«31) սինթետիկ բովանդակություն` տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձեւափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երեւույթների վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը
1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի եւ ընթեռնելի մակնշումը՝
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձեւափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձեւափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով:
2. Մակնշումը պետք է իրականացվի հետեւյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում եւ արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2) լսողական հաղորդման դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում եւ վերջում, այդ թվում՝ նկարագրության դաշտում.
3) պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա եւ ներառվի պատկերի նկարագրության դաշտում:
3. Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակության չէ, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն:
4. Հեռարձակողի, բովանդակությունն ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որեւէ մեկով՝ նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձեւաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին մասով.
«30.1. Սույն օրենքի 9.1-ին հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: