Armenian ARMSCII Armenian
Կ-1315-07.04.2026-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը «էլեկտրական, ջերմային» բառերից առաջ լրացնել «էներգիայի պահեստավորման,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «վաճառքի,», 6-րդ եւ 17-րդ կետերը «արտադրության,» բառերից հետո լրացնել «պահեստավորման,»  բառով, իսկ նույն մասը՝  հետեւյալ  բովանդակությամբ 12.1-ին եւ 12.2-րդ կետերով.

«12.1) էներգիայի  պահեստավորում  (պահեստավորում)՝ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրված էլեկտրական էներգիայի վերջնական սպառման հետաձգում դրա արտադրման պահից ավելի ուշ պահի կամ արտադրված էլեկտրական էներգիայի վերափոխում էներգիայի այնպիսի ձեւի, որը հնարավոր է կուտակել, այդ էներգիայի կուտակում եւ հետագայում այդ էներգիայի վերափոխում էլեկտրական էներգիայի կամ օգտագործում որպես այլ էներգակիր.

12.2) էներգիայի պահեստավորման ծառայությունից օգտվելու երաշխիք (էներգիայի պահեստավորման երաշխիք)՝ սույն օրենքով, ինչպես նաեւ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում եւ ծավալով էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձի մատուցած էներգիայի պահեստավորման ծառայության պարտադիր ձեռքբերման իրավունք, որը պաշտպանվում է սույն օրենքով, շուկայի կանոններով եւ պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով՝ լիցենզիա ունեցող անձի մատուցած էներգիայի պահեստավորման ծառայության ծավալ է համարվում էներգիայի այն առավելագույն քանակությունը, որը լիցենզիա ունեցող անձը, սույն օրենքի համաձայն, պարտավոր է եւ տեխնիկապես ունակ է պահեստավորելու ու հետագայում առաքելու էլեկտրաէներգետիկական համակարգ՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ ժամանակահատվածում այդ կարողությունն օգտագործվել է մասնակիորեն, թե ամբողջությամբ, եթե պահեստավորման ծառայության չօգտագործումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարմամբ կամ հաղորդման կամ բաշխման ցանցերում առաջացած սահմանափակումներով.»:

Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասում՝

1) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողով մինչեւ 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողների եւ միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1» կետով.

«դ1) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողով մինչեւ 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ պահեստավորող կայաններում էներգիայի պահեստավորման՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների, ինչպես նաեւ էներգիայի պահեստավորման լիցենզիաները մրցութային ընթացակարգով տրամադրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.».

3) «ե» կետը «հզորությամբ» բառից հետո լրացնել «կայաններում» բառով, իսկ «արտադրության» բառից հետո՝ «եւ էներգիայի պահեստավորման» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «արտադրական» բառից հետո լրացնել «կամ պահեստավորող» բառերով:

Հոդված 5.  Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «շուկայի օպերատորի» բառերից հետո լրացնել «, էներգիայի պահեստավորման» բառերով, իսկ «գ» կետը «լիցենզիաներ» բառից հետո՝ «(այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված դեպքում իր սահմանած պայմաններով եւ կարգով իրականացվող մրցութային ընթացակարգով)» բառերով:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «վերականգնվող էներգետիկայի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ էներգիայի պահեստավորման» բառերով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ եւ 35.1-ին հոդվածի 3-րդ մասերում նշված  երաշխիքի  ժամկետը  լրացած,   ինչպես նաեւ 35-րդ հոդվածի 5-րդ եւ 35.1-ին հոդվածի 2-րդ մասերի համաձայն՝ երաշխիք չունեցող կայանների համար հանձնաժողովը սակագին չի սահմանում:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) էներգիայի պահեստավորումը.».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով.

«զ) մինչեւ 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ կառուցման եւ պահեստավորման ժամանակահատվածներում.

է) 1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էներգիայի պահեստավորման գործունեությունը՝ պահեստավորման ժամանակահատվածում: Էլեկտրական էներգիա արտադրող անձի դեպքում սեփական կարիքի համար էներգիայի պահեստավորում է համարվում նաեւ սեփական արտադրության էլեկտրական էներգիայի կուտակումը, ինչպես նաեւ իր՝ որպես արտադրողի պայմանագրային պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ պահեստավորումը:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «տրման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված դեպքում մրցույթի անցկացման» բառերով, «հանձնաժողովը» բառից հետո՝ «՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները» բառերով, իսկ 4-րդ մասը «կայանների» բառից հետո՝ «, ինչպես նաեւ էներգիայի պահեստավորման լիցենզիաների» բառերով:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները

1. Անձինք հանձնաժողովի սահմանած կարգով հանձնաժողով են ներկայացնում օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ էներգիայի պահեստավորման՝

1) լիցենզիա ստանալու համար.

2) լիցենզիայով  ամրագրված  կառուցման  ժամանակահատվածը երկարաձգվելու դեպքում.

3) լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածը երկարաձգվելու դեպքում.

4) լիցենզիա ունեցող անձի կողմից օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցվելու դեպքերում՝ ամբողջությամբ, իսկ լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, արտադրության կամ պահեստավորման լիցենզիա ունեցող անձի կողմից օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքերում երաշխիքային գումարը կիսով չափ ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը պետք է հավասար լինի սույն հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ կառուցվող կայանի հզորության եւ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի (սույն հոդվածում այսուհետ՝ բազային տուրք) տասնապատիկի արտադրյալին.

2) 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ ժամանակահատվածն առաջին անգամ երկարաձգելիս կառուցվող կայանի հզորության եւ բազային տուրքի քսանապատիկի, իսկ երկրորդ եւ հաջորդող երկարաձգումների պարագայում՝ երեսնապատիկի արտադրյալին.

3) 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վերակառուցման արդյունքով կայանի ավելացող հզորության եւ բազային տուրքի տասնապատիկի արտադրյալին:

4. Սույն հոդվածում կայանի հզորություն է դիտարկվում դրա տեղակայվող հզորությունը՝ արտահայտված կիլովատտերով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձը նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացրել, ներկայացրած երաշխիքի գործողության ժամկետը լրացել է, կամ դրանով սահմանված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:

6. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետեւանք է անհաղթահարելի ուժի:

7. Սույն օրենքի իմաստով՝ անհաղթահարելի ուժ են համարվում ցանկացած հանգամանք, դեպք կամ դրանց հետեւանք, որոնք հանգեցրել են, հանգեցնում կամ կարող են հանգեցնել լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման եւ միաժամանակ բավարարում են հետեւյալ պայմանները.

1) լիցենզավորված անձի վերահսկողության ներքո չեն.

2) լիցենզավորված անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները եւ ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված)՝ նշված հանգամանքները (հետեւանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

8. Լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն անհաղթահարելի ուժի հետեւանք լինելու հանգամանքը ենթակա է հիմնավորման այդ լիցենզավորված անձի կողմից:

9. Սույն օրենքի իմաստով՝ մասնավորապես անհաղթահարելի ուժեր են՝

1) բնական եւ տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսեւորումները (այդ թվում՝ ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ, պտտահողմ, կայծակով եւ ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրեւ, ձնաբուք, սողանք), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտումը, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքով չի տրամադրվել, չի երկարաձգվել համապատասխան պարտավորության կատարման համար անհրաժեշտ որեւէ թույլտվություն կամ իրավունք, կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ լիցենզավորված անձը գործել է համաձայն օրենսդրության:

10. Սույն հոդվածի 9-րդ մասը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը, նկարագրվածից բացի, այլ արտակարգ եւ անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմելու հանձնաժողով՝ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները բավարարելու դեպքում դրանք եւս անհաղթահարելի ուժ ճանաչելու համար:»:

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը «լիցենզիա ունեցող» եւ «լիցենզիաներ ունեցող» բառերից առաջ լրացնել «կամ էներգիայի պահեստավորման» բառերով:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա1» եւ «ա2» կետերը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ պահեստավորման» բառերով:

Հոդված 13. Օրենքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «սույն օրենքին կամ» բառերով.

2) 2-րդ մասի «ա», «բ», «գ» եւ «ե» կետերը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ պահեստավորման» բառերով.

3) 2-րդ մասի «գ» կետի «կասեցրել է արտադրության լիցենզիան» բառերը փոխարինել «կասեցրել է լիցենզիան» բառերով:

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը «արտադրության,» բառից հետո լրացնել «էներգիայի պահեստավորման,» բառերով:

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը «սահմանված» բառից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի արտադրության» բառերով, «հաշվի առնելով» բառերից հետո՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ապահովումը,» բառերով, իսկ նույն մասի «ա» կետից հանել «վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող» եւ «տարեկան» բառերը:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Այն դեպքում, երբ առկա է միայն առանց օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունների չափաքանակ, նման կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել, եթե կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը կամ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվում է սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից, որից հետագայում այլեւս օգտվել չի կարող:»:

Հոդված 17. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1. Պահեստավորման լիցենզիաները

1. Էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն՝ մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:

2. Էներգիայի պահեստավորման լիցենզիան տրվում է էներգիայի պահեստավորման երաշխիքով կամ առանց այդ երաշխիքի՝ նման լիցենզիա ստանալու մտադրություն ունեցող անձի կողմից երաշխիքից, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվելու դեպքում:

3. Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիայի շրջանակում հանձնաժողովի կողմից էներգիայի պահեստավորման ծառայության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում լիցենզիայում նշված կայանի միջոցով մատուցվող պահեստավորման ծառայությունն ամբողջությամբ ենթակա է ձեռքբերման (օրենքով սահմանված էներգիայի պահեստավորման երաշխիք): Օրենքով սահմանված էներգիայի պահեստավորման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվելու դրանից: Էներգիայի պահեստավորման լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էներգիայի պահեստավորման նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանած սակագնով պարտավոր է էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի առաջարկի դեպքում էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվում եւ համապատասխան սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթի արդյունքով՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները:

6. Էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով նաեւ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող՝ պահեստավորող կայանների գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ առաջարկությունները, 30 ՄՎտ եւ ավելի դրվածքային հզորությամբ կայանների պարագայում՝ նաեւ ստանալով սույն մասում նշված լիազորած մարմնի համաձայնությունը:

7. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էներգիայի պահեստավորման գործունեությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) պահեստավորող  կայանն  ամբողջությամբ  ինտեգրված  է համապատասխանաբար հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում, օգտագործվում է բացառապես էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ապահովման համար, եւ առկա է այդ գործունեությամբ զբաղվելուն համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշումը.

2) միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.

ա. այլ անձինք, սույն օրենքի համաձայն, չեն ստացել էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու իրավունք կամ չեն կարողացել պատշաճ ժամկետներում մատուցել պահեստավորման ծառայություն,

բ. պահեստավորող կայանն անհրաժեշտ է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին սույն օրենքով եւ շուկայի կանոններով սահմանված իր պարտականությունները կատարելու համար՝  էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ, հուսալի եւ անվտանգ շահագործման համար, եւ պահեստավորող կայանը չի օգտագործվելու շուկայում էլեկտրաէներգիա գնելու կամ վաճառելու համար,

գ. հանձնաժողովը, գնահատելով սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված պայմանների առկայության հանգամանքը, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին իր որոշմամբ համաձայնություն է տվել զբաղվելու էներգիայի պահեստավորման գործունեությամբ:

8. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, սույն օրենքի համաձայն, էներգիայի պահեստավորման գործունեության իրավունք ստանալուց հետո համապատասխան պահեստավորող կայանը կարող է շահագործել բացառապես սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում կամ նույն մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված նպատակներով:»:

Հոդված 18. Օրենքի 39.1-ին հոդվածի 2-րդ մասը «ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձը,» բառերով, իսկ 3-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության կամ էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձանց կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո համապատասխանաբար վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) եւ մատուցվող էներգիայի պահեստավորման ծառայության գները:»:

Հոդված 19. Օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը «բաշխման» բառից հետո լրացնել «, էներգիայի պահեստավորման» բառերով:

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ էներգիայի պահեստավորման» բառերով, իսկ «արտադրող» բառից հետո՝ «կամ էներգիա պահեստավորող» բառերով:

Հոդված 21. Օրենքի 56.1-ին հոդվածի 3-րդ մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «՝ սույն օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետում նշված միացման գումարային հզորությունների առավելագույն չափաքանակի շրջանակում» բառերով:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ընդունած իրավական ակտերը համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին, անհրաժեշտության դեպքում ընդունում է սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր: