Հոդված 1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող».
2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի՝ ավելացված արժեքի հարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը տվյալ հարկատեսակի համար օրենսդրությամբ սահմանված հաշվետու ժամանակաշրջանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների եւ (կամ) եռամսյակի համար սույն կետում նշված յուրաքանչյուր հարկային հաշվարկով հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները».
3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10) նոր աշխատող՝ մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո».
4) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«11. հաշվետու ժամանակաշրջան՝ պետական աջակցության տրամադրման համար նախատեսված ժամանակաշրջան, որը հաշվարկվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չորս եռամսյակներով՝ սկսվելով տվյալ տարվա սկզբից»
5) լրացնել նոր 12-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«12) պետական աջակցության դադարեցում՝ սույն օրենքով սահմանված դեպքերում սուբյեկտին պետական աջակցության տրամադրման դադարեցում սույն օրենքի գործողության ողջ ընթացքում»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 5. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:
2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ տնտեսավարող սուբյեկտ), աշխատանքային միգրանտներին կամ այլ սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ այլ օրենսդրական ակտերով:
3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել եւ Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:
4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է նոր աշխատողներ ներգրավելու համար: Ընդ որում՝
1) սույն մասով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի համար հաշվարկած եւ հարկային մարմնին ներկայացրած եկամտային հարկի գումարի՝ 60 տոկոսի չափով.
2) նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:
5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է աջակցություն՝ իր համար հաշվարկած եւ հարկային մարմնին ներկայացված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝
1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը եւ պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին, որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով:
2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է աշխատանքային միգրանտին: Այս դեպքում պետական աջակցության գումարների մասով գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի, ինչպես նաեւ վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար հարկային պարտավորություն չի առաջանում:
6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման դեպքում տվյալ նոր աշխատողի կամ աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի հաշվարկման, փոփոխության ինչպես նաեւ աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:
7. Պետական աջակցություն ստացած նոր աշխատողի կամ աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի չափի փոփոխման դեպքում ավել վճարված գումարը տնտեսավարող սուբյեկտի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բացառությամբ այն դեպքի, երբ աշխատանքային միգրանտին ավել վճարված պետական աջակցության գումարի հաշվարկման հիմքում ի հայտ եկած հանգամանքը պայմանավորված է Լիազոր մարմնի կողմից պետական աջակցության գումարի չափի սխալ հաշվարկմամբ:
8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար պետական աջակցության գումարի ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից:
9. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:
10. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում եւ շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետեւյալ սուբյեկտները.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում՝ իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած՝ պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն: Ընդ որում, սույն մասով սահմանված համապատասխանությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ներկայացված հարկային հաշվարկներով՝ տվյալ հարկատեսակի մասով հաշվետու ժամանակաշրջանում ներկայացված հարկային յուրաքանչյուր հաշվարկով առանձին:
3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունը ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:
4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:
5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում աջակցությունը ստացողի եւ լիազոր մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի
1) 1-ին մասում լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1) տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկային հաշվարկ ներկայացված չէ.».
2) 1-ին մասի 4-րդ կետում «եկամուտների գծով» բառերից հետո լրացնել «ժամկետանց» բառը:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե՝
1) պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ,
2) տնտեսավարող սուբյեկտը կատարել է այնպիսի գործողություններ, որոնց չկատարման դեպքում հնարավոր չէր լինի պետական աջակցություն ստանալը կամ պետական աջակցության գումարի չափի ավելացումը,
3) պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտը նախորդող ժամանակաշրջանների մասով գրանցման հայտերում կատարել է մասնագիտական պաշտոնների դասակարգիչների փոփոխություն, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար,
4) պետական աջակցության տրամադրման տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տնտեսավարող սուբյեկտը նախորդող ժամանակաշրջանների մասով հարկային հաշվարկներում կատարել է տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի փոփոխություն, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պետական աջակցության ստացման կամ պետական աջակցության չափի ավելացման համար:».
2) 3-րդ մասում «տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է» բառերը փոխարինել «սուբյեկտը պարտավոր է» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու եւ ավելի խախտման դեպք:»:
4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքում լրացնել նոր՝ 8.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 8.1. Պետական աջակցության տրամադրման բողոքարկումը
1. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտը հարթակում կարող է բողոքարկել աջակցության պատասխանը:
2. Բողոքարկման դիմումը քննարկվում է լիազոր մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
3. Լիազոր մարմնի կողմից բողոքարկման դիմումի քննարկման ժամանակ լսումներ չեն անցկացվում: Լիազոր մարմինը ներկայացված բողոքը քննարկում է հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկության, դիմումով ներկայացված փաստական հանգամանքների, ինչպես նաեւ լիազոր մարմնին հայտնի դարձած կամ սուբյեկտի կողմից տրամադրված այլ տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:
4. Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքում կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«1. Պետական աջակցություն ստացած, պետական աջակցության համար դիմած եւ մերժված, ինչպես նաեւ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական աջակցությունը դադարեցված սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրից անձանց վերաբերյալ տվյալներ է ստանում պետական աջակցության տրամադրման նպատակով:»
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «անձանց» բառը փոխարինել «սուբյեկտներին» բառերով
2) լրացնել նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Լիազոր մարմինն իրավասու է մոնիտորինգն իրականացնել տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող երեք տարիների հաշվետու ժամանակաշրջանների կտրվածքով:
2.2. Մոնիտորինգի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ:»:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի
1) 1-ին մասում «2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով» բառերը փոխարինել «իր գործատու տնտեսավարող սուբյեկտի կողմից 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկած եւ հարկային մարմնին ներկայացրած» բառերով.
2) 4-րդ մասի «2025 թվականի հուլիսի 1-ը» բառերը եւ թվերը փոխարինել «2026 թվականի ապրիլի 1-ը» բառերով եւ թվերով, իսկ վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա, բացառությամբ սույն օրենքի 7-րդ եւ 10-րդ հոդվածների, որոնց գործողությունը տարածվում է նաեւ 2025 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանի վրա:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վերապաստրաստման հավաստագրերը գործում են եւ դրանով հնարավոր է աջակցություն ստանալ դրանց տրամադրման պահից 6 ամիս, բայց ոչ ավելին քան 2026 թվականի երկրորդ եռամսյակը ներառող հաշվետու ժամանակաշրջանը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին առնչվող կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ չավարտված վարչական վարույթում քննարկվող ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում քննվող գործերի նկատմամբ:
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) եւ կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները:
Նախագծի նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է եւ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը եւ հստակեցումը:
Բովանդակային առումով Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում՝
1) Օրենքի կարգավորումներից հանվում է քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող վարձու աշխատողների համար պետական աջակցության տրամադրմանն առնչվող կարգավորումները: Այս փոփոխության նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ աջակցության տրամադրման ընթացքում քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող վարձու աշխատողների՝ հարթակի միջոցով նույնականացումը չի ստացվում, քանի որ հարկային մարմնի ոչ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում այդ պայմանագրերով աշխատողների միայն թվաքանակն է ընդգրկված, եւ այս պարագայում լիազոր մարմինը ստիպված է լինում աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտներից ստանալ վերջիններիս պայմանագրերը, ինչը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար:
Բացի այդ 2025 թվականի երեք եռամսյակների վերլուծության արդյունքում դրանց թիվը բավականին փոքր է, ինչը էական ազդեցություն չունի ոլորտի պետական աջակցության հասցեականության վրա:
2) Օրենքի կարգավորումներում աջակցության գումարի հաշվարկման գործակից համարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարներումների գծով (ԱՎՈՒՄ) հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն նախատեսվում է հաշվարկն իրականացնել բոլոր տեսակի վճարներից հաշվարկված եւ հարկային մարմնին ներկայացված եկամտային հարկի գումարը: Այս կարգավորման նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ ՊԵԿ տվյալների բազայում ԱՎՈՒՄ-ի համար հաշվարկված եկամտային հարկը առանձին չի հաշվառվում եւ այդ պատճառով դժվարություններ են ստեղծվում Հարթակի կողմից ՊԵԿ տվյալների շտեմարանից հարցումների կատարման ժամանակ, մասնավորապես այդ մասով հաշվարկն իրականացվում է նախարարության աշխատակիցների կողմից, այսինքն, այդ մասով՝ ստացվում է ոչ ինքնաշխատ: (Օրինակ, նշվածը վերաբերում է այն դեպքերին, որ աշխատողները բացի աշխատավարձից եւ դրանց հավասարեցված վճարներից գործատուից ստացել են նաեւ աշխատավարձ չհամարվող այլ եկամուտ, որի կապակցությամբ եւս հաշվարկվել է եկամտային հարկ, իսկ ՊԵկ տվյալների բազայում դրանք առանձին չեն ներկայացվում, որ հնարավոր լինի ԱՅ ՓԻ-ների միջոցով ստանալ:) Բացի դրանից, նախորդ աջակցությունների տրամադրման վերլուծությամբ պարզ է դարձել, որ դրանց տարբերությունը շատ փոքր է:
3) Օրենքի կարգավորումներից հանվում է վերապատրաստման համար տրամադրվող պետական աջակցությանն առնչվող կարգավորումները, քանի որ ըստ լիազոր մարմնի գնահատման, այն չի արդարացնում ի սկզբանե դրված նպատակը: Այնուամենայնիվ, նշվածի համատեքստում քննարկվում եւ մշակվում են ոլորտում կրթական բաղադրիչի ներառմանն ուղղված աջակցությունների հնարավոր մեխանիզմներ:
4) Նախագծում վերաշարադրվում է նոր աշխատողի հասկացությունը, ըստ որի՝ նոր աշխատողը դա մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողն է, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:
Նոր աշխատողներ ներգրավելու կապակցությամբ կարգավորում է սահմանվում նաեւ նախագծի անցումային դրույթներով, ըստ որի հնարավորություն է տրվում, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն:
5) Փոփոխություն է նախատեսվում նաեւ աշխատանքային միգրանտին տրամադրվող աջակցության ձեւի մեջ, մասնավորապես՝ պետական աջակցության գումարները փոխանցվում են տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով: Ընդ որում տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխանցի աշխատանքային միգրանտին: Այս դեպքում պետական աջակցության գումարների մասով գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի, ինչպես նաեւ վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար հարկային պարտավորություն չի առաջանում:
6) Նախատեսվում է, որ պետական աջակցության համար կարող են դիմել նաեւ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները:
7) Նախատեսվում է, որ պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար պետական աջակցության գումարի ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից:
Բացի այդ, Նախագծով հստակեցվում են պետական աջակցության տրամադրման մերժման եւ դադարեցման հիմքերը:
Մասնավորապես՝ պետական աջակցության մերժման հիմք է նաեւ տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկային հաշվարկ չներկայացնելը, իսկ դադարեցման հիմքերում լրացվում են հետեւյալ կարգավորումները.
9) Նախագծի Անցումային դրույթներով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին առնչվող կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ չավարտված վարչական վարույթում քննարկվող ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում քննվող գործերի նկատմամբ: Հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ ներկայացված համանման ձեւակերպումները իրավակիրառ պրակտիկայում առաջացրել էին տարընթերցումներ եւ մեկնաբանվում էր ոչ միատեսակ, ինչը առաջ էր բերել վարչարարական քննարկումների, պարզաբանումների անհրաժեշտության, բողոքարկումների՝ ընդհուպ առկա է նաեւ դատական պրոցես: Մինչդեռ կարեւոր է ընդգծել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ի վեր Օրենքով սահմանված աջակցության տրամադրումն իրականացվել է Նախագծով նախատեսված հիշյալ կարգավորման տրամաբանությամբ, այսինքն Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով ընդամենը հստակեցվել են գործող օրենքի հաշվետու ժամանակաշրջանին առնչվող կարգավորումները: Ինչով պայմանավորված, խնդրահարույց իրավիճակներից խուսափելու նպատակով, Նախագծով նախատեսվել է նաեւ ընդգծել, որ դրանք տարածվում են նաեւ չավարտված գործերի վրա:
10) Կատարվում են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ եւ լրացումներ:
11) Հաշվի առնելով, որ 2025 թվականի մարտից սկսած այլեւս ժամկետային առումով ավարտվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով սահմանված ոլորտային աջակցության ծրագրերը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը: Հարկ է նկատել, որ այն դեռեւս ուժը կորցրած չի ճանաչվել քանի, որ աջակցություն նախատեսող հիշյալ որոշումների լիազորող նորմը սահմանված էր այդ օրենքով:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության գործիքակազմի բարելավումն է եւ խնդրահարույց իրավիճակների բացառումը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են ԱԺ պատգամավորների եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համատեղ:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձեւավորել առավել նպաստավոր պայմաններ: Ակնկալվում է նաեւ, որ պետական աջակցության տրամադրման ընթացակարգում կբացառվեն խնդրահարույց իրավիճակները: Աջակցության տրամադրումը կլինի առավել հասցեական: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կխթանվեն ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը:
5. Առաջարկվող կարգավորման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա.
Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժիններով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես՝
1) 2.3-րդ «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝