Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 234. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը»,
2) 1-ին մասում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:
Հոդված 2. 236-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մաս.
13) «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկի վերակառուցման վերաբերյալ գործերը:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ Գլուխ 39.1-ով.
«Գլուխ 39.1 ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
Հոդված 291.1. Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները
1. Այն դեպքում, երբ առկա է «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումը, ապա Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ բանկի վերակառուցման դիմումով:
2. Բանկի վերակառուցման դիմումը տրվում է վերակառուցվող բանկի գնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
3. Դիմումում պարտադիր նշվում են.
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) հայցվորի անվանումը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաեւ այդ անձի անունը, պաշտոնը,
3) Դիմումին կից ներկայացվող փաստաթղթղերի ցանկը:
Դիմումին կցվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացը սկսելու մասին պատճառաբանված որոշումը: Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Դատարանը բանկի վերակառուցման մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ անհապաղ: Բանկը վերակառուցելու մասին գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու եւ վճիռ է կայացնում՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:
5. Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:
6. Դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:
- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:
2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:
Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում