Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1307-06.04.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 135-րդ հոդվածի 1-ին մասի
2-րդ չհամարակալված պարբերությունում «հիփոթեքը,» բառից հետո լրացնել «հետադարձ հիփոթեքը,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 201-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը: Ամուսնու բացառիկ սեփականություն համարվող անշարժ գույքն ամուսիններից մեկի մահվան դեպքում չի ներառվում մահացած ամուսնու ժառանգության զանգվածում եւ մինչեւ մյուս ամուսնու մահը շարունակում է սեփականության իրավունքով պատկանել ողջ  մնացած ամուսնուն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասում «հիփոթեքի» բառից հետո լրացնել «եւ հետադարձ հիփոթեքի» բառերը, «հիփոթեքին» բառից հետո՝ «եւ հետադարձ հիփոթեքին», իսկ «պարագրաֆում» բառը փոխարինել «պարագրաֆներում» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ի մասում.

1) 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել նոր 8-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«8) հետադարձ հիփոթեքը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 15-րդ գլուխը լրացնել նոր 2.1-ին պարագրաֆով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«« 2.1. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԻՓՈԹԵՔ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԻՓՈԹԵՔԻ ՄԱՍԻՆ

Հոդված 272.1. Հետադարձ հիփոթեքի հասկացությունը

1. Հետադարձ հիփոթեքը բնակելի տան, բնակարանի կամ այգետնակի (ամառանոցի) գրավի հատուկ տեսակ է:

Հոդված 272.2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիր

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը վարկային խառը պայմանագիր է, որի հիման վրա բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է հետադարձ հիփոթեքի պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով պարբերական ամենամսյա վճարումների ձեւով, որի օրը սահմանվում է պայմանագրում կամ պայմանագրում նշված նպատակի համար  դրամական միջոցներ տրամադրել գրավատուին Կենտրոնական բանկի սահմանած հատուկ բանկային հաշվի միջոցով, իսկ գրավատուն՝ օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքի հասած, անշարժ գույքի` բնակարանի, բնակելի տան կամ այգետնակի (ամառանոցի) սեփականատերը, պահպանելով համապատասխան գույքի նկատմամբ սեփականության եւ օգտագործման իր իրավունքները, իր գույքը ծանրաբեռնում է հետադարձ հիփոթեքով:

Հոդված 272.3. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) եւ բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հետադարձ հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, դրա գումարը, հատուկ բանկային հաշվի տվյալները, վճարումների կատարման ժամկետը, տրամադրման ձեւը, նպատակային ուղղվածության դեպքում՝ նպատակը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պարտավորության մարման հիմքերը:

2. Հետադարձ հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման եւ նույնականացման համար բավարար նկարագրությամբ (անշարժ գույքի միավորի հասցե, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համար կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիր):

3. Հետադարձ հիփոթեքի առարկա կարող է լինել միայն գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, բնակելի տունը կամ այգետնակը (ամառանոցը), որը հետադարձ հիփոթեքի պայմանագրի կնքման պահին ծանրաբեռնված չէ երրորդ անձանց իրավունքներով: Ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքը հետադարձ հիփոթեքի պայմանագրի առարկա կարող է հանդիասնալ այն դեպքում, երբ համատեղ սեփականության բոլոր մասնակիցները հասել են օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքին եւ այդ անշարժ գույքը վերջիններիս պատկանում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով:

4. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պետք է ունենա անբաժանելի մաս կազմող հավելված, որտեղ պետք է նկարագրվի պայմանագիր կնքելու պահին պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի փաստացի վիճակն առնվազն հետեւյալ տվյալներով.

1) արտաքին հարդարումը՝ յուրաքանչյուր կողմի համար առանձին, նշելով կիրառված նյութերի տեսակները,

2) ներքին հարդարումը՝ դռներ, պատուհաններ, հատակ, առաստաղ, պատեր (նշելով կիրառված նյութերի տեսակները),

3) լուսանկարների փաթեթ՝ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից:

5. Գրավառուն, հանդիսանալով հետադարձ հիփոթեքով ապահովված պարտավորության (հիմնական պարտավորության) կրողը, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

6. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պարտադիր պետք է պարունակի դրույթ առ այն, որ սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին 1-ին կետով սահմանված հիմքի առաջացման պահից, իսկ նույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից  գրավառուն իրավունք ունի՝ առանց դատարան դիմելու, օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ եւ այն իրացնելու:

Հոդված 272.4. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի ձեւը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:

2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր՝ գրավատուի եւ գրավառուի ստորագրությամբ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք եւ ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

3. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պարտադիր ենթակա է նոտարական կարգով վավերացման:

Հոդված 272.5. Հետադարձ հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 272.6. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի ժամկետը եւ դադարման հիմքերը

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը կնքվում է անժամկետ եւ դադարեցվում է հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) գրավատուի մահ,

2) գրավադրված գույքի օտարում,

3) գրավատուի կողմից այլ վայրում մշտական բնակություն հաստատել,

4) գրավատուի կողմից հետադարձ հիփոթեքի պայմանագրով ստանձնած, մինչեւ տվյալ պահը գոյացած պարտավորությունների ամբողջական մարումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետադարձ հիփոթեքի պայմանագիրը կարող է դադարել,  եթե դատական կարգով հաստատվել է գրավատուի կողմից հետադարձ հիփոթեքի պայմանագրի շրջանակներում նույն պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքից տարբերվող այլ վայրում մշտական բնակություն հաստատելու հանգամանքը, որի ապացուցման բեռը կրում է գրավառուն:

Հոդված 272.7. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավատուի իրավունքները ու պարտականությունները

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավատուն իրավունք ունի՝

1) պահպանել գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը,

2) ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասնակի մարել մինչեւ տվյալ պահը առկա պարտավորությունը՝ պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգով՝ պայմանագրով սահմանված տույժերի, տուգանքների եւ այլ լրացուցիչ վճարների վճարմամբ:

2. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավատուն պարտավոր է՝

1) մշտապես բնակվել պայմանագրի առարկա հանդիսացող՝ բնակարանում, բնակելի տանը կամ այգետնակում (ամառանոցում),

2) պահպանել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով նկարագրված վիճակում՝ բնականոն մաշվածության հաշվառմամբ,

3) առանց գրավառուի նախնական գրավոր համաձայնության պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ չկատարել փոփոխություններ, որոնք հանգեցնում են անշարժ գույքի արժեքի նվազեցման,

4) գրավառուի կողմից տրամադրվող վճարների հաշվին սահմանված ժամկետներում կատարել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարումները,

5) գրավառուի կողմից տրամադրվող վճարների 80 տոկոսն օգտագործել բացառապես անկանխիկ եղանակով՝ բոլոր վճարումներն իրականացնելով պայմանագրով նշված բանկային հաշվից,

6) չխոչընդոտել պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակը ստուգելու նպատակով գրավառուի մուտքը պայմանագրի առարկա հանդիսացող՝ բնակարան, բնակելի տուն կամ այգետնակ (ամառանոց)՝ աշխատանքային օրերին, նախապես՝ առնվազն 24 ժամ առաջ գրավոր տեղեկացնելու պայմանով,

7) պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքն օտարելու կամ այլ պարտավորություններով ծանրաբեռնելու դեպքում (բացառությամբ՝ հաջորդող գրավի) նախօրոք գրավոր տեղեկացնել գրավառուին եւ ստանալ նրա գրավոր համաձայնությունը:

Հոդված 272.8. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավառուի իրավունքները ու պարտականությունները

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավառուն պարտավոր է.

1) hետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելուց առնվազն տասն օր առաջ ապահովել գրավատուի պարտադիր խորհրդատվությունը՝ վերջինիս համար հասկանալի լեզվով եւ մանրամասն ներկայացնելով պայմանագրի պայմանները, դրանց իրավական եւ ֆինանսական հետեւանքները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կիրառելի տոկոսադրույքը, ինչպես նաեւ տարեկան սպասարկման, հաշվի սպասարկման, ապահովագրության, գույքի գնահատման եւ այլ հնարավոր վճարները, ծախսերը, որի անցկացված լինելու եւ ներկայացված տեղեկատվությանը ծանոթանալու փաստը գրավատուն հաստատում է գրավոր հայտարարությամբ՝ ստորագրությամբ,

2) պահպանել սույն մասի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարությունը,

3) տարեկան մեկ անգամ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) տրամադրել գրավատուին հաշվետվություն՝ պայմանագրով առաջացած պարտավորության մնացորդի, հաշվարկի հիմքերի եւ կատարված վճարումների վերաբերյալ,

4) նախքան հետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելը, իսկ սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այդ պահից՝ վեցամսյա ժամկետում, իրականացնել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատում «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով,

5) սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում գրավատուի իրավահաջորդի կողմից գրավատուի՝ գրավառուի հանդեպ մինչեւ 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առակայությունն ունեցած պարտավորությունները չմարելու եւ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը ձեռք չբերելու դեպքում, նշված ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում իրացնել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը,

6) սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում, գանձելով պայմանագրով ստանձնված պարտավորություններն ամբողջ ծավալով, այդ թվում՝ պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը, վճարները, տույժերն ու տուգանքները, մնացորդի առկայության դեպքում այն վերադարձնել գրավատուին, նրա մահվան դեպքում՝ իրավահաջորդներին՝ օրենքով սահմանված կարգով,

7) hետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ողջ ընթացքում ապահովագրել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը, պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում նկարագրված վիճակով, ինչպես նաեւ պայմանագրի կատարման հետ կապված բանկային գործունեության ռիսկերը (այդ թվում՝ գրավատուի լրակեցության, գույքի շուկայական արժեքի կորուստ):

2. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավառուն իրավունք ունի.

1) սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով առանց դատարան դիմելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածել եւ իրացնել՝ սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջի պահպանմամբ,

2) սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով առանց դատարան դիմելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածել եւ իրացնել,

3) պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակը ստուգելու նպատակով անարգել մուտք գործել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույք՝ աշխատանքային օրերին, նախապես՝ առնվազն 24 ժամ առաջ գրավատուին տեղեկացնելու պայմանով,

4) պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակի ակնհայտ վատթարացման դեպքում կազմել համեմատական վերլուծություն եւ դիմել ապահովագրական ընկերությանը՝ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի հավելվածում նկարագրված վիճակը վերականգնելու համար:

Հոդված 272.9. Հետադարձ հիփոթեքի կիրառման առանձնահատուկ կարգավորումներ

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ողջ ընթացքում պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը, պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում նկարագրված վիճակով, ենթակա է պարտադիր ապահովագրության:

2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելուց առաջ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը ենթակա է պարտադիր գնահատման՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով: Ընդ որում՝ նշված դեպքերում կազմված յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն պարտադիր ենթակա է ստուգման՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի կողմից:

3. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող բնակարանային հիփոթեքային վարկերի փաստացի տարեկան նվազագույն տոկոսադրույքը:

4. Հետադարձ հիփոթեքով տրամադրված գումարի նկատմամբ տոկոսները պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կուտակվում են եւ չեն մարվում ընթացիկ վճարումներով մինչեւ պայմանագրի դադարեցման հիմքերի առաջացումը: Հետադարձ հիփոթեքով տրամադրված գումարի տոկոսադրույքները հաստատուն են:

5. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի իրացումից ստացված դրամական միջոցների չափը (ոչ ռեգրեսային պատասխանատվություն):

6. Եթե գույքի իրացումից ստացված գումարը գերազանցում է պարտքի (ներառյալ՝ պայմանագրով նախատեսված տոկոսների եւ ծախսերի) չափը, մնացորդը վերադարձվում է գրավատուին, իսկ նրա մահվան դեպքում՝ իրավահաջորդներին օրենքով սահմանված կարգով:

7. Եթե գույքի իրացումից ստացված գումարը բավարար չէ գոյացած պարտավորության ամբողջական (ներառյալ՝ պայմանագրով նախատեսված տոկոսների եւ ծախսերի) կատարաման համար, ապա մնացած մասը չի կարող բռնագանձվել գրավատուից կամ նրա իրավահաջորդներից այլ գույքի հաշվին, եւ պարտավորությունը համարվում է ավարտված իրացումից ստացված գումարի չափով:

8. Սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում գրավատուի իրավահաջորդը մինչեւ 6 ամսյա ժամկետում կարող է ամբողջությամբ մարել գրավառուի հանդեպ գրավատուի մինչեւ 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առակայությունն ունեցած պարտավորությունները եւ ձեռք բերել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը:

9. Պայմանագրի գործողության ողջ ընթացքում պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը չի կարող հանդիսանալ  հայցի ապահովման միջոց՝ գրավատուի երրորդ անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունների կապակցությամբ:

10. Սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում գրավառուն պետք է հանդիսանա այդ գործարքի կողմը: Գրավատուի կողմից պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի վաճառքի դեպքում վաճառքի դիմաց ստացվելիք գումարը պարտադիր փոխանցվում է գրավառուի կողմից տրված համաձայնագրում նշված հատուկ բանկային հաշվին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 1186-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ժառանգատուին ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով պատկանող գույքը ժառանգության զանգվածում ներառվում է երկու ամուսինների մահից հետո:»:

Հոդված 7. Օրենսգրքի 1247-րդ հոդվածի 1-ին մասում «մահը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի,» բառերը:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները կիրառելի են նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ամուսնության ընթացքում ձեռք բերված եւ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ: