Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1310-06.04.2026-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

«31) Սինթետիկ բովանդակություն՝ տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձեւափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երեւույթների վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1 Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը

1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի եւ ընթեռնելի մակնշումը՝

1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձեւափոխված սինթետիկ բովանդակության դեպքում «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.

2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձեւափոխված  սինթետիկ բովանդակության դեպքում «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով:

2. Մակնշումը պետք է իրականացվի հետեւյալ եղանակներով՝

1) տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում եւ արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի,

2) լսողական հաղորդման դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում եւ վերջում,  այդ թվում՝ նկարագրության դաշտում,

3) պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա եւ ներառվի պատկերի նկարագրության դաշտում:

3. Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն:

4. Հեռարձակողի, բովանդակությունը ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսոցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որեւ մեկով՝  նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձեւաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:

5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը»:

Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին մասով՝

«30.1. Սույն օրենքի  9.1-րդ հոդվածի պահանջները խախտելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հատկապես արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է թվային բովանդակության ստեղծման նոր մեթոդների լայն տարածմանը: Գեներատիվ ալգորիթմների եւ արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ հնարավոր է ստեղծել տեսալսողական, պատկերային եւ ձայնային բովանդակություն, որն արտաքինից կարող է ամբողջությամբ կամ մասամբ նման լինել իրականությանը:

Նման տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող բովանդակությունը հաճախ բնութագրվում է որպես սինթետիկ բովանդակություն: Թեեւ նշված տեխնոլոգիաները կարող են ունենալ դրական կիրառություններ ստեղծագործական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտներում, դրանց ոչ թափանցիկ օգտագործումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր: Մասնավորապես՝ սինթետիկ բովանդակությունը կարող է օգտագործվել հասարակությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու, անձանց հեղինակությանը վնաս հասցնելու, ինչպես նաեւ հանրային գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով:

Տեսալսողական մեդիայի ոլորտում նման բովանդակության տարածումը կարող է էապես ազդել տեղեկատվության հավաստիության ընկալման վրա, քանի որ լսարանը հաճախ չի կարողանում տարբերակել իրական եւ արհեստականորեն գեներացված նյութերը: Այս հանգամանքը կարող է նվազեցնել հանրության վստահությունը մեդիա միջավայրի նկատմամբ եւ խաթարել տեղեկատվական թափանցիկությունը:

Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն: Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չեն լինում, որ իրենց կողմից սպառվող բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել սինթետիկ բովանդակության հստակ իրավական սահմանում եւ նախատեսել դրա պարտադիր մակնշման պահանջներ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար՝ ապահովելու տեղեկատվության թափանցիկությունը եւ սպառողների տեղեկացվածությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրել սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը՝ որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձեւափոխվել է արհեստական բանականության համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Միաժամանակ նախատեսվում է սահմանել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների պարտականությունը՝ ապահովելու, որ նման բովանդակությունն ունենա հստակ, տեսանելի կամ լսելի մակնշում, որը տեղեկացնում է, որ տվյալ բովանդակությունը գեներացվել է արհեստական բանականության միջոցով կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձեւափոխվել է կամ ենթարկվել թվային մշակման:

Նախագիծը սահմանում է նաեւ մակնշման իրականացման եղանակները՝ կախված բովանդակության տեսակից (տեսալսողական, լսողական կամ պատկերային)՝ ապահովելու համար, որ տեղեկատվությունը հասանելի եւ ընկալելի լինի սպառողների համար:

Նախագիծը նաեւ նախատեսում է պատասխանատվության միջոցներ սինթետիկ բովանդակության մակնշման պահանջները խախտելու դեպքում:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել տեսալսողական մեդիա ոլորտում տեղեկատվության թափանցիկությունը, ապահովել սպառողների տեղեկացվածությունը բովանդակության ծագման վերաբերյալ, նվազեցնել ապատեղեկատվության եւ մանիպուլյացիոն բովանդակության տարածման ռիսկերը, բարձրացնել հանրության վստահությունը մեդիա միջավայրի նկատմամբ, խթանել արհեստական բանականության տեխնոլոգիաների պատասխանատու եւ էթիկական օգտագործումը:

4. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն