Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13091-06.04.2026-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի`

2) 22.2-րդ կետում «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական» բառով.

3) 42-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«42) բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող եւ որոշումներ ընդունող, ինչպես նաեւ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները մեկնաբանող՝ սույն օրենքով նախատեսված մարմին.

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի եւ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղատների միջեւ` հօգուտ ապահովագրված, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների անձանց կնքված պայմանագրերի կատարման ընթացքի եւ որակի ստուգումներ, ինչպես նաեւ մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս».

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետում «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական» բառով:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել նոր Խմբագրությամբ.

«Հոդված 37. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգը, անդամներին եւ գործունեությանը ներկայացվող պահանջները

1. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ լիազոր մարմնի հաստատած կարգով: Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով: Մրցութային կարգով ընտրված Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամների անհատական կազմը հաստատում է լիազոր մարմինը: Նույն անձը կարող է ընտրվել Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամ ոչ ավելի, քան անընդմեջ երկու անգամ:

2. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամներից մեկական անդամ պետք է լինեն բուժաշխատող, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, հոգեբան, երկուսը՝ իրավաբան, երկուսը՝ բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող գիտաշխատող կամ գիտնական:

3. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել 35 տարին լրացած, բարձրագույն կրթություն եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

4. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամն իր պարտականություններն իրականացնելիս անկախ է եւ առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ:

5. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:

6. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր: Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

7. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցած են համարվում հանձնաժողովի անդամի՝

1) կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչեւ 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները.

2) Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի հետ միեւնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

8. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու առկայության դեպքում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը: Լիազոր մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:

9. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովում քննության են ենթակա բուժաշխատողի մասնագիտական էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները:

10. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը իրավասու է բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման գործերի քննության շրջանակում բուժաշխատողներին ծանուցելու նպատակով դիմել եւ Բուժաշխատողների մասին շտեմարանից ստանալ նրանց անվան, ազգանվան, հաշվառման վայրի, հեռախոսահամարի եւ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տեղեկություններ:

11. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետեւյալ խորհրդատվական որոշումներից մեկը.

1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերեւույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝

ա. մերժել դիմումը կամ

բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում.

2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝

ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ.

բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կրկին կատարելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ.

գ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում երրորդ անգամ կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.

դ. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը.

ե. մեկ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:

12. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված որոշումներն ստանալուց հետո լիազոր մարմնի կողմից դրանք առաքվում են բուժաշխատողի գործատուին՝ բուժաշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկով, իսկ «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հրաման բուժաշխատողի անհատական լիցենզիան կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի անցումային անհատական լիցենզիայի գործողությունը համապատասխան ժամկետով կասեցնելու վերաբերյալ:

13. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասերը՝ պացիենտի մասին տվյալների ծածկագրմամբ, դրա ընդունումից հետո մեկամսյա ժամկետում հրապարակվում են Բուժաշխատողների ռեգիստրի եւ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքերում:

14. Բուժաշխատողների շարունակական կրթման եւ մասնագիտական էթիկայի խնդրահարույց հարցերում ուղղորդելու նպատակով Էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ դրանց ընդունումից երեք տարի հետո ամբողջովին հրապարակվում են Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ որոշումներում պացիենտների, բուժաշխատողների, գործի քննության ընթացքում ներգրավված երրորդ անձանց առկա անձնական տվյալները, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի անհատական տվյալներն ամբողջովին ծածկագրված տարբերակով:

15. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:

16. Բուժաշխատողների Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիազոր մարմինը»:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «առանձին» բառը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «դ» եւ «ե» ենթակետերի, որոնք ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից սույն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերի գործողությունը տարածվում է միայն միջին եւ կրտսեր բուժաշխատողների վրա:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաեւ առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի մասով՝

ա. բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ եւ լրացուցիչ ծառայությունների, այդ ծառայությունները ստացող անձանց իրավունքների եւ պարտականությունների, այդ ծառայությունների գծով պայմանագրերի կնքման, դրանց հետ կապված այլ գործընթացների մասով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշակի օրենսդրական բացեր, որոնք հետագայում կարող են խնդրահարույց լինել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի եւ լրացուցիչ ծառայությունների երաշխավորման համակարգի պատշաճ գործունեության, չապահովագրված անձանց իրավունքների պատշաճ ապահովման տեսանկյունից, ուստի առաջարկվում է լրացնել առկա բացերը, անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելով օրենքում.

բ. առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ եւ, ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ ներառել մինչեւ մեկ տարեկան երեխաներին, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ) (ուժի մեջ մտնելու ժամկետ 2027 թվականի հունվարի 1), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով եւ կարգով շահառու ճանաչված անձանց, որոնց մի մասը «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում տեղ գտած ձեւակերպման պատճառով ներառված չէր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում (ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թիվը կավելանա շուրջ շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս) Առաջարկությունը թույլ կտա առողջության պահպանման սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետ համալիր կառուցակարգերը կիրարկել նաեւ բնակչության այդ խմբերի համար: Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ապահովագրման ենթակա խմբերը՝ դրանց թվարկումը սահմանելով «կամ» շաղկապով, ինչպես նաեւ հանել փաստականներին եւ ապաստան հայցող անձանց մասով հանել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու սահմանափակումը, որոշակի հստակեցումներ սահմանել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խմբերում.

գ. հաշվի առնելով ԱՀԱ համակարգի պատրաստականության ներկա վիճակը, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից ստացվող առաջարկները, ԱՀԱ ապահովագրված անձանց հետ փոխկապակցված անձանց մասով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը.

դ. անհատ ձեռնարկատերերի համար ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների պատշաճ ապահովման նպատակով առաջարկվում է 2026 թվականի համար վճարման վերջնաժամկետ սահմանել մինչեւ 2026 թվականի հուլիսի 20-ը եւ հուլիսի 1-ից սահմանել ամսական ձեւաչափով ապահովագրավճարների վճարման հնարավորություն.

ե. շտկել կամ փոփոխել օրենքոում ոչ միանշանակորեն ընկալվող առանձին դրույթներ.

զ. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների ցանկից հանել առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին հիշատակումները, հաշվի առնելով, որ ԱՀԱ համակարգում նման տեղեկություններ չեն հավաքագրվում.

է. կարգավորել կամ վերանայել ապահովագրավճարների վճարման հետ կապած առանձին հարաբերություններ, որոնք բաց են թողնվել օրենիք գործող տարբերակից.

զ. բացի վերը նշվածը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է շտկել առանձին բացթողումներ եւ վրիպակներ, լրացնել օրենսդրական առանձին բացեր, այսպես՝

- 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որտեղ «հետբուհական ուսուցում» տերմինը փոխարինվել է «հետավարտական ուսուցում» տերմինով: Հաշվի առնելով սույն հանգամանքը եւ ելնելով օրենսդրության մեջ միատեսակ տերմինների կիրառման պահանջից՝ նախագծով նախատեսվում է օրենքում համապատասխան փոփոխություն իրականացնել:

- 2023 թվականից ի վեր գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը եւ դրա գործունեության ընթացքում ձեւավորված պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էառաջացել վերանայել հանձնաժողովի գործունեությունը կարգավորող հոդվածը, դրանում փոփոխելով եւ հստակեցնելով առանձին ձեւակերպումներ, ինչպես նաեւ ներառելով նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի բնականոն գործունեության համար:

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում տեղ են գտել առանձին վրիպակներ, մասնավորապես, նշված օրենքի ինկորպորացիայի արդյունքում, ավագ եւ միջին բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների համար հիմք հանդիսացող իրավակարգավորումները դուրս են մնացել եւ վերջնական ակտում չեն արտացոլվել, ուստի անհրաժեշտ է շտկել տեղ գտած վրիպակը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով.

Առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման համար նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձման կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժման համար սահմանել վարչական պատասխանատվություն, ինչպես նաեւ լրացնել օրենսգրքում առկա օրենսդրական բացերը եւ օրենսգրքի 47.35, 47.36-ի 47.37-ի հոդվածների մասով վարչական իրավախախտումների գործերը քննող մարմին սահմանել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տարեկան նախատեսվում է ըստ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, ԱՀԱ շահառուների թվի ավելացման շուրջ 393 անձով, որը ՀՀ պետական բյուջեի համար նախատեսում է լրացուցիչ հիսուն միլիոն ՀՀ դրամի ծախս:

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն