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսել համապատասխան փոփոխություն:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոչ անտառային հողերում իրականացվող՝ ՇՄԱԳ եւ փորձաքննության ենթակա անտառապատման ծրագրերը ազատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար նախատեսված պետական տուրքի վճարումից՝ խթանելով նման ծրագրերի իրականացումը եւ նպաստելով երկրի կլիմայական եւ բնապահպանական քաղաքականության նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ նպաստելով  COP 17-ի նախաշեմին Հայաստանի պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետության կարգավիճակի ամրապնդմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2.1 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝

- առաջարկվում է վերոնշյալ կոնվենցիաների պահանջներին համապատասխան սահմանել նոր՝ «հանրություն» հասկացությունը՝ համապատասխանաբար խմբագրելով «շահագրգիռ հանրություն» հասկացությունը եւ դրա հետ կապված իրավակարգավորումները,

 - նախատեսվում է լրամշակել Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա գործունեության տեսակները՝ համապատասխանեցնելով Օրհուսի եւ Էսպո Կոնվենցիաների պահանջներին՝ քարտուղարություների կողմից ներկայացված դիտարկումների հիման վրա, մասնավորապես  Օրենքի 12-րդ հոդվածի համապատասխան գործունեության տեսակների համար ՝

- հիմք ընդունելով Էսպո կոնվենցիայի պահանջները, սահմանվել են նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին եւ որը կարող էր էականորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում  այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ: Այս դեպքում առանձնացված է 2 կարգավորում՝ երբ ՀՀ-ն հանդիսանում է որպես ծագման պետություն եւ, երբ ՀՀ-ն հանդիսանում է ազդակիր պետություն:

Իրականացվել է նաեւ Օրենքի 20-րդ հոդվածի  1-ին մասի լրացում, որպեսզի պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի՝ լիազոր մարմնի կողմից:

Օրենքի 12-րդ հոդվածը լրացվել է նոր 5.1 կետով, համաձայն որի՝ Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին եւ պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը, կամ գոյություն ունեցող դպրոցի կրթահամալիրի կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, որպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:

Նույն մասով սահմանվել է նաեւ, որ նշված գործունեության տեսակների՝ միեւնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը ենթակա չէ փորձաքննության, եթե դա նախատեսված լինի օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:

2.2  «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն՝ անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ եւ փորձաքննության համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների  ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ կբերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 օգոստոսի 8-ի  N 1363 որոշմամբ հաստաված «ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի»  4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության համակարգի կատարելագործում՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ» առաջնահերթ ուղղությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ   «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն