Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1292-24.03.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասում «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ, 21-րդ եւ 22-րդ մասերով» բառերով.

2) 21-րդ մասում՝

ա) «եւ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի» բառերը փոխարինել «սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Սույն մասի կիրառության իմաստով,  համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 եւ ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):

Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ մաս.

«22. Ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում՝

1) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սույն կետի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսից.

2) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:

Սույն մասի կիրառության իմաստով,  համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 եւ ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի):

Սույն մասով սահմանված՝ գործարքի իրական արժեքի որոշման նպատակով կիրառելի են սույն  հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ՝ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին) վերագրվող՝ այդ իրերի մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաեւ 2-րդ հոդվածը կիրառվում են 2026 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների, ինչպես նաեւ այդ գործարքներին վերագրվող՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի մասով: Ընդ որում, Օրենսգրքի 62-րդ հոդվածի 22-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ԱԱՀ-ով հարկման բազայի հաշվարկման նպատակով մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռք բերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելու ակնկալիքով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համաձայն՝ թանկարժեք մետաղների եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված թանկարժեք (կիսաթանկարժեք) քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Միաժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից եւ քարերից պատրաստված իրերի (ոսկերչական զարդերի) օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակներում: Այս պարագայում ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ոսկու եւ թանկարժեք քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, ոսկերչական զարդի մեջ առկա ոսկին եւ թանկարժեք քարը արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում են ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաեւ այն, որ հումքի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը:

Խնդիրը նաեւ այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձեւից վերափոխվում է մեկ այլ ձեւի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետեւաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:

Իհարկե, նույն խնդիրն առկա կլինի նաեւ բոլոր այն դեպքերում, երբ որեւէ հումք կամ նյութ ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, սակայն դրա օգտագործմամբ ստացվող արտադրանքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդուհանդերձ, ոսկին առանձնահատուկ հումք է, քանի որ յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, եւ յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

3)  ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի  եւ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը,

4)  ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձեւավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաեւ ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի առեւտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձեւավորել նպաստավոր հարկային միջավայր:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն