Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12999-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային, ապահովագրական, հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների եւ այլ գործունեության բնագավառներում բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման, վերակառուցման, վերակառուցման գործընթացի, լուծարման կարգի եւ իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով եւ իրավական ակտերով:»:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների  փոխարկման եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի համաձայն ներքին աջակցության գործիքի կիրառման դեպքում պարտավորությունների դիմաց տրամադրվող բաժնետոմսերի: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի փոխարկման դեպքերի վրա:»:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի»  բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» եւ «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն