Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-129919-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի.

1) 5-րդ մասը «տրամադրվում են» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում կամ» բառերով,

2) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.

«3) երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11.1. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

1. Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը), ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված դեպքում վերակառուցման հիմնադրամին (այսուհետ՝ Վերակառուցման հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք՝ առանց ապահովման միջոցի:

3. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ Վերակառուցման հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքը ստորագրվում է պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված որոշման հիման վրա:

4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի եւ 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «բ» կետի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասում «իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման)» բառերը փոխարինել «իրականացմանը (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարմանը), տնտեսությունում ֆինանսական ծառայությունների անխափան մատուցմանն աջակցելու» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն