Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13152-07.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեմտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.
 
«7.16
 
Էներգիայի պահեստավորման համար,  այդ թվում՝
 
7.16.1 Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝
տարեկան
բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.16.2
էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝
 
7.16.2.1 մինչեւ 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝
տարեկան
բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.16.2.2
15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝
տարեկան
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
7.16.2.3
50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝
տարեկան
բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը եւ առկա իրավիճակը

Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը վերջին տարիներին բնութագրվում է վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արեւային կայանների կտրուկ աճով, ինչի հետեւանքով էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ավելացել է ոչ կայուն եւ ժամային տատանումներով բնութագրվող հզորությունների մասնաբաժինը: Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման (մինչեւ  2040  թվականը) ռազմավարական ծրագրով (հավանության արժանացած Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ) որպես մինչեւ 2030 թվականի թիրախ՝ նախատեսվել է արեւային էներգիայի արտադրության մասնաբաժնի բարձրացման նպատակով կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, իսկ 2030-2040 թվականներին՝ եւս 500 ՄՎտ հզորության արեւային կայաններ՝ զուգահեռաբար ներդնելով նաեւ շուկայական մեխանիզմներ կուտակիչ (պահեստավորող) կայանների կառուցումը խթանելու համար:

Արեւային կայանների, այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքների աճի ներկայիս տեմպերով հիշյալ ռազմավարական ծրագրով 2030 թվականի համար նախատեսված թիրախը (1000 ՄՎտ հզորություն) արդեն իսկ գերազանցվել է 2025 թվականին, ինչը մի շարք հանգամանքներով պայմանավորված, առաջացնում է լուրջ համակարգային խնդիրներ: Մասնավորապես, երկրում առկա չէ էլեկտրական էներգիայի նման պահանջարկ. նման մեծ ծավալով արեւային կայանների աշխատանքի՝ ցերեկային ժամերին համակարգում առաջանում է էլեկտրական էներգիայի ավելցուկ, որը պահեստավորող կայանների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չէ կուտակել, իսկ Հայաստան - Վրաստան եւ Իրան – Հայաստան համապատասխան ենթակառուցվածքների՝ դեռեւս կառուցված չլինելու պատճառով հնարավոր չէ նաեւ արտահանել, ինչի արդյունքում համակարգում առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ լարման տատանումներ, հաճախականության շեղումներ եւ այլն: Առաջանում է վերականգնվող էներգետիկայի ինտեգրման կարգավորման անհրաժեշտություն, քանի որ գագաթային արտադրության ժամանակ համակարգը հաճախ չկարողանալով ընդունել հավելյալ ծավալներ՝ ստիպված է լինում սահմանափակել արտադրությունը: Միաժամանակ, առաջանում է պահուստային հզորությունների մեծ պահանջարկ, ինչը բարձրացնում է համակարգի ընդհանուր ծախսերը եւ ազդում վերջնական սպառողի սակագնի ձեւավորման վրա:

Որպես նշված խնդիրների լուծման տարբերակ կարող է ծառայել հնարավորինս սեղմ ժամկետում էներգիա պահեստավորող կայանների ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում, ինչպես նաեւ բնագավառի լիազոր մարմնին ցանկացած տեսակի կայանում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողների եւ միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակներում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներ սահմանելու իրավասության վերապահումը:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին եւ միջազգային լավագույն փորձին համահունչ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում էներգիա պահեստավորող կայանների ներդրման նպատակով նախագծերով առաջարկվում է՝

1) որպես էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորումը՝ կայանի կառուցման եւ էներգիայի պահեստավորման փուլերով (ժամանակահատվածներով): Նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք: Ընդ որում, լիցենզավորման ենթակա չի լինի մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ կառուցման եւ պահեստավորման ժամանակահատվածներում, ինչպես նաեւ 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ պահեստավորման ժամանակահատվածում.

2) ստեղծել հնարավորություն էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրամադրել էներգիայի պահեստավորման երաշխիքով՝ սակագնային կարգավորմամբ (նաեւ ՊՄԳ գործարքների շրջանակում), կամ առանց այդ երաշխիքի՝ մրցակցային պայմաններով:

Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանած սակագնով պարտավորված կլինի էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով:

Բնագավառի լիազոր մարմնի առաջարկի հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիաները կտրամադրվեն մրցութային եղանակով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները կսահմանվեն հանձնաժողովի կողմից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրերի իրականացման շրջանակում արդեն իսկ առկա են ձեւավորված համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ մրցութային ընթացակարգերի վերաբերյալ (մասնավորապես «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում), նախագծով ամրագրվել է, որ հանձնաժողովի կողմից թե վերոնշյալ մրցույթի անցկացումը, թե դրա կարգի ու պայմանների սահմանումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները՝ բացառելու համար դրանց միջեւ հնարավոր հակասությունները կամ իրավական բացերը.

3) իրավասություն վերապահել բնագավառի լիազոր մարմնին՝ առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովին մինչեւ 30 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայաններում էներգիայի պահեստավորման՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.

4) նախատեսել էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար, ինչը միտված է բացառելու, որ այս անձինք՝ իրենց գերիշխող դիրքից եւ տեղեկատվական առավելությունից օգտվելով, խեղաթյուրեն շուկան կամ ստանան մրցակցային առավելություն այդ գործունեությամբ զբաղվող շուկայի այլ մասնակիցների նկատմամբ:

Կազմակերպությունների կողմից իրական ներդրումների կատարման ապահովման եւ  համապատասխան լիցենզիաների սպեկուլյատիվ ձեռքբերումն ու հետագայում դրանց՝ բարձր գնով օտարման գործելակերպը կանխելու նպատակով՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ լրամշակել լիցենզավորված գործունեության իրականացման համար երաշխիքների ներկայացման եւ դրանցով սահմանված գումարները պետական բյուջե փոխանցման վերաբերյալ կարգավորումները:

Մասնավորապես, ներկայումս օրենքի համաձայն՝ նման երաշխիք ներկայացվում է կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով: Երաշխիքային գումարը պետական բյուջե փոխանցելու դեպքերը եւս սահմանված են օրենքով, մինչդեռ ներկայացման եւ հետագայում բյուջե փոխանցման ենթակա երաշխիքային գումարի չափը, ինչպես նաեւ չփոխանցման դեպքը սահմանված է հանձնաժողովի իրավական ակտով:

Նախագծով առաջարկվում է՝

1) Լրացնել, լրամշակել երաշխիքի ներկայացման եւ պետական բյուջե փոխանցման դեպքերը՝ ամրագրելով նաեւ կառուցման ժամանակահատված ներառող՝ էներգիայի պահեստավորման լիցենզիայի մասով համապատասխան կարգավորումներ.

2) ներկայացման ենթակա երաշխիքային գումարի չափն ամրագրել օրենքում՝ կառուցվող կայանի (վերակառուցման դեպքում ավելացվող) հզորության եւ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի տասնապատիկի (ներկայումս սահմանված երկուսուկեսապատիկի փոխարեն), իսկ կառուցման ժամանակահատվածն առաջին անգամ երկարաձգելիս կառուցվող կայանի հզորության եւ բազային տուրքի քսանապատիկի, երկրորդ եւ հաջորդող երկարաձգումների պարագայում՝ երեսնապատիկի արտադրյալին հավասար.

3) ամրագրել, որ լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետեւանք է անհաղթահարելի ուժի՝ սահմանելով նաեւ տվյալ դրույթի կիրառումն ապահովող համապատասխան կարգավորումներ:

Նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել հնարավորություն՝ Կառավարության լիազորած մարմնի առաջարկության հիման վրա, էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ամրագրելու մինչեւ 30 ՄՎտ հզորությամբ ցանկացած տեսակի կայանում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողների եւ միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակներում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներ ու համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ չափաքանակների սպառման դեպքում դադարեցնել համապատասխան լիցենզիաների տրամադրումը եւ կայանների միացումն էլեկտրական էներգիայի բաշխման եւ հաղորդման ցանցերին:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բարձրացնել էներգետիկ համակարգի կայունությանն ու անվտանգությունը, ստեղծել նոր գործարար միջավայր, ընդլայնել իրական ներդրումները բնագավառում, ապահովել սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը՝ ծառայությունների որակի, մատչելիության եւ անխափանության տեսանկյունից:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

4. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.4 բաժնից: Մասնավորապես, այդ բաժնի 1-ին նախադասությամբ ամրագրված է, որ Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը: Սույն նախագիծն ուղղված է էներգետիկ համակարգի հուսալիության ու անվտանգության ռիսկերի նվազեցմանն ու կանխմանը, հետեւաբար նաեւ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը:

Նախագիծը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040 թվականը) 2-րդ բաժնի 1-ին կետից, որի համաձայն՝ արեւային կայանների կառուցումը, նկատի ունենալով առկա տեղական ռեսուրսները եւ այս տեխնոլոգիայի զարգացման միտումները ողջ աշխարհում, կլինի գերակա մնացած տեսակների նկատմամբ՝ հաշվի առնելով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաեւ 3-րդ բաժնից, որում նախատեսված է, որ Կառավարությունը նպատակ ունի արեւային կայանների աճին զուգընթաց ներդնել նաեւ շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար:

Ինչպես արդեն նշվել է հիմնավորման 1-ին բաժնում, արեւային կայանների աճի ներկայիս տեմպերով հիշյալ ռազմավարական ծրագրով 2030 թվականի համար նախատեսված թիրախն արդեն իսկ գերազանցվել է 2025 թվականին, ինչը մի շարք հանգամանքներով պայմանավորված, արդեն իսկ առաջացնում է լուրջ համակարգային խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղված է նախագծի ընդունումը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, սակայն նախատեսվում է եկամուտների աճ՝ լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակի համար պետական տուրքի նախատեսման, ինչպես նաեւ լիցենզավորված անձանց կողմից ներկայացման եւ հետագայում պետական բյուջե փոխանցման ենթակա երաշխիքային գումարի չափի ավելացման արդյունքում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն