Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13061-06.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 143-րդ հոդվածի 30-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«30. Գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ՝ ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ավագանու կողմից հաստատված ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կամ հաստատման մասին որոշման քաղվածքը՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ քաղաքաշինական կադաստրի վարումը, տարեկան կտրվածքով քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը եւ կադաստրային ամփոփումը կատարելու համար: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածը լրացնել նոր 34-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«34. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ սույն օրենքի 10.1-ին եւ 20-րդ հոդվածների դրույթների շրջանակում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասում սխալի ուղղման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (գլխավոր հատակագիծ, գոտեւորման նախագիծ) ամրագրվածից տարբերվող հողամասի ուղղված նպատակային եւ (կամ) գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումից հետո՝ քաղաքաշինարական կադաստրի վարման եւ քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման շրջանակում վեցամսյա ժամկետում ներառում է պետական քաղաքաշինական կադաստրի ընթացիկ քարտեզում, ընդ որում փոխանցվող տեղեկատվության ընթացիկ ուղղումներն ամփոփվում են տարեկան կտրվածքով՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ ամբողջական ամփոփումը կիրականացվի մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական եւ փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում եւ պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաեւ սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման եւ ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաեւ Կադաստրի կոմիտեի, չափագրողների եւ շահագրգիռ անձանց միջեւ իրավասությունների բաշխման անհստակությունը: Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական եւ դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների եւ իրավական անորոշությունների:

Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաեւ ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա: Միեւնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն եւ համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար:

2. Կարգավորման առարկան եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը լրացնել նոր՝ 34.1-ին հոդվածով, որի կարգավորումներով հստակեցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված եւ կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, դրանց իրավաչափ ուղղման եւ վերջինովս պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման հարաբերությունները:

Նախագծով մասնավորապես սահմանվում են՝

1) կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները՝ քանակական (մակերես, գծային չափեր, երկրաչափական ձեւ), որակական (նպատակային եւ գործառնական նշանակություն, սեփականության սուբյեկտ),

2) սխալների ուղղման իրավական հիմքերը՝ իրավահաստատող փաստաթղթեր, չափագրման տվյալների, հարեւան հողամասերի սեփականատերերի համաձայնություններ, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթ,

3) վարչական վարույթի ընթացակարգը՝ դիմումի փաթեթի ներկայացում, ներկայացված փաթեթի բովանդակություն, հարցումների իրականացում, լիազորված մարմնի (Կադաստրի կոմիտե) կողմից ծանուցման հնարավորություն՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով,

4) որակավորված անձանց պարտականությունները եւ մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար,

5) Կադաստրի կոմիտեի իրավասությունները՝ վարչական վարույթ հարուցելու, ուսումնասիրություններ իրականացնելու եւ ուղղում կատարելու կամ վերջինս մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

Միաժամանակ, գործնականում ի հայտ եկած որոշակի խնդիրների հաշվառմամբ ակնհայտ է դարձել, որ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման համար գործող իրավակարգավորումները, որոնք ամրագրված են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, բավարար չեն այդ խնդիրների համար լիարժեք իրավական եւ գործնականում կիրառելի լուծման համար:

3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորելու վերը շարադրված հարցերի շրջանակը, եւ վերջինիս կարգավորման ոլորտում, ի թիվս այլնի, ներառվում են կադաստրային քարտեզում կատարվող փոփոխությունների վերաբերյալ հետեւյալ հարաբերությունները.

Նախագծով նոր տեսակի, առավել արդյունավետ կարգավորումներ են սահմանվել այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի եւ շինությունների սահմանի հետ:

Ուղղման գործընթացը առավել դյուրինացնելու նպատակով Նախագծով հստակորեն ամրագրվել է նաեւ, որ Կադաստրի կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ շեշտադրենք, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի կադաստրային քարտեզում իրականացվողուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը, դրանց ներկայացման ընթացակարգերը: Մեր դիտարկմամբ՝ նման փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել բավարար իրավական հիմքեր՝ նշված ոլորտում առաջացող բազմաթիվ դատական եւ արտադատական վեճերի լուծմանն ուղղված նոր մեխանիզմներ ունենալու, ինչպես նաեւ զարգացող դատական պրակտիկային համահունչ գործելու նպատակով:

Առաջարկվող կարգավորումների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում: Մասնավորապես, սահմանելով, որ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, սխալի ուղղման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (գլխավոր հատակագիծ, գոտեւորման նախագիծ) ամրագրվածից տարբերվող հողամասի ուղղված նպատակային եւ (կամ) գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումից հետո՝ քաղաքաշինարական կադաստրի վարման եւ քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման շրջանակում վեցամսյա ժամկետում ներառում է պետական քաղաքաշինական կադաստրի ընթացիկ քարտեզում, ընդ որում փոխանցվող տվյալների ընթացիկ ուղղումներն ամփոփվում են տարեկան կտրվածքով՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ ամբողջական ամփոփումը կիրականացվի մինչեւ 2030 թվականի հունվարի
1-ը:

4. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 4-րդ կետի 4.1-ին ենթակետով նախատեսված՝ «Գործող իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում նոր կարգավորումներ» միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից, այն է՝  իրավական դաշտի կատարելագործում՝ քարտեզների ուղղման աշխատանքներում հայտնաբերված իրավական խնդիրների հիման վրա: Նախագծի ընդունման  արդյունքում առավել կհստակեցվի կադաստրային քարտեզների ուղղման գործընթացը, կընդլայնվի Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող ուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը եւ դրանց ներկայացման ընթացակարգերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն