Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման եւ ուղեկցումների, օպերատիվ, հատուկ նշանակության, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում եւ շտաբում.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):»:
Հոդված 4. Օրենքի 14.1-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14.1 Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը եւ քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը»:
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի՝ քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
3) 3-րդ մասը «մրցույթով» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված կարգով» բառերով եւ թվերով:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով՝
«4. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քրեակատարողական ծառայողին, որը միաժամանակ՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
2) երկու տարի անընդմեջ աշխատում է քրեակատարողական ծառայությունում.
3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
5. Քրեակատարողական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:»:
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:»:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում
1) 1.1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քրեակատարողական ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության պետին եւ նրա տեղակալներին» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) արձակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, կայացնում է որոշումներ եւ տալիս է ցուցումներ.»:
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) քննարկում եւ թողնում է անփոփոխ քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց համապատասխան որոշումները, հրամանները եւ ցուցումները կամ կասեցնում, փոփոխում, ուժը կորցրած է ճանաչում կամ վերացնում է (ցուցումի դեպքում) քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց անօրինական եւ (կամ) անհիմն հրամանները, ցուցումները եւ որոշումները, եւ դրանց կապակցությամբ համապատասխանաբար՝ ընդունում է նոր հրամաններ, տալիս նոր ցուցումներ եւ կայացնում նոր որոշումներ.»:
Հոդված 9. Օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 14-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով
«1.1. Սույն Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունից, եթե քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում ծառայողին առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:»:
Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերից բացի, ծառայողական շներ կարող են կիրառվել նաեւ՝ քրեակատարողական հիմնարկների տարածքում, այդ թվում՝ խցերում եւ կացարաններում խուզարկություններ կատարելիս՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների եւ այլ արգելված իրերի եւ առարկաների որոնման նպատակով:»:
Հոդված 13. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման, իրավիճակով պայմանավորված լուծումներ պահանջող, ինչպես նաեւ թերի, տարընկալումների տեղիք տվող կամ չկարգավորված հարցերի հստակեցմամբ: Նախատեսվող որոշ փոփոխություններ պայմանավորված են Քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող գործառույթների արդիականացմամբ եւ բարելավմամբ:
2. Կարգավորման նպատակը.
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է երկու առանձին գործառույթներ իրականացնող, սակայն միեւնույն նպատակը հետապնդող ստորաբաժանումների՝ Քրեակատարողական ծառայության (այսուհետ նաեւ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի ուղեկցումների եւ պահպանության ապահովման բաժինների մեկ վարչության ներքո միավորում:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորությունը Պրոբացիայի ծառայությանը վերապահված լինելու հանգամանքով:
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ներկա կարգավորումը որոշակի առումով սահմանափակում է Ծառայության պաշտոն զբաղեցնել ցանկացող անձանց շրջանակը, քանի որ սահմանված է, որ քրեակատարողական ծառայություն դիմելու պահին պետք է լրացած չլինի անձի 30 տարին: Մինչդեռ, գործնականում քրեակատարողական ծառայողներն իրենց մասնագիտական, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով լիարժեքորեն կատարում են իրենց վրա դրված պարտականություններն՝ առանց տարիքային սահմանափակման: Հետեւաբար, Ծառայությունում ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է:
Առաջարկվող փոփոխությամբ կվերանա քրեակատարողական ծառայություն աշխատանքի ընդունվելու տարիքային սահմանափակումը, հնարավորություն կտրվի Ծառայությունում ծառայության անցնել նաեւ 30 տարին լրացած այն անձանց, ովքեր իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի գործառույթները:
Օրենքի 14.1-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռնում՝ առանց մրցույթի քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնում նշանակելու կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած քրեակատարողական ծառայողին: Բացի այդ, նման հնարավորություն նախատեսելը թույլ կտա առաջնայնություն տալ ու խթանել արդեն իսկ քրեակատարողական ծառայող համարվող եւ ծառայողական արժանիքներ ունեցող անձանց, ինչպես նաեւ նպաստել նրանց համընթաց եւ անխոչընդոտ առաջխաղացմանը: Իսկ այդպիսիք չլինելու դեպքում՝ հայտարարել մրցույթ:
Հարկ է նշել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համանման փոփոխությունն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից եւ դրա գործնական կիրառումը, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողների մասով, արդեն իսկ ապացուցել է իր լիարժեք արդյունավետությունը եւ տվել է դրական արդյունքներ: Ուստի, առաջարկվող փոփոխությունը քրեակատարողական ծառայողների մասով եւս արդյունավետ կլինի:
Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ներկա կարգավորմամբ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալի պաշտոնը, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, սակայն քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալի պաշտոններում աշխատելու վերաբերյալ պայմանի նշումը ավելորդ է, քանի որ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանն արդեն իսկ բավարար է, որպեսզի անձը կարողանա զբաղեցնել քրեակատարողական ծառայության տվյալ խմբի պաշտոն: Ուստի, նախատեսվող փոփոխություններով կհստակեցվի եւ կպարզեցվի պաշտոնի նշանակվելու համար ներկայացվող պայմանները: Նույն հիմնավորումը վերաբերելի է նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող փոփոխությանը:
Նախագծով առաջարկվող Օրենքի 21-րդ հոդվածը 1.2-րդ մասով լրացնելով՝ քրեակատարողական ծառայողը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ, առանց մրցույթի փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր պաշտոնի: Հարկ է նշել, որ ներկայումս քրեակատարողական ծառայողներն առանց մրցույթի կարող են փոխադրվել միայն հավասարազոր պաշտոնի, հետեւաբար անտրամաբանական է, որ իրենց ցանկությամբ առանց մրցույթի մասնակցելու ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր փոխադրվելու հնարավորություն չունենան:
Նախագծով առաջարկվող Օրենքի 22-րդ հոդվածի փոփոխությամբ կհստակեցվի վերոնշյալ հոդվածի կիրառման մեկնաբանությունը, քանզի գործող համապատասխան իրավակարգավորման պայմաններում անհասկանալի է, թե քրեակատարողական ծառայության պետը գործնականում ինչպես պետք է առաջարկություն ներկայացնի համապատասխան նախարարին՝ իրեն այլ պաշտոնի փոխադրելու վերաբերյալ:
Օրենքի 25-րդ հոդվածում համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելով՝ կհստակեցվի նաեւ, որ ոլորտը կառավարող համապատասխան նախարարը կարող է վերանայման արդյունքում անփոփոխ թողնել քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց իրավաչափ հրամաններն ու որոշումները:
Օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելը ներկայումս ամբողջությամբ իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի նման լիազորություն Քրեակատարողական ծառայությանը վերապահելը իրատեսական չէ:
Օրենքի 39-րդ եւ 40-րդ հոդվածներում առաջարկվող լրացումներով Քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերում ավելանում է ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում տվյալ պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին ծառայությունից ազատելու պայմանը, այն դեպքում, եթե Քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում առաջարկվում է պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվում է: Հնարավորությունների բացակայության պարագայում սահմանված կարգով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվում կադրերի ռեզերվում, որտեղ եւս նախատեսվում է պաշտոնն այդ պահին զբաղեցնող ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու հիմք՝ պաշտոնը նախկինում զբաղեցրած ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում: Նման պարագայում, օրենսդրական կարագավորում տալով, կհստակեցվի եւ կկարգավորվի իրավիճակով պայմանավորված նախկին ծառայողին աշխատանքում վերականգնելու դեպքում տվյալ պաշտոնը այդ պահին զբաղեցնող մեկ այլ ծառայողի աշխատանքից ազատելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 49-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավորություն կտա ծառայողական շներ օգտագործել նաեւ քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված կացարաններում եւ խցերում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների եւ այլ արգելված իրերի եւ առարկաների որոնման նպատակով: Մասնավորապես, հաճախ քրեակատարողական հիմնարկների խցերում առկա են թույլատրելի բազմաթիվ առարկաներ, այդ թվում՝ մեծածավալ եւ այդ պայմաններում խուզարկություններ կատարելը հաճախ բարդանում է եւ չի տալիս ցանկալի արդյունք: Նշված դեպքերում ծառայողական շներ օգտագործելը կբարձրացնի խուզարկության արդյունավետությունը եւ կկրճատի խուզարկության իրականացման ժամանակահատվածը:
3. Նախագծի մշակաման գորընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել եւ հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված եւ (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաեւ տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիցչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում