Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1308-06.04.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված, կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում.»:

Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ինքնությունը» բառից հետո լրացնել «: Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կիրառվում է մեղադրյալին  տեսակապով հաղորդակցության համար գործածվող սենյակից հեռացնելու միջոցով՝ մինչեւ տվյալ նիստի կամ դատալսումների ավարտը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 272-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.

«1.1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կամ նրա անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման նպատակով:

1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝

1) դատական վարույթի մասնակիցները եւ մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.

2) մեղադրյալը եւ նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.

3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները եւ վարույթի այլ նյութերը:

1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝

1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.

2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը.

3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը:

1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:

1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները եւ օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում պաշտպանը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքի, երբ պաշտպանը մեղադրյալի համաձայնությամբ հրաժարվել է այդ իրավունքից՝ միջնորդելով դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում: Մեկից ավելի պաշտպան ունենալու դեպքում նրանցից առնվազն մեկը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով՝ մեղադրյալի գտնվելու վայրից:»:

Հոդված 6. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենսգրքի 272-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելու դեպքում տեսակապով մասնակցության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը «միաժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ երբ դատարանը կայացրել է դատական նիստին ձերբակալված մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու մասին որոշում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

4. Դատական դեպարտամենտը մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը եւ դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը: