Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր եւ վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից եւ ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա եւ ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետին կամ հրամանատարին:».
3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա եւ ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս՝ բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր եւ եզրակացություն կազմում է՝ հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթը, վտանգավորությունը եւ շարժառիթը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաեւ պատիժների կատարման եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման եւ անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ զեկույց ներկայացնելու նպատակով:».
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեակատարողական հիմնարկը եւ Պրոբացիայի ծառայությունը՝ դիմումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում եւ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ):»:
3) 5-8-րդ կետերով «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի եւ Պրոբացիայի ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասում «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին եւ Պրոբացիայի ծառայությանը» բառերով:
2) 2-րդ մասի 3-րդ կետում եւ 4-րդ մասում «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի եւ Պրոբացիայի ծառայության» բառերով:
2) 6-րդ մասում «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին եւ Պրոբացիայի ծառայությանը» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.
Պատժի նպատակներին հնարավոր է հասնել մինչեւ դատարանի կողմից նշանակված պատժի ամբողջ ժամանակահատվածի լրանալը: Օրենսդիրն այդ հնարավորությունը նախատեսել է պատժից ազատման ինստիտուտի շրջանակներում ընդհանրապես եւ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (այսուհետ նաեւ՝ ՊՎԱ) ինստիտուտի կիրարկման միջոցով մասնավորապես: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքով (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) բովանդակային փոփոխության է ենթարկվել պատժից ՊՎԱ ինստիտուտը: Քննարկվող ինստիտուտը ներկայացնելիս՝ Քրեական նոր օրենսգրքում տեղ գտած առանցքային փոփոխությունը վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմք հանդիսացող, պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի սահմանմանը. օրենսդիրն այն կապում է ոչ թե հանցանքի ծանրության, այլ դատարանի դատավճռով նշանակված վերջնական պատժաժամկետի հետ:
Ինչպես եւ Քրեական նախկին օրենսգիրքը, նոր Օրենսգիրքը եւս որպես պատժի նպատակներ է դիտարկում սոցիալական արդարությունը վերականգնելը, հանցագործությունները կանխելը, սակայն պատժի ենթարկված անձին ուղղելու փոխարեն սահմանում է առավել իրատեսական նպատակ՝ պատժի ենթարկված անձին վերասոցիալականացնելը:
1.1. Ներկա կարգավորումների պայմաններում կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատժից այն դեպքում, երբ նա կրել է օրենքով սահմանված համապատասխան նվազագույն ժամկետը, եւ դատարանը հանգում է այն համոզման, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու: Վերջինը, մասնավորապես, գնահատվում է այն հանգամանքների հիման վրա, թե արդյոք պատժի կրման ընթացքում դատապարտյալը դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ արդյոք նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Ընդ որում՝ որպես նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հանգամանք, ի թիվս այլնի, նախատեսված է նաեւ այն, թե արդյոք դատապարտյալը հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը, կամ ստանձնել է վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն:
Այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը իր բովանդակությամբ առավելապես վկայում է դատապարտյալի պատասխանատվության զգացման, գիտակցված վերաբերմունքի եւ պատշաճ վարքագծի մասին, այլ ոչ թե ուղղակիորեն կանխորոշում է նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության աստիճանը: Հետեւաբար, տվյալ հանգամանքը տրամաբանորեն ավելի համապատասխան է դիտարկել որպես դատապարտյալի վարքագծի ցուցիչ, այլ ոչ թե որպես նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող չափանիշ:
Միեւնույն ժամանակ, դատական պրակտիկայում (տե՛ս օրինակ՝ թիվ ԿԴ/0127/12/25 գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի, թիվ ԿԴ/0214/12/25 գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026 թվականի հունվարի 7-ի, թիվ ՇԴ/0024/12/25 գործով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումները) հաճախ հանդիպում են դեպքեր, երբ դատարանը մերժում է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունները՝ պատճառաբանելով, ի թիվս այլնի, հաշվի առնելով այն, որ անձը չի հատուցել կամ այլ կերպ չի հարթել տուժողին պատճառված վնասը: Անկասկած, տուժողի իրավունքների պաշտպանությունն ու պատճառված վնասի հատուցումը քրեական արդարադատության համակարգում կարեւոր դեր ունեն: Սակայն գործնականում նման մոտեցումը մի շարք դեպքերում առաջացնում է խնդիրներ, քանի որ այն ոչ միշտ է հաշվի առնում դատապարտյալի իրական հնարավորությունները եւ պատժի կրման ընթացքում գոյություն ունեցող օբյեկտիվ սահմանափակումները:
Մասնավորապես, անտեսվում է այն օբյեկտիվ իրողությունը, որ ազատությունից զրկված անձինք գտնվում են իրավական եւ փաստական այնպիսի վիճակում, որը զգալիորեն սահմանափակում է նրանց տնտեսական ինքնուրույնությունը եւ աշխատելու հնարավորությունները: Քրեակատարողական հիմնարկներում առկա աշխատատեղերի սահմանափակ քանակը եւ/կամ տարբեր տեսակների աշխատանքներ առաջարկելու սահմանափակ հնարավորությունները՝ հանգեցնում են նրան, որ դատապարտյալների զգալի մասը զրկված է պատժի կրման ընթացքում աշխատանք կատարելու, եկամուտ ստանալու եւ այդ եկամտի հաշվին տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ եղանակով հարթելու իրական հնարավորությունից:
Նման պայմաններում դատապարտյալին ներկայացվող վնասի հատուցման պահանջը՝ որպես պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վճռորոշ չափանիշ, փաստացի վերածվում է անհաղթահարելի խոչընդոտի՝ անկախ անձի վարքագծից, կարգապահությունից, վերասոցիալականացման գործընթացում արձանագրած դրական առաջընթացից: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձը պատժվում է ոչ թե իր կամային անգործության, այլ օբյեկտիվորեն իրենից անկախ հանգամանքների համար, ինչը հակասում է արդարության, համաչափության եւ պատժի անհատականացման սկզբունքներին:
Բացի այդ, նման մոտեցումը կարող է վտանգել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի բուն նպատակն ու նշանակությունը, որը կոչված է խրախուսելու պատշաճ վարքագիծը, վերասոցիալականացման գործընթացում ակտիվ մասնակցությունը եւ հասարակություն վերադարձի պատրաստակամությունը: Երբ վնասի չհատուցումը պայմանավորված է ոչ թե դատապարտյալի անբարեխղճությամբ, այլ օբյեկտիվ սահմանափակումներով, այդ հանգամանքը չպետք է գործի ի վնաս նրա իրավունքների եւ չպետք է հանգեցնի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման:
Վերոգրյալների հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումն ունի հստակեցնող եւ հավասարակշռող բնույթ: Այն ուղղված է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարանի հայեցողության իրականացման շրջանակների ճշգրտմանը՝ բացառելով այնպիսի մոտեցումը, երբ դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատումը հիմնվում է բացառապես տուժողին պատճառված վնասը չհատուցելու կամ այն այլ կերպ չհարթելու հանգամանքի վրա:
Միաժամանակ առաջարկվող կարգավորումը նախատեսում է իրավական մեխանիզմ, որով դատարանը, պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշում կայացնելիս, կարող է դատապարտյալի վրա դնել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այն այլ կերպ հարթելու պարտականություն՝ որպես ազատման պայման:
Ընդ որում՝ անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար շարունակում է անհրաժեշտ լինել հետեւյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը՝
Այսպես, Նախագծի համաձայն՝ դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, եթե դատապարտյալը չունի բռնագանձման ենթակա գույք: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:
Այսպիսով, առաջարկվող կարգավորումը չի փոփոխում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի էությունը, այլ ապահովում է դրա առավել ճկուն, անհատականացված եւ նպատակային կիրառումը՝ համադրելով դատապարտյալի վերասոցիալականացման շահը, տուժողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը եւ ամրապնդելով վնասի փոխհատուցման կարեւորությունը՝ սոցիալական արդարությունը վերականգնելու պատժի նպատակի իրացվելիության ապահովման տեսանկյունց:
1.2. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով (այսուհետ՝ նաեւ Հանձնաժողով), որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից եւ ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից եւ տալիս է դատապարտյալի վերասոցիալականացման համար անհրաժեշտ աշխատանքների, դրանց գնահատման եւ փոփոխման վերաբերյալ եզրակացություն: Մինչդեռ նույն հոդվածում ամրագրված չէ, որ դատապարտյալի վերաբերյալ պետք է կազմի վերասոցիալականացման անհատական ծրագիր, ինչը չի բխում տվյալ գործառույթի տրամաբանությունից:
Ուստի առաջարկվող փոփոխությամբ հստակ ամրագրվում է, որ Հանձնաժողովը դատապարտյալների հետ համակարգված աշխատանքներ իրականացնելու, այնուհետեւ այդ արդյունքները քննարկելու, կոնկրետ կետերով հետեւություններ անելու եւ հետագա ազդեցության ձեւերը ընտրելու համար պետք է կազմի վերասոցիալականացման անհատական ծրագիր:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությունը եւ նոր 6.1-ին մասով առաջարկվող լրացումը հնարավորություն կտան կանոնկարգել եւ առավել կանխատեսելի դարձնել Հանձնաժողովի գործունեությունը, պահպանել իրականացվող գործառույթների տրամաբանությունը եւ ըստ քննարկվող գործառույթի կարեւորության եւ տրամաբանության՝ կատարել համապատասխան գործընթացներ: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նվազեցնել Հանձնաժողովի ծանրաբերռնվածությունը՝ կրճատելով Հանձնաժողովի կողմից որոշ դեպքերում եզրակացություն տալու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, դատապարտյալին անձնական բացառիկ հանգամանքների հիմքով կարճատեւ մեկնում տրամադրելու, կարգապահական խախտում թույլ տալու պարագայում տույժի միջոց կիրառելու դեպքերում օրենքով սահմանված ընթացակարգը եւ համապատասխան որոշման կայացումը բովանդակային առումով կախված չէ Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունից, ուստի, հաշվի առնելով Հանձնաժողովի խիստ ծանրաբեռնվածությունը՝ կարեւոր է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ամրագրվեն Հանձնաժողովի կողմից եզրակացություն տրվի առավել պատասխանատվություն եւ որոշակի հետեւանքներ առաջացնող գործառույթների իրականացման դեպքում, այն է՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս՝ բացառությամբ վերը նշված դեպքերի:
Հանձնաժողովի ծանրաբեռնվածության եւ գործընթացի նշանակության տեսանկյունից Վերասոցիալականացման մյուս գործառույթներն (օրինակ տեսակցություն, հեռախոսազանգ, տեսազանգ տրամադրելը) իրականացնելիս Հանձնաժողովի կողմից որեւէ տեսակի եզրակացություն տրամադրելը նպատակահարմար չէ: Նպատակահարմար չէ նաեւ Հանձնաժողովի կողմից՝ դատապարտյալի պատժի ազատման վերաբերյալ (բացառությամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման) կարծիքի կամ եզրակացության տրամադրումը, քանի որ օրենքով նախատեսված են պատժից ազատման հստակ հիմքեր եւ ընթացակարգեր (օրինակ՝ պատժից ազատելը հիվանդության հետեւանքով):
Բացի այդ, նախագծով առաջարկվում է վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկել ոչ թե 3-6 ամիս պարբերականությամբ, այլ 3-12 ամիս պարբերականությամբ: Մասնավորապես, վերասոցիալականացման աշխատանքների արդյունքների օբյեկտիվ գնահատման համար նպատակահարմար է սահմանել ավելի երկար ժամկետ, որպեսզի այդ աշխատանքները չկրեն ձեւական բնույթ եւ չսահամանփակվեն 6 ամսով, քանի որ կախված անձի կողմից կատարված արարքի բնույթից եւ հանրային վտանգավորության աստիճանից, պատժաչափից, անձնային հատկանիշներից՝ վերասոցիալականացման աշխատանքները կարող են տարբեր լինել եւ որոշ դեպքերում առավելագույնը վեց ամիս ժամանակահատվածը քիչ է օբյեկտիվ գնահատականի հանգելու համար:
Ընդ որում՝ ներկայում դիտարկվում է գնահատման այնպիսի համակարգի ներդրման հնարավորությունը, որի պարագայում քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից դատապարտյալի վարքի եւ վերասոցիալականացման ընթացքի, արդյունքների արձանագրմամբ կազմված եզրակացությունների միջոցով կգնահատվի դատապարտյալի վարքի, վերասոցիալականացման ընթացքի դրական կամ բացասական դինամիկան, ինչին զեկույց կազմելու շրջանակում կտրվեն համապատասխան բալային գնահատականներ:
Գնահատման նոր համակարգը ենթադրելու է, որ դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվելու դիմումի առկայության դեպքում Հանձնաժողովի կողմից կազմվելու է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման հարցի քննարկման շրջանակում եզրակացություն՝ հիմնված դատապարտյալի կարիքների եւ ռիսկերի գնահատման կամ վերագնահատման արդյունքների վրա: Նշված եզրակացությունն ամփոփելու է պատժի կրման ընթացքում տվյալ դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման, վերագնահատման արդյունքների հիման վրա կազմված վերասոցիալականացման ծրագրերը, նախկինում կայացված եզրակացություններում իրականացված աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ արձանագրումները եւ հետագա ծրագրերը: Նշված տվյալների հիման վրա Հանձնաժողովի կողմից կգնահատվի դատապարտյալի վարքի, վերասոցիալականացման ընթացքի դինամիկան, կարձանագրվեն անհրաժեշտ այլ տվյալները՝ ըստ պայմանական վաղաժամկետ ներկայացման զեկույցի չափորոշիչների:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նկարագրված գնահատումը ենթադրում է դատապարտյալի հետ անմիջական աշխատանք եւ այդ աշխատանքների շարունակական արձանագրում ու գնահատում եւ բացի այդ, դատապարտյալի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները, նյութերը, անձնական գործը գտնվում են քրեակատարողական հիմնարկում՝ նախագծով առաջարկվում է պայմանական վաղաժամկետ ներկայացման գործընթացի շրջանակում պահանջվող գործողությունները (զեկույցի կազմում, դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու որոշում, դատարանում հանդես գալ)՝ վերապահել քրեակատարողական հիմնարկին:
Միաժամանակ հարկ է նշել, որ դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատական նիստերին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տրված լիազորագրերի հիման ներկայում մասնակցում են քրեակատարողական հիմնարկների ծառայողները (աշխատակիցները)՝ ներկայացնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կենտրոնական մարմնի կողմից կազմված զեկույցները: Դատական նիստերին քրեակատարողական հիմնարկների ծառայողների (աշխատակիցների) մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կենտրոնական մարմնի ծառայողների (աշխատակիցների) անմիջականորեն մասնակցությունն ապահովել օբյեկտիվորեն (աշխատակիցների թվաքանակ, դատարանների գտնվելու վայրեր եւ այլն) հնարավոր չէ:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ դիտարկվող փոփոխությամբ կնվազեցվի փաստաթղթաշրջանառությունը եւ վարչարարությունը:
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծերի բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում