Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1295-27.03.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 32-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին, 14.2-րդ եւ 14.3-րդ կետերով.

«14.1) դատավորի փոխարինումից հետո դատարանը կայացրել է վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում.

14.2) ներկայացվել է սույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված միջնորդություն.

14.3) ներկայացվել է սույն օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով նախատեսված հիմքով միջնորդություն.»:

Հոդված 3. Օրենսգրքի 268-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է:

2.2.  Կողմի միջնորդությամբ եւ կողմերի համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերով նախատեսված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու մասին՝ առանց տվյալ ապացույցը սույն օրենսգրքի 326-329-րդ եւ
331-332-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետազոտելու, եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:

2.3. Դատարանի կողմից սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված որոշումը չի կարող կայացվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է կամ դիրքորոշումը հայտնել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու:

2) 3-րդ մասը «հետազոտված» բառից հետո լրացնել «(ինչպես նաեւ դատական նիստում հետազոտված համարված)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝

1) 1.2-րդ մասի «Բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով, իսկ «նորից» բառը փոխարինել «սկզբից» բառով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-րդ մասով.

«2.1. Եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացակի, բացարկի եւ վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 270.1-րդ հոդվածով.

«Հոդված 270.1. Դատաքննության ժամկետը

1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տեւողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Եթե դատավորի փոխարինման դեպքում քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատաքննության առավելագույն ժամկետի ավարտին մնացել է մեկ  տարուց պակաս ժամանակ, ապա դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 272-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «նախնական» բառից հետո լրացնել «կամ հիմնական» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել: Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել:»:

Հոդված 7. Օրենսգրքի 311-րդ հոդվածը՝ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հարցը քննարկելուց հետո կարող է քննարկման առարկա դարձնել վարույթն ընդհատված պահից շարունակելու հարցը:

4. Վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը , իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հարցերը չեն քննարկվում, եւ վարույթը շարունակվում է ընդհատված պահից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝

 1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ մասով.

«1.2. Կողմն իրավունք ունի մինչեւ ապացույցի հետազոտումը սկսելը դատարանին միջնորդել ապացույցը հետազոտված համարելու մասին:»:

2) 2-րդ մասում «՝ հարցաքննության ընթացքում» բառերը փոխարինել «, այդ թվում՝ հարցաքննության ընթացքում` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը» բառերով:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«5. Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ փաստաթուղթ՝ միջնորդելով հետազոտել այն եւ ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը հետազոտելուց հետո  պաշտպանության կողմը ներկայացնում է դրանով պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ՝ միջնորդելով քննարկել հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցը:

7. Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անց է կացնում խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաեւ տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

8. Խորհրդակցության արդյունքում կողմերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կարող են միջնորդել սահմանափակել իրենց ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 330-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1) կողմերը համաձայն են, որ վկայի կամ փորձագետի ցուցմունքը հրապարակվի առանց վերջիններիս դատարան կանչելու, եւ եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա.»:

 2) 3-րդ մասը «հաստատելուց» բառից հետո լրացնել «կամ մյուս կողմի համաձայնությունը ստանալուց հետո» բառերով:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 336.1-րդ հոդվածով.

«Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու կարգը

1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որեւէ հանգամանք ի հայտ գալուց հետո, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:

2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, եւ այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դրույթները:»:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ 270.1-ին հոդվածից, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածը տարածվում է 2027 թվականի հուլիսի 1-ից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական գործերի վրա:

3. Նախքան սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ 270.1-ին հոդվածի ուժի մեջ մտնելը վարույթ ստանձված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, եւ կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել մեկ անգամ՝ ոչ ավելի, քան մեկ տարով: