Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12995-31.03.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների` օրենքով սահմանված չափով հատուցումը երաշխավորելու, ինչպես նաեւ բանկերի վերակառուցման գործընթացում այդ բանկային ավանդների պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցվող բանկի եւ կամուրջ բանկի երաշխավորված ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում «ե» կետի «տոկոսադրույքը» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետ.

«զ) որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունն է:»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Երաշխավորված ավանդների հատուցման դեպքը

Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից oրենքով եւ պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով բանկին սնանկ ճանաչելը (այսուհետ` բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-10-րդ մասերով.

«9. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդները այլ բանկին, այդ թվում՝ կարմուրջ բանկին փոխանցվելու դեպքում, ինչպես նաեւ կամուրջ բանկի ավանդները այլ բանկին փոխանցվելու դեպքում յուրաքանչյուր բանկում միեւնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչեւ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Յուրաքանչյուր բանկում առկա միեւնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու օրվանից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:

10. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդները այլ բանկին, այդ թվում՝ կարմուրջ բանկին փոխանցվելու դեպքում, ինչպես նաեւ կամ կամուրջ բանկի ավանդները այլ բանկին փոխանցվելու դեպքում վերակառուցման որոշման օրվա դրությամբ սույն օրենքի համաձայն երաշխավորված ավանդ չհամարվող ժամկետային բանկային ավանդները մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը շարունակում են համարվել չերաշխավորված, իսկ վերակառուցման որոշման օրվա դրությամբ սույն օրենքի համաձայն երաշխավորված ավանդ չհամարվող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով բանկային ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում շարունակում են համարվել չերաշխավորված:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Հիմնադրամի հետադարձ պահանջի իրավունքը

1. Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Հիմնադրամը փաստացի հատուցված գումարի եւ հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում լուծարվող բանկի նկատմամբ:

2. Հիմնադրամը սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր կրած ծախսերի չափով պահանաջի իրավունք է ձեռք բերում լուծարվող բանկից:

3. Սնանկ ճանաչված բանկը Հիմնադրամի հանդեպ իր պարտավորությունը կատարում է «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման որոշում ընդունելուց հետո վերակառուցվող բանկը եւ կամուրջ բանկը շարունակում են կատարել երաշխիքային վճարներ, բացառությամբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «Կենտրոնական բանկի կողմից բանկի ֆինանսական առողջացման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում բանկը վճարում է անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար պարբերական երաշխիքային վճարները: Անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար չեն վճարվում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տոկոսները:» նախադասությունները:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «Հոգաբարձուների խորհրդի մեկ անդամին ընտրում են հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամները:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ «Հոգաբաձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկի աշխատակից կամ մասնակից:» նախադասությամբ:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-րդ հոդվածով.

«Հոդված 20.1. Հիմնադրամի միջոցների օգտագործումը բանկի վերակառուցման գործընթացում

1. Կենտրոնական բանկը կարող է բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսել Հիմնադրամի միջոցների անհատույց տրամադրում վերակառուցման գործընթացում՝ պայմանով, որ ավանդատուների համար ապահովվելու է հասանելիություն երաշխավորված բանկային ավանդներին: Հիմնադրամի կողմից սույն մասով սահմանված անհատույց տրամադրվող միջոցների չափը հաշվարկելու համար «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն գնահատված վնասի (այդ թվում՝ բանկի վաճառքի գնի հիման վրա որոշված) մեծությունը բաշխվում է «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված պարտատերերի պահանջների բավարարման հերթերի միջեւ՝ հակառակ հերթականությամբ, եւ Հիմնադրամի կողմից տրամադրվում են երաշխավորված ավանդներին վերագրվող վնասի մեծությանը համարժեք միջոցներ:

2. Այն դեպքում, երբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով իրականացված վերջնական անկախ գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Հիմնադրամի կողմից տրամադրված անհատույց միջոցները գերազանցել են վերակառուցվող բանկի պայմանական լուծարման դեպքում Հիմնադրամի հնարավոր կորուստների մեծությունը, ապա «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված Վերակառուցման հիմնադրամը այդ տարբերության չափով փոխհատուցում է Հիմնադրամին:

3. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Հիմնադրամը կարող է փոխառություն կամ երաշխավորություն տրամադրել Վերակառուցման հիմնադրամին՝ պայմանով, որ ավանդատուների համար ապահովվելու է հասանելիություն երաշխավորված բանկային ավանդներին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել փոխառության կամ երաշխավորության տրամադրման չափանիշներ եւ պայմաններ:

4. Վերակառուցման գործընթացում Հիմնադրամի կողմից սույն հոդվածի
1-ին մասով սահմանված անհատույց տրամադրված միջոցների, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոխառության, երաշխավորության հանրագումարը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից դրանց տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնելու պահի դրությամբ հետեւյալ մեծություններից նվազագույնը.

1) վերակառուցվող բանկի պայմանական լուծարման դեպքում Հիմնադրամի հնարավոր կորուստների չափ,

2) Հիմնադրամի միջոցների 50 տոկոս:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա: